01.01.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
ԻՐՏԵԿ |
Օրենքի ամբողջ տեքստում «տեխնիկական կանոնակարգեր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինվել են «տեխնիկական կանոնակարգեր և նորմատիվ իրավական այլ ակտեր» բառերով` 10.12.21 ՀՕ-381-Ն օրենք: |
i
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքով`
ա) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա և բնական գազ սպառողների (այսուհետ` սպառողներ) էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների, ինչպես նաև սպառման էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ստուգումների միջոցով իրականացվող պետական տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները.
բ) սահմանվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունները:
(1-ին հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
i
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
տեխնիկական ստուգումներ` էներգատեղակայանքների փաստացի տեխնիկական վիճակի, կատարված կառուցման, վերակառուցման և հավաքակցման աշխատանքների ու նախագծի համապատասխանության հաստատման նպատակով իրականացվող ակնադիտական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փորձարկումների ու չափումների փաստաթղթերի ուսումնասիրություններ.
պետական տեխնիկական վերահսկողություն` սույն օրենքով նախատեսված դեպքերում տեխնիկական ստուգումների միջոցով վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող գործընթաց, որն ուղղված է էներգատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաև շահագործման, սպասարկման ընթացքում և տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը.↩
էներգատեղակայանքներ` տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների, գազային, ջերմային կարգավորիչ ու բաշխիչ հանգույցների և այլ սարքավորումների համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման և սպառման համար.
վերակառուցվող էներգատեղակայանք` գործող էներգատեղակայանք, որտեղ լրացուցիչ էլեկտրասարքավորումների տեղադրման ու հավաքակցման և (կամ) էներգատեղակայանքի հանգույցի ապահավաքակցման կամ փոխարինման արդյունքում տեխնիկական անձնագրի, տեխնիկական պայմանների, նախագծի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել.
գործարկման եզրակացություն` տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ, որը տալիս է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը և հավաստում էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձի կամ սպառողի էներգատեղակայանքների` տվյալ պահին գործարկմանը պատրաստ լինելու մասին.↩
պատահար` էներգատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, այդ թվում` մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ: Պատահարների դասակարգումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(2-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն, 09.07.20 ՀՕ-372-Ն օրենքներ)
Հոդված 3. |
Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների վրա:
(3-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 4. |
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները |
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են`
ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.↩
բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:
(4-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն, 10.12.21 ՀՕ-381-Ն օրենքներ)
i
Հոդված 5. |
Պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը |
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)` օրենքով սահմանված իր իրավասության շրջանակներում:↩
(5-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն, 09.07.20 ՀՕ-372-Ն օրենքներ)
Հոդված 6. |
Տեսչակա մարմնի գործառույթները↩ |
i
1. Տեսչակա մարմինը`↩
ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ`
- էլեկտրաէներգետիկական համակարգում` 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում` գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,
- մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից ստացված դիմումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվությունների ուսումնասիրությունների արդյունքում կատարված վերլուծությունների արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով.↩
բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, կազմում է ակտ-կարգադրագրեր, վերահսկում դրանցում նշված պահանջների կատարումը և կայացնում որոշում` սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին.
i
գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություններ` թույլատրելով դրանց գործարկումը.
դ) վարում է տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակագրություն և կատարում դրանց վերլուծությունը.
ե) ներկայացնում է առաջարկություններ նոր տեխնիկական կանոնակարգեր և նորմատիվ իրավական այլ ակտեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում և նորմատիվ իրավական այլ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
i
2. Տեսչակա մարմինը էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացնում է դրանց մասնագիտական քննությունը տեխնիկական կանոնակարգերի նորմերի և նորմատիվ իրավական այլ ակտերի խախտման բացահայտման և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով:↩
(6-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն, 09.04.07 ՀՕ-162-Ն, 09.07.20 ՀՕ-372-Ն օրենքներ)
Հոդված 7. |
Տեխնիկական ստուգումների կարգը |
1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
2. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքի տեխնիկական ստուգման ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչը շահագործող անձնակազմից կարող է պահանջել էներգատեղակայանքի առանձին հանգույցների փորձարկման իրականացում:
3. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքների գործարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին էներգատեղակայանքի համապատասխանության մասին տրված գործարկման եզրակացության առկայության դեպքում:
4. էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության արդյունքում լիազոր մարմնի կազմած ակտ-կարգադրագիրը պետք է ներառի պատահարի ծագման պատճառների, զարգացման և հետագա ընթացքի վերաբերյալ մասնագիտական գնահատականներ:
(7-րդ հոդ. փոփ.08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 8. |
Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների իրավունքներն ու պարտականությունները |
1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողներն իրավունք ունեն լիազոր մարմնի պետական տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով:
2. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են`
ա) թույլատրել լիազոր մարմնի ներկայացուցիչների մուտքը էներգատեղակայանքներ` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար.
բ) լիազոր մարմնի տված կարգադրագրերի համաձայն և դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ` ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերի խախտումների վերացմանը.
գ) ինքնուրույն կամ լիազոր մարմնի տված կարգադրագրի համաձայն անհապաղ դադարեցնել այն էներգատեղակայանքների (հանգույցների) շահագործումը, որոնց ընթացիկ տեխնիկական վիճակն սպառնում է մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին.
դ) չգործարկել էներգատեղակայանքը` մինչև լիազոր մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք պատահարի դեպքում պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնել լիազոր մարմնին:
(8-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն օրենք)
Հոդված 9. |
Պատասխանատվության միջոցները |
1. Սույն օրենքի և տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների համար սահմանվում են պատասխանատվության հետևյալ միջոցները`
ա) նախազգուշացում.
բ) էներգատեղակայանքի (հանգույցի) շահագործման դադարեցում.
գ) տուգանք:
2. Տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի անձնակազմը կիրառում է «ա» կետում նշված պատասխանատվության միջոցը: Եթե էներգատեղակայանքի (հանգույցի) տեխնիկական վիճակը կարող է պատահարի առաջացման պատճառ դառնալ ու սպառնալ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին, տեսչական մարմնի ծառայողը կիրառում է «բ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը` մեկ օրվա ընթացքում զեկույց ներկայացնելով իր անմիջական ղեկավարությանը` կատարած գործողությունների հիմնավորմամբ:↩
Լիազոր մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը կիրառում է «գ» կետում նշված պատասխանատվության միջոցը:
3. Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` կիրառման օրվանից տասն օրվա ընթացքում:
(9-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն, 09.07.20 ՀՕ-372-Ն օրենքներ)
Հոդված 10. |
Լիազոր մարմնի պատասխանատվությունը |
Տեսչական մարմինն իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:↩
(10-րդ հոդ. փոփ. 09.07.20 ՀՕ-372-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունվարի 13 Երևան ՀՕ-36-Ն
|