ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 39
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանների և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 1999թ. ընթացքում վերը նշված հարցի վերաբերյալ քննված գործերով դատական պրակտիկան:
Ամփոփումից պարզվել է, որ դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ օրենսդրությունը:
Կատարված ուսումնասիրությունը միաժամանակ ցույց է տվել, որ դատարանները դիմումների քննարկման ժամանակ միշտ չէ, որ պարզում են, թե խնդրատուին ինչ նպատակի համար է անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, չեն պահանջում պատշաճ փաստաթղթեր, ուշադրություն չեն դարձնում, թե տվյալ փաստի հաստատումը կարող է արդյոք խնդրատուի համար անհրաժեշտ իրավական հետևանքներ առաջացնել: Դիմումների քննարկմանը առանձին դեպքերում մասնակից չեն դարձնում գործով շահագրգռված անձանց և կազմակերպություններին: Հաճախ դատարանները դուրս գալով իրենց իրավասության շրջանակներից, հաստատում են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց հաստատման իրավասությամբ օժտված չեն: Երբեմն էլ նույն գործով լուծում են իրենց իսկ կողմից հաստատված փաստից բխող իրավունքի հարցը:
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով դատական սխալները բացառելու, օրենսդրությունը ճիշտ և միատեսակ կիրառելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Դատարաններին տալ հետևյալ պարզաբանումները.
1. ՀՀ քաղ. դատ. օր. 189-190 հոդվածների համաձայն իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումները դատարանների կողմից քննության են առնվում, եթե դրանք առաջացնում են իրավական հետևանքներ և եթե դիմողները հնարավորություն չունեն արտադատարանական կարգով ստանալու կամ վերականգնելու այդպիսի փաստերը հաստատող փաստաթղթերը:
2. Քաղաքացիների միջև ազգակցական կապը հաստատվում է, եթե ՔԿԱԳ մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերը չեն պահպանվում և անհնար է դրանց վերականգնումը արտադատարանական կարգով: Տվյալ դեպքում դիմումատուն պարտավոր է դատարան ներկայացնել ՔԿԱԳ-ի եզրակացությունը. կորած գրանցման վերականգնման անհնարինության մասին:
3. Անձի խնամքի տակ գտնվելու փաստի դատական հաստատումը հնարավոր է այն դեպքում, եթե օրենքով նախատեսված իրավասու մարմինը մերժում է համապատասխան տեղեկանք տալը և եթե այդպիսի փաստերի հաստատումը, իրավունք է առաջացնում կենսաթոշակ, կերակրողի մահվան կապակցությամբ թոշակ և ժառանգություն ստանալու: Հարկ է նշել, որ նման փաստի հաստատումը իրավական հետևանք է առաջացնում, եթե դիմողը (խնամառուն) մահացած կերակրողի ընտանիքի անդամ է եղել և անպայմանորեն եղել է անաշխատունակ: Դա վերաբերվում է նաև ժառանգություն ստանալու նպատակով նման փաստի հաստատմանը պայմանով, որ ժառանգատուի մահվան օրը խնդրատուն լինի անաշխատունակ և խնամքի տակ գտնված լինի 1 տարուց ոչ պակաս ժամանակով:
4. Դատարանները ծննդյան, որդեգրման, ապահարզանի, մահվան գրանցումների վերաբերյալ իրավաբանական փաստերը հաստատում են, եթե ՔԿԱԳ-ի մարմիններում չեն պահպանվել համապատասխան գրանցումները և դրանց վերականգնումը վերջիններիս կողմից մերժվել է:
Ամուսնության գրանցման փաստը հաստատելու մասին դիմումը դատարանը կարող է քննության առնել ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, մյուս ամուսնուն մասնակից դարձնելով դատաքննությանը որպես շահագրգռված անձ:
Հաճախ դատարանները ամուսնության և ծննդյան ԳՐԱՆՑՄԱՆ փաստը հաստատելու փոխարեն հաստատում են ամուսնության և ծննդյան փաստը: Ավելին, դատարանները փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատում են նաև այն դեպքում, երբ դրանք ծագել են 1944թ. հուլիսի 8-ից հետո կամ թեև այդպիսիք ծագել են մինչև 1944թ.-ը, սակայն դադարել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվողներից մեկի մահից առաջ /այսինքն մինչև 1944թ. այլևս փաստորեն չեն ապրել/: Որոշ դատարաններ, անտեսելով ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը հաստատելու մասին օրենքի 7 հոդվածի պահանջները, նման փաստերը հաստատում են վճռով:
5. Իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության մասին փաստերի հաստատման վերաբերյալ դիմումներ ընդունելիս, դատարանները պարտավոր են դիմողից պահանջել ապացույցներ այն մասին, որ այդպիսի փաստաթղթերը պատկանում են իրեն և որ դրանք տվող կազմակերպությունը ի վիճակի չէ ուղղելու դրանցում եղած սխալները: Դատարանները հաստատում են տվյալ փաստաթղթի պատկանելությունը կոնկրետ անձին, եթե ներկայացված փաստաթղթի մեջ կա անվան ազգանվան կամ հայրանվան տարբերություն: Դատարանը պետք է հաստատի ոչ թե սխալ գրանցված անձի և դատարան դիմած անձի նույն անձը լինելը, այլ փաստաթղթերից մեկը նրան պատկանելու փաստը:
6. Սեփականության իրավունքով /գույքի, շենքերի, շինությունների և այլն/ տիրապետման փաստը հաստատվում է, եթե սեփականության իրավունքով տիրապետելու վերաբերյալ փաստաթղթեր նախկինում եղել են, սակայն հետագայում դրանք կորել են կամ ոչնչացել և հնարավոր չէ դրանք վերականգնել, հակառակ դեպքում նման վեճերը ենթակա են լուծման վարույթի կարգով:
7. Անձանց որոշակի հանգամանքներում մահվան փաստը դատարանները հաստատում են, եթե ՔԿԱԳ-ի մարմինները հրաժարվում են կատարելու նման փաստի գրանցում: Ի տարբերություն ՀՀ քաղ. դատ. օր. 189 հոդ. 3-րդ կետի տվյալ դեպքում դատարաններն իրավասու են հաստատել որոշակի հանգամանքներում և որոշակի պայմաններում անձի մահը: Դատարանի վճռի հիման վրա ՔԿԱԳ-ի մարմիններն գրանցում են մահվան փաստը:
8. ՀՀ քաղ. դատ. օր. 189 հոդվածի 3-րդ կետը հիմքով դատարանները կարող են քննության առնել նաև իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստերի հաստատման վերաբերյալ գործեր, որոնք նախատեսված չեն ՀՀ քաղ. դատ. օր. 189 հոդվածի 2-րդ կետով:
Դատարանները պետք է նկատի ունենան, որ այս դեպքում խոսքը վերաբերվում է ոչ թե ցանկացած փաստի, այլ միայն այնպիսի փաստերի, որոնց դատական հաստատումը նախատեսված է այլ օրենքներով:
9. Դժբախտ պատահարների վերաբերյալ փաստերը հաստատվում են, եթե հնարավոր չէ համապատասխան փաստաթղթերով /ակտերով/ հիմնավորել դժբախտ պատահարի փաստը կամ երբ դրա վերաբերյալ համապատասխան ակտը ժամանակին չի կազմվել կամ կազմված ակտը կորել է և այն վերականգնելու հնարավորություն չկա:
10. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի քննության ընթացքում մի քանի դիմումներ կարող են միավորվել և քննության առնվել մեկ վարույթում /ՀՀ քաղ. դատ. օր. 189 հոդված/: