Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱ ...

 

25.05.2024 -

 

110.0388.110512

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        05            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 մայիսի 2012 թվականի N 388-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 391-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 16-րդ հոդվածի 11-րդ մասով պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.02.2019 թիվ 01-Ն, 25.02.2022 թիվ 10-Ն հրամաններ)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի «ՈՒսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի N 193-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 391-Ն հրամանը:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 25.02.2022 թիվ 10-Ն հրաման)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 25.02.2022 թիվ 10-Ն հրաման)

(վերնագիրը փոփ. 22.09.15 թիվ 804-Ն, 19.02.2019 թիվ 01-Ն հրամաններ)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 25.02.2022 թիվ 10-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. մայիսի 3-ի

N 388-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հաստատություններում հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 101-Ն հրամանով հաստատված ճանապարհային քարտեզի:

 

2. ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

3. 2023-2024 ուսումնական տարում Հաստատության (բացառությամբ Տավուշի մարզի) 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը, 4-րդ, 9-րդ դասարանների բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը, 4-րդ դասարանում գիտելիքի ստուգումից 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր և 9-րդ դասարանում ավարտական քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-ին, 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` անկախ տարեկան գնահատականներից:

4. 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների (բացառությամբ Տավուշի մարզի) 4-րդ, 9-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան և 4-րդ դասարանում գիտելիքի ստուգումից 4-10 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր գնահատված, 9-րդ դասարանում ավարտական քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան: Հայաստանի Հանրապետության բոլոր հաստատությունների 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան` անկախ տարեկան գնահատականներից:

5. 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան` անկախ ուսումնական առարկաների տարեկան գնահատականներից և 9-րդ դասարանում ավարտական քննությունների արդյունքներից:

6. 2023-2024 ուսումնական տարվանից սկսած Տավուշի մարզում Հաստատության 1-11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան` անկախ տարեկան և քննական գնահատականներից:

7. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա` անկախ տարեկան գնահատականներից:

8. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 12-րդ դասարանում ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է դպրոցն ավարտած:

9. 2023-2024 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-ին և 2-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում (բացառությամբ Տավուշի մարզի Հաստատությունների 3-րդ և 4-րդ դասարանների) ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա, էլեկտրոնային մատյանում` ինքնաշխատ եղանակով:

10. 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-ին, 2-րդ, 3-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում (բացառությամբ Տավուշի մարզի Հաստատությունների 4-րդ դասարանների և 5-րդ դասարանների առաջին կիսամյակի) ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում` ինքնաշխատ եղանակով:

11. 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-4-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում (բացառությամբ Տավուշի մարզի Հաստատությունների 5-րդ դասարանների առաջին կիսամյակի) ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում` ինքնաշխատ եղանակով:

12. 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բոլոր Հաստատությունների 1-4-րդ դասարաններում սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ, 5-րդ դասարանի առաջին կիսամյակի կիսամյակային գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների, 5-րդ դասարանում` 2-րդ կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում` ինքնաշխատ եղանակով:

13. 2023-2024 ուսումնական տարվանից Տավուշի մարզի Հաստատությունների 1-4-րդ դասարաններում, իսկ 2024-2025 ուսումնական տարվանից նաև 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում, սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների, 5-րդ դասարանում` 2-րդ կիսամյակի կիսամյակային գնահատականի հիման վրա էլեկտրոնային մատյանում` ինքնաշխատ եղանակով:

14. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում սովորողի` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

15. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում սովորողն առնվազն մեկ ուսումնական առարկայից տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում վերաքննություն է հանձնում հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդական միավորումների կողմից: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը: Վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր ստանալու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

16. Սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր, իսկ 9-րդ և 12-րդ դասարաններում` նաև ավարտական, պետական ավարտական քննություններից` 18-20 միավոր:

17. Կրթության 2-րդ աստիճանի ավարտին որևէ առարկայից չգնահատված սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,

2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

3) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

18. Կրթության 3-րդ աստիճանի ավարտին որևէ առարկայից չգնահատված սովորողը «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,

2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

4) Հաստատությունում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

19. «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայականի և միջնակարգ կրթության ատեստատի տրամադրման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի N 609-Ն հրամանով:

20. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են տվյալ ուսումնական տարվա`

1) այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, դասվարի առաջարկությամբ` ամփոփիչ բնութագրման հիման վրա,

2) մյուս դասարաններում բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 9-10 միավոր գնահատված լինելու դեպքում, իսկ 9-րդ և 12-րդ դասարաններում նաև ավարտական, պետական ավարտական քննություններից 18-20 միավոր գնահատված լինելու դեպքում:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

21. Բոլոր այն Հաստատություններում, որտեղ կրթության առաջին աստիճանում ամբողջությամբ ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում:

(21-րդ կետը փոփ. 23.05.2024 թիվ 45-Ն հրաման)

21.1. Այն Հաստատություններում, որտեղ 2-4-րդ դասարաններում սովորողի տարեկան գնահատականը ձևավորվել է տարեկան միավորային գնահատականների հիման վրա, 4-րդ դասարանի ավարտին իրականացվում է գիտելիքների ստուգում` «Մաթեմատիկա» և «Մայրենի» առարկաներից:

(21.1-ին կետը լրաց. 23.05.2024 թիվ 45-Ն հրաման)

21.2. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը 4-րդ դասարանի ավարտին գիտելիքների ստուգում անցկացվում է նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուսաց լեզու» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների համար` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով:

(21.2-րդ կետը լրաց. 23.05.2024 թիվ 45-Ն հրաման)

21.3. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը 4-րդ դասարանի` տարեկան 1-3 կամ գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված լինելու կամ գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքերում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, սովորողը հանձնում է վերաքննություն` հուլիսի 2-8-ը, իսկ անհնարինության դեպքում` օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` Հաստատության մեթոդական միավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:

(21.3-րդ կետը լրաց. 23.05.2024 թիվ 45-Ն հրաման)

21.4. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը գիտելիքների ստուգման ենթակա առարկայից տարեկան 1-3 գնահատված լինելու դեպքում սովորողը չի մասնակցում տվյալ առարկայից գիտելիքների ստուգմանը: Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում տարեկան և գիտելիքների ստուգման ենթակա առարկաներից գնահատականներ նշանակելու համար:

(21.4-րդ կետը լրաց. 23.05.2024 թիվ 45-Ն հրաման)

21.5. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը 4-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) սույն կարգի 21.3.-րդ կետով նախատեսված դեպքերի ընդհանուր թիվը չորս և ավելի է,

2) չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:

(21.5-րդ կետը լրաց. 23.05.2024 թիվ 45-Ն հրաման)

22. 4-րդ դասարանի այն սովորողը, որը տարեվերջյան ամփոփման արդյունքում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված` կրթական առաջին աստիճանի ակնկալվող վերջնարդյունքների` առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունի, փոխադրվում է 5-րդ դասարան և 5-րդ դասարանի առաջին կիսամյակի ընթացքում ընդգրկվում է երկարօրյա խմբում` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանի:

23. 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

24. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, կարող են չմասնակցել պետական ամփոփիչ ատեստավորմանը: Այդ դեպքում նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

25. Պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ կիրառվում է միավորային գնահատում` բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի:

26. 9-րդ դասարանում մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

1) «Հայոց լեզու» (գրավոր), թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

2) «Գրականություն» (բանավոր),

3) «Հայոց պատմություն» (բանավոր),

4) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

5) «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից` սովորողի ընտրությամբ, բանավոր),

6) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ` սովորողի ընտրությամբ` գրավոր), թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

7) «Ֆիզկուլտուրա» (ստուգարք),

8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից` բանավոր:

27. 9-րդ դասարանում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

1) «Հայոց լեզու» (գրավոր), թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

2) ««Գրականություն» և «Հայոց պատմություն»»` էսսե, որի գնահատականը ձևավորվում է երկու առարկաներից ստացված գնահատականների միջին թվաբանականով,

3) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

4) «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից` սովորողի ընտրությամբ, բանավոր),

5) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ` սովորողի ընտրությամբ գրավոր` թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա` առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ): Այն հաստատությունները, որոնք չունեն լաբորատորիաներ, սովորողները բնագիտական առարկաներից քննություն հանձնում են նախագծային աշխատանքի ձևով: Նախագծային աշխատանքը գնահատվում է մեկ գնահատականով.

6) «Ֆիզկուլտուրա» (ստուգարք),

7) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

8) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից` բանավոր:

(27-րդ կետը փոփ. 23.05.2024 թիվ 45-Ն հրաման)

28. 9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվում են Հաստատություններում:

29. Ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից:

30. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում չորսը (գերազանցելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը), վերաքննություն է հանձնում հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 29-րդ կետի պահանջներին համապատասխան: Վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննություններ հանձնելուց հետո առնվազն մեկ քննական առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստանալու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը:

31. Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո 9-րդ դասարանի սովորողն ավարտական քննությանը չմասնակցելու դեպքում վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 29-րդ կետի պահանջներին համապատասխան: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը:

32. 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ` հետևյալ առարկաներից`

1) «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» (գրավոր), թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

2) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

3) «Հայոց պատմություն» (գրավոր), թեստ, քննության տևողությունը` 120 րոպե,

4) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

5) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

32.1. Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին որևէ պատճառով չմասնակցելու, կամ մասնակցելու և գնահատման 20-միավորային սանդղակից 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տրվում տվյալ առարկայից ավարտական քննություն հանձնել նաև հունիսին:

(32.1-ին կետը լրաց. 05.03.2024 թիվ 14-Ն հրաման)

33. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների «Մաթեմատիկա», 9-րդ դասարանի «Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)» առարկաների թեստերը կազմվում են ռուսերենով:

34. Պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից:

35. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդական միավորումների կողմից:

36.»Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքը 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվում է նորմատիվների հանձնմամբ:

37. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 12-րդ դասարանի սովորողը առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ հունիսին անցկացված պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 34-րդ կետի պահանջներին համապատասխան: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը:

(37-րդ կետը փոփ. 05.03.2024 թիվ 14-Ն հրաման)

38. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 12-րդ դասարանի սովորողը չի ավարտում դպրոցը, եթե վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր կամ չի մասնակցել վերաքննություններին:

39. Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո 12-րդ դասարանի սովորողը պետական ավարտական քննություններին չմասնակցելու դեպքում վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 34-րդ կետի պահանջներին համապատասխան: Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը: Վերաքննությունները հանձնելուց հետո որևէ ուսումնական առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստացած լինելու, կամ վերաքննություններին չմասնակցելու դեպքում սովորողը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է դպրոցն ավարտած` տվյալ առարկայից ուսումնական տարվա ընթացքում ստացած գնահատականների հիման վրա:

40. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հանրահաշիվ» կամ «Երկրաչափություն» կամ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:

41. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

42. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:

43. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

44. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը` 19 տարին լրացած` առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ քննական 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված (այդ թվում` վերաքննության արդյունքներով), ավարտական, պետական ավարտական քննություններին չմասնակցած 9-րդ կամ 12-րդ դասարանների սովորողները դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում հանձնել քննություններ, ստանալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:

45. 19 տարին լրացած, Հաստատությունից դուրս մնացած զորակոչված քաղաքացիները իրավունք ունեն քննություններ հանձնելու և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու.

1) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական Հաստատությունում,

2) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

3) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

46. 19 տարին լրացած Հաստատությունից դուրս մնացած քաղաքացին կարող է հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այն առարկաներից, որոնցից ունի տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ քննական 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում, կամ քննություն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան:

47. Սույն կարգի 44-46 կետերով սահմանված կարգով և ժամկետներում հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ չստացած քաղաքացիները հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան:

48. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

49. Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված Հաստատության 9-րդ և 12-րդ դասարանի սովորողը կարող է քննություն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան այն առարկաներից, որոնցից չունի քննական գնահատականներ:

 

4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

50. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում:

51. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը տվյալ ուսումնական տարում որևէ կիսամյակում 60 ժամից ավելի բացակայած սովորողի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով` տվյալ կիսամյակի ավարտին:

52. Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը տվյալ ուսումնական տարում 2-11-րդ դասարանում 200 ժամից ավելի բացակայած սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ տարվա դասընթացը: 12-րդ դասարանում 200 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

53. Տավուշի մարզի Հաստատություններում և Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր Հաստատությունների այն դասարաններում, որտեղ ներդրված է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից` գրավոր: Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` նրա հանձնած լրացուցիչ քննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում: Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում: Լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին չներկայանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

54. Բոլոր դասարանների լրացուցիչ քննական գրավոր աշխատանքների առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից:

 

(հավելվածը խմբ. 22.09.15 թիվ 804-Ն, 10.10.16 թիվ 997-Ն, 09.12.16 թիվ 1265-Ն, 19.02.2019 թիվ 01-Ն, 25.02.2022 թիվ 10-Ն, 22.12.2023 թիվ 164-Ն հրամաններ)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
03.05.2012
N 388-Ն
Հրաման