Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 22.02.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

 

i

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(Օրենքի վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է համայնքային կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և գործունեության կարգը:

(1-ին հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

i
Հոդված 2. Հիմնարկի մասին օրենսդրությունը

 

Հիմնարկի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից: Սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության և այլ օրենքներին:

(2-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

Հոդված 3. Հիմնական դրույթներ հիմնարկի մասին

 

1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

2. Հիմնարկն իր իրավասության սահմաններում, համայնքի անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև համայնքապետարանի (Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ բառերը:

4. Հիմնարկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

5. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

7. (7-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

(3-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-171-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

i
Հոդված 4. Հիմնարկի գույքը

 

1. Հիմնարկի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Հիմնարկին գույքը հանձնվում է իրավական ակտին համապատասխան, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից հիմնարկին հանձնված գույքը:

Հիմնադրի որոշմամբ հիմնարկին կարող է վերապահվել նաև բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

i

2. Հիմնարկն իրավունք ունի սույն օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:

3. Հիմնադրի կողմից հիմնարկին հանձնված գույքը ենթակա է հաշվառման` կառավարության սահմանած կարգով:

(4-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

 

Հոդված 5. Հիմնարկի գործունեությունը

 

1. Հիմնարկն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:

2. Հիմնարկը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Հիմնարկի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն տեղական տուրք կամ տեղական վճար` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հիմնարկի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական կամ համայնքի բյուջեի միջոցներից: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

i

4. Հիմնարկի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

(5-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.03.12 ՀՕ-144-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

Հոդված 6. Հիմնարկի պատասխանատվությունը

 

Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է համայնքը:

(6-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

i
Հոդված 7. Հիմնարկի ստեղծումը

 

1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է:

2. Հիմնարկն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ: Հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են հիմնարկի անվանումը, նրա գործունեության նպատակները և խնդիրները, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կամ օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Հիմնարկը օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

4. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:

Հիմնարկն ստեղծված է համարվում նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

(7-րդ հոդ. փոփ. 07.07.06 ՀՕ-158-Ն, 26.05.08 ՀՕ-61-Ն, 07.12.10 ՀՕ-202-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.05.14 ՀՕ-42-Ն, 19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

i
Հոդված 8. Հիմնարկի կանոնադրությունը

 

1. Հիմնարկը գործում է օրենքների, իրավական այլ ակտերի և հիմնադրի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

2. Հիմնարկի կանոնադրությունը ներառում է`

ա) հիմնարկի անվանումը.

բ) հիմնարկի գտնվելու վայրը.

գ) հիմնարկի գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները.

դ) հիմնարկի կառուցվածքը.

ե) հիմնարկի կառավարման մարմինների կազմը և լիազորությունները.

զ) հիմնարկին ամրացված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը.

է) հիմնարկի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման կարգը:

Հիմնարկի կանոնադրությամբ կարող են սահմանել նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Հիմնարկի կանոնադրությունում փոփոխությունները հաստատում է հիմնադիրը:

 

i
Հոդված 9. Հիմնարկի կառուցվածքը

 

1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը:

Հիմնարկը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:

i

2. Հիմնարկը կարող է ունենալ նաև նրա գտնվելու վայրից դուրս առանձնացված ստորաբաժանումներ:

3. Հիմնարկից առանձնացված ստորաբաժանումն ստեղծված է համարվում դրա հիմնադրման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ կանոնադրություն, որը հաստատվում է օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս համայնքի անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի համայնքի անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում և ազատվում են օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով և գործում են օրենսդրության, հիմնարկի և առանձնացված ստորաբաժանման կանոնադրության հիման վրա:

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

(9-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 10. Հիմնարկի կառավարման մարմինները

 

1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը:

Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

i

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

(10-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 07.04.16 ՀՕ-38-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

i
Հոդված 11. Հիմնարկի հիմնադիրը

 

i

1. Հիմնադիրը`

ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է հիմնարկի գործունեությունը.

բ) հաստատում է հիմնարկի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.

գ) որոշում է հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.

ե) («ե» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

զ) հաստատում է հիմնարկի կառուցվածքը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.

է) իրականացնում է հիմնարկի գործունեության ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

ը) («ը» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

թ) լսում է հիմնարկի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական կամ համայնքային սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) օրենքով սահմանված կարգով որոշում է հիմնարկին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.

ժբ) հաստատում է հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

i

ժգ) հաստատում է հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները.

ժդ) իրականացնում է օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

(11-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

Հոդված 12. Պետական մարմնի ղեկավարը

(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

 

Հոդված 13. հիմնարկի աշխատակազմի քարտուղարը

 

1. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և համայնքի ղեկավարի որոշումներով, հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հիմնարկի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի և համայնքի ղեկավարի որոշումների, հիմնարկի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

2. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

3. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար: Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` համայնքին կամ պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով համայնքին կամ պետությանը պատճառված վնասը հատուցում է սույն կետի պահանջը խախտած անձը:

4. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը պարտավոր է չկատարել հիմնադրի, համայնքի ղեկավարի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

5. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով:

(13-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

 

i
Հոդված 14. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

3. Համայնքապետարանի (Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(14-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

i
Հոդված 15. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի նշանակումը և ազատումը

(15-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

 

Հոդված 16. Վերահսկողությունը հիմնարկի գործունեության նկատմամբ

 

Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

 

ԳԼՈՒԽ 4.
ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 17. Հիմնարկի վերակազմակերպումը

 

1. Հիմնարկը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքի, իրավական այլ ակտի կամ հիմնադրի որոշման (այսուհետ` որոշում) հիման վրա:

2. Հիմնարկը վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից: Բացի առանձնացման դեպքերից, վերակազմակերպված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին հիմնարկների կանոնադրությունները:

3. Հիմնարկի միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` միաձուլման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Հիմնարկի` այլ հիմնարկին միանալու դեպքում միացած հիմնարկի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` միացման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

5. Հիմնարկի բաժանման դեպքում դրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` բաժանման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

6. Հիմնարկի կազմից մեկ կամ մի քանի հիմնարկ առանձնանալու դեպքում վերակազմակերպված հիմնարկի իրավունքները և պարտականությունները դրանցից յուրաքանչյուրին են անցնում` առանձնացման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

7. (7-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

(17-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)

 

i
Հոդված 18. Հիմնարկի գործունեության դադարումը

 

1. Հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:

2. Հիմնարկի գործունեությունը դադարելու դեպքում դրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է հիմնարկի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ:

(18-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-247

 

 

pin
ՀՀ 23.10.2001
N ՀՕ-247 օրենք