120.0024.120398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ,
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՎԻՃՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ) ՀՐԱՄԱՆ
«12» մարտի 1998 թ. թիվ 24
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի առանձին եկամտատեսակների կատարումն ապահովելու առաջնահերթ միջոցառումների մասին» 04.03.1998 թ. թիվ 133 որոշման 2 կետի «ա» ենթակետի, ելնելով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում սկզբնական և ընթացիկ պետական գրանցումների համար պետական տուրքի գանձման, հաշվառման և տեղեկությունների տրամադրման աշխատանքները կանոնակարգելու անհրաժեշտությունից`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման համար պետական տուրքի գանձման և հաշվառման կանոնակարգը (կցվում է):
2. Հանձնարարել պետական ռեգիստրի վարչության պետ Հ. Յորդանյանին սույն կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության վարչության պետ-նախարարի
«12» մարտի 1998 թ.
թիվ 24 հրամանով
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների
պետական ռեգիստրում պետական գրանցման համար
պետական տուրքի գանձման և հաշվառման
1. Պետական տուրքը ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռներեցների ու համատիրությունների սկզբնական և ընթացիկ պետական գրանցման համար պետական բյուջե մուծվող օրենքով սահմանված գանձույթ է:
2. Պետական տուրքը հաշվարկում, գանձում և հաշվառում են Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի (այսուհետև պետական ռեգիստր) տարածքային բաժինները:
3. Պետական տուրք գանձելն արգելվում է, եթե չի ստուգվել սկզբնական կամ ընթացիկ պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:
4. Պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթուղթը պահանջվում է ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց և պետական գրանցման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո:
5. Սկզբնական կամ ընթացիկ պետական գրանցման քարտերը լրացվում են պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում:
6. Պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթի վրա պետք է նշվի գրանցվող սուբյեկտի անվանումը (անհատ ձեռներեցի ազգանունը և անունը, ձեռնարկության գրանցված ֆիրմային անվանումը) և «պետական ռեգիստրում գրանցման համար» բառերը:
7. Պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը սոսնձով փակցվում են սկզբնական և ընթացիկ պետական գրանցման վերաբերյալ դիմումների վրա:
8. Պետական ռեգիստրի տարածքային բաժինները`
ա) վարում են հաշվառում պետական բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` ըստ ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների ու համատիրությունների սկզբնական և ընթացիկ պետական գրանցումների` նշելով տուրքը վճարելու օրը, ամիսը, տարին.
բ) վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ (ըստ սահմանված ձևերի) տեղեկություններ են ներկայացնում`
- պետական ռեգիստրի վարչությանը` յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 10-ը,
- հարկային տեսչության տարածքային մարմիններին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:
9. Վճարված պետական տուրքի գումարների հաշվառումը կազմակերպելու և ժամանակին տեղեկություններ տրամադրելու համար պատասխանատվությունը դրվում է պետական ռեգիստրի տարածքային բաժինների պետերի վրա:
10. Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար պատասխանատվությունը դրվում է պետական ռեգիստրի տարածքային բաժինների համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա:
11. Պետական տուրքի գանձումն ուշացնելու համար պետական ռեգիստրի տարածքային բաժինների պետերը և այլ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
18.03.1998թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 22980091