(ուժը կորցրել է 12.03.2020 թիվ 271-Ն որոշում)
i
040.2275.140106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2275-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արտաբյուջետային ֆոնդի վերանվանվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, իսկ ֆինանսական միջոցները տնօրինվում են սույն կարգին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 15-ի
N 2275-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) միջոցները գոյանում են օրենքով սահմանված կարգով ու միջոցներից և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
i
3. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 90 տոկոսը բաշխվում է հարկադիր կատարման ծառայողների և ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջև` նրանց ամսական դրամական բավարարմանը համամասնորեն, և վճարվում է յուրաքանչյուր ամիս:
Յուրաքանչյուր ամսվա համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան ամսվան հաջորդող ամսվա 15-ը` բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի:
(3-րդ կետը փոփ. 19.10.06 թիվ 1455-Ն որոշում)
4. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 10 տոկոսը կարող է տրամադրվել առանձին աշխատողների` որպես դրամական պարգևատրում` աշխատանքային բարձր արդյունավետության և բարդ ու ծավալուն կատարողական գործողությունների իրականացման համար:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված միջոցների բաշխումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ստեղծվում է 5 անձից բաղկացած հանձնաժողով:
6. Առանձին աշխատողների դրամական պարգեվատրման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Մինչև դրամական պարգևատրման մասին որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը պետք է ստանա հանձնաժողովի եզրակացությունը:
7. Եթե սույն կարգի 4-րդ կետով նախատեսված միջոցները չեն օգտագործվում տվյալ բյուջետային տարվա ընթացքում, ապա մնացորդային գումարը բաշխվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով և 8-րդ կետով սահմանված ժամկետում:
8. Տարվա վերջին ամսվա համար դրամական պարգևատրումները բաշխվում են տվյալ բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:
9. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից չեն տրամադրվում այն ծառայողներին (աշխատողներին), ում նկատմամբ նախկինում կիրառվել է կարգապահական տույժ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարված կամ հանված չէ:
10. Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի զարգացման համար նախատեսված ֆոնդի միջոցներն օգտագործվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կատարողական գործողությունների կատարման ծախսերի փոխհատուցման և համակարգի զարգացման, մասնավորապես, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեխնիկական վերազինման, շինությունների և տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վերանորոգման, պահպանման, վարձակալության, գույքի և այլ սարքավորումների գնման, անձնակազմին հանդերձանքով և հատուկ միջոցներով ապահովելու, ծառայության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:
Ֆոնդի միջոցների հաշվին համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ֆոնդի միջոցների հաշվին կատարողական գործողությունների կատարման ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, չեն համարվում պետական կարիքների համար գնումներ:
Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` նույն նպատակով օգտագործելու համար:
11. Բյուջետային տարվա ավարտից հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում հաշվետվություն նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման մասին: