020.0055.080597
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԶՆՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԱՎԵԼՎԱԾ «Ա»-ՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 մայիսի 1997թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի, հրավիրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և անձնակազմի հզորության վերաբերյալ բանակցությունների եզրափակիչ փաստաթղթի գործողության վերազննման առաջին համաժողովի եզրափակիչ փաստաթղթի հավելված «Ա»-ում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` վերոհիշյալ փաստաթղթի հավելված «Ա»-ում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի պարզաբանումները, հետազոտելով փաստաթուղթը և գործում առկա մյուս նյութերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հավելված «Ա»-ն անմիջականորեն առնչվում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի հետ, որը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրել է 1992 թվականին: Այդ պայմանագրի մասնակից պետությունները, ելնելով Եվրոպայում քաղաքական փոփոխություններից, համաձայնել են վերանայել Եվրոպայում սովորական զինված ուժերի տեղաբաշխումը: Քննության ընդունված փաստաթղթի նպատակն է հնարավորություն ընձեռել Ռուսաստանի Դաշնությանը պահպանել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրում ամրագրված տարածաշրջանային և գոտիական սահմանափակումները: Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությանը թույլ տալ ընդհանուր մասնաբաժինների պահպանման շրջանակներում փոփոխել սպառազինության տեղաբաշխումը: Հավելված «Ա»-ով հիմնականում ճշտվում է Ռուսաստանի Դաշնության իրավունքն առավելագույն հնարավոր չափով օգտվելու 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում կնքված համաձայնագրով սահմանված ներկա մասնաբաժինների վերաբաշխումից: Վերաբաշխումը կարող է կատարվել համապատասխան երկրների, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ բանակցությունների հիման վրա: Հավելված «Ա»-ի IV բաժնի 3-րդ պարագրաֆում նշված է, որ` «Նման վերաբաշխումները պետք է արդյունք լինեն ազատ բանակցությունների և ներգրավված պետությունների ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքի»: Ընդ որում, Հայաստանի հետ առնչվող մասով հարցը կարգավորվում է 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրով:
Փաստաթղթով կանոնակարգվում են նաև տեսչական և տեղեկատվական հարցերը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և անձնակազմի հզորության վերաբերյալ բանակցությունների եզրափակիչ փաստաթղթի գործողության վերազննման առաջին համաժողովի եզրափակիչ փաստաթղթի հավելված «Ա»-ում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8 մայիսի 1997թ.
ՍԴՈ - 55