Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ Ս ...

01.12.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.02.2009  -ից մինչեւ   01.12.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 27.10.10 ՀՕ-160-Ն օրենք)

i

010.0208.251105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին

 

i

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության իրականացմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է`

1) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը և իրավական երաշխիքները.

2) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման (այսուհետ` ապահովագրական նպաստներ) իրավունք ձեռք բերելու պայմանները.

3) ապահովագրական նպաստների տեսակները, դրանց հաշվարկման, նշանակման և վճարման պայմանները:

2. Սույն օրենքը չի կարգավորում արտադրությունում դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետևանքով ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրությանն առնչվող հարաբերությունները:

3. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների վրա:

 

i
ՀՈԴՎԱԾ 2. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն օրենք)

 

i
ՀՈԴՎԱԾ 3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրությունը բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը կազմող պետական ծրագիր է, որը ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ապահովագրական նպաստներով ապահովելու միջոցով փոխհատուցում է ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը:

(3-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն, 26.12.08 ՀՕ-43-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

i

1. Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին:

(4-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 5. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա են`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).

2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք):

Անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:

Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային (ներառյալ` փորձաշրջանը) հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն կամ նոտարի պաշտոնավարման ժամանակաշրջանում` սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի համար, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված տևողությամբ:

Եթե անձը տվյալ ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի ապահովագրական նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի ապահովագրական նպաստ:

Համատեղությամբ աշխատելու դեպքում ապահովագրական նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և սույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` տարածքային բաժնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից:

(5-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն, 26.12.08 ՀՕ-43-Ն օրենքներ)

 

i
ՀՈԴՎԱԾ 6. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` այդ անձի կողմից սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազոր մարմին) դիմում ներկայացնելու և օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:

(6-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 7. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

i

Վարձու աշխատողներին տրվում են հետևյալ տեսակի ապահովագրական նպաստները.

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).

4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հղիության ու ծննդաբերության նպաստ).

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):

Վարձու աշխատողին տրվող ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը):

(7-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

 

i

Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

Տևական հիվանդության դեպքում հիվանդները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

(8-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

 

i

1. Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է`

1) 140 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).

2) 155 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.

3) 180 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը):

2. Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերելու դեպքում սույն հոդվածի առաջին մասով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի թիվը և դրանց համար վճարվող հղիության ու ծննդաբերության նպաստի չափը մնում են անփոփոխ:

3. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:

4. Մինչև հղիության 154 օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար տրվում է հիվանդության նպաստ` սույն օրենքով սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 12. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՎԱՆԴ ԱՆԴԱՄԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

 

1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի.

3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:

2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

i
ՀՈԴՎԱԾ 13. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԿԱՄ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

 

Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի: Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա ապահովագրական նպաստը տրվում է այն օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր օրերի համար:

(13-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԵՃԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

 

Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ տրվում է գործատուի նախաձեռնությամբ վարձու աշխատողին աշխատանքում վերականգնման մասին որոշման կամ աշխատանքում վերականգնման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` ժամանակավոր անաշխատունակության օրերի համար:

 

i
ՀՈԴՎԱԾ 15. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ապահովագրական նպաստ, բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի, տրվում է այն ժամանակահատվածի համար, երբ վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության համընկնող) օրերը:

(15-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 16. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ

 

1. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ապահովագրական նպաստ տրվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ապահովագրական նպաստ տրվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս:

3. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ապահովագրական նպաստի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 4
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 17. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետևյալ տեսակի ապահովագրական նպաստները.

1) հիվանդության նպաստ.

2) պրոթեզավորման նպաստ.

3) հղիության ու ծննդաբերության նպաստ.

4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):

(17-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 18. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

 

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՎԱՆԴ ԱՆԴԱՄԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

 

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 5
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 22. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ (ԵԿԱՄՈՒՏԸ)

 

1. Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից:

Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:

4. Ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(22-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն, 26.12.08 ՀՕ-43-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 23. ՀՂԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով` անկախ ապահովագրական ստաժի տևողությունից:

Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ, ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՎԱՆԴ ԱՆԴԱՄԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

1. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, իսկ 100-ապատիկի չափը գերազանցելու դեպքում` 100.000-ին գումարած 100.000-ը գերազանցող գումարի 30 տոկոսը:

2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն 8 և ավելի տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ, իսկ 80 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն մինչև 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ:

3. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը, անկախ ապահովագրական ստաժից, վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր`

1) իրենց խնամքի տակ ունեն 18 տարին չլրացած հաշմանդամ երեխա կամ երեք և ավելի երեխա.

2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-ից 23 տարեկան անձինք են.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում հաշմանդամ են դարձել:

4. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելու համար սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

5. Ապահովագրական նպաստ հաշվարկելիս ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության տեսակները, դրանց հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՏՐՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին ապահովագրական նպաստի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 6
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 26. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

i

1. Վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումն իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Սոցիալական վճարներ կատարելուց օրենքով սահմանված կարգով ազատված գործատուների կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստները վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը իր տարածքային բաժինների միջոցով (այսուհետ` տարածքային բաժին):

Տարածքային բաժինը ապահովագրական նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Ժամանակավոր անաշխատունակության բոլոր դեպքերի համար գործատուն վարձու աշխատողներին ապահովագրական նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների հաշվին:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն, ապա գործատուն ապահովագրական նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ ամսեկան հաշվետվության հետ մեկտեղ հարկային մարմին ներկայացված համապատասխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին ապահովագրական նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման դեպքում` տարածքային բաժինը:

5. Ապահովագրական նպաստ չի տրվում`

1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.

2) եթե աշխատողը աշխատանքից չի ազատվել և կալանքի տակ է.

3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:

6. Ապահովագրական նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:

Ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(26-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն, 26.12.08 ՀՕ-43-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 27. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

1. Ապահովագրական նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Առողջարանային բուժման նպաստի, մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում ապահովագրական նպաստի նշանակման և վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաև առողջարանային բուժման ուղեգրի լուսապատճենը:

3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և տարածքային բաժնի (բաժինների) համար` հիմնական աշխատավայրի գործատուի հաշվապահության կողմից կնքված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

4. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում ապահովագրական նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(27-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 28. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼԸ

 

Աշխատողին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված ապահովագրական նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը աշխատողի մահվանից հետո` վեցամսյա ժամկետում, ներկայացնելու դեպքում:

Չստացված ապահովագրական նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

i
ՀՈԴՎԱԾ 29. ՊԱԿԱՍ ՎՃԱՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ, ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ

 

1. Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

2. Ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ տարածքային բաժնի որոշմամբ, եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալի կամ ապահովագրական նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով:

Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է ապահովագրական նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող ապահովագրական նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:

3. Եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալով, ապա ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե ապահովագրական նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավել, իսկ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով ավել վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:

4. Եթե ապահովագրական նպաստ ստացող անձն ազատվել է աշխատանքից կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցրել է իր գործունեությունը, ապա ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով, սույն հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետներում:

(29-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 7
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 30. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

1. Հարկային մարմինը սոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ:

2. Լիազոր մարմինը`

1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստները.

2) գործատուի կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստների վճարման միջոցների անբավարարության դեպքում, գործատուի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, փոխհատուցում է գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները.

3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջում է ապահովագրական նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է ապահովագրական նպաստներին վերաբերող բողոքները.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց և նրանց վճարվող ապահովագրական նպաստներին վերաբերող տվյալները.

5) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(30-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 31. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

i

1. Տարածքային բաժնի` ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

2. Գործատուի` ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

(31-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-43-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 32. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

 

i

Սույն օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը համատեղ ընդունում են լիազոր մարմինը և հարկային մարմինը:

(33-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 34. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև արտադրությունում դժբախտ դեպքերից կամ մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը վարձու աշխատողների` արտադրությունում դժբախտ դեպքերից կամ մասնագիտական հիվանդության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումն ու հաշվարկումը կատարվում են սույն օրենքի 22-23-րդ հոդվածներով սահմանված կարգով` անկախ ապահովագրական (աշխատանքային) ստաժի տևողությունից` ապահովագրական նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը հաշվառելով 100 տոկոսի չափով, իսկ վճարումը կատարվում է գործատուի միջոցներից:

 

25 նոյեմբերի 2005 թվականի

ՀՕ-208-Ն

 

 

pin
ՀՀ 24.10.2005
N ՀՕ-208-Ն օրենք