i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 1996 թ. թիվ 629
i
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ /ԳՅՈՒՂԱԿԱՆ/ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկի հաստատումը, պատգամավորների նախկին քաղաքային /գյուղական/ խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման և դրանց գույքը տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնելու գործընթացի կազմակերպման ու վերահսկողության իրականացման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության համայնքներում /բացի Երևանի թաղային համայնքներից/ ստեղծել լուծարքային հանձնաժողովներ` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչների գլխավորությամբ, դրանց կազմում ընդգրկելով պատգամավորների նախկին քաղաքային /գյուղական/ խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահներին, համայնքների նորընտիր ղեկավարներին, պատգամավորների նախկին քաղաքային /գյուղական/ խորհուրդների գործադիր կոմիտեների գլխավոր /ավագ/ հաշվապահներին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Գ. Գամազյանին` մեկշաբաթյա ժամկետում լուծարքային հանձնաժողովներին ապահովել պատգամավորների նախկին քաղաքային /գյուղական/ խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացի կազմակերպման և իրականացման վերաբերյալ մեթոդական ցուցումներով:
3. Սահմանել, որ լուծարքային հանձնաժողովները`
ա/ մինչև 1996 թվականի նոյեմբերի 25-ը, ըստ պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների, սահմանված կարգով կազմակերպում են գույքագրում` ներառելով դրանց տնօրինության տակ գտնվող ամբողջ գույքը /հիմնական և շրջանառու միջոցները` վարչական շենքերը, ֆինանսական միջոցները և այլն/.
բ/ ապահովում են հաշվառված գույքի և գործավարական ու մյուս փաստաթղթերի հանձնումը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքների ղեկավարների պարտականություններն ստանձնելու պահից 10-օրյա ժամկետում:
4. Սահմանել, որ մարզի տարածքում գործող լուծարքային հանձնաժողովների գործունեությունը համակարգում է մարզպետը:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա/ ձեռնարկել համապատասխան միջոցներ` պատգամավորների նախկին քաղաքային /գյուղական/ խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման ընթացքում կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.
բ/ լուծարքային հանձնաժողովների նախագահների, պատգամավորների նախկին քաղաքային /գյուղական/ խորհուրդների գործադիր կոմիտեների ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների և համայնքների նորընտիր ղեկավարների հետ համատեղ, վերջիններիս պարտականություններն ստանձնելու պահից 60-օրյա ժամկետում ապահովել պատգամավորների նախկին քաղաքային /գյուղական/ խորհուրդների գործադիր կոմիտեների ձեռնարկությունների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնում-ընդունումը:
6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա: