310.0008.180298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
3 փետրվարի 1998թ. թիվ 01/8
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 31.07.97Թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ» ԹԻՎ 315 ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 31.07.97 թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» Թիվ 315 որոշման 2-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության 31.07.97 թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» Թիվ 315 որոշման որոշ կետերի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՊԵՏ
Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ Գ. ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
1997Թ. 1997Թ. ՀՐԱՄԱՆ N 01/8
«3» ՓԵՏՐՎԱՐԻ 1998Թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 31.07.97Թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ» ԹԻՎ 315 ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 31.07.97թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման մասին» N315 որոշման (այսուհետև` որոշում) 2-րդ կետը և նպատակ ունենալով պարզաբանել որոշմամբ հաստատված կարգի որոշ կետերը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.
1. Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգի» (այսուհետև` կարգ) 1-ին կետի հետ կապված.
Համաձայն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի, կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները (սեփական արտադրության արտադրանք, ապրանք) առևտրական կետերի (խանութներ, կրպակներ (տաղավարներ), վրաններ, շարժական կետեր, շուկաների վաճառատեղեր, և ապրանքների ցուցադրման ու անմիջական վաճառքի իրականացման այլ վայրերի (կետերի) միջոցով վաճառող, իրացնող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) բոլոր ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` տնտեսվարող սուբյեկտներ) վրա:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ապրանքների ցուցադրման և անմիջական վաճառքի վայր են նաև այն կետերը, որոնք թեկուզ իրենց ուղղվածությամբ (էությամբ) չեն հանդիսանում խանութ, կրպակ, տաղավար, շուկաների վաճառատեղեր, սակայն այդ վայրում կատարվում է ապրանքների ցուցադրում և անմիջական վաճառք:
Վերջիններիս թվին են դասվում, մասնավորապես, նաև հանրային սննդի օբյեկտները (ռեստորաններ, ճաշարաններ, բարեր, շարժական բուֆետներ և այլն), պահեստները, ապրանքների պահպանման այլ վայրերը, որտեղից կատարվում է նաև ապրանքների ցուցադրում և անմիջական վաճառք (իրացում):
2. Կապված կարգի 3-րդ և 4-րդ կետերի հետ
Օրինակ 1: (բոլոր օրինակները և նրանցում նշված անվանումները պայմանական են)
«Լիլիթ» ՍՊԸ-ն սեփական արտադրության արտադրանքը իրացնում է ինչպես իր ֆիրմային խանութի, այնպես էլ պահեստի (պահեստը բավարարում է կարգի 1-ին կետում նշված «ապրանքների ցուցադրում և անմիջական վաճառք» չափանիշին) միջոցով: Բացի սեփական արտադրության արտադրանքի իրացումից, «Լիլիթ» ՍՊԸ-ն ունի տաղավար Երևան քաղաքի տոնավաճառներից մեկում և տաղավարի միջոցով զբաղվում է առևտրական (ոչ սեփական արտադրության արտադրանքի իրացման) գործունեությամբ:
Ըստ վաճառքի իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) ՍՊԸ-ի կողմից պետք է վարվի արտադրանքի, ապրանքների և գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք (այսուհետև` գրանցման գիրք)` համարակալված, կնքված հարկային տեսչության մարմնի կողմից: Գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը, տնտեսվարող սուբյեկտի գտնվելու վայրը, վաճառքի իրականացման վայրը:
3. Կապված կարգի 6-րդ կետի հետ
Գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռքբերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները (այդ թվում` ձեռքբերման փաստաթղթերի բացակայության դեպքում) ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքները ստանալու օրվա ավարտը)` անկախ դրանց իրացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):
Տնտեսվարող սուբյեկտները աշխատանքի ընթացքում (վաճառք իրականացնելիս) գրանցման գիրքը պահում են անմիջական վաճառքի իրականացման վայրում (կետում), այն պատասխանատու անձի մոտ, որն իրականացնում է (լիազորված է իրականացնել) ապրանքների անմիջական վաճառք:
4. Կապված կարգի 7-ւդ, 8-րդ, 9-րդ կետերի հետ.
Գրանցման գրքում հերթական համարով նշվում են ապրանքի (արտադրանքի) ստացման ամսաթիվը, մուտքի փաստաթղթի տվյալները (համար, ամսաթիվ, գումար), ապրանքի անվանումը, չափի միավորը, քանակը, միավորի վաճառքի գինը (փոփոխությունները):
Օրինակ 2:
«Ասպրամ» ՍՊԸ-ի կողմից սեփական արտադրության արտադրանքը իրացվում է Երևան քաղաքում տեղաբաշխված իր ֆիրմային խանութի միջոցով:
Բացի սեփական արտադրության արտադրանքի իրացումից, «Ասպրամ» ՍՊԸ-ը զբաղվում է նաև առևտրական գործունեությամբ` մեկ այլ խանութի միջոցով:
«Ասպրամ» ՍՊԸ ունի նաև հանրային սննդի օբյեկտ (ռեստորան), որի միջոցով իրականացնում է տնտեսական գործունեություն` սննդի կազմակերպման առումով:
Իրացման (վաճառքի) յուրաքանչյուր վայրի համար ՍՊԸ-ը վարում է առանձին գրանցման գիրք, որոնցում գրանցումները կատարվում են` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.
4.1 Սեփական արտադրության արտադրանքի իրացման առումով կատարվող գրանցումներ:
«Ապրանքների գրանցման մասին»`
-1-ին սյունակում նշվում է մուտքագրված արտադրանքի տողի հերթական համարը (1,2,3,4 և այլն).
-2-րդ սյունակում նշվում է արտադրանքի` ֆիրմային խանութ մուտքագրման ամսաթիվը.
-3-րդ սյունակում նշվում է արտադրության ոլորտից իրացման ոլորտ տեղափոխված արտադրանքի ուղեկցող փաստաթղթերի համարը և ամսաթիվը.
-4-րդ սյունակում նշվում է արտադրության ոլորտից իրացման ոլորտ տեղափոխված արտադրանքի ուղեկցող փաստաթղթերի մեջ ամրագրված ընդհանուր գումարը:
Եթե ՍՊԸ-ի կողմից արտադրության ոլորտից իրացման ոլորտ ապրանքների շարժը իրականացվում է արտադրանքի հաշվարկային (պլանային ինքնարժեքով, վաճառքի գներով), ապա 4-րդ սյունակում նշվում է այդ արտադրանքի նախատեսվող վաճառքի գներով արտահայտված` ֆիրմային խանութ ուղեկցվող փաստաթղթերի մեջ արտացոլված ընդհանուր գումարը, որը կարող է լինել առանց անուղղակի հարկերի,
-5-րդ սյունակում նշվում է արտադրանքի անվանումը` յուրաքանչյուր արտադրատեսակի համար լրացված առանձին տողով,
-6-րդ սյունակում նշվում է արտադրանքի չափի միավորը (կգ, հատ, և այլն),
-7-րդ սյունակում նշվում է մուտքագրված (ընդունված, ստացված) արտադրանքի քանակը` ըստ չափի միավորների,
«Վաճառքի գների գրանցման մասին»`
-8-րդ սյունակում նշվում է արտադրանքի միավորի վաճառքի գինը* (կգ.-ի, հատի և այլն)` արտահայտված դրամով, ներառյալ անուղղակի հարկերը.
-9-րդ սյունակում նշվում է վաճառքի գների առաջին փոփոխության ամսաթիվը.
-10-րդ սյունակում նշվում է արտադրանքի այն մնացորդը (քանակական արտահայտությամբ` ըստ 6-րդ սյունակում նշվող չափի միավորների), որը, նախորդ (9-րդ) սյունակում նշված ամսաթվից սկսած, նախատեսվում է իրացնել այլ գներով.
-11-րդ սյունակում նշվում է նույն արտադրանքի միավորի վաճառքի նոր գինը (կգ.-ի, հատի և այլն).
-արտադրանքի վաճառքի գների երկրորդ փոփոխության ժամանակ 12-14-րդ սյունակներում գրանցումները կատարվում են 9-11-րդ սյունակներում կատարվող գրանցումների նման:
Երրորդ անգամից սկսած, գների փոփոխության իրականացման օրը գրանցման գրքում լրացվում է նոր տող` հերթական համարով, միաժամանակ փակագծում նշելով այդ արտադրանքի առաջին (նախորդ) գրանցման տողի (տողերի) հերթական համարը (համարները): Այդ դեպքում 2-րդ սյունակում նշվում է արտադրանքի մնացորդի քանակությունը, որը ենթակա է իրացման նոր գնով, իսկ 8-րդ սյունակում` նոր գինը:
4.2 Առևտրական գործունեության իրականացման առումով կատարվող գրանցումներ
«Ապրանքների գրանցման մասին» և «Վաճառքի գների գրանցման մասին» 1-14-րդ սյունակներում գրանցումները կատարվում են սույն հրահանգչական նամակի 4.1 կետում նշված ձևով, ընդ որում.
Եթե ՍՊԸ-ի կողմից ապրանքների մինչև խանութ մուտքագրումն իրականացվում է Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշմամբ սահմանված կարգով ապրանքների տեղափոխում (օրինակ, ՍՊԸ-ի պահեստից), ապա 4-րդ սյունակում նշվում է այդ ապրանքի տեղափոխման ժամանակ կազմված ապրանքն ուղեկցող փաստաթղթերի (Հայաստանի Հանրապետության կառավարության N 314 որոշմամբ հաստատված կարգի համաձայն դրանք են, մասնավորապես, ապրանքատրանսպորտային բեռնագիրը, պահեստի ելքի անդորագիրը, հաշիվ- ապրանքագիրը և այլն) մեջ արտացոլված ընդհանուր գումարը:
4.3 Հանրային սննդի ոլորտում իրականացվող տնտեսական գործունեության առումով կատարվող գրանցումներ`
4.3.1 Հանրային սննդի ոլորտում իրականացվող տնտեսական գործունեության առումով տնտեսավարող սուբյեկտները գրանցման գրքում գրանցումները կատարում են ըստ ձեռք բերված հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների (այսուհետև` հումք) այլ ապրանքների, որոնք համապատասխան մշակման արդյունքում ստանում են խոհարարական արտադրանքի տեսք: Գրանցումները կատարվում են հետևյալ կերպ.
«Ապրանքների գրանցման մասին»`
1-ին սյունակում նշվում է հանրային սննդի օբյեկտ (վայր) մուտքագրված (ստացված, ընդունված) հումքի տողի հերթական համարը (1,2,3,4 և այլն),
-2-րդ սյունակում նշվում է հումքի` հանրային սննդի օբյեկտ մուտքագրման (ստացման, ընդունման) ամսաթիվը,
-3-րդ սյունակում նշվում է հումքի մուտքագրման (ստացման, ընդունման) փաստաթղթի համարը և կազմման ամսաթիվը,
4-րդ սյունակում նշվում է հումքի ձեռքբերման ընդհանուր գումարը (ըստ մուտքի փաստաթղթերի), ներառյալ անուղղակի հարկերը:
-5-րդ սյունակում նշվում է հումքի անվանումը,
-6-րդ սյունակում նշվում է հումքի չափի միավորը (կգ. հատ և այլն),
-7-րդ սյունակում նշվում է հումքի մուտքագրված քանակը` ըստ չափի միավորների,
4.3.2 Գրանցման գրքի 8-14 սյունակներում գրանցումներ չեն կատարվում
4.3.3 Հանրային սննդի ոլորտում իրականացվող այն գործունեության մասով, որի արդյունքում ձեռք բերված (ընդունված, մուտքագրված, ստացված) հումքը, ապրանքները, չեն ենթարկվում մշակման (չեն ստանում սեփական արտադրության արտադրանքի տեսք և վաճառվում են նախնական տեսքով), գրանցումները կատարվում են սույն հրահանգչական նամակի 4.2 կետում նշված ձևով:
5. Գրանցման գրքի «Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մասում գրանցումները կատարվում են ըստ փաստացի ստացված (հաշվարկված) կանխիկ հասույթների գումարի:
__________________________________________________________________
*»Վաճառքի գների գրանցման մասին» 8-րդ, 11-րդ, 14-րդ սյունակներում վաճառքի գների ընդհանրապես բացակայության ժամանակ (միավորի վաճառքի գինը) ընդունվում է 0: