ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2007 թվականի N 189
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ և 86-րդ հոդվածի 2-րդ կետերի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում է համապետական ընտրությունների արդյունքները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, հիմք ընդունելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքներում կատարված վերահաշվարկների արդյունքները:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների արդյունքներն ամփոփում և արձանագրությամբ վավերացնում է դրանք Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն ընդունում որոշում Հանրապետության Նախագահ ընտրվելու կամ քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու կամ ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ընդունում որոշում ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ կետի և 86-րդ հոդվածի 2-րդ կետի միջև հակասություն չկա:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը պետք է ընկալել դրանում պարունակող բառերի տառացի նշանակությամբ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջները և չփոխելով դրա իմաստը: