040.0843.220606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2006 թվականի N 843-Ա
«ԹԱԼԻՆԻ ՏՊԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի անցկացումը` Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում լուծարման մասին որոշման ընդունմանը.
բ) բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներին:
2. Լուծարման հանձնաժողովին`
ա) «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.
բ) «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած` պետական բաժնետոմսերին համապատասխան գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ