040.0281.160306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2006 թվականի N 281-Ա
«ՍԱԿԱՎ ՏԱՐԱԾՎԱԾ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Ծովակալ Իսակովի 22 հասցեում գտնվող` 1175,67 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի շենքը, շինություններն ու 46.230 քառ. մետր հողատարածքը (այսուհետ` գույք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` որպես պետական սեփականություն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Երևանի քաղաքապետի հետ համատեղ` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացուցիչներին.
բ) «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
5. «Սակավ տարածված բուսատեսակների արտադրագիտական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ` այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ