ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին
i
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների, ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների պետական հաշվառման, շահագործման և վարման իրավունքի տրամադրման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:
Հոդված 2. |
Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների մասին օրենսդրությունը |
Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
i
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
գյուղատնտեսական տեխնիկա` տրակտորներ, հացահատիկահավաք և կերահավաք կոմբայններ և ինքնագնաց խոտհնձիչներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար.
տրակտորներ` մեխանիկական տրանսպորտային միջոցներ (որոնց հետ ագրեգատավորվում են մեքենաներ ու գործիքներ` համապատասխան աշխատանքներ կատարելու համար), ինչպես նաև ընդհանուր նշանակության տրակտորներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության բոլոր տեսակի մեքենայացված աշխատանքներ կատարելու համար (վար, ցանք, կուլտիվացիա, սրսկում, հարթեցում և այլն).
ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաներ` հացահատիկահավաք կոմբայններ, կերահավաք մեքենաներ, որոնք աշխատում են ներքին այրման շարժիչով և կարող են ինքնուրույն տեղաշարժվել, ինչպես նաև մելիորատիվ մեքենաներ, որոնք օգտագործվում են հողերի մակերեսային ու արմատական բարելավման և հիդրոմելիորատիվ աշխատանքներում:
(3-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-32-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
i
Հոդված 4. |
Գյուղատնտեսական տեխնիկայի և տրակտորային կցանքների պետական հաշվառման պայմանները, գյուղատնտեսական տեխնիկայի պետական միասնական համարանիշների տրամադրումը |
1. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկան ենթակա է պարտադիր պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում):
2. Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատերերը պարտավոր են տեխնիկան ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` 15-օրյա ժամկետում, դիմել լիազորված պետական մարմնին` այն հաշվառման վերցնելու համար:
i
3. Հաշվառման ենթարկված գյուղատնտեսական յուրաքանչյուր տեխնիկայի համար սեփականատիրոջը տրվում է պետական համարանիշ և տեխնիկական վկայագիր, որի ձևը հաստատում է լիազորված մարմինը:
4. Առանց տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
(4-րդ հոդ. փոփ. 17.11.17 ՀՕ-203-Ն օրենք)
i
Հոդված 5. |
Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումը և հաշվառումից հանելը |
1. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու համար սեփականատերը պարտավոր է լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձին ներկայացնել`
ա) դիմում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.
գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր.
դ) «բ» և «գ» կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ է համարվում դատարանի վճիռը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի կողմից վավերացված` սեփականատիրոջ հայտարարությունը.
ե) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված տուրքերի վճարումների անդորրագրերը.
զ) ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայագիր:
Տեխնիկական վկայագիրն ստորագրում և կնքում է լիազորված պետական մարմինը:
2. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառվում է լիազորված պետական մարմնի կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կամ «գ» կամ «դ» կետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին ստուգելու համար զննում կատարելուց հետո:
3. Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի տվյալները գրառվում են գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում: Հաշվառման գիրքը պահպանվում է 20 տարի` պետական կառավարման լիազորված մարմնում:
4. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է`
ա) գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման դեպքում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման դեպքում.
գ) գյուղատնտեսական տեխնիկայի խոտանման դեպքում:
Խոտան ճանաչելու չափանիշները սահմանում է լիազորված մարմինը:
5. Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին տվյալները գրառվում են տեխնիկական վկայագրում, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և խոտանման դեպքում տեխնիկական վկայագիրը և պետական համարանիշը վերադարձվում է լիազորված պետական մարմնին, որի մասին համապատասխան գրառում է կատարվում գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում:
i
Դիմումի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:
(5-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-32-Ն, 17.11.17 ՀՕ-203-Ն օրենքներ)
Հոդված 6. |
Գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերի տրամադրումը |
1. Գյուղատնտեսական տեխնիկան ըստ տեսակների, նշանակության, ղեկավարման և շահագործման առանձնահատկությունների ու ճարմանդային հզորությունների դասակարգվում է` «A», «B», «C», «D», «E» և «F» խմբերի`
«A» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն մինչև 14 կիլոնյուտոն (մինչև 80 ձիաուժ շարժիչի հզորություն).
«B» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն 14 կիլոնյուտոնից (80 ձիաուժ շարժիչից) բարձր հզորություն.
«C» խումբ` ընդհանուր նշանակության թրթուրավոր տրակտորներ.
«D» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են մեխանիկական շարժահաղորդումով.
«E» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են հիդրավլիկ շարժահաղորդումով.
«F» խումբ` մելիորատիվ մեքենաներ, այդ թվում` մինչև 0,65 խմ շերեփի տարողությամբ էքսկավատորներ:
2. Տրակտորիստ-մեքենավարները պետք է ունենան գյուղատնտեսական տեխնիկան վարելու իրավունքի համապատասխան կարգեր:
Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգերն ըստ գյուղատնտեսական տեխնիկայի խմբերի դասակարգվում են`
երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A» և «C» խմբերին դասվող տրակտորները.
երկրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A», «B», «C» և «D» խմբերին դասվող տրակտորները և գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները.
առաջին կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու բոլոր խմբերին պատկանող տրակտորները, ինքնագնաց, մելիորատիվ մեքենաները:
3. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու այն տրակտորների ու ինքնագնաց մեքենաների խմբերը, որոնց դիմաց վարման վկայականում կա «թույլտվություն» նշանը:
i
4. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական մեքենաների շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունները որակավորման հանձնաժողովի կողմից ստուգելուց հետո: Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. |
Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական տալու ընթացակարգը |
1. Որակավորման քննություններին թույլատրվում է մասնակցել 18 տարին լրացած անձանց:
2. Տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար դիմող անձը մինչև քննության օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում.
բ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).
գ) տրակտորիստ-մեքենավարների դասընթացի ավարտման մասին տրված փաստաթուղթ.
դ) երկու լուսանկար 3 x 4 սմ չափի.
ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
զ) տրակտորիստ-մեքենավարի վկայականը` վարման իրավունքի կարգը փոխելու դեպքերում:
i
Դիմումի ձևը հաստատում է լիազորված մարմինը:
3. Անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում անձը զրկվում է որակավորման քննություններին մասնակցելու իրավունքից:
4. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու միայն վարման իրավունքի վկայականում նշված խմբի գյուղատնտեսական տեխնիկա:
5. Տրակտորիստ-մեքենավարի դասընթացներն ավարտելու մասին տրված ավարտական փաստաթուղթն իրավունք չի տալիս վարելու գյուղատնտեսական տեխնիկա:
6. Որակավորման քննությունների հանձնման դրական արդյունքների հիման վրա քաղաքացուն տրվում է տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական` հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի եզրակացությունը:
7. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա և վկայականների գրանցամատյանում ստորագրելուց հետո:
8. 3-րդ կարգի տրակտորիստ-մեքենավարի իրավունք ձեռք բերելու նպատակով դիմող վարորդական վկայական ունեցող անձինք ազատվում են ճանապարհային երթևեկության կանոնների քննություն հանձնելուց:
9. Առանց համապատասխան կարգի վարման իրավունքի վկայականի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն արգելվում է:
i
Հոդված 8. |
Գյուղատնտեսական տեխնիկայի վիճակը և շահագործումը |
1. Գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով տրակտորիստ-մեքենավարը պարտավոր է սարքին վիճակում պահել արգելակները, անիվները և թրթուրները, ղեկային մեխանիզմը, լուսավորման և ազդանշանային համակարգերը:
2. Տրակտորիստ-մեքենավարներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործման և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու համար:
(8--րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-32-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
Սույն օրենքի պահանջները խախտելու կամ չկատարելու դեպքում անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 10. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունիսի 16 Երևան ՀՕ-114-Ն
|