Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ...

 

18.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի հասկացությունը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակները, վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման պայմաններն ու կարգը:

i

2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների վրա: Սույն մասում նշված անձանց ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում նրանց վարձատրությունը պահպանվում է:

3. Չաշխատող (վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) անձին մայրության նպաստի տրամադրման, նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(1-ին հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 2. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենսդրությունը

 

1. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-290-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 3. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը և տեսակները, մայրության նպաստի հասկացությունը

 

1. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

2. Սույն օրենքով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի հետևյալ տեսակները.

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2015 թվականից` 01.12.14 ՀՕ-206-Ն օրենք)

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):

3. Մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

(3-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք

 

1. Սույն օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք.

2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

2. Անձը սույն օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում, բացառությամբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին` ժամանակավոր անաշխատունակությունը սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածներում առաջանալու հիմքով սույն հոդվածի 3.2-րդ մասի համաձայն մայրության նպաստ նշանակելու դեպքերի, երբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ տրվում է անկախ շահութահարկ վճարած լինելու հանգամանքից:

3. Սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:

i

3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).

2) բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.

3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:

3.2. Սույն օրենքով սահմանված մայրության նպաստ է տրվում նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամանակահատվածում:

4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության, իսկ մայրության նպաստը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը` անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը (բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին (բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում` գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրվանից:

5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք (ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն օրենքով սահմանված տարբեր պատճառներով), ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 18.04.2025 թվականից` 27.03.25 ՀՕ-73-Ն օրենք)

(4-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-290-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.06.19 ՀՕ-78-Ն, 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նպաստի իրավունքը

 

1. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ ունի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառում:

(5-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-290-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ)

 

Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները

 

1. Սույն օրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.

2) ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող գործատուի (այսուհետ` վարձու աշխատողի գործատու) միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում, եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից:

2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում են`Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում են`

1) ժամանակավոր անաշխատունակության առաջին յոթ օրացուցային օրերի համար` վարձու աշխատողի գործատուն (որն օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից)` իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կատարած հաշվարկը, իսկ ժամանակավոր անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից` լիազոր մարմինը` պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) լիազոր մարմինը` պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե վարձու աշխատողի գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտականություններից:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 25.07.2013 թվականից` 20.06.13 ՀՕ-95-Ն օրենք)

4. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները վճարում է լիազոր մարմինը` պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանված դեպքերի) վճարում է լիազոր մարմինը` պետական բյուջեի միջոցների հաշվին:

(6-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

Հոդված 7. Վարձու աշխատողներին տրվող նպաստները

 

1. Վարձու աշխատողին տրվում են հետևյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.

2) պրոթեզավորման.

3) առողջարանային բուժման.

4) մայրության.

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

(7-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 8. Վարձու աշխատողին տրվող հիվանդության նպաստը

 

1. Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` սկսած առաջին օրացուցային օրվանից:

2. Տևական հիվանդության դեպքում վարձու աշխատողները անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով ֆունկցիոնալության գնահատման են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման համաձայն վարձու աշխատողը շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

(8-րդ հոդ. փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 04.05.22 ՀՕ-125-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ )

 

Հոդված 9. Վարձու աշխատողներին տրվող պրոթեզավորման նպաստը

 

1. Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` սկսած առաջին օրացուցային օրվանից:

(9-րդ հոդ. փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ )

 

i
Հոդված 10. Վարձու աշխատողին տրվող առողջարանային բուժման նպաստը

 

1. Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` սկսած առաջին օրացուցային օրվանից:

2. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդ. փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ)

 

Հոդված 11. Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը

 

1. Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:

2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

3. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):

4. Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի օրացուցային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` սույն օրենքով սահմանված կարգով:

5. Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

(11-րդ հոդ. փոփ. 12.12.13 ՀՕ-150-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 12. Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը

 

1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.

3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.

4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամություն ունեցող երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:

2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող այլ վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած առաջին օրացուցային օրվանից:

(12-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 04.05.22 ՀՕ-125-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ)

 

Հոդված 13. Նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին

 

1. Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում:

Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

2. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:

(13-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 14. Նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում

 

1. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` սկսած առաջին օրացուցային օրվանից:

2. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

(14-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում

 

1. Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի համար` ընդհանուր հիմունքներով:

(15-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 16. Նպաստի տրամադրումը գործատուի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքած վարձու աշխատողին

 

(16-րդ հոդվածն ուժը կորցրել է 18.04.2025 թվականից` 27.03.25 ՀՕ-73-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

Հոդված 17. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող նպաստները

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետևյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.

2) պրոթեզավորման.

3) մայրության.

4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

(17-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 18. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հիվանդության նպաստը

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:

 

Հոդված 19. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող պրոթեզավորման նպաստը

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Հոդված 20. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող մայրության նպաստը

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստ տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածների համար:

(20-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 21. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում` դրանցով նախատեսված ժամանակահատվածի համար:

 

ԳԼՈՒԽ 5
ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i
Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

 

1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսից:

2. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:

3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:

4. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:

5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:

6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի  նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

8. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հիմք են ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները անձի` հաշվարկային ժամանակահատվածում սույն հոդվածի 7-րդ և 14-րդ մասերում նշված եկամուտների վերաբերյալ:

9. Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում (գումարվում են)`

1) վարձու աշխատողի գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտները.

2) սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված եկամուտը:

10. Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով առանձին` ըստ վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի և որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի:

10.1. (10.1-ին մասն ուժը կորցրել է 01.07.2023 թվականից` 24.11.22 ՀՕ-451-Ն օրենք)

i

11. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

12. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով հաշվարկելիս, եթե վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի կողմից (որի հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) մինչև վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վարձու աշխատողին վճարված եկամուտը: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից (մեկից ավելի այլ գործատուի դեպքում` տվյալ ամսում առավելագույն եկամուտ վճարած գործատուի) վարձու աշխատողին վճարված եկամուտը:

13. Եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի բոլոր գործատուների մոտ աշխատելու ժամանակահատվածները պակաս են տասներկու ամսից, ապա հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի կողմից (որի հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) վարձու աշխատողին վճարված եկամուտը վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկում հաշվի է առնվում սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով: Այս դեպքում որպես սույն հոդվածի 12-րդ մասում նշված վարձու աշխատողի գործատու դիտարկվում է այն գործատուն, որի մոտ հաշվարկային ժամանակահատվածում աշխատանքի ընդունվելու օրը, ամիսը, տարին ամենավաղն է:

14. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված շրջանառության հարկի համակարգի շրջանակում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` շահութահարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը.

2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի համար եկամուտ չի հաշվարկվում:

15. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և`

1) նպաստի` գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը հաշվարկելու համար բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար, սույն օրենքի համաձայն, նպաստը վճարվում է գործատուի միջոցներից.

2) նպաստի` պետական բյուջեից վճարման ենթակա գումարը հաշվարկելու համար բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար, սույն օրենքի համաձայն, նպաստը վճարվում է պետական բյուջեի միջոցներից:

16.  Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 4-րդ կամ 6-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

17. Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում է առանձին` ըստ վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի, և յուրաքանչյուր գործատուի մասով հաշվարկվում է սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով: Այս դեպքում վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի մասով հաշվարկված` պետական բյուջեից վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները վճարվում են դրանց հանրագումարի չափով:

18. Միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի (այդ թվում` համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի) ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում է առանձին` որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի և վարձու աշխատողի` ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելով սույն հոդվածի 15-17-րդ մասերով սահմանված կարգով: Այս դեպքում վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատուի մասով հաշվարկված` պետական բյուջեից վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար հաշվարկված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը վճարվում են դրանց հանրագումարի չափով:

19. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (այդ թվում` սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:

20. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարից վարձու աշխատողի գործատուն մայրության նպաստը կարող է վճարել իր միջոցների հաշվին: Սույն մասով սահմանված դեպքում մայրության նպաստ նշանակելու (հաշվարկելու) և գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

(22-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.12.14 ՀՕ-206-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-290-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.06.19 ՀՕ-78-Ն, 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 24.11.22 ՀՕ-451-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ)

 

Հոդված 23. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին տրվող նպաստի հաշվարկումը և վճարումը

 

1. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին նպաստի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 6
ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 24. Նպաստը նշանակելը և վճարելը

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 18-րդ մասում նշված դեպքի, նպաստը նշանակում և հաշվարկում է լիազոր մարմինը` հիմք ընդունելով`

1) էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները` վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու վերաբերյալ.

2) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները` անձի` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու, հաշվարկային ժամանակահատվածում վճարված (վճարվելիք) աշխատավարձի (եկամտի) կամ ստացված եկամուտների վերաբերյալ.

3) լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգում առկա` անձին վճարված նպաստի վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները.

5) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում` նաև քաղաքացու դիմումը:

2. Նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու (այդ թվում` վարձու աշխատողի գործատուի կողմից) համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության համակարգի և հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայի միջև փոխանակելու կարգը, տեղեկատվության (տվյալների) կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացելու) և ժամանակավոր անաշխատունակության վերջին օրվա (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու) վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային առողջապահության համակարգից լիազոր մարմնին տրամադրվում է համապատասխան հանգամանքն առաջանալուց (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացելուց կամ փակելուց) հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինն այդ տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով ուղարկում է վարձու աշխատողի գործատուին կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին: Ընդ որում, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման և փակման վերաբերյալ գրառումը էլեկտրոնային առողջապահության համակարգ կատարվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համապատասխանաբար բացման և փակման օրվա ընթացքում, բացառությամբ օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված փաստաթղթով հաստատված, ոչ աշխատանքային օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում գրանցված ժամանակավոր անաշխատունակության դեպքերի, երբ ժամանակավոր անաշխատունակության տեղեկատվության մասին գրառումը էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրվում այդ տեղեկատվությունն ստացվելու օրը:

4. Ժամանակավոր անաշխատունակության վերջին օրվա (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու) վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնից ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը նախորդ օրվա դրությամբ առկա` նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրում է լիազոր մարմնին:

5. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում է նպաստը, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում` նաև վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա գումարի չափը և գործատուին փոխանցելու համար հարկային մարմնին տեղեկացնում է`

1) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերաբերյալ, որի համար հաշվարկվել է նպաստը.

2) գործատուի կողմից վճարման ենթակա` ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարի վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինն այն տրամադրում է գործատուին:

7. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում է նպաստը և հարկային մարմնի միջոցով ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տեղեկացնում է նպաստի գումարի, դրա հաշվարկման, հաշվարկման հիմքում ընկած` եկամուտների և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերաբերյալ:

8. Մայրության նպաստը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի` պետական բյուջեից վճարման ենթակա գումարը լիազոր մարմինը վճարում է առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ ուշ, անկանխիկ եղանակով` վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ընտրած բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

9. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի` վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա գումարը գործատուն վճարում է հարկային մարմնի միջոցով ստացված տեղեկատվության հիման վրա` նպաստի հաշվարկման և նշանակման ամսվա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

10. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողի գործատուի կողմից ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման ենթակա գումարը վճարում է վերակազմակերպված գործատուի իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը:

11. Այն դեպքում, երբ վարձու աշխատողի գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտականություններից, լիազոր մարմինը ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է սույն օրենքով սահմանված կարգով` առանց սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով վարձու աշխատողի գործատուին տեղեկատվություն (տվյալներ) տրամադրելու:

12. Նպաստ չի տրվում`

1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացած վնասվածքների հետևանքով.

2) բժշկի սահմանած բուժման ռեժիմը խախտած օրերի համար.

3) այն անձանց, որոնց տվյալները չեն նույնականացվում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում:

13. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված` անձի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթղթի հիման վրա նպաստը նշանակվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված տեղեկատվության (տվյալների) հիման վրա, եթե այդ տվյալները ստացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից ոչ ուշ, և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի համար աշխատավարձ չի վճարվել:

14. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված` անձի ժամանակավոր անաշխատունակ լինելը հաստատող փաստաթղթի հիման վրա անձի ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգ է (են) ներառվում առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված թույլտվության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

15. Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալներով անձի ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում` հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած)` սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարվում է նպաստ, իսկ աշխատավարձ չի հաշվարկվում և չի վճարվում:

16. Նպաստ նշանակելու և վճարելու կամ նպաստ նշանակելը մերժելու մասին լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է այն անձին, որին վճարվել է նպաստը (որին վճարելու համար նպաստի գումարը փոխանցվել է բանկ), կամ որին մերժել է նպաստ նշանակելը` նշելով մերժման հիմքերը:

17. Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

18. Վարձու աշխատողի, որին վերաբերող տեղեկատվությունը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(24-րդ հոդ. փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.07.20 ՀՕ-361-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ),  27.05.21 ՀՕ-242-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 04.05.22 ՀՕ-125-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 27.03.25 ՀՕ-73-Ն օրենքներ)

 

i
Հոդված 25. Նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 18.04.2025 թվականից` 27.03.25 ՀՕ-73-Ն օրենք)

 

i
Հոդված 26. Նպաստի նշանակումը, հաշվարկումը և վճարումը անձի մահվան դեպքում

 

1. Անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո` մինչև նպաստ նշանակելը, վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում, հաշվարկվում և վճարվում է մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, չափահաս զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով աշխատողի մահվան օրվա դրությամբ նրա հետ նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից հետո` վեցամսյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնելու դեպքում: Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո չվճարված նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագրի հիման վրա:

2. Անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո` մինչև նպաստ նշանակելը, վարձու աշխատողի մահանալու կամ նպաստը նշանակելուց հետո մահվան պատճառով նպաստը չվճարելու դեպքում նպաստի`

1) պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` դիմում ներկայացրած անձի կողմից ընտրված բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) գործատուի կողմից վճարման ենթակա գումարը վճարվում է աշխատողի մահվան դեպքում աշխատավարձի վճարման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

3. Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մահվան դեպքում նպաստն այլ անձի նշանակելու և վճարելու կարգը, նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(26-րդ հոդ. փոփ. 27.03.25 ՀՕ-73-Ն օրենք)

 

i
Հոդված 27. Պակաս վճարված նպաստի վճարումը, ավել վճարված նպաստի գումարի հետպահումը, նպաստի վերահաշվարկը

 

1. Սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների մեղքով (գործողությունների կամ անգործության հետևանքով) կամ էլեկտրոնային առողջապահության համակարգ ում առկա տվյալների հիման վրա չվճարված (չհաշվարկված կամ չնշանակված) կամ պակաս վճարված նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:

2. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվությունը տրամադրելու ամսվանից հետո` 36 ամսվա ընթացքում, վարձու աշխատողի գործատուի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից հարկային մարմին է ներկայացվում գրանցման հայտ կամ հաշվարկ (այդ թվում` ճշտված), կամ հարկային հսկողության իրականացմամբ հայտնաբերվում է նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության (տվյալի) փոփոխություն, հարկային մարմինն այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է լիազոր մարմնին` համապատասխան հանգամանքն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված` հարկային մարմնից ստացված տեղեկատվության (տվյալի) հիման վրա լիազոր մարմինը վերահաշվարկում է նպաստի չափը` նպաստը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով, և ըստ անհրաժեշտության (եթե փոխվել է գործատուի տրամադրած տեղեկատվությունը (տվյալը))` սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով տրամադրում է գործատուին:

4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված` վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է նպաստը վճարելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, և վերահաշվարկի արդյունքով նպաստի չափը`

1) ավելանում է, ապա նպաստի պակաս վճարված գումարը վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով.

2) պակասում է, ապա ավել վճարված գումարի` պետական բյուջեից վճարված չափը վարձու աշխատողը պետական բյուջե է վերականգնում լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա` ոչ ավել, քան ժամանակացույցը կնքելու ամսվանից հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ գործատուի կողմից ավել վճարված գումարը աշխատավարձից պահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

5. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված` վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է նպաստը վճարելու օրվանից երեք ամիս հետո, և վերահաշվարկի արդյունքով նպաստի չափը`

1) ավելանում է, ապա պակաս վճարված նպաստի ամբողջ գումարը վարձու աշխատողի գործատուն վարձու աշխատողին վճարում է իր միջոցներից` սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է նպաստը հաշվարկող գործատուի կողմից: Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված` վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը (տվյալը) ստացվել է այլ գործատուի կողմից, ապա պակաս վճարված նպաստի ամբողջ գումարը վարձու աշխատողին վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով.

2) պակասում է, ապա ավել վճարված գումարի` պետական բյուջեից վճարված չափը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, այդ թվում` լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա պետական բյուջե վերականգնում է վարձու աշխատողի գործատուն` սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իսկ նրա կողմից ավել վճարված չափը վերականգնման ենթակա չէ: Գործատուի գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա ժամանակացույց կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

6. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի վերաբերյալ տեղեկատվության (տվյալի) հիման վրա լիազոր մարմնի կատարած վերահաշվարկի արդյունքով նպաստի չափը`

1) ավելանում է, ապա պակաս վճարված նպաստի ամբողջ գումարը վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով.

2) պակասում է, ապա ավել վճարված գումարը ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը պետական բյուջե է վերականգնում լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա` ոչ ավել, քան ժամանակացույցը կնքելու ամսվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

7. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված 36-ամսյա ժամկետից հետո վարձու աշխատողի գործատուի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից հարկային մարմին ներկայացված գրանցման հայտի կամ հաշվարկի (այդ թվում` ճշտված) կամ հարկային հսկողության իրականացմամբ հայտնաբերված` նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության (տվյալի) փոփոխության դեպքում նպաստը չի վերահաշվարկվում:

8. Սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի 2-րդ կետերում նշված ժամանակացույցը կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

9. Եթե հաշվարկային ժամանակահատվածում կամ այդ ժամանակահատվածի առանձին ամիսներին գործատուի (սույն օրենքով նախատեսված դեպքերում` այլ գործատուի) մոտ առկա` վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա նպաստը վերահաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` քաղաքացու դիմումի հիման վրա:

10. Սույն հոդվածով սահմանված կարգով պետական բյուջե չվերականգնված` ավել վճարված նպաստի գումարները պետական բյուջե են բռնագանձվում դատական կարգով` լիազոր մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

11. Սույն հոդվածով սահմանված դեպքերում և կարգով մայրության նպաստը վերահաշվարկվում է, եթե մայրության նպաստը չի հաշվարկվել սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից:

12. Վերահաշվարկման արդյունքով մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում` 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:

(27-րդ հոդ. փոփ. 27.03.25 ՀՕ-73-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 7
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i
Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

 

1.  Լիազոր մարմինը`

1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, այդ թվում` ժամանակավոր անաշխատունակության նպաստի` պետական բյուջեից և վարձու աշխատողի գործատուի կողմից վճարման ենթակա չափերը` իր կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով: Շտեմարան ներառվող տվյալների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) սույն օրենքով սահմանված կարգով վճարում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի` պետական բյուջեից վճարման ենթակա գումարները.

3) իր լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է նպաստներին վերաբերող տվյալները.

5) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:

2. Հարկային մարմինը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստներ վճարելու ճշտության նկատմամբ.

2) ապահովում է նպաստների հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը իր կողմից վարվող տեղեկատվական բազայում:

3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ապահովում է նպաստների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառումը էլեկտրոնային առողջապահության համակարգում:

4. Լիազոր մարմինը, հարկային մարմինը, առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապահովում են նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության (տվյալների) տրամադրումը, ստացումը և փոխանցումը:

(28-րդ հոդ. փոփ. 27.03.25 ՀՕ-73-Ն օրենք)

 

Հոդված 29. Նպաստներին վերաբերող որոշումների բողոքարկումը

 

1. Լիազոր մարմնի` նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

2. Գործատուի` ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարմանը վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

(29-րդ հոդ. փոփ. 27.03.25 ՀՕ-73-Ն օրենք)

 

Հոդված 30. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 31. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:

i

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքը:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքով սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 22
Երևան
ՀՕ-160-Ն

 

 

pin
ՀՀ 27.10.2010
N ՀՕ-160-Ն օրենք