ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2023 թվականի N 175-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 10-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. փետրվարի 10
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի փետրվարի 9-ի
N 175-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի նպատակներն են հանրային ներդրումների կառավարման բարելավումը, հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացումը և հաշվետվողականության ապահովումը:
2. Սույն որոշմամբ հաստատված հանրային ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման մեթոդաբանությունը կիրառվում է 1 միլիարդ ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող ծրագրերի նախագծերի դեպքում, իսկ 1 միլիարդ ՀՀ դրամից փոքր արժեք ունեցող ծրագրերի մասով գործում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործընթացը: Ընդ որում` 2024 թվականի բյուջեում ներառման ենթակա են 3 միլիարդ ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող ծրագրերի նախագծերը, իսկ 2025 թվականից սկսած` բյուջեում ներառելու նպատակով սույն որոշման դրույթները կիրառելի են 1 միլիարդ ՀՀ դրամ և ավելի արժեք ունեցող ծրագրերի նախագծերի նկատմամբ:
3. Սույն կարգում օգտագործվող և սույն կետով չնախատեսված հասկացությունները գործածվում են պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենսդրությամբ սահմանված իմաստով, եթե այլ բան չի բխում համապատասխան նորմի բովանդակությունից: Սույն կարգի իմաստով` ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
1) հանրային ներդրում` համախմբված բյուջեի հաշվին (այդ թվում` ՀՀ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների), ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման արդյունքում ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերումն է (այդ թվում` ոչ ֆինանսական ակտիվի ստեղծումը, փոխարինումը) կամ էական բարելավումը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է ծախս կամ պայմանական պարտավորություն: Սույն ենթակետի իմաստով էական բարելավում են համարվում ակտիվի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը.
2) հանրային ներդրումային ծրագիր (ծրագիր)` համախմբված բյուջեի (այդ թվում` ՀՀ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին սահմանված ժամանակահատվածում և որոշակի կազմակերպական կառուցվածքով հստակ սահմանված նպատակներին և արդյունքներին միտված գործողությունների միջոցով իրականացվող հանրային ներդրում: Այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինմանը, սույն կարգավորման առարկա չեն հանդիսանում.
3) հանրային ներդրումների կառավարում (ՀՆԿ)` հանրային ֆինանսների կառավարման շրջանակներում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, ընտրության և դրանց իրականացման նկատմամբ կիրառելի կարգավորումներ և վերահսկողական մեխանիզմներ նախատեսող համակարգ.
4) հանրային ներդրումային ծրագրի նախագծի օրինակելի ձև (ծրագրի նախագծի օրինակելի ձև)` հանրային ներդրումների իրականացման նպատակով զարգացման երկարաժամկետ ծրագրերից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից կամ ոլորտային ռազմավարություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրից կամ անհատական նախաձեռնություններից և (կամ) օրենսդրական պահանջներից բխող ծրագրի նախագծի ամփոփ նկարագիր, որն իրավասու մարմնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.
5) նախնական ֆինանսական և տնտեսական վերլուծություն` ծրագրի նախագծի ֆինանսական և տնտեսական ծախսերի ու օգուտների նախնական համակարգված գնահատում` հիմնված առկա տվյալների և (կամ) նախնական ուսումնասիրության վրա, որի նպատակը ծրագրի նախագծի ֆինանսական, տնտեսական կենսունակության գնահատումն է` ներառյալ տնտեսական շահութաբերության ներքին դրույքը (ՏՇՆԴ).
6) հանրային ներդրումային ծրագրի (ծրագրի) նախնական գնահատում` ծրագրի նախագծի օրինակելի ձևի հիման վրա սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված նախնական գնահատում.
7) հանրային ներդրումային ծրագրերի (ծրագրի) գնահատում` ծրագրի նախագծի օրինակելի ձևին համապատասխան ներկայացված հանրային ներդրումային ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության (սույն կարգով նախատեսված դեպքերում` նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման) հիման վրա սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատում.
8) հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչներ (չափորոշիչներ)` հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման նպատակով սահմանվող սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված չափորոշիչներ.
9) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում` հանրային ներդրումային ծրագրին առնչվող էական նշանակություն ունեցող բոլոր հարցերի, այդ թվում` տնտեսական, ֆինանսական, սոցիալական, շրջակա միջավայրի, տեխնիկական, իրավական, իրականացման ժամկետների և հնարավոր այլընտրանքային տարբերակների վերաբերյալ կատարված նախնական ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվում է ծրագրի իրականացման հնարավորության, ինչպես նաև ռիսկերի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը: Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն իրականացվում է` հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ուղեցույցները, իսկ մինչև դրանց հաստատումը` համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման նկատմամբ կիրառելի պահանջները.
10) տեխնիկատնտեսական ուսումնասիրություն` հանրային ներդրումային ծրագրի նախագծին առնչվող էական նշանակություն ունեցող բոլոր հարցերի, այդ թվում` տնտեսական, ֆինանսական, սոցիալական, շրջակա միջավայրի, տեխնիկական, իրավական, իրականացման ժամկետների և հնարավոր այլընտրանքային տարբերակների վերաբերյալ կատարված ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրվում է ծրագրի նախագծի իրականացման հնարավորության, ինչպես նաև ռիսկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն իրականացվում է` հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ուղեցույցները, իսկ մինչև դրանց հաստատումը` համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող տեխնիկատնտեսական ուսումնասիրության նկատմամբ կիրառելի պահանջները.
11) իրավասու մարմին` պետական կառավարման համակարգի մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ.
12) հանրային ներդրումային կոմիտե` աշխատանքային կոմիտե, որի կազմը, աշխատակարգը և գործառույթները սահմանվում են սույն որոշմամբ.
13) հանրային ներդրումային ծրագրերի բանկ` սույն կարգի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված բոլոր հանրային ներդրումային ծրագրերի և ծրագրերի նախագծերի շտեմարան.
14) ծրագրի վերհանում` իրավասու մարմնի կողմից զարգացման երկարաժամկետ ծրագրերից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից կամ ոլորտային ռազմավարություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից կամ խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրից կամ անհատական նախաձեռնություններից և (կամ) օրենսդրական պահանջներից բխող պոտենցիալ հանրային ներդրումային ծրագրերի ընտրություն.
15) հրատապ ծրագիր` բնածին, տեխնածին աղետների և (կամ) այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած` ծրագրի իրականացման անհետաձգելի պահանջով պայմանավորված հանրային ներդրումային ծրագիր, որի դեպքում սույն կարգով նախատեսված ընդհանուր ընթացակարգի կիրառումն անհնար է.
16) առաջնահերթությունների ցանկ` սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատման արդյունքների հիման վրա ձևավորված հանրային ներդրումային ծրագրերի ցանկ:
4. Սույն կարգը կիրառելի չէ`
1) ամբողջությամբ համայնքային բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում են ծախս կամ պայմանական պարտավորություն կամ հանդիսանում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր.
2) հրատապ և պետական գաղտնիք պարունակող ծրագրերի նկատմամբ:
5. Միևնույն հանրային ենթակառուցվածքի մաս կազմող կամ դրա սպասարկման նպատակով իրականացվող առանձին ծրագրերը սույն կարգի իմաստով դիտարկվում են որպես մեկ հանրային ներդրումային ծրագիր:
2. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
6. Իրավասու մարմինը պատասխանատու է`
1) հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և ծրագրի նախագծի օրինակելի ձևին համապատասխան ծրագրի նախագծի մշակման` ներառյալ նախնական ֆինանսական և տնտեսական վերլուծությունը.
2) ծրագրի նախագծում արձանագրված թերությունների լրամշակման և շտկման.
3) ծրագրի նախագծի հիման վրա նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստման նպատակով գնման գործընթացի կազմակերպման աշխատանքների.
4) հաստատված ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի կառավարման և վերահսկողության.
5) ծրագրի ներդրման ընթացքում ծրագրի ֆինանսական և տեխնիկական ընթացքի մշտադիտարկման իրականացման համար:
7. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու է`
1) ծրագրերի նախագծերի պարբերական հավաքագրման.
2) ծրագրի նախագծի օրինակելի ձևի որակի ստուգման.
3) ծրագրերի նախագծերի նախնական գնահատման.
4) ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգման.
5) ծրագրերի նախագծերի գնահատման.
6) պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի նախագծերի իրականացման հնարավորության թեստավորման.
7) ծրագրերի և ծրագրերի նախագծերի բանկի վարման.
8) առաջնահերթությունների ցանկի վարման.
9) ՀՆԿ գործընթացն ապահովող փաստաթղթերի օրինակելի ձևերի և ուղեցույցների մշակման, հաստատման և հրապարակման.
10) ծրագրերի նախագծի մշակման ընթացքում իրավասու մարմնին մեթոդաբանական աջակցության տրամադրման համար:
8. ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանատու է`
1) նախագծի օրինակելի ձևի, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության ֆինանսական բաժնի որակի ստուգման.
2) հանրային ներդրումային կոմիտեին ծրագրի նախագծի ներկայացմանը հաջորդող երեք տարիների բյուջետային սահմանափակումների (ֆիսկալ տարածություն) վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար:
9. Հանրային ներդրումային կոմիտեն պատասխանատու է սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված չափորոշիչների հիման վրա գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, ծրագրերի նախագծերի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման, ծրագրերի նախագծերի իրականացման մերժման, պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի նախագծերի իրականացման հետագա ընթացքի, առաջնահերթությունների ցանկում ծրագրերի ներառման վերաբերյալ որոշման և սույն կարգով նախատեսված այլ որոշումների կայացման համար:
3. ՀՆԿ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ
10. ՀՆԿ գործընթացի` սույն կարգով կարգավորվող փուլերն են`
1) ծրագրի նախագծի վերհանում, մշակում և նախնական գնահատում.
2) ծրագրի նախագծերի նախնական ընտրություն.
3) ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում, դրանց որակի ստուգում և որոշումների կայացում.
4) ծրագրերի նախագծերի գնահատում, որոշումների կայացում և առաջնահերթությունների սահմանում:
4. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՀԱՆՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
11. Իրավասու մարմինն իրականացնում է պոտենցիալ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի վերհանում: Վերհանված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի համար իրավասու մարմնի կողմից մշակվում են ծրագրերի նախագծեր` համաձայն սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի: Մշակված ծրագրի նախագծի օրինակելի ձևն ուղարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` պարբերական սկզբունքով:
12. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն մշակված նախագծի օրինակելի ձևը` ներառյալ նախնական ֆինանսական և տնտեսական վերլուծությունը, իրավասու մարմինն ուղարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` որակի ստուգում և ծրագրի նախագծի նախնական գնահատում իրականացնելու նպատակով: Սույն կարգի իմաստով ծրագրի նախագծի որակի ստուգումը N 1 հավելվածի օրինակելի ձևով սահմանված ծրագրի նախագծի հայեցակարգի լրացվածության համապատասխանության ստուգումն է` բավարար/ոչ բավարար/ոչ հստակ սկզբունքով:
13. Ծրագրերի նախագծերի վերաբերյալ սույն գլխով նախատեսված պահանջները չեն գործում այն ծրագրերի նախագծերի համար, որոնց նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սույն կարգի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ առկա է և դրանց կատարման ժամկետը չի գերազանցում 3 (երեք) տարին: Վերջիններիս համար կիրառելի են սույն կարգի 6-րդ գլխով և դրան հաջորդող գլուխներով նախատեսված դրույթները: Այն ծրագրերի նախագծերը, որոնց նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սույն կարգի ուժի մեջ մտնելու պահին գերազանցում է 3 (երեք) տարին, ներկայացվում են սույն գլխի պահանջների համաձայն:
14. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագծի օրինակելի ձևը` ներառյալ նախնական ֆինանսական և տնտեսական վերլուծությունը, ստանալուց հետո ծրագրի նախագիծը ներառում է հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի բանկում:
15. Նախագծի օրինակելի ձևի որակի գնահատում իրականացնելուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում`
1) նախագծի օրինակելի ձևը ոչ բավարար/ոչ հստակ գնահատելու դեպքում վերադարձնում է վերջինս լրամշակման` նշելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող կետերը: Իրավասու մարմինը լրամշակված նախագծի օրինակելի ձևը 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` հաշվի առնելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող բոլոր կետերի վերաբերյալ տրամադրված նկատառումները: Ծրագրի նախագծի լրամշակված տարբերակը սույն ենթակետով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում այն հանվում է ծրագրերի բանկից: Ծրագրերի բանկից հանված ծրագրերի նախագծերի համար կիրառելի է սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված ընթացակարգը.
2) նախագծի օրինակելի ձևը բավարար գնահատելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագծի օրինակելի ձևը տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
16. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի օրինակելի ձևը ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է որակի գնահատում և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիրքորոշում նախագծի օրինակելի ձևի «Բաժին 3. Ֆինանսական տեղեկատվություն» մասի վերաբերյալ:
17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ստանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է որակի ստուգում և իրավասու մարմնին է տրամադրում նախագծի օրինակելի ձևի վերաբերյալ որակի ստուգման արդյունքները, որոնք ներառում են ՀՀ ֆինանսների նախարարության` սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դիրքորոշումը:
18. Իրավասու մարմինը 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում լրամշակված նախագծի օրինակելի ձևն ուղարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` հաշվի առնելով լրամշակման անհրաժեշտություն ունեցող բոլոր կետերի վերաբերյալ տրամադրված նկատառումները:
19. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագծի լրամշակված օրինակելի ձևը ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում նախագծի լրամշակված օրինակելի ձևը ՀՀ ֆինանսների նախարարությանն է տրամադրում վերջնական որակի ստուգում իրականացնելու համար:
20. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի լրամշակված օրինակելի ձևը ստանալուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնում է դիրքորոշում լրամշակված օրինակելի ձևի «Բաժին 3. Ֆինանսական տեղեկատվություն» մասի վերաբերյալ N 1 հավելվածի օրինակելի ձևով սահմանված բավարար/ոչ բավարար/ոչ հստակ սկզբունքով:
21. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ստանալուց հետո իրականացնում է նախագծի լրամշակված օրինակելի ձևի վերջնական որակի ստուգում` N 1 հավելվածի օրինակելի ձևով սահմանված բավարար/ոչ բավարար/ոչ հստակ սկզբունքով` հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված դիրքորոշումը, պատրաստում է եզրակացություն` ներառյալ ծրագրի նախագծի` ՊՄԳ ձևաչափով իրականացման հնարավորության վերաբերյալ դիրքորոշում, և ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին գրավոր հայտնում նախագծի օրինակելի ձևի` սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխանության մասին:
22. Եթե ծրագրի որակի ստուգման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը չունեն ծրագրի նախագծի օրինակելի ձևի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ծրագրի նախագծի նախնական գնահատում` համաձայն սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված մեթոդաբանության:
23. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ծրագրի լրամշակված հայեցակարգի հիման վրա ծրագրի նախնական գնահատում իրականացնելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է ծրագրի նախագծի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրի իրականացման հնարավորության վերաբերյալ դիրքորոշում, և ծրագրի նախագիծն ու եզրակացությունը ներկայացնում հանրային ներդրումային կոմիտե:
5. ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
24. Հանրային ներդրումային կոմիտեն, հիմք ընդունելով ծրագրերի նախագծերի նախնական գնահատման արդյունքները, քննարկում է ծրագրերի նախագծերը և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`
1) մերժել ծրագրի նախագծի իրականացումը.
2) հանրային ներդրումային կոմիտեի դիտողություններով և առաջարկություններով ծրագրի նախագիծը վերադարձնել իրավասու մարմնին` լրամշակման, որի դեպքում հստակ նշվում են լրամշակում պահանջող համապատասխան կետերը` անհրաժեշտ փոփոխությունների նկարագրությամբ.
3) հաստատել ծրագրի նախագիծը և իրավասու մարմնին հանձնարարել իրականացնելու ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման գործընթացի կազմակերպման աշխատանքներ.
4) հաստատել ծրագրի նախագիծը և իրավասու մարմնին հանձնարարել իրականացնելու ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում` համաձայն ՊՄԳ ընթացակարգի, եթե ծրագիրը ենթակա է իրականացման պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով:
25. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ վարչապետի աշխատակազմից հանրային ներդրումային կոմիտեի նիստի ձայնագրությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հանրային ներդրումային կոմիտեի նիստի արձանագրությունը և այն տրամադրում հանրային ներդրումային կոմիտեի անդամներին ու հանրային ներդրումային կոմիտեի տվյալ նիստում քննարկված ծրագրերի նախագծերը ներկայացրած իրավասու մարմիններին:
26. Սույն կարգի 25-րդ կետի համաձայն տրամադրված արձանագրությունը ստանալուց հետո իրավասու մարմինը` կախված ծրագրի նախագծի վերաբերյալ որոշումից, կարող է`
1) դադարեցնել ծրագրի նախագծի մշակման աշխատանքները, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը.
2) հանրային ներդրումային կոմիտեի դիտողությունների և առաջարկությունների համաձայն լրամշակել ծրագրի նախագիծը` այն կրկին հանրային ներդրումային կոմիտե ներկայացնելու նպատակով, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը:
27. Իրավասու մարմինն իրականացնում է ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման գործընթացի կազմակերպման աշխատանքներ, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշումներից մեկը` համաձայն կիրառելի օրենսդրության ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելով վերջիններիս իրականացման համար բյուջետային ֆինանսավորման հայտ` բյուջետային գործընթացը սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում` հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված հաջորդող երեք տարիների բյուջետային սահմանափակումների (ֆիսկալ տարածություն) վերաբերյալ տեղեկատվությունը:
28. Այն նախագծերի դեպքում, որոնց վերաբերյալ հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի 3-րդ և (կամ) 4-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը և հնարավոր չէ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել նախագծերի իրականացման համար բյուջետային ֆինանսավորման հայտ` բյուջետային գործընթացը սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում, ապա բյուջետային ֆինանսավորման հայտը կարող է ներկայացվել միայն տվյալ ֆինանսական տարում նախագծերի իրականացման վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներով:
6. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ
29. Ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման գնման գործընթացի կազմակերպման աշխատանքների պատասխանատվությունը կրում է իրավասու մարմինը: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրավասու մարմնին ցուցաբերում է մեթոդաբանական աջակցություն: Ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման տեխնիկական բնութագրերն իրավասու մարմինը պետք է համաձայնեցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ` գնման գործընթացի կազմակերպման նպատակով ձևավորված գնահատման հանձնաժողովում ներառելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ներկայացուցչին:
30. Սույն կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված որոշման կայացման դեպքում համապատասխան ծրագրի պատրաստման, հաստատման և իրականացման հաջորդող փուլերի նկատմամբ կիրառվում է ՊՄԳ ընթացակարգը: Եթե սույն կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված որոշմանը հաջորդող որևէ փուլում ծրագրի իրականացումը պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով մերժվել է, ապա իրավասու մարմինը կարող է ծրագրի նախագիծը կրկին ներկայացնել հանրային ներդրումային կոմիտե` սույն կարգի 24-րդ կետով նախատեսված որոշումներից որևէ մեկի կայացման նպատակով: Իրավասու մարմինը նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը միաժամանակ ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն` ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգում իրականացնելու նպատակով:
31. ՀՀ ֆինանսների նախարարությունը, ստանալով ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնում է դիրքորոշում ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի վերաբերյալ:
32. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ստանալուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգում իր կողմից հաստատված ուղեցույցներին (իսկ մինչև դրանց հաստատումը` համադրելի ծրագրերի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման նկատմամբ կիրառելի պահանջներին) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության համապատասխանությունը և արդյունքներն ու սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ներկայացնում իրավասու մարմնին:
33. Իրավասու մարմինը սույն կարգի 32-րդ կետով նախատեսված որակի ստուգման արդյունքներն ու դիրքորոշումը ստանալուց հետո 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության լրամշակված տարբերակը:
34. ՀՀ ֆինանսների նախարարությունը 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության լրամշակված տարբերակի վերաբերյալ դիրքորոշում:
35. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 34-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ստանալուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է եզրակացություն:
36. Եթե նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության որակի ստուգման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավասու մարմնին չեն ներկայացրել դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որակի ստուգում իրականացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ծրագրի նախագծի գնահատում, պատրաստում է եզրակացություն և այն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետ միասին ներկայացնում հանրային ներդրումային կոմիտե:
7. ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
37. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ծրագրի նախագծի գնահատում` համաձայն սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված մեթոդաբանության և ամփոփում է գնահատման արդյունքները:
38. Ամփոփված արդյունքները և սույն կարգի 35-րդ կետով նախատեսված եզրակացությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում է հանրային ներդրումային կոմիտե:
39 Հանրային ներդրումային կոմիտեն, ստանալով ծրագրերի նախագծերի` սույն որոշման 8-րդ գլխով նախատեսված մեթոդաբանության համաձայն իրականացված գնահատման արդյունքները և սույն կարգի 35-րդ կետով նախատեսված եզրակացությունը, քննարկում է դրանք և կայացնում հետևյալ որոշումներից մեկը`
1) մերժել ծրագրի նախագծի իրականացումը.
2) ներառել ծրագրի նախագիծը հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների ցանկում` դրա մասին տեղեկացնելով համապատասխան իրավասու մարմնին.
3) հաստատել ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը և հանձնարարել իրավասու մարմնին իրականացնելու ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման գործընթացի կազմակերպման աշխատանքներ:
40. Առաջնահերթությունների ցանկը ձևավորվում է բոլոր գնահատված ծրագրերի նախագծերի գնահատման արդյունքների հիման վրա:
41. Ծրագիրը կարող է հանվել առաջնահերթությունների ցանկից`
1) եթե ծրագիրը ֆինանսավորվել է.
2) եթե ծրագիրը ներառված է եղել առաջնահերթությունների ցանկում ավելի քան 3 (երեք) տարի և չի ֆինանսավորվել: Այդ մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գրավոր տեղեկացնում է իրավասու մարմնին:
42. Հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների ցանկը վարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
43. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված արձանագրությունը ստանալուց հետո իրավասու մարմինը`
1) դադարեցնում է ծրագրի մշակման աշխատանքները, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը.
2) ներառում է ծրագիրը համապատասխան ժամանակաշրջանի բյուջետային հայտում, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը:
44. Իրավասու մարմինն իրականացնում է ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության գնման գործընթացի կազմակերպման աշխատանքները, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 39-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշումը:
45. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ծրագիրը ներառում է առաջնահերթությունների ցանկում, եթե հանրային ներդրումային կոմիտեն ընդունել է սույն կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը:
8. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
46. Սույն մեթոդաբանությամբ սահմանվում են հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչները և դրանց հիման վրա ծրագրերի գնահատման կարգը:
47. Սույն մեթոդաբանությամբ օգտագործված հասկացություններն ունեն հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգով սահմանված նշանակություն:
48. Հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հիմնական սկզբունքը ծրագրերի նկատմամբ միասնական չափորոշիչների կիրառումն է:
49. Ծրագրի գնահատման արդյունքում ձևավորվում է հանրային ներդրումային ծրագրի գնահատականը:
50. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքին իրավական ակտերով կարող են սահմանվել հանրային ներդրումային ծրագրերի գնահատման և պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ծրագրերի իրականացման հնարավորության թեստավորման վերաբերյալ ուղեցույցներ:
51. Հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի գնահատման չափորոշիչներն են`
1) մարդկային կապիտալի վրա ազդեցությունը, որով գնահատվում է ծրագրի ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի վրա.
2) ենթակառուցվածքի հանրային նշանակությունը, որով գնահատվում են հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից տվյալ ծրագրի իրականացման հրատապությունն ու անհրաժեշտությունը.
3) ռազմավարության համապատասխանությունը, որով գնահատվում է ծրագրի նախագծի ուղղակի, մասնակի կամ անուղղակի համապատասխանությունը տվյալ ոլորտային ռազմավարությանը.
4) ծրագրի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա.
5) ռիսկայնությունը, որով գնահատվում են ծրագրի իրականացմանը խոչընդոտող փաստացի արձանագրված ռիսկերը և դրանց կառավարելիությունը` ներառյալ կլիմայական և աղետների ռիսկերը.
6) տնտեսական շահութաբերության ներքին դրույքը (ՏՇՆԴ):
52. Մարդկային կապիտալի վրա ազդեցության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք ուղղակի նպաստում են Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի ստեղծմանը: Ծրագիրը համարվում է մարդկային կապիտալ ստեղծող, եթե դրանով թիրախավորվում է անչափահաս քաղաքացիների բարեկեցությունը (առողջություն, կրթություն, անվտանգություն, սոցիալականացում և այլն).
2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք ունեն մարդկային կապիտալի պահպանման նշանակություն, և որոնց հիմնական թիրախն է չափահաս անձանց աշխատունակության շարունակականության ապահովումը.
3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք ուղղված են մարդկային կապիտալի բարելավմանը կամ զարգացմանը, և որոնց իրականացման հիմնական թիրախը չափահաս քաղաքացիների կողմից եկամուտներ գեներացնելուն կամ հանրային բարիք ստեղծելուն միտված կարողության բարձրացումն է:
53. Ենթակառուցվածքի հանրային նշանակության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց չիրականացման դեպքում` հանրային բարիքի ստեղծումը կամ հանրային ծառայության մատուցումը դառնում է անհնարին, կամ որոնց իրականացումն օրենսդրությամբ հստակ սահմանված պահանջ է.
2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց իրականացումը հանգեցնում է հանրային բարիքի ստեղծման կամ հանրային ծառայության մատուցման տեսանկյունից էական բարելավումների.
3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց իրականացումը հանգեցնում է հանրային բարիքի ստեղծման կամ հանրային ծառայության մատուցման տեսանկյունից ոչ էական բարելավումների:
54. Ռազմավարությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց արդյունքներն անմիջականորեն ուղղված են ռազմավարությամբ ամրագրված խնդրի լուծմանը կամ (ենթա)նպատակի իրականացմանը.
2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց արդյունքների մի մասն առնչվում է ռազմավարությամբ ամրագրված խնդրի լուծմանը կամ (ենթա) նպատակի իրականացմանը.
3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք անմիջականորեն չեն նպաստում պետական կամ համայնքային ռազմավարական նպատակների իրագործմանը, կամ տվյալ ոլորտի ռազմավարություն առկա չէ:
55. Սույն մեթոդաբանության 52-րդ, 53-րդ և 54-րդ կետերով սահմանված չափորոշիչները կարող են գնահատվել 0 միավոր, երբ համապատասխան չափորոշիչով ծրագրի ազդեցությունը կամ դրան համապատասխանությունը բավարար հիմնավորված չէ կամ բացակայում է:
56. Ռիսկայնությունը` ներառյալ կլիմայական և աղետների ռիսկերը, գնահատելու համար պետք է հաշվի առնել ստորև ներկայացվող գործոնները`
1) իրավասու մարմնի կողմից նմանատիպ ծրագրի իրականացման փորձի առկայությունը և արժեքը.
2) հաստատված պահանջարկի առկայությունը, ինչպես նաև հնարավոր արտաքին գործոնների ազդեցությունը ծրագրի արդյունավետ իրականացման վրա.
3) ռիսկերի հատկորոշումը և վերլուծությունը, ինչպես նաև դրանց կառավարելիությունը:
57. Հիմք ընդունելով սույն մեթոդաբանության 56-րդ կետով նախատեսված գործոնների վերլուծությունը` ծրագրի ռիսկայնության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են ոչ ռիսկային ծրագրերը.
2) 2 միավոր գնահատվում են ցածր ռիսկային ծրագրերը.
3) 1 միավոր գնահատվում են միջին ռիսկային ծրագրերը.
4) 0 միավոր գնահատվում են բարձր ռիսկային ծրագրերը:
Բոլոր այն ծրագրերի նախագծերը, որոնք բարձր ռիսկային են, կարող են մերժվել հանրային ներդրումային կոմիտեի կողմից:
58. Ծրագրի նախագծի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը` ներառյալ ածխաթթու գազը.
2) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք չեն նպաստում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը կամ ավելացմանը` ներառյալ ածխաթթու գազը.
3) 0 միավոր գնահատվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների ավելացմանը` ներառյալ ածխաթթու գազը կամ ծրագրի նախագծի օրինակելի ձևում կամ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության մեջ առկա չէ տեղեկատվություն:
59. Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի հաշվարկն իրականացվում է համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ուղեցույցների, իսկ մինչև դրանց հաստատումը` միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակված մեթոդաբանությամբ:
60. Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի չափորոշիչով ծրագրերի նախագծերի գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ`
1) 3 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց ՏՇՆԴ-ն ավելի քան 15 (տասնհինգ) տոկոսային կետով գերազանցում է ՏՇՆԴ բազային դրույքը.
2) 2 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց ՏՇՆԴ-ն ավելի, քան 5 (հինգ), բայց ոչ ավելի, քան 15 (տասնհինգ) տոկոսային կետով գերազանցում է ՏՇՆԴ բազային դրույքը.
3) 1 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնց ՏՇՆԴ-ն առնվազն 0,1 (զրո ամբողջ մեկ), բայց ոչ ավելի, քան 5 (հինգ) տոկոսային կետով գերազանցում է ՏՇՆԴ բազային դրույքը.
4) 0 միավոր գնահատվում են այն ծրագրերի նախագծերը, որոնք չեն համապատասխանում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պայմաններին:
61. Սույն մեթոդաբանության 60-րդ կետի իմաստով սոցիալական ոլորտի (առողջապահական և կրթական) ծրագրերի նախագծերի ՏՇՆԴ բազային դրույքը կազմում է 6 (վեց) տոկոս, իսկ մնացած ծրագրերի համար` 9 (ինը) տոկոս:
62. Բոլոր այն ծրագրերի նախագծերը, որոնք գնահատվել են 0 միավոր, կարող են մերժվել հանրային ներդրումային կոմիտեի կողմից:
63. Տնտեսական շահութաբերության ներքին դրույքի նախնական գնահատումն իրականացվում է ծրագրի նախնական գնահատման փուլում, իսկ տնտեսական շահութաբերության ամբողջական գնահատումն իրականացվում է ծրագրի գնահատման փուլում:
10. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
64. Հանրային ներդրումային կոմիտեն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով (այդ թվում` հեռավար կարգով), որը նախագահում է հանրային ներդրումային կոմիտեի անդամ հանդիսացող ՀՀ վարչապետը:
65. Հանրային ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկվում են նաև`
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետները.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը.
4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
66. Հանրային ներդրումային կոմիտեի հերթական նիստերը հրավիրվում են տարեկան առնվազն 3 (երեք) անգամ: ՀՀ վարչապետը սեփական նախաձեռնությամբ կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ կարող է հրավիրել հանրային ներդրումային կոմիտեի արտահերթ նիստ:
67. Հանրային ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն:
68. Ըստ անհրաժեշտության` հանրային ներդրումային կոմիտեի նիստին կարող են հրավիրվել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:
69. Նիստերն իրավազոր են, եթե մասնակցում են հանրային ներդրումային կոմիտեի բոլոր անդամները: Նիստն իրավազոր չլինելու դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ ՀՀ վարչապետը հրավիրում է արտահերթ նիստ:
70. Յուրաքանչյուր ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային ներդրումային կոմիտեի որոշումը կայացվում է նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանրային ներդրումային կոմիտեի յուրաքանչյուր անդամ ունի 1 (մեկ) ձայնի իրավունք: Ձայների հավասար բաշխման պարագայում նիստը նախագահողն ունի որոշիչ ձայնի իրավունք:
71. Հանրային ներդրումային կոմիտեի գործունեության քարտուղարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: Հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի համապատասխան ոլորտի համակարգումն իրականացնող նախարարի տեղակալն է:
72. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը ձևավորում է հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը:
73. Հանրային ներդրումային կոմիտեի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:
74. Հանրային ներդրումային կոմիտեի նիստերի օրակարգում նշվում են`
1) նիստի անցկացման օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը` գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի անվանումները և ներկայացնող մարմինները:
75. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարի կողմից հանրային ներդրումային կոմիտեի անդամներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` նիստի անցկացումից առնվազն 3 (երեք) աշխատանքային օր առաջ:
76. Հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը հանրային ներդրումային կոմիտեի անդամներին ներկայացնում է նիստի օրակարգում ներառված հարցերը:
77. Օրակարգում ներառված քննարկման ենթակա ծրագրերի նախագծերի հերթականությունը նշվում է` ըստ վերջիններիս ստացման ամսաթվի:
78. Քննարկման ենթակա ծրագրերի նախագծերի հերթականությունը հանրային ներդրումային կոմիտեի նիստի ժամանակ կարող է փոփոխվել հանրային ներդրումային կոմիտեի անդամների առաջարկությամբ` հանրային ներդրումային կոմիտեի նախագահի համաձայնությամբ:
79. Հանրային ներդրումային կոմիտեի նախագահը`
1) հաստատում է հանրային ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը.
2) վարում է հանրային ներդրումային կոմիտեի նիստերը.
3) ստորագրում է նիստերի արձանագրությունները.
4) որոշում է հանրային ներդրումային կոմիտեի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց կազմը:
80. Հանրային ներդրումային կոմիտեի քարտուղարը`
1) իրականացնում է հանրային ներդրումային կոմիտեի նիստերի կազմակերպման աշխատանքները.
2) ապահովում է հանրային ներդրումային կոմիտեի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումն ու տրամադրումը.
3) համակարգում է անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման գործընթացը.
4) ապահովում է ներդրումային կոմիտեի նիստի արձանագրության կազմումը.
5) ապահովում է հանրային ներդրումային կոմիտեի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում.
6) ստորագրում է նիստերի արձանագրությունները:
81. Հանրային ներդրումային կոմիտեի անդամները`
1) մասնակցում են գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրությանը և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման համար անցկացվող քվեարկությանը.
2) ստորագրում են նիստերի արձանագրությունները:
82. Յուրաքանչյուր նիստի արձանագրությանը տրվում է հերթական համար:
83. Հանրային ներդրումային կոմիտեի նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, նիստն սկսվելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը.
4) քննարկվող հարցերը.
5) յուրաքանչյուր ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային ներդրումային կոմիտեի կողմից կայացված որոշումները` ըստ առաջնահերթության
Հավելված N 1-ի օրինակելի ձև
ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
._____________________________________________________________________.
|Բաժին 1. Ամփոփ տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|1.1. Ծրագրի նախագծի համարը |ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը |
| |յուրաքանչյուր ներկայացված ծրագրի |
| |նախագիծը համարակալում է հետևյալ ձևով. |
| |ներկայացման տարեթիվ և հաջորդական թիվ, |
| |օրինակ` 2022_001: Այս տողը լրացնում է ՀՀ|
| |էկոնոմիկայի նախարարությունը և այն |
| |ենթակա չէ փոփոխության իրավասու մարմնի |
| |կողմից: |
|____________________________|________________________________________|
|1.2. Պատասխանատու իրավասու |Օրինակ` Հայաստանի Հանրապետության |
|մարմին (ՀԱՅՏԱՏՈՒ) |տարածքային կառավարման և |
| |ենթակառուցվածքների նախարարություն |
|____________________________|________________________________________|
|1.3. Ծրագրի նախագիծն |Օրինակ` ՀՀ տարածքային կառավարման և |
|իրականացնող մարմնի անվանումը|ենթակառուցվածքների նախարարության ջրային |
| |կոմիտե |
|____________________________|________________________________________|
|1.4. Ծրագրի նախագծի |Մուտքագրե՛ք ամբողջությամբ նախագծի ճիշտ |
|անվանումը |անվանումը: Խուսափե՛ք հապավումներից կամ |
| |«աշխատանքային անվանումներից»: Նախագիծը |
| |գնահատելուց հետո նշված տարբերակը դառնում|
| |է ծրագրի պաշտոնական անվանումը: |
|____________________________|________________________________________|
|1.5. Ծրագրի նախագծի ամփոփ |Հակիրճ նկարագրե՛ք նախագիծը և |
|նկարագրությունը |ներկայացրե՛ք նախագծի մասին ամփոփ |
| |տեղեկատվություն: Բացի ամփոփ |
| |տեղեկատվությունից` սույն բաժնում |
| |անհրաժեշտ է համառոտ ներկայացնել նախագծի |
| |առարկայական նկարագրությունը (օրինակ` |
| |[քաղաքը] և [քաղաքը] միացնող երկկողմանի |
| |ճանապարհի 10 կմ հատված և այլն): |
| |Առավելագույնը` 1000 նիշ |
|____________________________|________________________________________|
|1.6. Գտնվելու վայր(եր)ը |Մուտքագրե՛ք նախագծի իրականացման վայրը |
| |կամ վայրերը, եթե այն ավելի քան մեկ |
| |տարածք է ընդգրկում: Հնարավորության |
| |դեպքում նշե՛ք քարտեզում դրանց հասցեները |
| |կամ GPS տվյալները: |
|____________________________|________________________________________|
|1.7. Ծրագրի նախագծի |Ծրագրի շրջանակը ներառում է մասնավորապես`|
|բաղադրիչները և դրանց |հողատարածքը, շենքերի ձեռքբերումը, |
|արժեքները |շինարարությունը և շինարարական ծախսերը, |
| |բոլոր սարքավորումները և կահույքը, |
| |ինչպես նաև ծրագրի կառավարումը, |
| |շինարարության վերահսկումը, |
| |աջակցությունը, տեխնիկական փաստաթղթերը, |
| |անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը, |
| |ուսուցումը և սեմինարները` ըստ |
| |կիրառելիության: Ստորև բերված |
| |աղյուսակում ներկայացրե՛ք Ծրագրի |
| |բաղադրիչները և նշե՛ք յուրաքանչյուր |
| |բաղադրիչի ծախսերի նախահաշիվները: |
| |Ներկայացված բաղադրիչները պետք է |
| |համապատասխանեն 4.1 կետում նշվածներին: |
| |________________________________________|
| |Ծրագրի բաղադրիչները|Արժեքը հազար |
| | |ՀՀ դրամով |
| |___________________|____________________|
| |1. | |
| |___________________|____________________|
| |2. | |
| |___________________|____________________|
| |3. | |
| |___________________|____________________|
| |4. | |
| |___________________|____________________|
| |5. | |
| |___________________|____________________|
| |6. | |
| |___________________|____________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | |
| |________________________________________|
|____________________________|________________________________________|
|1.8. Ծրագրի տևողությունը | |
|1.8.1. Ծրագիրը սկսելու | |
|ամսաթիվը` ամիս/տարի | |
|Ծրագիրը սկսելու ամսաթիվն է` | |
|ծրագրի նախագծի հաստատումից | |
|հետո գնումների հայտարարու- | |
|թյունը հրապարակելու օրը: |________________________________________|
|1.8.2. Ծրագրի ավարտի | |
|ամսաթիվը` ամիս/տարի | |
|Ավարտական ակտի ստորագրման | |
|օրը. ծրագիրը մտնում է | |
|շահագործման փուլ և սկսվում | |
|է ծառայությունների | |
|մատուցումը | |
|_____________________________________________________________________|
|1.9. Ո՞ր կազմակերպությունն է տնօրինելու ակտիվները |
|Նշե՛ք նախագծի իրագործման արդյունքում ստեղծված/բարելավված ակտիվները |
|տնօրինող կազմակերպության պաշտոնական անվանումը: Եթե այն դեռ հայտնի չէ |
|(օրինակ` պետություն-մասնավոր գործընկերության դեպքում), անհրաժեշտ է |
|մանրամասնել: Այս կետն ամփոփում է 4-րդ բաժնում ներկայացված |
|տեղեկատվությունը |
|_____________________________________________________________________|
|1.10. Ո՞ր կազմակերպությունն է շահագործելու ակտիվները |
|Նշե՛ք նախագծի իրագործման արդյունքում ստեղծված ակտիվները շահագործող |
|կազմակերպության պաշտոնական անվանումը: Եթե այն դեռ հայտնի չէ (օրինակ` |
|պետություն-մասնավոր գործընկերության դեպքում), անհրաժեշտ է |
|մանրամասնել: Այս կետն ամփոփում է 4-րդ բաժնում ներկայացված |
|տեղեկատվությունը: |
._____________________________________________________________________.
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում