31.01.2024 -
110.1507.151110
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 11 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2010 թվականի N 1507-Ն
ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 78-Մ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 04-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի «Էքստեռն ավարտական քննություններ անցկացնելու համար» N 78-Մ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի «Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի չափորոշիչները հաստատելու և ՀՀ ԿԳ նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 21-ի N 556-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 39-Ն հրամանները:
(2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 833-Ն հրաման)
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 833-Ն հրաման)
(նախաբանը փոփ. 24.01.2024 թիվ 06-Ն հրաման)
----------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 10.09.12 թիվ 833-Ն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն
հրամանի 2-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն
ավելացվել է ուժը կորցրած համանների ցանկը: Մեր կարծիքով հրամանը
կարող է ուժը կորցած ճանաչվել միայն այդ մասին հրամանով, այլ ոչ
հրամանում փոփոխություն կատարելով: Այս պարագայում գտնում ենք,
որ նոր ուժը կորցվող հրամանների ուժը կարող է կարցված համարել
ոչ թե գործող հրամանով ու նրա ժամկետով, այլ փոփոխող հրամանի
ժամկետով, որը և իրականացվել է մեր կողմից:
----------------------------------------------------------------------
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2010 թ. հոկտեմբերի 14-ի
N 1507-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն)` անկախ ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, սովորողի համար դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական քննություններ, ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական և պետական ավարտական քննություններ (այսուհետ` էքստեռն) կազմակերպելու հետ կապված իրավահարաբերությունները:
2. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Հաստատության սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում են` ելնելով սովորողի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակից:
3. Բոլոր հաստատությունների 1-ին և Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ներդրված 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին` բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման եզրակացությունն ունենալու դեպքում:
4. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են հաստատությունների` Չափորոշիչը չներդրված` 3-րդ, 5-8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանում, իսկ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած` Չափորոշիչը ներդրված միավորային գնահատմամբ համապատասխան դասարաններում տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն (տարեկան` 9 կամ 10 միավոր, քննական` 18-20 միավոր), իսկ 10-րդ դասարանի սովորողների համար հիմնական կրթության գերազանցության նշումով վկայական:
5. «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը կամ սովորողից անկախ պատճառներով որևէ առարկա չուսումնասիրելը չի կարող արգելք հանդիսանալ էքստեռն կարգով քննություններ հանձնելուն:
6. Ուսումնառության ժամանակահատվածում հաստատության սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել կրթական 1-ին և 2-րդ աստիճանում` յուրաքանչյուրում 1-ական անգամ:
7. Առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հաստատության ավարտական դասարանների սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում:
8. Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության երրորդ աստիճանում էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում, բացառությամբ 10-րդ դասարանի սովորողների, որոնց համար կարող են կազմակերպվել էքստեռն փոխադրական քննություններ` միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, փառատոներում մասնակցություն ունենալու դեպքում:
9. Սովորողի համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.
1) մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը սովորողի ծնողը, դասղեկը և դասավանդող առնվազն 3 ուսուցիչ համատեղ գրավոր դիմում են ներկայացնում հաստատության տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու առաջարկով, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստում,
2) սույն կարգի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերի պահանջների ապահովման դեպքում մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում` թույլատրել սովորողին մասնակցելու դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրական քննություններին,
3) մանկավարժական խորհրդի որոշումից հետո 1-3-րդ դասարանի սովորողները դպրոցի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոն` բացառիկ ընդունակությունների գնահատման նպատակով: Գնահատումն իրականացվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում: Էքստեռն փոխադրական քննությանը կարող է մասնակցել միայն որպես բացառիկ ընդունակություններ ունեցող գնահատված սովորողը:
4) կրթության առաջին աստիճանում սովորողի բացառիկ ընդունակությունների վերաբերյալ եզրակացությունն ստանալուց 1 աշխատանքային օր հետո հաստատության տնօրենը մանկավարժական խորհրդի որոշումը, Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի գնահատման վերաբերյալ եզրակացությունը և սովորողի առաջադիմության մասին փաստաթղթերը 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` Նախարարություն):
10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը քննություններ է հանձնում համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողը` անկախ հաստատության ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, Երևան քաղաքում կենտրոնացված կարգով հանձնում է փոխադրական քննություններ.
1) 1-3-րդ և 5-6-րդ դասարաններում` «Մայրենի» և «Մաթեմատիկա», 7-8-րդ դասարաններում` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» (հանրահաշիվ, երկրաչափություն), իսկ 10-րդ դասարանում` «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն» առարկաներից:
2) Փոխադրական քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը նախագահում է Նախարարը կամ Նախարարի տեղակալը:
3) Փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը) անցկացվում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութի շրջանակներում:
4) Քննությունների թեստերը կազմվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից:
11. Թեստերը փակ և կնքված ծրարով ներկայացվում են Նախարարություն` առնվազն 15-ական առաջադրանք` սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված առարկաներից` ըստ քննություններին ներկայացված հայտերի քանակի:
12. Քննություններն անցկացվում են Նախարարության կողմից ընտրված ավագ դպրոցում (այսուհետ` ավագ դպրոց), իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար` համապատասխան քրեակատարողական հիմնարկում` Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:
13. Կենտրոնացված փոխադրական քննություններն անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողն իրավունք է ստանում հանձնելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննությունները, որոնք անցկացվում են սովորողին երաշխավորած հաստատությունում` հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:
14. Սույն կարգի 15-րդ կետում նշված քննությունները կազմակերպվում են հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում` առարկայական մեթոդական միավորումների կողմից կազմված քննական առաջադրանքներով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար` ազատազրկվածների համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ-ի կողմից:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամանակահատվածում հանձնվող քննությունների ժամանակացույցը ներկայացվում է լիազոր մարմնին և Նախարարություն.
1) «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներից և օտար լեզուներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները` ըստ մանկավարժական խորհրդի որոշման:
2) Բնութագրող գնահատման դեպքում «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները` ըստ մանկավարժական խորհրդի որոշման:
3) Փոխադրական բոլոր քննություններից գերազանց գնահատվելու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:
16. Հաստատությունում կազմակերպվող փոխադրական քննություններին որպես դիտորդ կարող են մասնակցել Նախարարի լիազոր ներկայացուցիչը, ՀՀ մարզերում` մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչները:
17. Հաստատության տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա սովորողին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և հնգօրյա ժամկետում տեղեկացնում Նախարարությանը և լիազոր մարմնին:
18. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների քննական գնահատականները համարվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ:
3. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են կրթական 2-րդ և 3-րդ աստիճանների հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրերին համապատասխան:
20. Էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու համար կարող է դիմել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող) անձը (այսուհետ` դրսեկ):
21. Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող է ստանալ.
1) հիմնական կրթության վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը` հիմնական կրթության վկայական ստանալու տարվա` սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 3-րդ քննաշրջանից սկսած,
2) հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի (տարիների հաշվարկը կատարվում է ուսումնական պարապմունքների ավարտման օրվանից)` 26-րդ կետով սահմանված առաջին, երկրորդ և երրորդ քննաշրջաններում.
3) Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձը` սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում:
22. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` Նախարարության կողմից էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք ստացած ավագ դպրոց(ներ)ում:
23. Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի համար էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկներում` Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:
24. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկների համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կազմակերպվում են Նախարարության կողմից ընտրված հաստատություն(ներ)ում:
25. Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:
26. Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են 3 քննաշրջաններով.
1) 1-ին քննաշրջան` փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
2) 2-րդ քննաշրջան` ըստ ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցի, մյուս առարկաները` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
3) 3-րդ քննաշրջան` հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:
27. Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում սույն կարգի 22-րդ կետում նշված ավագ դպրոցի տնօրենին` յուրաքանչյուր քննաշրջանից 30 աշխատանքային օր առաջ:
28. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,
գ. սույն կարգի 39-րդ կետով նախատեսված տեղեկանքը` առկայության դեպքում.
2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),
գ. սույն կարգի 39-րդ կետով նախատեսված տեղեկանքը` առկայության դեպքում:
29. Էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ հանձնող դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմումում նշում է, թե տվյալ քննաշրջանում քանի քննություն է ցանկանում հանձնել և որ առարկաներից (պահպանելով սույն կարգի 22-րդ կետի պահանջները):
30. Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:
31. Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:
32. Էքստեռն քննություններ կազմակերպող ավագ դպրոցը փոխվելու դեպքում փաստաթղթերի պատճենները փոխանցվում են նոր հաստատության տնօրենին:
33. Փաստաթղթերի պատճենները փոխանցող ավագ դպրոցի տնօրենը գրավոր տեղեկացնում է այդ մասին դրսեկին կամ նրա օրինական ներկայացուցչին:
34. Սույն կարգի պահանջներին համապատասխանող Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողների փաստաթղթերը հաստատության տնօրենը քննաշրջանը սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացնում է Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչություն` փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:
35. Գրավոր քննությունների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից և տրամադրվում են Նախարարությանը, բանավոր քննությունների առաջադրանքները` հաստատության համապատասխան առարկայական մեթոդական միավորումների կողմից:
36. Էքստեռն քննություններ հանձնող դրսեկները քննական անբավարար գնահատականներ ստանալու դեպքում առաջադրանքներ չեն ստանում:
37. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված 2-րդ քննաշրջանի ընթացքում որևէ պատճառով քննություններին չներկայացած դրսեկը ավարտական և պետական ավարտական քննությունները հանձնում է ԳԹԿ-ի սահմանած օրերին:
38. 1-ին, 2-րդ կամ 3-րդ քննաշրջաններում որևէ պատճառով որևէ քննության չմասնակցած դրսեկը տվյալ քննությունը հանձնում է հաջորդ տարիներին` երեք քննաշրջանների ընթացքում:
39. Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին սույն կարգի 22-րդ կետում նշված հաստատության տնօրենը տրամադրում է տեղեկանք` գնահատման 10-միավորային համակարգում` 4-10, 20-միավորային համակարգում` 8-20 միավոր ստանալու վերաբերյալ:
40. Դրսեկի ստացած գնահատականները ուժի մեջ են մինչև հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալը:
41. Դրսեկը հաջորդ քննաշրջաններին քննություն է հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություն չի հանձնել կամ գնահատման 20-միավորային համակարգում ստացել է 1-7, 10-միավորային համակարգում` 1-3 միավորներ:
42. Քննությունների հանձնաժողովները կազմում է էքստեռն քննություններ անցկացնելու իրավունք ստացած հաստատության տնօրենը.
1) 9-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,
2) 12-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երեք անդամ:
43. Էքստեռն կարգով քննությունների վերահսկողությունն իրականացնում է Նախարարությունը:
44. Բոլոր քննություններից գնահատման 10-միավորային համակարգում` 4-10, 20-միավորային համակարգում` 8-20 միավոր ստացած դրսեկներին սահմանված կարգով տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:
45. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով չեն պարգևատրվում:
46. Էքստեռն կարգով ավարտողներին տրված հիմնական կրթության վկայականը կամ միջնակարգ կրթության ատեստատը գրանցվում է հաստատությունների հիմնական կրթության վկայականների կամ միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյաններում: Հաստատության հիմնական շրջանավարտների մասին տվյալները լրացնելուց հետո, հաջորդ տողի կենտրոնում գրվում է «Էքստեռն» բառը և համարակալումը շարունակելով` լրացվում են սույն կարգով ավարտական վկայական ստացած դրսեկների մասին տվյալները:
47. Էքստեռն ավարտական քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող հաստատությունում` դրսեկի` հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալուց հետո` 1 տարի:
(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 833-Ն, 24.01.2024 թիվ 06-Ն հրամաններ)