(ուժը կորցրել է 07.06.13 թիվ 192-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 1997թ. թիվ 16
i
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ 1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ 1997 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում (համաձայն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի թիվ 6 «Էլեկտրական էներգիայի սակագնի մասին» և 1997 թ. օգոստոսի 22-ի թիվ 10 «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ օգոստոսի 1-ի թիվ 6 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշումների) գործում են նոր սակագներ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը պարզաբանում է`
«Ուղիղ գծով» սնվող համարվում են այն սպառողները, որոնց սնող ենթակայանը (ները) և էլեկտրահաղորդման գծերը, սկսած 35 կՎ ցածրացնող ենթակայանի 6(10) կՎ լարման հաղորդաձողերին միացված գծային բաժանիչից, անկախ ցածրացնող ենթակայանի հաշվեկշռային պատկանելությունից, գտնվում են սպառողի հաշվեկշռում:
Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակարանային հատվածի բաժանորդներից բացի 6(10) և 0.4 կՎ լարման բոլոր սպառողները դասվում են այլ սպառողների խմբին:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի թիվ 10 որոշման համաձայն, բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերում և տրանսֆորմատորներում առաջացած էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները չեն ավելացվում այլ սպառողների էլեկտրաէներգիայի ծախսին, եթե առևտրային հաշվիչը տեղադրված է 0.4 կՎ լարման կողմում: Եթե առևտրային հաշվիչը տեղադրված է բարձր լարման կողմում, ապա հաշվիչի գրանցած էլեկտրաէներգիայի ծախսից անհրաժեշտ է հանել հաշվիչի տեղադրման կետից մինչև 0.4 կՎ լարման հաղորդաձողերը բարձր լարման հաջորդական շղթա(ներ)ի տարրերի էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները:
Գիշերային զեղջ սակագնից օգտվել ցանկացող բարձր լարման սպառողների համար ուժի մեջ է մնում 1997 թ. ապրիլի 10-ին էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համաձայնեցված և ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էներգահամակարգի բեռի գրաֆիկի հարթեցման նպատակով բարձր լարման սպառողների համար օրվա ժամերով տարբերակված էլեկտրաէներգիայի սակագնի անցման» կարգը:
Հարկ է նշել, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ի ե/կետով սպառողների տարբեր խմբերի միջև խաչաձև հատկացումներ չեն թույլատրվում: Ուստի ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը իրավասու չէ որևէ բաժանորդի համար բացառության կարգով սահմանելու էլեկտրաէներգիայի մանրածախ վաճառքի այլ` ցածր սակագին: