(ուժը կորցրել է 10.04.14 թիվ 159-Ն հրաման)
i
315.0085.210798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
10 հուլիսի 1998թ. թիվ 85-ՄՎր
i
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏՈՒՄ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 20, 28, 33, 46, 55, 56 և 57 հոդվածների և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում երկուղային համակարգի կիրառմամբ մաքսային հսկողության մասին» կարգը (կցվում է):
2. Հաստատել հիշեցման թերթիկների նմուշը (կցվում է):
3. Լրատվական բաժնի պետին.
զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանել երկուղային համակարգի ուժի մեջ մտնելու և կիրառման մասին տեղեկատվությունները:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ Ա. Նազիկյանի վրա:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
«9» հուլիսի 1998 թ.
ԿԱՐԳ
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏՈՒՄ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Ֆիզիկական անձանց (այսուհետև` քաղաքացիներ) կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ մաքսային հսկողության ապահովման և մաքսային ձևակերպման արդյունավետ իրականացման նպատակով Արարատյան տարածաշրջանային մաքսատան «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում կիրառվում է «կարմիր» և «կանաչ» ուղիների համակարգ (այսուհետև` երկուղային համակարգ):
Երկուղային համակարգը քաղաքացիների կողմից մաքսային ձևակերպման երկու տարբերակներից մեկի ինքնուրույն ընտրության համակարգ է:
Այդպիսի համակարգն ուղղված է.
- «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից մաքսային ձևակերպման և հսկողության արարողակարգի պարզեցմանը և արդյունավետ իրականացմանը:
- Առանց մաքսային կետի անձնակազմի թվաքանակի ավելացման ուղևորների աստիճանաբար ավելացող հոսքի բարձրակարգ սպասարկմանը և մաքսային հսկողության արդյունավետության պահպանմանը:
- «Զվարթնոց» օդանավակայանի անցումային կարողության մեծացմանը, ինչպես նաև մաքսային հսկողության գոտում ուղևորային հոսքի կարգավորմանը:
- ՀՀ մաքսային սահմանով առանձին ապրանքների և այլ առարկաների տեղափոխման կարգի պահպանմանը:
Երկուղային համակարգը բաղկացած է մաքսային ձևակերպման «կարմիր» և «կանաչ» ուղիներից:
1.3. Երկուղային համակարգի սկզբում տեղակայվում է տեղեկատվական գոտի, որն ընդգրկում է կարճ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով քաղաքացիների կողմից ապրանքների և այլ առարկաների տեղափոխման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի, քաղաքացիների կողմից «կարմիր» և «կանաչ» ուղիներով մաքսային ձևակերպման և նրանցից օգտվելու առանձնահատկությունների վերաբերյալ: Տեղեկատվական նյութերը պետք է ընդգրկեն նաև հիշեցում այն մասին, որ ուղու ընտրության հարցում տատանվելու դեպքում քաղաքացին պետք է ընտրի ապրանքների մաքսային ձևակերպման «կարմիր» ուղին:
Տեղեկատվական գոտին պետք է ապահովված լինի հատուկ տեղեկատվական կրիչներով (ստենդներ, վահանակներ, բուկլետներ և այլ տեղեկատվական նյութեր): Տեղեկատվական գոտում պետք է տեղակայվեն սեղաններ` անհրաժեշտության դեպքում քաղաքացիների մաքսային հայտարարագրերի լրացման համար` մաքուր բլանկների առկայությամբ:
Երկուղային համակարգի կիրառմամբ քաղաքացիների կողմից տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ մաքսային հսկողության կանոնների և արարողակարգի մասին տեղեկատվությունը կարող է տարածվել նաև տրանսպորտային կազմակերպությունների, տուրիստական գործակալությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների միջոցով:
Տեղեկատվական նյութերը տպագրվում են հայերեն, իսկ անհրաժեշտության դեպքում` միջազգայնորեն ճանաչված որևէ լեզվով:
Քաղաքացիների կողմից «կարմիր» կամ «կանաչ» ուղի ընտրելիս հնարավոր օգնություն ցույց տալու և անհրաժեշտության դեպքում բացատրություն տալու նպատակով տեղեկատվական գոտում պետք է ներկա լինեն մաքսային մարմնի պաշտոնատար անձինք:
1.4. Երկուղային համակարգի աշխատանքի համար պետք է առանձնացվի մեկ ուղի` որպես «կանաչ» և մեկ ուղի` որպես «կարմիր»:
Բացառիկ դեպքերում մաքսային կետի պետն իրավունք ունի ժամանակավորապես փակելու «կանաչ» ուղին` ելնելով օպերատիվ իրավիճակից, ապրանքներ ներմուծող անձանց որոշակի կատեգորիաներից, կամ այն պետությունների յուրահատկություններից, որտեղից ներմուծվում են ապրանքները:
«Կանաչ» ուղու ժամանակավոր փակման դեպքում մաքսային կետի պետը պարտավոր է 12 ժամվա ընթացքում գրավոր զեկուցել վերադաս մաքսային մարմնին, ինչպես նաև ՀՀ մաքսային վարչության պետին` փակման պատճառների և արդյունքների մասին:
1.5. Ժամանման դեպքում ուղիները տեղակայվում են ուղեբեռի ստացման գոտուց դուրս` քաղաքացու կողմից ուղու ընտրության ժամանակ ամբողջ ուղեբեռը իր հետ ունենալու նպատակով:
1.6. Յուրաքանչյուր ուղու մուտքը պետք է հստակ նշվի և տարբերակվի` դրանք քաղաքացիների կողմից հեշտ ընկալման նպատակով:
1.7. «Կարմիր» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա կարմիր գույնի հատուկ գրաֆիկական նշանով (քառակուսի), ինչպես նաև «Կարմիր ուղի» , և «Հայտարարագրման ենթակա ապրանքներ» գրառումներով, որը նշանակում է «կարմիր» ուղում մաքսային ձևակերպման սկիզբ: Գրառումները կարող են կատարվել հայերեն, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված այլ լեզուներով:
1.8. «Կանաչ» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա կանաչ գույնի հատուկ գրաֆիկական նշանով (ութանկյուն), ինչպես նաև «Կանաչ ուղի» , և «Հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան» գրառումներով, որը նշանակում է «կանաչ» ուղում մաքսային ձևակերպման սկիզբ: Գրառումները կարող են կատարվել հայերեն, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված այլ լեզուներով:
«Կանաչ» ուղու ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կանաչ գծով, որը մաքսային ձևակերպման ավարտ է նշանակում:
1.9. «Կանաչ» և «Կարմիր» ուղիներում մաքսային կետի պաշտոնատար անձանց աշխատատեղերը պետք է ապահովված լինեն մաքսային հսկողություն և ձևակերպում իրականացնելու համար նախատեսված սեղաններով: «Կարմիր» ուղում լրացուցիչ տեղադրվում են նաև ռենտգենյան սարքավորումներ: Երկուղային համակարգից անմիջապես հետո պետք է տեղակայված լինի անձի քննման համար անհրաժեշտ սենյակ (սենյակներ):
1.10. Երկուղային համակարգը բացառում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտոնություններ ունեցող քաղաքացիների համար հատուկ անցումների կիրառումը: Այդպիսի քաղաքացիները կարող են անցնել ինչպես «Կանաչ» , այնպես էլ «Կարմիր» ուղիներով` կախված նրանց կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների բնույթից: Այս դեպքում ապրանքները և այլ առարկաները ազատվում են զննումից:
Այս կետի պահանջները չեն տարածվում «Զվարթնոց» օդանավակայանում գործող պաշտոնատար անձանց և պատվիրակությունների բարձրակարգ սպասարկման սրահներում իրականացվող մաքսային ձևակերպումների արարողակարգի վրա: Այստեղ գործում է միայն «Կարմիր» ուղին:
2. «ԿԱՐՄԻՐ» ՈՒՂՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. «Կարմիր» ուղին նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք ՀՀ մաքսային սահմանով իրենց հետ և իրենց ուղեբեռում ունեն մաքսային ձևակերպման ենթակա այնպիսի ապրանքներ և այլ առարկաներ, որոնք մաքսային սահմանով տեղափոխվելիս ենթակա են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերի, մաքսատուրքերի և մաքսավճարների վճարման և որոնց նկատմամբ կիրառվում են որևէ արգելքներ ու սահմանափակումներ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց հետ են անչափահաս երեխաներ կամ անգործունակ քաղաքացիներ:
2.2. Հայտարարագիրը լրացվում է քաղաքացու կողմից, ՀՀ մաքսային սահմանի անցման ժամանակ: Ապրանքները և այլ առարկաները մինչև մաքսային հսկողության ներկայացնելը, հայտարարագիրը ստորագրվում է քաղաքացու կողմից, որից հետո հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար նա պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ:
Հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ ունեցող անչափահաս երեխաները և անգործունակ քաղաքացիներն անցնում են «կարմիր» ուղով` առանց հայտարարագրի լրացման: Նրանց պատկանող հայտարարագրման ենթակա ապրանքները և այլ առարկաները հայտարարագրվում են նրանց ուղեկցող անձի կողմից: Հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար ուղեկցող անձը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ:
2.3. Այն տեղեկությունները, որոնք չեն տեղավորվում հայտարարագրի մի օրինակի վրա, կարող են լրացուցիչ նշվել նոր օրինակների վրա, որոնցում կրկնվում են կետ 2.2-ի տեղեկությունները, իսկ չօգտագործված սյունակները և կետերը փակվում են:
2.4. «Կարմիր» ուղում մաքսային ձևակերպում իրականացնելիս մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է ստուգել, որ քաղաքացու ներկայացրած ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացված է սահմանված կարգով: Քաղաքացին ստորագրում է լրացված հայտարարագիրը, որից հետո հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար նա պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ:
Մաքսային հայտարարագրի «Կ. Տ.»` կնիքի տեղը դաշտերը կնքվում են մաքսային կետի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքով: Դրանից հետո հայտարարագիրը դառնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:
Մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է.
- մինչև մաքսային հայտարարագրում նշված տվյալների հավաստիության ստուգումն սկսելը, կատարել քաղաքացու բանավոր հարցում: Հարցման ժամանակ քաղաքացու կողմից չհայտարարագրված հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ հայտնաբերելիս, պահանջել դրանց հայտարարագրում:
- ստուգել մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները,
- մաքսային ձևակերպման և հսկողության նպատակով անհրաժեշտության դեպքում պահանջել այլ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում և ստուգել ներկայացված փաստաթղթերը,
- սահմանված կարգով անցկացնել ապրանքների և այլ առարկաների մաքսային զննում (անհրաժեշտության դեպքում նաև անձի քննում),
- որոշում ընդունել ապրանքների բացթողման մասին:
Մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է սահմանված կարգով կազմել մաքսային կանոնների խախտման արձանագրություն:
3. «ԿԱՆԱՉ» ՈՒՂՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. «Կանաչ» ուղին նախատեսվում է այն քաղաքացիների համար, որոնք իրենց հետ և իրենց ուղեբեռում չունեն մաքսային ձևակերպման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ, կամ ունեն միայն այնպիսի ապրանքներ և այլ առարկաներ, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային սահմանով տեղափոխվում են առանց հարկերի, մաքսատուրքերի և մաքսավճարների վճարման և որոնց նկատմամբ չեն կիրառվում որևէ արգելքներ ու սահմանափակումներ: «Կանաչ» ուղու ընտրությունը հանդիսանում է քաղաքացու կողմից բանավոր հայտարարագրում:
3.2. «Կանաչ» ուղում մաքսային հսկողությունը պետք է ապահովի ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրերի դրույթների իրականացման պաշտպանությունը:
«Կանաչ» ուղում հայտարարագիր չլրացնելը չի նշանակում, որ քաղաքացիներն ազատվում են ՀՀ մաքսային օրենսդրությամբ նախատեսված պարտավորություններից:
Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձինք կարող են օգտագործել մաքսային հսկողության բոլոր ձևերը` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
3.3. Քաղաքացու կողմից մաքսային հսկողության և ձևակերպման համար «կանաչ» ուղին ընտրելիս նա մաքսային հայտարարագիր չի լրացնում:
Սույն կարգի 1.8 կետի երկրորդ պարբերությունում նշված գծից անցումը վկայում է մաքսային ձևակերպման ավարտի և իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին:
3.4. Մաքսային հսկողության և ձևակերպման գործողություններ իրականացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են.
- «Կանաչ» ուղով անցնող քաղաքացիներին և նրանց ապրանքները մշտապես պահել տեսադաշտում,
- անհրաժեշտության դեպքում կատարել քաղաքացիների բանավոր հարցում` ունեցած ապրանքների վերաբերյալ,
- մաքսային հսկողության նպատակով կատարել փաստաթղթերի ստուգում,
- եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած քաղաքացիների մոտ առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ, մինչև քաղաքացիների «Կանաչ» ուղի մուտք գործելը կանգնեցնել նրանց: Այդպիսի քաղաքացիներին տեղափոխել «կարմիր» ուղի:
- Ընտրանքային եղանակով անցկացնել ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող քաղաքացիների անձի քննում, ինչպես նաև նրանց պատկանող ապրանքների և այլ առարկաների զննում` ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
- Հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ հայտնաբերելիս սահմանված կարգով կազմել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Արձանագրությունում պարտադիր նշել քաղաքացու «Կանաչ» ուղով անցնելու փաստը:
ՀԻՇԵՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ __________________ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
Հարգելի ուղևոր,
ՀՀ մաքսային սահմանով քաղաքացիների կողմից տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ մաքսային հսկողության ապահովման և մաքսային ձևակերպման արդյունավետ իրականացման նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում ս.թ. հուլիս ամսից կիրառվում է «կարմիր» և «կանաչ» ուղիների «երկուղային» համակարգ:
ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվելիս դուք ինքնուրույն եք կատարում այն ուղու ընտրությունը, որն առավել նպատակահարմար եք համարում:
Ուղու ընտրության հարցում տատանվելիս` ընտրեք «կարմիր» ուղին:
Դուք պետք է ընտրեք «կարմիր» ուղին.
- եթե Ձեզ հետ կամ Ձեր ուղեբեռում տեղափոխում եք մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքներ և այլ առարկաներ,
- եթե Ձեզ հետ են անչափահաս երեխաներ, անգործունակ անձինք. այդ դեպքում նրանց հայտարարագրման ենթակա ապրանքներն ու այլ առարկաները հայտարարագրում լրացվում են Ձեր կողմից: Հայտարարագիրը ստորագրելուց հետո նրանում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար Դուք պատասխանատվություն եք կրում ՀՀ օրենսդրությամբ:
«Կարմիր» ուղին ընտրելու դեպքում Դուք լրացնում եք քաղաքացիների մաքսային հայտարարագիր: Ժամանակավոր մեկնելիս (ժամանելիս) Ձեր ցանկությամբ, գրավոր կերպով կարող եք հայտարարագրել այն ապրանքները, որոնք հետադարձ ներմուծման (արտահանման) ժամանակ ենթակա են տարիֆային կամ ոչ տարիֆային կարգավորման: Հայտարարագիրը կորցնելու դեպքում այն չի վերականգնվում, և նրա տերը կորցնում է այնտեղ նշված ապրանքների և իրերի անարգել տեղափոխելու իրավունքը:
Պարտադիր հայտարարագրման ենթակա են համարվում հետևյալ ապրանքները և այլ առարկաները`
1. թանկարժեք մետաղները ցանկացած տեսքով և վիճակում (ոսկերչական և կենցաղային այլ իրերից բացի), ներմուծման դեպքում. այդ մետաղներից պատրաստված, անձնական օգտագործման իրեր* չհանդիսացող ոսկերչական և կենցաղային այլ իրերը` 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելիս, ինչպես նաև այդպիսի իրերի ջարդոնը,
2. բնական թանկարժեք քարերը անմշակ և մշակված տեսքով (ոսկերչական և կենցաղային այլ իրերից բացի), ներմուծման դեպքում. այդ քարերից պատրաստված, անձնական օգտագործման իրեր* չհանդիսացող ոսկերչական և կենցաղային այլ իրերը 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելիս, ինչպես նաև այդպիսի իրերի ջարդոնը,
3. համաշխարհային շուկայում գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի գործերը և իրերը,
4. մշակութային նշանակության առարկաները,
5. զենքը, զինամթերքը, պայթուցիկ նյութերը և սարքերը, ռազմական հանդերձանքը,
6. կենդանիները, բույսերը, սերմերը,
7. թմրադեղերը, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերը, թմրանյութերը, քիմիական նյութերը, թույները,
8. դեղորայքը:
Դուք կարող եք առանց մաքսատուրքի վճարման ներմուծել ապրանքներ և այլ առարկաներ ընդհանուր արժողությամբ 500 ԱՄՆ դոլարին համարժեք, այդ թվում` սուրճ` ոչ ավելի, քան 1000 գրամ, սպիրտ և ալկոհոլային խմիչքներ` ոչ ավելի քան 2 լիտր, ծխախոտ և ծխախոտի արտադրանք` ոչ ավելի քան 20 տուփ:
Դուք իրավունք ունեք առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 10.000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով, նշված գումարից ավելի դրամական միջոցների արտահանումը թույլատրվում է իրականացնել միայն բանկային փոխանցումների միջոցով: Առանց որևէ փաստաթղթի առկայության ՀՀ կարելի է ներմուծել արտարժույթ` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով և արտարժույթով արտահայտված արժեթղթեր:
Եթե Դուք չգիտեք թե ինչպես ճիշտ հայտարարագրեք Ձեր ապրանքներն ու առարկաները, ապա դիմեք մաքսային կետի պաշտոնատար անձանց:
Մաքսային հայտարարագիրը լրացնելուց և ստորագրելուց հետո, հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար Դուք պատասխանատվություն եք կրում ՀՀ օրենսդրությամբ:
Դուք կարող եք ընտրել «կանաչ» ուղին, եթե Ձեր հետ կամ Ձեր ուղեբեռում բացակայում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային սահմանով տեղափոխելիս հարկման ենթակա կամ արգելքներ ու սահմանափակումներ ունեցող ապրանքներ և այլ առարկաներ: «Կանաչ» ուղին ընտրելու դեպքում Դուք չեք լրացնում քաղաքացիների մաքսային հայտարարագիր:
«Կանաչ» ուղուց դուրս գալը վկայում է մաքսային ձևակերպման ավարտի և իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին:
* Անձնական օգտագործման իրեր դիտվում են քաղաքացիների կողմից ներմուծվող այն
ապրանքները և այլ առարկաները, որոնք`
չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող
ուղեբեռում,
քաղաքացիները կրում են իրեն վրա ներմուծման պահին,
քաղաքացիների կողմից քաղաքացիների հայտարարագրով հայտարարագրվել են`
նախկինում ՀՀ-ից արտահանելիս
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 07 1998 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 489800155