Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐ ...

13.05.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2009  -ից մինչեւ   13.05.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 10.04.10 թիվ 193-Ն հրաման)

i

110.0404.080509

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        05            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11009185

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մայիսի 2009 թվականի N 404-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 207-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ. հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության» 10-րդ կետի «ժէ», «ժթ» ենթակետերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրական և ամփոփիչ ստուգման կազմակերպման» կարգը /համաձայն հավելվածի/:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2008 թվականի ապրիլի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 207-Ն հրամանը:

3. Նախարարության Հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/ և Օրենսդրության իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2009 թ. մայիսի 4-ի

N 404-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 10-րդ մասի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 28-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության /այսուհետ` նախարարություն/ կանոնադրության 2-րդ գլխի 10-րդ կետի «ժէ» և «ժթ» ենթակետերին համապատասխան:

2. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրական և ամփոփիչ ստուգման կազմակերպման, ինչպես նաև մեդալի հավակնորդ շրջանավարտներին մեդալով պարգևատրելու գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

 

ԳԼՈՒԽ II
ՍՈՎՈՐՈՂԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ

 

3. 1-ին դասարանում բոլոր սովորողները, որպես կանոն, փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է մնալ նույն դասարանում` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ համաձայնությամբ:

4. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:

5. 4-րդ դասարանի /տարրական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:

6. 9-րդ դասարանի /հիմնական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող սովորողները ստանում են հիմնական կրթության ավարտական վկայական:

7. 11-րդ դասարանի /միջնակարգ ուսումնական հաստատության ավարտական դասարան/ ուսումնական բոլոր առարկաներից տարեկան, պետական ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող շրջանավարտները ստանում են միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատ: Հանրակրթական ուսումնական հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկաների դեպքում` տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար:

8. 2-8-րդ և 10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ գիտելիքների ստուգումից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:

Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 2-8 և 10-րդ դասարանների սովորողները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու: Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ նույն դասարանում մնալու ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշումների մասին սովորողի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո երեք օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

9. 9-րդ դասարանի տարեկան կամ քննական մեկ կամ երկու առարկայից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» առարկաներից հուլիսի 4-14-ը ընկած ժամանակահատվածում:

2) Մնացած առարկաներից` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:

10. 11-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան կամ քննական անբավարար գնահատականների ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը, վերաքննություններ են հանձնում.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` հուլիսի 4-14-ը մարզերի տարածքային կենտրոններում:

2) 11-րդ դասարանի այն սովորողները, ովքեր բնագիտական ցիկլի առարկաներից 2 առարկա ընտրել են կամ 1 առարկա ավարտական և 1 առարկա միասնական` ապա «Ա» մակարդակից դրական գնահատականներ ստանալու դեպքում ատեստատում դրվում է առավելագույն գնահատականը, իսկ որևէ առարկայի/ների/ քննությունից անբավարար գնահատական ստանալու դեպքում, ատեստատում գնահատական է դրվում տվյալ առարկայից/ներից/ վերաքննություն հանձնելուց հետո:

3) Մնացած առարկաներից` վերջին քննությունից հետո` հնգօրյա ժամկետում:

11. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք տարեկան անբավարար գնահատական ունեն քննական առարկաներից, վերաքննություն հանձնում են հուլիսի 4-14-ը: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում տարեկան և քննական գնահատական նշանակելու համար:

12. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների այն սովորողները, ովքեր ուսումնական երեք և ավելի առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

1) 4-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողներին գիտելիքների ստուգման, փոխադրական կամ ավարտական քննություններին մասնակցել չի թույլատրվում:

2) 4-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

3) 16 տարին չլրացած 9-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, ում չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ երեք և ավելի է, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

4) 16 տարին լրացած, մինչև 18 տարեկան 9-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ երեք և ավելի է, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` ծնողի /որդեգրողների կամ հոգաբարձուի/ համաձայնությամբ կարող են թողնել հանրակրթական ուսումնական հաստատությունը:

5) 18 տարին լրացած երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, ում չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:

13. 11-րդ դասարանի այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել պետական ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:

1) Ինչպես տարեկան, այնպես էլ քննական առարկաներից անբավարար գնահատական ունենալու պատճառով հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած 9-րդ և 11-րդ դասարանի սովորողներին իրավունք է վերապահվում միայն հաջորդ տարի նույն հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից:

2) Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրան իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում:

3) Քննաշրջանի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սովորողներին իրավունք է վերապահվում զորացրվելուց անմիջապես հետո քննություններ հանձնել նույն ուսումնական հաստատությունում մինչև քննաշրջանի ավարտը:

Հետագայում նրանց իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալ հիմնական կամ միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական վկայական:

14. 1-8-րդ և 10-րդ դասարաններում տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները պարգևատրվում են նախարարության գովասանագրով: 9-րդ դասարանը տարեկան և քննական գերազանց գնահատականներով ավարտած սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական:

1) 11-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են որպես գերազանցության մեդալի հավակնորդ, ըստ սույն կարգի 33 և 34 կետերի պահանջների:

15. ՈՒսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու վրա:

16. ՈՒսումնական տարվա ընթացքում, մինչև 15-ը մայիսի, հիմնական դպրոցում 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից բացակայած սովորողները ուսումնական պլանով նախատեսված առնվազն 5 առարկաներից հանձնում են քննություններ:

1) Ավագ դպրոցում մինչև 15-ը մայիսի 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից անհարգելի բացակայած սովորողները դուրս են մնում ուսումնական հաստատությունից, մնացած դեպքերում նույն քանակով բացակայածները քննություններ են հանձնում նույն կարգով, ինչ կարգով հիմնական դպրոցի սովորողները:

2) Քննական առարկաների ցանկը քննարկվում և հաստատվում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստում:

3) Քննություններն անցկացվում են մայիսի 17-ից մայիսի 28-ը ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր:

4) Քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդմիավորումները` հաստատում է տնօրենը: Քննություններն ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:

5) Քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ: Տարեկանում տվյալ առարկայից դրական գնահատվել չեն կարող այն սովորողները, ովքեր տվյալ առարկայի քննությունից ստացել են անբավարար գնահատական:

 

ԳԼՈՒԽ III
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. 4-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անցկացվում է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից /գրավոր/, ուսումնական հաստատության տնօրենի սահմանած աշխատակարգով, նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 2-6-ը ժամանակահատվածում:

1) 4-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքները /գնահատումը 10 բալանոց համակարգով/ կազմում են ուսումնական հաստատությունների մեթոդմիավորումները` ըստ նախարարության կողմից հաստատված նմուշների:

18. 9-րդ դասարանում քննություններն անցկացվում են հետևյալ առարկաներից` «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/, «Մաթեմատիկա» /գրավոր/, «Հայոց պատմություն» /գրավոր/, «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներ, սովորողի ընտրությամբ` բանավոր/, «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն սովորողի ընտրությամբ` բանավոր/, «ֆիզկուլտուրա»: Բանավոր քննությունները անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության /այսուհետ` նախարարություն/ կողմից հաստատված հարցատոմսերով:

1) 9-րդ դասարանի «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներից ավարտական քննությունները կազմակերպվում է ուսումնական հաստատություններում` նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի /այսուհետ` ԳԹԿ/ կազմած թեստերով: Քննական աշխատանքը ստուգվում է քննական կենտրոնի ղեկավարի /տնօրենի/ հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 1100-ին ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե կենտրոնի տնօրենն է: Ստուգող հանձնաժողովի անդամների 50 %-ը տվյալ առարկայի մասնագետներ են:

2) Մնացած առարկաների քննություններն ընդունվում են ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:

19. 11-րդ դասարանում սահմանված են 6 պետական ավարտական քննություններ`

ա/ «Հայոց լեզու և հայ գրականություն» - գրավոր,

բ/ «Մաթեմատիկա» - գրավոր,

գ/ «Հայոց պատմություն» - գրավոր,

դ/ «Օտար լեզու» - գրավոր /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` սովորողի ընտրությամբ/,

ե/ Ընտրովի-գրավոր /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն` սովորողի ընտրությամբ/,

զ/ «Ֆիզկուլտուրա»:

20. Բոլոր պետական ավարտական քննություններն անցկացվում են նախարարության սահմանած միասնական օրերին:

21. «Ֆիզկուլտուրա» առարկայի պետական ավարտական քննությունները ընդունվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաների պետական ավարտական քննությունների ընթացքը կազմակերպելու համար տնօրենը նշանակում է քննության ընթացքի կազմակերպիչներ, որոնք չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:

22. 11-րդ դասարանի համար քննական առարկաների առաջադրանքները /գնահատումը 20 բալանի համակարգով /բացառությամբ ֆիզկուլտուրայի/ կազմվում են ԳԹԿ-ի կողմից:

Քննական առաջադրանքների ծրարները թույլատրվում է բացել քննության օրը` քննասենյակում:

23. Սովորողներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց ձեռնարկներ:

24. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:

25. 11-րդ դասարանում քննական աշխատանքները ստուգվում են քննական կենտրոնի ղեկավարի /տնօրենի / հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 1100-ին, ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե քննական կենտրոնի տնօրենն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

26. Սովորողի գրավոր աշխատանքը կամ բանավոր պատասխանը գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

1) Հավասար ձայների դեպքում` 4-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 9-րդ և 11-րդ դասարաններում` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը:

2) Նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը/ները/ արձանագրության մեջ կարող է /են/ կատարել հատուկ նշում:

27. «Բնագիտություն», «Օտար լեզու» և «Ֆիզկուլտուրա» առարկաների քննությունների ընթացքում հիվանդացած /համապատասխան փաստաթղթերի առկայություն/ և այդ ընթացքում ապաքինված, ինչպես նաև այլ հարգելի պատճառներով քննություններին չներկայացած 9-րդ դասարանի սովորողներին թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված առարկաների քննությունները քննաշրջանի ընթացքում կամ վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում:

1) Մինչև նշված ժամկետը չապաքինված սովորողները քննություններ են հանձնում օգոստոսի 20-30-ը:

2) Քննությունների առաջադրանքները կազմում են ուսումնական հաստատության առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննությունների անցկացման օրերը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:

28. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» կամ «Երկրաչափություն» առարկաներից, կամ երկուսից միաժամանակ ունեն տարեկան անբավարար գնահատական, չեն մասնակցում «Մաթեմատիկայի» ավարտական քննությանը:

Նրանք վերաքննություն են հանձնում «Մաթեմատիկա» առարկայից հուլիսի 4-14-ը ընկած ժամանակահատվածում: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր» /հանրահաշիվ/ առարկաների տարեկան և «Մաթեմատիկա»-ից քննական գնահատական նշանակելու համար/: Տարեկան գնահատականները նշանակվում են 10 բալային, իսկ քննականը` 20 բալային համակարգով:

29. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հայոց լեզու» կամ «Գրականություն» առարկաներից կամ երկուսից միաժամանակ ունեն տարեկան անբավարար գնահատականներ, չեն մասնակցում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ավարտական քննությանը: Նրանք վերաքննություն են հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հուլիսի 4-14-ը ընկած ժամանակահատվածում: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական նշանակելու համար: Տարեկան գնահատականները նշանակվում են` 10 բալային, իսկ քննականը` 20 բալային համակարգով/:

30. Եթե 11-րդ դասարանի շրջանավարտը «Հայոց լեզու» ուսումնասիրել է միայն 10-րդ և 11-րդ դասարաններում, ապա ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում գրվում է. «չի ուսումնասիրել»: Նա իր ցանկությամբ կարող է ազատվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունից և ատեստատի համապատասխան տողում գրվում է «ազատված է»:

31. Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:

32. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները առաջնորդվում են սույն կարգով` պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը:

 

ԳԼՈՒԽ IV
ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

33. Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 9-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ /ստացել են գերազանցության վկայական/, բոլոր առարկաներից գնահատվել են` 10-րդ դասարանում` «5», իսկ 11-րդ դասարանում գնահատվել են «9» կամ «10»:

34. ՈՒսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից /բացի առողջության պատճառով «Աշխատանքի ուսուցում», «Ֆիզիկական կուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը/ չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չեն ներկայացվում:

35. Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև մարտի 21-ը ուսումնական հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն: Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նախնական ցուցակները մինչև մարտի 31-ը ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:

1) Մինչև մայիսի 1-ը համապատասխան վարչությունները ուսումնական հաստատություններում ստուգում են ներկայացումների օրինականությունը ու հիմնավորվածությունը և ճշգրտված ցուցակները ներկայացնում նախարարություն: Մայիս ամսվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, նախարարությունը ուսումնասիրում է մեդալի հավակնորդների ներկայացման հավաստիությունը:

2) Նախարարությունը` մինչև մայիսի 25-ը մարզպետարաններ /Երևանի քաղաքապետարան/ է ներկայացնում մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները, որոնցում ընդգրկված է նաև նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների մեդալի հավակնորդ շրջանավարտները:

36. Մեդալի հավակնորդ շրջանավարտների կենտրոնացված քննություններն անցկացվում են ՀՀ մարզկենտրոններում /Երևան քաղաքում/:

 

ԳԼՈՒԽ V
ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

37. Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտները /անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով մարզկենտրոններում /Երևան քաղաքում/.

1) Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա «առարկաները բուհ ընդունվելիս համարվում են մրցութային` քննություն են հանձնում միասնական համակարգով /քննական բալերը հաշվարկվում են «Ա» մակարդակի առաջադրանքների հիման վրա, իսկ ոչ մրցութային համարվելու դեպքում` կենտրոնացված համակարգով/:

2) Քննություններն անցկացվում են մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից նախապես որոշված հաստատությունում`

ա. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` հունիսի 6-ին,

բ. «Մաթեմատիկա» առարկայից` հունիսի 10-ին:

3) Քննությունների նախապատրաստման և անցկացման համար մարզպետի /Երևանի քաղաքապետի/ կարգադրությամբ ստեղծվում է հանձնաժողով: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են նախարարության ներկայացուցիչները:

38. «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 1100-ին ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

39. «Հայոց պատմություն», «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն` մեդալի հավակնորդի ընտրությամբ/, «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` մեդալի հավակնորդի ընտրությամբ/, ֆիզկուլտուրա / ավարտական պետական քննությունները մեդալի հավակնորդ շրջանավարտները հանձնում են իրենց ուսումնական հաստատություններում նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները:

1) Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է նախարարության կողմից:

40. Մեդալի հավակնորդ շրջանավարտների, ինչպես և հանրակրթական ուսումնական հաստատությունների մյուս բոլոր շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են:

41. Մինչև հունիսի 25-ը հանրակրթական ուսումնական հաստատությունները մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն են ներկայացնում սահմանված ձևի տեղեկանք, հանրակրթական ուսումնական հաստատությունում մյուս չորս առարկաներից, մեդալի հավակնորդ շրջանավարտների հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում է նախարարության հանրակրթության վարչություն:

1) Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նման տեղեկանք նույն ժամկետում ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:

 

ԳԼՈՒԽ VI
ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

42. Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր բոլոր ավարտական քննություններից ստացել են 19-20 միավոր /20 միավորային համակարգում/ կամ «9» կամ «10» միավոր /10 միավորային համակարգում/` պարգևատրվում են մեդալով: Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.05.2009
N 404-Ն
Հրաման