(ուժը կորցրել է 25.08.03 թիվ 619-Ն հրաման)
i
110.0148.180698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
12 հունիսի 1998 թվականի թիվ 148-Մ
i
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելությունը կազմակերպելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության կարգը»:
2. Նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ Լ. ՄԿՐՏՉՅԱՆ
«30» ապրիլի 1998 թ.
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
1. Երեխայի ընդունելությունը առաջին դասարան
1.1. ՀՀ Պետական հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում յոթ տարին լրացած երեխաները: Ընդունելությունը դպրոցում կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
i
1.2. Մարզպետարանի կրթության բաժինը յուրաքանչյուր դպրոցի համար որոշում է դրա սպասարկման տարածք: Դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց: Տարածքից դուրս բնակվող և տվյալ դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց պարտադիր է: Մնացած դեպքերում, դպրոցի տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է տվյալ դպրոցում սահմանված սանիտարական նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:
1.3. Ընդունելության ժամանակ երեխայի գիտելիքների ստուգում չի թույլատրվում:
1.4. ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ընդունելությունը կատարվում է հայերենով ուսուցմամբ դպրոցում:
Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացիների երեխաների ընդունելությունը կատարվում է երեխայի ազգային լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում հայերենով ուսուցմամբ դպրոցում:
1.5. Օտարերկրյա քաղաքացիների երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները:
i
1.6. Տվյալ օրացուցային տարում յոթ տարին չլրացած երեխաների ընդունելությունը իրականացնում են հանրակրթական դպրոցները, մարզային բժշկամանկավարժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովը ստեղծվում է մարզպետի /Երևանի քաղաքապետի/ կարգադրությամբ և գործում է օգոստոսի 15-ից 30-ը:
(1.6 կետը խմբ. 01.07.99 թիվ 246-Մ հրաման)
1.7. Հատուկ կրթության ենթակա երեխաների ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ` ընդհանուր հիմունքներով:
1.8. Ընդունելության համար երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոց է ներկայացնում.
- երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
- տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից):
1.9. Երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոցում լրացնում է առաջին դասարանցու անձնական թերթիկ:
2. Աշակերտի դպրոցից դպրոց տեղափոխումը
2.1. Միևնույն համայնքի ներսում աշակերտի տեղափոխությունը դպրոցից դպրոց կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, պահպանելով 1.2. կետով նախատեսված պայմանները:
2.2. Մի համայնքի դպրոցից մյուս համայնքի դպրոց աշակերտի տեղափոխությունը կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, պահպանելով 1.2. կետով նախատեսված պայմանները: Տեղափոխությունը արձանագրվում է համապատասխան մարզպետարանի կրթության բաժնում (մարզպետարանների կրթության բաժիններում):
2.3. Այլ երկրներից տեղափոխման կարգով աշակերտի ընդունելությունը հանրապետության դպրոցներ կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ պահպանելով 1.2. կետով նախատեսված պայմանները: Տեղափոխությունը արձանագրվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչությունում:
2.4. Նախկինում մինչև 7-րդ դասարանը այլ երկրների ռուսերեն ուսուցմամբ դպրոցներում անընդմեջ սովորած աշակերտները Հայաստան վերադառնալիս ստանում են իրավունք մեկ տարի ռուսերեն ուսուցմամբ դասարանում սովորելու` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և հաջորդ ուսումնական տարվանից հայերեն ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
2.5. Մինչև 8-րդ և բարձր դասարանները նախկինում այլ երկրների ռուսերեն ուսուցմամբ դպրոցներում սովորած աշակերտները Հայաստան վերադառնալուց հետո իրավունք ունեն ուսումը շարունակելու ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
2.6. Դպրոցից դպրոց տեղափոխվող աշակերտը ներկայացնում է.
- Դպրոցից դպրոց տեղափոխման թերթիկ, որը լրացնում են երկու դպրոցների տնօրենները
- աշակերտի անձնական գործը
- տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից)
- 8-ամյա կրթության վկայականի բնօրինակը (9-րդ և 10-րդ դասարանցիների դեպքում):
3. Աշակերտի ընդունելությունը ավագ դպրոցի
9-րդ դասարան
3.1. Ութնամյա (հիմնական, պարտադիր) կրթության վկայական ստացած բոլոր աշակերտները իրավունք ունեն ուսումը շարունակելու ավագ դպրոցի 9-րդ դասարանում:
3.2. Ավագ դպրոցի ընդհանուր և արհեստագործական դասարաններում աշակերտի ընդունելության ժամանակ գիտելիքների ստուգում չի թույլատրվում:
3.3. Ավագ դպրոցի վարժարանային դասարաններում ընդունելությունը կատարվում է դպրոցի (վարժարանի) սահմանած և նախարարության կողմից հաստատված կարգով:
-----------------------------------------------------------------------
* Ընդունելությունը հատուկ և գիշերօթիկ հաստատություններում սահմանվում է
առանձին կարգով
Սույն կարգը ընդունվում է ՀՀ «Լեզվի մասին» օրենքին, ՀՀ Կառավարության 1996 թ.-ի մայիսի 15-ին «ՀՀ պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 150 որոշմանը, ՀՀ Վարչապետի 1996 թ.-ի փետրվարի 1-ի «ՀՀ Կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշմանը համապատասխան:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 06 1998Թ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 129800142