040.0291.030403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2003 թվականի N 291-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1499-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական պետական արխիվները և պետական արխիվների սպասարկման ծառայությունը (այսուհետ` պետական հիմնարկներ)` համաձայն N 1 հավելվածի, միացման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն)».
i
բ) որոշումն 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1, 1.2 և 1.3-ին կետերով.
«1.1. Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվները վերակազմակերպել պետական կազմակերպության մասնաճյուղերի` համաձայն N 2 հավելվածի:
1.2. Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվների մասնաճյուղերը վերակազմակերպել պետական կազմակերպության տարածքային ներկայացուցչությունների` համաձայն N 3 հավելվածի:
1.3. Հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի».
i
գ) որոշման ամբողջ տեքստում «պետական կազմակերպություններ» բառերը փոխարինել «պետական կազմակերպություն» բառերով` ըստ հոլովառության.
դ) որոշման 3-րդ կետը «մատուցում» բառից հետո լրացնել «, փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում, արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում» բառերով.
ե) որոշման 4-րդ կետի`
i
առաջին պարբերությունը «հիմնարկների» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության», իսկ «գույքի,» բառից հետո` «83559426 դրամ սկզբնական արժեքով» բառերով.
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության հաշվեկշռում հաշվառված` Երևանի Հ. Քոչարի 5 հասցեում գտնվող շենքերը և շինությունները` 8954 քառ. մետր մակերեսով, որոնց սկզբնական արժեքը 63365194 հազ. դրամ է, մաշվածությունը` 15578097 դրամ, մնացորդային արժեքը` 47787097 դրամ, Մարշալ Բաղրամյան 59գ հասցեում գտնվող շենքը` 3700 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 21332850 դրամ է, մաշվածությունը` 7039840 դրամ, մնացորդային արժեքը` 14293010 դրամ, և Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող ստորգետնյա արխիվադարանը` 7200 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 182558530 դրամ է, մաշվածությունը` 76538432 դրամ, մնացորդային արժեքը` 106020098 դրամ, ինչպես նաև պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր».
զ) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը».
է) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Պետական կազմակերպության պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասի».
i
ը) որոշման 10-րդ կետում «պետական արխիվները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային արխիվը, նրա մասնաճյուղերը և ներկայացուցչությունները» բառերով.
i
թ) որոշումը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-րդ կետով.
«10.1. Սահմանել, որ պետական կազմակերպությունն ԱՊՀ անդամ պետությունների միջև 1992 թվականի հուլիսի 6-ին և 1999 թվականի հունիսի 4-ին ստորագրած միջպետական համաձայնագրերի շրջանակներում համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների հետ»:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.
բ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1499-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 291-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
|NN | Անվանումը |
|ը/կ| |
|___|_____________________________________________________________________|
| 1.|Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 2.|Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական |
| |արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 3.|Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների |
| |փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 4.|Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և մամուլի փաստաթղթերի|
| |կենտրոնական պետական արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 5.|Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական |
| |պետական արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 6.|Հայաստանի Հանրապետության պետական արխիվների սպասարկման ծառայություն |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 291-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Պետական արխիվի անվանումը | Մասնաճյուղի անվանումը |
|ը/կ| | |
|___|___________________________________|_________________________________|
| 1.|Երևան քաղաքի պետական արխիվ |Երևանի քաղաքային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
| 2.|Արագածոտնի մարզի պետական արխիվ |Արագածոտնի մարզային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
| 3.|Արարատի մարզի պետական արխիվ |Արարատի մարզային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
| 4.|Արմավիրի մարզի պետական արխիվ |Արմավիրի մարզային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
| 5.|Գեղարքունիքի մարզի պետական արխիվ |Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
| 6.|Լոռու մարզի պետական արխիվ |Լոռու մարզային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
| 7.|Կոտայքի մարզի պետական արխիվ |Կոտայքի մարզային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
| 8.|Շիրակի մարզի պետական արխիվ |Շիրակի մարզային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
| 9.|Սյունիքի մարզի պետական արխիվ |Սյունիքի մարզային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
|10.|Վայոց ձորի մարզի պետական արխիվ |Վայոց ձորի մարզային մասնաճյուղ |
|___|___________________________________|_________________________________|
|11.|Տավուշի մարզի պետական արխիվ |Տավուշի մարզային մասնաճյուղ |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 291-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Մասնաճյուղի անվանումը |Ներկայացուցչության անվանումը |
|ը/կ| | |
|___|________________________|____________________________________________|
| 1.|Ապարանի մասնաճյուղ |Ապարանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
| 2.|Ծաղկահովտի մասնաճյուղ |Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
| 3.|Թալինի մասնաճյուղ |Թալինի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
| 4.|Արարատի մասնաճյուղ |Արարատի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
| 5.|Մասիսի մասնաճյուղ |Մասիսի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
| 6.|Արմավիրի մասնաճյուղ |Արմավիրի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
| 7.|Բաղրամյանի մասնաճյուղ |Բաղրամյանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
| 8.|Ճամբարակի մասնաճյուղ |Ճամբարակի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
| 9.|Մարտունու մասնաճյուղ |Մարտունու տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|10.|Սևանի մասնաճյուղ |Սևանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|11.|Վարդենիսի մասնաճյուղ |Վարդենիսի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|12.|Ալավերդու մասնաճյուղ |Թումանյանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|13.|Սպիտակի մասնաճյուղ |Սպիտակի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|14.|Ստեփանավանի մասնաճյուղ |Ստեփանավանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|15.|Տաշիրի մասնաճյուղ |Տաշիրի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|16.|Աբովյանի մասնաճյուղ |Աբովյանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|17.|Եղվարդի մասնաճյուղ |Եղվարդի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|18.|Չարենցավանի մասնաճյուղ |Չարենցավանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|19.|Ախուրյանի մասնաճյուղ |Ախուրյանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|20.|Ամասիայի մասնաճյուղ |Ամասիայի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|21.|Մարալիկի մասնաճյուղ |Մարալիկի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|22.|Աշոցքի մասնաճյուղ |Աշոցքի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|23.|Արթիկի մասնաճյուղ |Արթիկի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|24.|Գորիսի մասնաճյուղ |Գորիսի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|25.|Մեղրու մասնաճյուղ |Մեղրու տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|26.|Սիսիանի մասնաճյուղ |Սիսիանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|27.|Վայքի մասնաճյուղ |Վայքի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|28.|Նոյեմբերյանի մասնաճյուղ |Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|29.|Բերդի մասնաճյուղ |Բերդի տարածքային ներկայացուցչություն |
|___|________________________|____________________________________________|
|30.|Դիլիջանի մասնաճյուղ |Դիլիջանի տարածքային ներկայացուցչություն |
._________________________________________________________________________.
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 291-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` պետական կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակով չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գիտական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի մշտական պահպանման, հաշվառման, համալրման, օգտագործման և հրատարակման բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:
Պետական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական ու մարզային (Երևան քաղաքի) պետական արխիվների իրավահաջորդն է:
Պետական կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
2. Պետական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
3. Պետական կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Պետական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվներ:
6. Պետական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար, իսկ հիմնադիրը` պետական կազմակերպության պարտավորությունների համար:
7. Պետական կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա «Նացիօնալնիյ առխիվ Առմենիի»,
ռուսերեն կրճատ` «Նացիօնալնիյ առխիվ Առմենիի» ԳՆՕ,
անգլերեն լրիվ` State Non Profit Organization «National Archives of Armenia»,
անգլերեն կրճատ` «National Archives of Armenia» SNPO:
8. Պետական կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ, Երևան, Հ. Քոչարի 5:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
9. Պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումը և հանրահռչակումը:
10. Պետական կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան`
ա) իրականացնում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը.
բ) վարում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի կենտրոնացված հաշվառումը.
գ) սահմանված կարգով օգտագործում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը (հավաքածուն).
դ) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու վերաբերյալ, ստեղծում և պահպանում է դրանց ապահովագրական պատճենները.
ե) արխիվային գործի և գործավարության բնագավառում իրականացնում է պետական ծրագրերը.
զ) ներդնում է փաստաթղթերի պահպանության, կոնսերվացման, պատճենման, վերականգնման և օգտագործման առավել արդյունավետ համակարգեր ու մեթոդներ.
է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` համագործակցում է օտարերկրյա արխիվների ու արխիվային ծառայությունների հետ, արխիվային գործի և գործավարության բնագավառում մասնակցում միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին.
ը) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալրման աղբյուրների ցանկի և արխիվում պահպանության ենթակա փաստաթղթերի կազմի, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետության անունից առաջնային գնման վերաբերյալ.
թ) մասնակցում է արխիվային գործի ավտոմատ տեղեկատվական համակարգերի մշակման, ներդրման և օգտագործման, տեղեկատվական ցանցի և էլեկտրոնային տվյալների միասնական կենտրոնական շտեմարանի ստեղծման աշխատանքներին.
ժ) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվների պահպանման գործին.
ժա) լիազորված պետական մարմին է ներկայացնում արխիվային գործի և գործավարության բնագավառում վարչական վիճակագրությունը.
ժբ) պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի, դրանց կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական և գիտահանրամատչելի գրականություն, տեղեկագրեր, ուսումնական ու գործնական ձեռնարկներ, քարոզչական բնույթի և գովազդային նյութեր.
ժգ) կազմակերպում է արխիվագիտության, հնագրագիտության, փաստաթղթավարության, այլ օժանդակ պատմական գիտությունների հիմնախնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ և խորհրդակցություններ.
ժդ) ուսումնասիրում է հետադարձ տեղեկատվության հասարակական պահանջները, փաստաթղթերի նպատակային և արդյունավետ օգտագործումը.
ժե) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները), լուծում բարձրացված հարցերը:
11. Պետական կազմակերպությունը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է`
ա) արխիվային վավերագրերի հրատարակություն.
բ) փաստաթղթերի պատճենների տրամադրում.
գ) ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում.
դ) փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում.
ե) արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում:
Պետական կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
III. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
12. Պետական կազմակերպությունը ֆինանսավորվում է`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` սուբսիդիայի ձևով.
բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.
գ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:
Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազեցմանը:
13. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված հետևյալ նպատակների իրականացման համար`
ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) մասին տեղեկատվություն ներկայացնելը և հանրահռչակման միջոցառումների իրականացումը (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).
գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդին (հավաքածուին) վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.
դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.
ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.
է) լիազորված պետական մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ նպատակներ:
Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:
14. Պետական կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:
15. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա կողմից լիազորված մարմինը, կազմակերպության գործադիր մարմինը` տնօրենը:
17. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) պետական կազմակերպության հիմնադրումը.
բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.
դ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
ե) օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
18. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ իրականացման համար:
Լիազորված պետական մարմինը`
ա) հաստատում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
բ) սահմանում է պետական կազմակերպության կառավարման համակարգը.
գ) նշանակում է պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովը և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
դ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է պետական կազմակերպության կառավարման մարմինը և վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները.
ե) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության գործունեության նկատմամբ.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած ճանաչում պետական կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
է) լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
ը) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս պետական կազմակերպությանը` նրան սեփականության իրավունքով հանձնված գույքի օտարման համար.
ժ) հաստատում է պետական կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
ժա) հաստատում է պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժբ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրության նախատեսված այլ գործառույթներ:
19. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը:
Պետական կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Պետական կազմակերպության տնօրենի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են պետական կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
21. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
22. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում, նրան նշանակված մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
23. Պետական կազմակերպության տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազորված պետական մարմնի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.
ը) հաստատում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
թ) նշանակում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:
24. Պետական կազմակերպության հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են նրա բաժինները, բաժանմունքները և լաբորատորիաները, որոնք գործում են իրենց կանոնակարգերին համապատասխան:
Պետական կազմակերպության կառուցվածքի մեջ են մտնում նաև սպասարկող և օժանդակ բնույթի կառուցվածքային ստորաբաժանումները կամ առանձին հաստիքներ (հաշվապահություն, կադրային աշխատանք, գրասենյակ, տնտեսության վարում):
25. Պետական կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման, գիտամեթոդական և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով տնօրենին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտական խորհուրդ և մեթոդական փորձագիտական հանձնաժողով:
Պետական կազմակերպության խորհրդակցական մարմիններն իրենց գործառույթներն իրականացնում են իրենց կանոնակարգերի հիման վրա: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվում են պետական կազմակերպության ղեկավարները և մասնագետները, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմը և կանոնակարգը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների որոշումներն իրականացվում են պետական կազմակերպության տնօրենի հրամաններով:
26. Պետական կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, պետական կազմակերպության աշխատանքային ներքին ու կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:
27. Պետական կազմակերպության աշխատողների ատեստավորումը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում:
Պետական կազմակերպության յուրաքանչյուր աշխատող ենթակա է ատեստավորման` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:
Ատեստավորման անցկացման կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը:
Տվյալ տարում ատեստավորման ենթակա աշխատողների ցուցակը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը:
V. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է պետական կազմակերպության հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ լիազորված մարմնի սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
29. Պետական կազմակերպությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
30. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
31. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
32. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
33. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:
34. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
Պետական կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:
35. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
36. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության` օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
VI. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Պետական կազմակերպությունն ունի մասնաճյուղեր` Հայաստանի Հանրապետության մարզերում (Երևան քաղաքում), և ներկայացուցչություններ` տարածաշրջաններում, որոնք գործում են սույն կանոնադրությանն ու իրենց կանոնադրություններին համապատասխան և ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
38. Պետական կազմակերպության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, պետական կազմակերպության և իրենց` հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթուղթ:
VII. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
39. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
40. Պետական կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
41. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
VIII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
42. Սույն կանոնադրությամբ չպարզաբանված հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և գործող այլ իրավական ակտերին համապատասխան: