(ուժը կորցրել է 25.02.10 թիվ 169-Ն որոշում)
i
040.0267.200307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2007 թվականի N 267-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ ֆիլմերի որոշման չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 1-ի
N 267-Ն որոշման
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
Հայաստանի Հանրապետությունում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ ֆիլմերի չափորոշիչներն են`
1) էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները. դրանք սեռական ուղղվածությամբ սյուժեի վրա կառուցված գեղագիտական, ճանաչողական բնույթի գեղարվեստական կամ գիտական արժեք ներկայացնող հաղորդումներ են, որոնք`
ա. խոշոր պլանով չեն ցուցադրում տղամարդու և կնոջ սեռական օրգաններ, մարդակազմության և ֆիզիոլոգիական մանրամասներ` սեռական հարաբերության ժամանակ,
բ. ձայնի և պատկերի մեջ չեն պարունակում սեռական բռնության, անձը նվաստացնող սեռական գործողությունների անմիջական տեղեկույթ,
գ. չեն պարունակում անչափահասների մասնակցությամբ սեռական գործողությունների տեսարաններ,
դ. չեն ներկայացնում սեռահոգեբանական շեղումներ, մարդու կողմից սեռական այլասերումներ` դիակների կամ կենդանիների նկատմամբ.
2) սարսափ ֆիլմերը. դրանք կենդանի մեռյալներ, մարդակերներ կամ հրեշներ, սատանայական և միստիկական դևեր կամ դժոխային արարածներ, ամեն տեսակի մահաբեր աղանդներ, ինչպես նաև ծայրահեղացված գերբնական երևույթներ, մոլագարներ, առասպելական արնախումների, դարձվորների պատկերներ կամ կերպարներ ներկայացնող կինոնկարներ են, որոնց հիմնական նպատակն է վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցելը կամ սոսկում առաջացնելը:
Այդ ֆիլմերը սովորաբար ֆիլմեր արտադրող կամ վաճառող կազմակերպությունների պաշտոնական կատալոգներում (ֆիլմացանկերում) դասակարգված են որպես սարսափ ֆիլմեր: