ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2009 թվականի N 19
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 12-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 26-ի թիվ 12-Ա որոշմամբ հաստատված Երևանի ավագանու 2009 թվականի մայիսի 31-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) բաղկացած է երեք մասից: Օրենսգրքի առաջին մասն ընդգրկում է երեք բաժին` «ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ», «ԲԱԺԻՆ 2. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ» և «ԲԱԺԻՆ 3. ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ» (հոդվածներ 1-63.2): Օրենսգրքի այս մասը սահմանում է նորմեր, որոնք ընդհանուր են Հանրապետությունում անցկացվող բոլոր ընտրությունների համար, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ:
Օրենսգրքի երկրորդ մասն ընդգրկում է չորս բաժին` «ԲԱԺԻՆ 4. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» (հոդվածներ 64-93), «ԲԱԺԻՆ 5. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» (հոդվածներ 94-119), «ԲԱԺԻՆ 6. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» (հոդվածներ 120-138) և «ԲԱԺԻՆ 7. ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ» (հոդվածներ 138.1-138.18): Օրենսգրքի այս մասի յուրաքանչյուր բաժնում սահմանվում են նորմեր, որոնք հատուկ են համապատասխանաբար Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների կամ Երևանի ավագանու ընտրություններից յուրաքանչյուրի համար:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 26-ի թիվ 12-Ա որոշմամբ հաստատված Երևանի ավագանու 2009 թվականի մայիսի 31-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը ներառում է միջոցառումներ, իսկ ժամանակացույցի «ՀՀ ԸՕ հոդված» սյունակում նշված են օրենսգրքի հոդվածներ (10, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 21, 22, 25, 29, 37, 40.2, 42, 46, 47, 49.1, 49.2, 53, 61, 63, 63.2, 138.5 և 138.14), որոնք սահմանված են օրենսգրքի առաջին մասում և երկրորդ մասի 7-րդ բաժնում:
3. Օրենսգրքի երկրորդ մասի 5-րդ բաժինը (ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) և այդ բաժնի 111-րդ հոդվածի դրույթները վերաբերում են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին: Երևանի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները սահմանված են օրենսգրքի երկրորդ մասի 7-րդ բաժնի (ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ) 138.14-րդ հոդվածում, որի 1-ին կետը սահմանում է` «1. Այն թեկնածուները, ովքեր պետական կամ համայնքային ծառայողներ են, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:»:
4. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները, ինչպես նաև դիվանագիտական և օրենքներով ստեղծված այլ ծառայությունները, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրներն ու գործառույթներն իրականացվում են մասնագիտական գործունեություն հանդիսացող համայնքային ծառայության միջոցով: Այս ծառայություններում պաշտոն զբաղեցնող և Երևանի ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացիները որպես թեկնածու գրանցվելու պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պետք է ազատվեն իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց, որի վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում գրավոր տեղեկություն:
Ելնելով վերը շարադրվածից, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 26-ի թիվ 12-Ա որոշմամբ հաստատված Երևանի ավագանու 2009 թվականի մայիսի 31-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի դրույթների միջև հակասություն առկա չէ. դրանց պահանջները պետք է ընկալել պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը և բառերը: