Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅ ...

 

24.02.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2022 թվականի N 520-Լ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին առաջարկել մինչև 2022 թվականի մայիսի 20-ը համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 15-ի

N 520-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում աջակցության տրամադրման գործընթացը մեկնարկում է սույն որոշման 2-րդ կետով նախատեսված` բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը (այսուհետ` ծրագրի իրականացման կարգ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց և ուժի մեջ մտնելուց հետո և տարածվում է ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի և ֆակտորինգի (այսուհետ միասին` վարկ) վրա:

(1-ին կետը փոփ. 26.05.22 թիվ 775-Լ, 29.06.2023 թիվ 1066-Լ, 23.02.2024 թիվ 239-Լ որոշումներ)

2. Բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը ծրագրի համաձայն սուբսիդավորվում է վարկի գործողության ողջ ընթացքում, բայց ոչ ավելի, քան 7 տարի:

3. Ծրագրի մասնակիցներն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (այսուհետ` շահառուներ).

2) առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ` ֆինանսական կառույցներ), որոնք սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ են տրամադրում շահառուներին.

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

4. Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ծրագրի իրականացման կարգն ուժի մեջ մտնելուց հետո իրենց բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ֆինանսական կառույցներից ներգրավել են վարկային միջոցներ:

5. Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը ցուցաբերվում է բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տարեկան տոկոսադրույքի ամբողջական կամ մասնակի սուբսիդավորման միջոցով:

6. Ծրագրի իմաստով`

1) բնակարան (բնակելի տուն) է դիտարկվում գոյություն ունեցող (բացառությամբ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բազմաբնակարան շենքի բնակարանը կամ անհատական բնակելի տունը.

2) էներգաարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների` էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում` նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն է ուղղվում`

ա. բնակարանների համար` առնվազն 20%-ը,

բ. բնակելի տների համար` առնվազն 30%-ը.

3) էներգաարդյունավետության չափանիշները սահմանվելու են ծրագրի իրականացման կարգով:

7. Ծրագրի շրջանակներում բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ պայմաններով.

1) վարկի սահմանաչափը կազմում է`

ա. բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում` ոչ ավելի, քան 7.0 մլն դրամը,

բ. անհատական բնակելի տների համար` ոչ ավելի, քան 10.0 մլն դրամը.

2) վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով` առավելագույնը 84 ամիս ժամկետով:

(7-րդ կետը փոփ. 26.05.22 թիվ 775-Լ, 22.09.2022 թիվ 1459-Լ, 29.06.2023 թիվ 1066-Լ որոշումներ)

8. Պետության կողմից ծրագրի շահառուների համար էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է հետևյալ հաշվարկով`

1) սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 14% տոկոսադրույքի չափով.

2) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 12% տոկոսադրույքի չափով.

3) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 11% տոկոսադրույքի չափով.

4) Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9% տոկոսադրույքի չափով:

(8-րդ կետը փոփ. 29.06.2023 թիվ 1066-Լ որոշում)

9. Վարկի սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքի չափը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ, իսկ վարկի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով:

10. Շահառուի կողմից վարկի վաղաժամկետ մարման դեպքում շահառուի համար որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն, կամ պատասխանատվություն չի կարող սահմանվել կամ կիրառվել:

11. Վարկի տույժերը և տուգանքները ֆինանսավորման ենթակա չեն:

12. Վարկավորման վերաբերյալ որոշումը կայացնում են և ռիսկերը կրում են ֆինանսական կառույցները` հաշվի առնելով շահառուների վարկունակության և ռիսկերի գնահատման իրենց ներքին ընթացակարգերը:

13. Վարկի գործողության ընթացքում աջակցության ցուցաբերումը դադարում է`

1) վարկի ամբողջական մարման դեպքում.

2) շահառուների կողմից ծրագրի իրականացման կարգով սահմանված պահանջների խախտման դեպքում:

14. Շահառուներին, աջակցության դադարեցման հիմքերին, ինչպես նաև աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն ցուցաբերված աջակցության գումարի վերադարձին, ծրագրի մշտադիտարկմանը, ֆինանսական կառույցների կողմից նախարարություն ներկայացվող հաշվետվություններին վերաբերող պահանջները սահմանվում են ծրագրի իրականացման կարգով:

15. Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:

16. Ծրագրի մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը` հիմք ընդունելով ծրագրի իրականացման ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև ֆինանսական կառույցների կողմից ներկայացված հաշվետվությունները:

17. Նախարարությունը կիսամյակային պարբերականությամբ իր պաշտոնական կայքէջում հրապարակում է վիճակագրական տեղեկատվություն ծրագրում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ:

(հավելվածը լրաց., խմբ. 26.05.22 N 775-Լ)

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2022
N 520-Լ
Որոշում