Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (2003-2010 ԹԹ.) ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 հունիսի 2002 թվականի թիվ 25

 

       24.     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ

i

                ԶԱՐԳԱՑՄԱՆ (2003-2010 ԹԹ.) ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 173 որոշման 113-րդ կետին համապատասխան` հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծության զարգացման (2003-2010թթ.) հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծության զարգացման ծրագիրը (2003-2010թթ.)` նշելով ֆինանսավորման ծավալները և իրականացման ժամկետները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 25

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (2003-2010 ԹԹ.)

 

Բովանդակություն

 

1. Ներածություն

2. Սերմնաբուծության վիճակի համառոտ բնութագիրը

3. Սերմնաբուծության զարգացման հիմնական ուղղությունները և ոլորտում

պետական քաղաքականության հիմնադրույթները

3.1. Հացահատիկային մշակաբույսեր

3.2. Կերային մշակաբույսեր

3.3. Բանջարաբոստանային մշակաբույսեր

3.4. Կարտոֆիլ

4. Եզրակացություն

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում առաջատար դերը պատկանում է բուսաբուծությանը, որի արդյունավետ վարման հիմքը և վճռական գործոններից մեկը սերմնաբուծության զարգացումն է բարձրորակ սերմերի արտադրության, պահպանման և օգտագործման համապատասխան համակարգի ձևավորման հիման վրա:

Հանրապետության ագրարային հատվածում իրականացված համակարգային փոփոխություններին ու հողի սեփականաշնորհմանը զուգընթաց, տարբեր պատճառներով տեղի ունեցած գործընթացների հետևանքով, խարխլվել է նախկինում գոյություն ունեցող սերմնաբուծության համակարգը, որը մինչև այժմ էլ չի վերականգնվել: Արդյունքում կտրուկ կերպով նվազել է բարձրորակ սերմերի և տնկանյութի արտադրությունը: Գյուղացիական տնտեսությունները հաճախ օգտագործում են անհայտ ծագման, չստուգված և ցանքի համար ոչ բավարար պիտանիություն ունեցող սերմացուներ: Իրականացված ներկրումների ծավալները եղել են խիստ սահմանափակ: Դեռևս չի հաջողվել ապահովել որակյալ սերմերի անհրաժեշտ ծավալների արտադրություն և ձևավորել սերմնաբուծության համապատասխան համակարգ: Սորտաթարմացման և սորտափոխանակման աշխատանքները կատարվում են տարերայնորեն, չեն ստեղծվում սերմերի պահուստային և ապահովագրական ֆոնդեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության, միջազգային կազմակերպությունների և տնտեսավարող սուբյեկտների կողմից վերջին տարիներին սերմարտադրության բարելավման ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ: Սակայն դրանք ևս չեն ապահովել հիմնախնդրի ամբողջական լուծումը և կրել են ժամանակավոր բնույթ, հիմնականում լուծել տեղական նշանակության խնդիրներ:

Հանրապետության պարենային անվտանգության ապահովման, գյուղատնտեսության և առաջին հերթին` բուսաբուծության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գործում վճռորոշ դեր է ստանում բարձր վերարտադրության սերմերի արտադրության կազմակերպումը: Դա իր հերթին պահանջում է սերմնաբուծության զարգացման նկատմամբ ցուցաբերել համակարգված մոտեցում` հստակորեն սահմանելով պետության կարգավորող դերը և աջակցության չափերը, նախատեսվող միջոցառումները և դրանց իրականացման մեխանիզմները: Նշված հիմնախնդիրների լուծման նպատակով մշակվել է հանրապետությունում սերմնաբուծության զարգացման սույն հայեցակարգը, որտեղ նախատեսվում են միջոցառումներ, ինչպես կարճատև և միջին ժամկետի (մինչև 2005թ.), այնպես էլ երկարատև ժամանակաշրջանի (մինչև 2010թ) համար: Դրանց իրականացմանը հնարավոր կլինի խթանել սերմնաբուծության զարգացմանը և սահմաններ ստեղծել հանրապետությունում բարձրորակ սերմերի արտադրության ու օգտագործման համար:

 

2. ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները միջին հաշվով կազմում են շուրջ 325 հազար հա և օգտագործվում են 25-30 անվանում մշակաբույսերի սերմացուներ, որոնց մեջ բացարձակ գերակշռող տեղ են գրավում աշնանացան ու գարնանացան հացահատիկային բանջարաբոստանային և կերային մշակաբույսերի սերմացուները և կարտոֆիլի տնկանյութը: Վերջին տարիներին տարեկան միջին հաշվով օգտագործվել է շուրջ 50 հազար տոննա հացահատիկային և 3.5 հազար տոննա կերային մշակաբույսերի սերմացուներ, 120-125 հազար տոննա կարտոֆիլի տնկանյութ, 250 տոննա բանջարեղենի, բոստանի և այլ մշակաբույսերի սերմացուներ:

Հարկ է նշել, որ բուսաբուծական արտադրության բնականոն զարգացման հիմքում ընկած է արդյունավետ վարվող սերմաբուծությունը, ուստի վճռորոշ դեր է ստանում նշված բնագավառում ծագած հիմնախնդիրների լուծումը` համակարգի զարգացման իրատեսական ծրագրերի իրականացման հիման վրա:

Հանրապետության սերմնաբուծության բնագավառում ներկայումս ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ և ծառայել են հրատապ լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրներ.

- գրեթե կազմալուծվել է առաջնային սերմնաբուծության օղակի գործունեությունը.

- խախտվում են սերմերի արտադրության և օգտագործման տեխնոլոգիական գործընթացները: Դրանց նկատմամբ գրեթե չի իրականացվում անհրաժեշտ հսկողություն.

- դեռևս չի հաջողվում ապահովել բարձր վերարտադրության սերմացուների արտադրության անհրաժեշտ ծավալները և բավարարել առկա պահանջները.

- վերջին տարիներին իրականացված սերմացուների փոքրածավալ ներկրումները հնարավորություն չեն տալիս լուծել նույնիսկ սորտաթարմացման խնդիրները.

- բավարար չէ սերմաբուծության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման և կիրառման վիճակը.

- սերմնաբուծությանն առնչվող օրենսդրական դաշտի բացակայությունն արգելակում է ոլորտի հիմնախնդիրների լուծմանը.

- դեռևս անբավարար է ոլորտի գիտատեխնիկական սպասարկումը, որը ևս խոչընդոտում է սերմնարտադրության զարգացմանը:

ՀՀ բնակլիմայական պայմանների բազմազանությունը, գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը, բնագավառի գիտատեխնիկական սպասարկման արդի իրավիճակը պահանջում են ձևավորել սերմնաբուծության նոր մոդել:

1997-2000թթ. ՀՀ պետական բյուջեից սերմնաբուծության զարգացման նպատակով կատարվել է 268 մլն դրամ հատկացում, որի շնորհիվ`

- կառուցվել ու գործարկվել է երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի կենսատեխնոլոգիայի լաբորատորիան ու ջերմատնային տնտեսությունը, ամբողջությամբ յուրացվել և ներդրվել է առողջացված տնկանյութի արտադրության տեխնոլոգիան.

- սորտաթարմացման և սորտափոխանակության նպատակով ներկրվել են հացահատիկային մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմեր, կազմակերպվել է դրանց բազմացումը.

- ֆինանսական միջոցները նպատակաուղղվել են բնական աղետների հետևանքների մեղմացմանը: Սակայն կատարված ներդրումների փոքր ծավալները հնարավորություն չեն տվել լուծել հիմնական խնդիրները: Իրավիճակը բարդացել է նաև տարերային աղետների և 2000թ. երաշտի հետևանքով, իսկ 2002թ. սերմնաբուծության զարգացման համար միջոցներ չեն նախատեսվել:

Հայաստանը կարող է ԱՊՀ-ի լայնածավալ շուկա ունեցող երկրների` Ռուսաստանի Դաշնությանը, Ուկրաինային և Բելառուսին, մատակարարել բանջարեղենի էլիտային սերմեր: Ինտեգրացիոն գործընթացներում պետք է հաշվի առնել նաւ եվրոպական երկրներից բարձր վերարտադրության հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի տնկանյութի ներկրման ու բազմացման հնարավորությունները:

Վերը նշվածը պահանջում է, որպես հանրապետության սերմնաբուծության կայուն զարգացման հիմք, նախևառաջ ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխանող և տեղական արտադրողների շահերը պաշտպանող օրենսդրական հստակ դաշտ: Բուսաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններն ու տնտեսավարող մյուս սուբյեկտները, որպես սերմերի սպառողներ, պետք է օրենսդրությամբ ամրագրված երաշխիքներ ունենան օգտագործվող սերմացուների որակի համար: Նախապատրաստվում է և առաջիկայում քննարկման կներկայացվի «Սերմնաբուծության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կկանոնակարգվեն սերմերի արտադրության, օգտագործման, իրացման, վերամշակման, պահպանության և փոխադրումների գործառույթները, ինչպես նաև կկազմակերպվեն ու կկիրառվեն սորտային և սերմային հսկողության աշխատանքները:

Սերմնաբուծության զարգացման հիմքն օրիգինալ և էլիտային սերմերի արտադրությունն ու բազմացումն է, որը ներկայումս իրականացվում է պետական կառույցների կողմից: Հեռանկարում ևս պետական կառույցները կզբաղվեն միայն գիտահետազոտական, սելեկցիոն և սորտափորձարկման գործունեությամբ, իսկ մասնավոր տնտեսություններն ամբողջությամբ կիրականացնեն սերմնաբուծության մյուս փուլերի աշխատանքները:

 

3. ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հանրապետությունում ձևավորված տնտեսավարման ներկա պայմաններում, սերմնաբուծության զարգացման լայնամասշտաբ ծրագրի իրականացման համար, երբ պահանջվում են մեծաքանակ ներդրումներ, անհրաժեշտ է ներգրավել սերմնաբուծությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների հնարավորությունները: Միայն պետական (բյուջետային) միջոցների հաշվին սերմնաբուծության զարգացման միջոցառումների ֆինանսավորումը չի կարող ապահովել ճյուղի զարգացումը: Առաջնահերթ խնդիր է դառնում ոչ պետական կազմակերպությունների ակտիվ ներգրավումը սերմնաբուծության զարգացման գործում: Սակայն դրա հետ մեկտեղ սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացման սկզբնական փուլում մեծ է լինելու պետության դերը: Պետության խնդիրը պետք է դառնա ճյուղի գիտատեխնիկական սպասարկման բարելավումը, բուսաբույծների համար առաջավոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման արդյունավետ ծրագրերի իրականացումը, սերմնաբուծության զարգացման համար նախատեսվող ֆինանսավորումը, գյուղացիական տնտեսությունների հնարավորությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների ցուցաբերած աջակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Նկատի ունենալով սերմնաբուծության բնագավառում ստեղծված իրավիճակը, անհրաժեշտություն է դարձել կարևորել պետական լծակների ազդեցությունը և ապահովել պետության ակտիվ միջամտությունը սերմնաբուծության կազմակերպման գործին` իրականացնելով հետևյալ միջոցառումները`

- հնարավոր սեղմ ժամկետներում սերմնաբուծությունում գոյություն ունեցող նորմատիվային, գիտամեթոդական փաստաթղթերը համապատասխանեցնել սելեկցիայի ժամանակակից իրավական դաշտի հետ,

- ստեղծել բնագավառում ներդրումների ներգրավման նպաստավոր պայմաններ,

- սերմնաբուծության զարգացման նպատակով ներդնել լրավճարների համակարգ,

- իրականացնել հակամենաշնորհային քաղաքականություն սերմարտադրության բնագավառում,

- ձևավորել սերմնաբուծության պետական համակարգի ճկուն կառուցվածք,

- ՀՀ-ում տնտեսավարման ներկա պայմաններին համապատասխանող և երկրագործության զարգացման կայուն համակարգերի ներդրման նպատակով առաջնային համարել արտերկրների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացումը,

- ապահովել ՀՀ անդամակցությունը բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միությանը (UPOV) և սերմերի որակի ստուգման միջազգային ասոցիացիային (ISIA),

- ապահովել միջազգային և արտերկրների խոշորագույն գիտահետազոտական հաստատությունների հետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գիտակրթական համակարգի կազմակերպությունների կողմից գիտատեխնիկական համագործակցության երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 

ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

._________________________________________________________________________.

| Սերմնաբուծու-  | Իրականացվող  | Կազմակերպական ձևը  և  կառուցվածքային    |

| թյան հիմնական  | միջոցառում-  | բաղադրիչները                            |

| փուլերը        | ները         |                                         |

|________________|______________|_________________________________________|

| Սելեկցիա       | Սելեկցիոն    | ՀՀ գյուղատնտեսության նախարարության      |

|                | աշխատանքներ, | համակարգի գիտահետազոտական               |

|                | նոր սորտերի  | հաստատություններ                        |

|                | ստեղծում     |                                         |

|                |              |       Գյումրիի սելեկցիոն կայան          |

|________________|______________|_________________________________________|

| Սելեկցիոն      | Ստեղծված և   | ՀՀ ԳՆ «Սելեկցիոն նվաճումների փորձարկ-  |

| նվաճումների    | ներկրված     | ման, պաշտպանության և  սերմերի որակի     |

| փորձարկում և   | նոր սորտերի  | ստուգման կենտրոն» ՊՓԲԸ սորտափորձարկման |

| պաշտպանություն | փորձարկում-  | 15 տեղամասերով, ՀՀ գյուղատնտեսության    |

|                | ներ          | նախարարության համակարգի գիտահետազոտական |

|                |              | հաստատություններ, գյուղացիական          |

|                |              | տնտեսություններ                         |

|________________|______________|_________________________________________|

| Օրիգինալ և     | Օրիգինալ և   | ՀՀ ԳՆ համակարգի գիտահետազոտական         |

| էլիտային       | էլիտային     | հաստատություններ,                       |

| սերմերի        | սերմերի      | սելեկցիոն-սերմնաբուծական                |

| արտադրու-      | բազմացում    | տնտեսություններ                         |

| թյուն          |              |                                         |

|________________|______________|_________________________________________|

| Սերմերի        | Փորձարկված   | ՀՀ ԳՆ «Սելեկցիոն նվաճումների փորձարկ-  |

| հավաստագրում   | սորտերի      | ման, պաշտպանության և  սերմերի որակի     |

|                | վերաբերյալ   | ստուգման կենտրոն» ՊՓԲԸ                 |

|                | հավաստագ-    |                                         |

|                | րերի տրա-    |                                         |

|                | մադրում      |                                         |

._________________________________________________________________________.

 

3.1. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

 

Ծրագրով նախատեսվում է տարբեր աղբյուրներից ներգրավվող միջոցների հաշվին հանրապետությունում կազմակերպել հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան և գարնանացան ցորեններ, աշնանացան և գարնանացան գարիներ) օրիգինալ սերմերի արտադրություն այնպիսի ծավալներով, որպեսզի բացառվի դրանց մեծաքանակ ներկրումները:

Ձևավորել համապատասխան նյութատեխնիկական և կադրային բազա ունեցող գիտահետազոտական հաստատություններ, համապատասխան մասնագիտացված պետական ծառայություններ, աջակցել ոչ պետական սերմնաբուծական կազմակերպությունների ստեղծմանը:

Հացահատիկային մշակաբույսերի ցանքերի կառուցվածքում վերականգնել և ընդլայնել աշնանացան գարու և աշորայի, ինչպես նաև հաճարի ու վարսակի ցանքատարածությունները:

Ձևավորել սերմերի պահուստային (փոխանցիկ) ֆոնդեր:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ն ունի անհրաժեշտ կադրային և նյութատեխնիկական բազա հանրապետությունում շրջանացված գարնանացան գարու սորտերի էլիտային սերմնաբուծության կազմակերպման և անհրաժեշտ ծավալով սերմանյութ արտադրելու համար: Նախատեսվում է գարնանացան գարու էլիտային սերմերի արտադրությունը կազմակերպել այստեղ` նախատեսելով ֆինանսավորում առաջնային սերմնաբուծության կազմակերպման ընթացքում կատարվող լրացուցիչ ծախսերի դիմաց:

Աշնանացան ցորենի առաջնային սերմնաբուծության կազմակերպումը նախատեսվում է իրականացնել 2 եղանակով.

1. ավանդական եղանակ - էլիտային սերմերի արտադրություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի գիտահետազոտական հաստատություններում, որը հնարավորություն կտա պահանջարկը բավարարել 5 տարի հետո: Այս դեպքում սերմնաբուծության զարգացման սխեման կունենա հետևյալ պատկերը`

աշնանացան ցորենի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով կօգտագործվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության գիտահետազոտական համակարգի հետևյալ հաստատությունների արտադրական բազան և կադրային ներուժը.

- Գյումրիի սելեկցիոն կայանը կիրականացնի ՀՀ լեռնային և նախալեռնային գոտիների համար հանրապետությունում շրջանցված սորտերի սուպեր էլիտային սերմերի 60-65 տոկոսի արտադրությունը.

- Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի Էջմիածնի փորձարարական տնտեսությունը կապահովի աշնանացան ցորենի սուպեր էլիտային սերմերի 30-35 տոկոսը Արարատյան հարթավայրի և նրա նախալեռնային շրջանների համար:

2. Արագացված եղանակ - արտերկրներից տարեկան 100 տոննա ցորենի էլիտային` հանրապետությունում շրջանացված և պետական սորտափորձարկումների մեջ գտնվող հեռանկարային սորտերի սուպեր էլիտային սերմացուների ներկրում և բազմացում:

 

3.2. ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

 

Երկրի պարենային անվտանգության ապահովման և անասնաբուծության կայուն վարման տեսակետից կերային մշակաբույսերն ունեն անփոխարինելի նշանակություն: Հատկապես կարևոր է դարձել բազմամյա բակլազգի (թիթեռնածաղկավոր) խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման միջոցով վարելահողերի բերրիության պահպանման և ագրոէկոլոգիական բացասական երևույթների կանխման, ինչպես նաև բուսական ծագում ունեցող սպիտակուցային նյութերի արտադրության ավելացմանն ուղղված նպատակային միջոցառումների իրականացման հարցերը:

Նախատեսվում է վերականգնել առվույտի և կորնգանի էլիտային սերմնաբուծության համակարգերը և բավարարել դրանց սերմերի նկատմամբ եղած պահանջարկը.

- նպաստել եգիպտացորենի հիբրիդային սերմերի արտադրության 2-3 մասնագիտացված գյուղացիական տնտեսությունների ձևավորմանը.

- աջակցել կերի արմատա և պալարապտուղների սերմեր արտադրող գյուղացիական տնտեսությունների ձևավորմանը:

 

3.3. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

 

Բանջարաբուծությունը համարվում է հանրապետության բուսաբուծության հեռանկարային կարևորագույն ճյուղերից մեկը: Գործնականում բանջարանոցային մշակաբույսերը մշակվում են հանրապետության գրեթե բոլոր գյուղատնտեսական գոտիներում, ամենաբերրի, ջրովի վարելահողերում:

Նկատի ունենալով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերի նկատմամբ հանրապետությունում առկա պահանջարկի զգալի մասը բավարարվում է ներկրումների հաշվին և դրա հետ մեկտեղ սերմնաբուծության բնագավառում այստեղ առկա են լուրջ ռեզերվներ, նախատեսվում է պայմաններ ստեղծել տեղական արտադրության հաշվին բավարարելու բանջարեղենի սերմացուների պահանջարկը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծելու դրանց արտահանման ուղղությամբ: Կարևոր տեղ կհատկացվի հատկապես տոմատի հայկական ավանդական սորտերի տարածմանը: Այս խնդիրների լուծման նպատակով հարկ կլինի կիրառել հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության առաջնային օղակի սխեման:

 

3.4. ԿԱՐՏՈՖԻԼ

 

Նախատեսվում է արդիականացնել և հզորացնել երկրագործության ու բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի կենսատեխնոլոգիայի լաբորատորիան` վիրուսազերծ տնկանյութի արտադրության ընդլայնման նպատակով և դրա համար ՀՀ պետական բյուջեից տարեկան շուրջ 25.0 մլն դրամ հատկացնել:

Նպաստել ճյուղի նյութատեխնիակական բազայի արդիականացման (հատկապես ժամանակակից պահեստների կառուցման) գործընթացին:

Շարունակել աշխատանքներն առաջիկայում արտերկրներից և հատկապես` Հոլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից ու Բելառուսից կարտոֆիլի բարձր վերարտադրության տնկանյութի ներկրման ուղղությամբ:

Կարտոֆիլի սերմնաբուծության զարգացման համար կիրառել հետևյալ սխեման`

 

ԿԱՐՏՈՖԻԼԻ ՍՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՔԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|N/N | Տնկանյութի կարգն ըստ ծագման          |    2003թ.     |    2010թ.   |

|ը/կ |                                      |               |             |

|____|______________________________________|_______________|_____________|

|1   | Օրիգինալ տնկանյութ (սուպեր էլիտա)    |               |             |

|____|______________________________________|_______________|_____________|

|    | ցանքատարածություններ (հ)             |   4.0         |   15.0      |

|____|______________________________________|_______________|_____________|

|    | միջին բերքատվություն (տ/հ)           |   20.0        |   25.0      |

|____|______________________________________|_______________|_____________|

|    | համախառն արտադրանք (տ)               |   80.0        |   375.0     |

|____|______________________________________|_______________|_____________|

|2   | էլիտային տնկանյութ                   |               |             |

|____|______________________________________|_______________|_____________|

|    | ցանքատարածություններ (հ)             |   20.0        |   400.0     |

|____|______________________________________|_______________|_____________|

|    | միջին բերքատվություն (տ/հ)           |   25.0        |   28.0      |

|____|______________________________________|_______________|_____________|

|    | համախառն արտադրանք (տ)               |   500.0       |   11200     |

|____|______________________________________|_______________|_____________|

|3   | A կարգ                               |               |             |

|____|______________________________________|_______________|_____________|

|    | ցանքատարածություններ (հ)             |   800.0       |   2500.0    |

|____|______________________________________|_______________|_____________|

|    | միջին բերքատվություն (տ/հ)           |   22.0        |   25.0      |

|____|______________________________________|_______________|_____________|

|    | համախառն արտադրանք (տ)               |   17600.0     |   62500.0   |

._________________________________________________________________________.

 

Էլիտային և A դասի տնկանյութի բազմացումը հիմնականում կատարվում է մասնագիտացված տնտեսություններում:

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԱՐՁՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

._________________________________________________________________________.

|N/N |         Անվանումը              |          Մշակաբույսեր             |

|ը/կ |                                |___________________________________|

|    |                                | գարնանացան | աշնանացան   |կարտոֆիլ|

|    |                                | գարի       | ցորեն       |        |

|____|________________________________|____________|_____________|________|

|1   | Տարեկան ներկրվող բարձր         |            |             |        |

|    | վերարտադրության սերմացուի      |            |             |        |

|    | քանակը (տոննա)                 | 100        |  100        |1000    |

|____|________________________________|____________|_____________|________|

|2   | Տարեկան կկատարվի բարձր         |            |             |        |

|    | վերարտադրության սերմացուի      |            |             |        |

|    | ցանք (հեկտար)                  | 500        |  400        |285     |

|____|________________________________|____________|_____________|________|

|3   | Կստացվի բարձր վերարտադրու-     |            |             |        |

|    | թյան սերմացու                  |            |             |        |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | մեկ հեկտարի հաշվով (տոննա)     | 2.5        |  3.0        |20.0    |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | ԸՆԴԱՄԵՆԸ (տոննա)               | 1250       |  1200       |5700    |

|____|________________________________|____________|_____________|________|

|4   | Ներկրման հաջորդ տարում         |            |             |        |

|    | կկատարվի ցանք                  |            |             |        |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | մեկ հեկտարի հաշվով (տոննա)     | 0.2        |  0.25       |3.5     |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | ԸՆԴԱՄԵՆԸ (հեկտար)              | 6250       |  4800       |1630    |

|____|________________________________|____________|_____________|________|

|5   | Նույն տարում կստացվի           |            |             |        |

|    | սերմացու                       |            |             |        |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | մեկ հեկտարի հաշվով (տոննա)     | 2.2        |    3.0      |18.0    |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | Ներկրման առաջարկվող սխեմայի    |            |             |        |

|    | տնտեսական արդյունավետությու-   |            |             |        |

|    | նը, բազմացման երկրորդ տարում   | 6250 հա    |    4800 հա  |1630 հա |

|____|________________________________|____________|_____________|________|

|1   | Բերքի ստացումը շարքային        |            |             |        |

|    | սերմացուով ցանելու դեպքում     |            |             |        |

|    | մեկ հեկտարի հաշվով (տոննա)     | 1.3        |    1.7      |13.0    |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | ԸՆԴԱՄԵՆԸ (տոննա)               | 8125       |    8160     |21190   |

|____|________________________________|____________|_____________|________|

|2   | Բերքի ստացումը բարձր           |            |             |        |

|    | վերարտադրության սերմացուով     |            |             |        |

|    | ցանելու դեպքում                |            |             |        |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | մեկ հեկտարի հաշվով (տոննա)     | 2.3        |    3.0      |28.0    |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | ԸՆԴԱՄԵՆԸ (տոննա)               | 14375      |    14400    |45640   |

|____|________________________________|____________|_____________|________|

|3   | Բերքի հավելումը բարձր          |            |             |        |

|    | վերարտադրության սերմացու       |            |             |        |

|    | ցանելու դեպքում                |            |             |        |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | մեկ հեկտարի հաշվով (տոննա)     | 1.0        |    1.3      |15.0    |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | ԸՆԴԱՄԵՆԸ (տոննա)               | 6250       |    6240     |24450   |

|____|________________________________|____________|_____________|________|

|4   | Բերքի ընդհանուր արժեքը         |            |             |        |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | մեկ տոննայի հաշվով             |            |             |        |

|    | (հազար դրամ)                   | 80.0       |    100.0    |100.0   |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | ԸՆԴԱՄԵՆԸ (մլն դրամ)            | 500.0      |    624.0    |2445.0  |

|____|________________________________|____________|_____________|________|

|5   | Կատարված ընդհանուր ծախսերը     |            |             |        |

|____|________________________________|____________|_____________|________|

|    |                   տարեկան      | 19.0       |    23.5     |150.0   |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | Ծրագրի իրագործման              |            |             |        |

|    | ժամանակաշրջանում (7 տարի)      | 133.0      |    164.5    |1050.0  |

|____|________________________________|____________|_____________|________|

|6   | Բերքի հավելման արդյունքում     |            |             |        |

|    | ստացված ընդհանուր արժեքը       |            |             |        |

|    | (մլն դրամ)                     |            |             |        |

|____|________________________________|____________|_____________|________|

|    |                   տարեկան      | 481.0      |    600.5    |2430.0  |

|____|________________________________|____________|_____________|________|

|    | Ծրագրի իրագործման ժամանա-      |            |             |        |

|    | կաշրջանում (7 տարի)            | 3367.0     |    4203.5   |17010.0 |

|____|________________________________|____________|_____________|________|

|7   | Ծախսերի համեմատ բերքի          |            |             |        |

|    | հավելման արդյունքում           |            |             |        |

|    | ստացվող արժեքի                 |            |             |        |

|    | հարաբերակցությունը             | 1:25       |    1:26     |1:16    |

._________________________________________________________________________.

 

4. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծության զարգացման նպատակով առաջնահերթ է դարձել բնագավառում ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը` առաջին հերթին կանոնակարգելով սերմարտադրության պետական և ոչ պետական կազմակերպությունների փոխհարաբերությունները և մասնագիտացման ուղղությունները: Առաջնահերթ խնդիրներ են համարվում սերմնաբուծության ոլորտում ներդրումային հստակ քաղաքականության և դոնորների ներգրավման համակարգի մշակման, իրավական ու նորմատիվային բազայի արդիականացման ծրագրերի իրագործումը:

Հայեցակարգով նախատեսվող միջոցառումները հնարավորություն կտան հանրապետությունում ապահովել կայուն և բարձրարդյունավետ սերմնաբուծության վարումը: Միևնույն ժամանակ, հայեցակարգի դրույթներից ելնելով, մշակվում է համալիր ծրագիր, որտեղ կսահմանվեն յուրաքանչյուր միջոցառման իրականացման կոնկրետ մեխանիզմները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2002
N 25
Արձանագրային որոշում