Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2022 թվականի N 105-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հունվարի 27-ի

N 105-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Գյուղատնտեսության զարգացման հիմնական նախապայմաններից է գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացումը: Վերջինս ագրարային ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացման, արտադրական ներուժի լիարժեք օգտագործման և գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճի հիմնական գործոններից է:

2. Հայաստանի Հանրապետության մարզերից հավաքագրված տվյալների համաձայն` 2020 թվականի ավարտին հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի քանակը կազմել է 26670 միավոր, որից տրակտորներ` 10487 միավոր, հացահատիկահավաք կոմբայններ` 1032 միավոր, կերահավաք կոմբայններ` 256 միավոր, խոտհնձիչներ` 2467 միավոր, հավաքիչ-մամլիչներ` 2188 միավոր, շարքացաններ` 1656 միավոր, գութաններ` 3733 միավոր, կուլտիվատորներ` 2139 միավոր, հատիկազտիչ մեքենաներ` 314 միավոր:

3. Հայաստանի Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է 88.5 տոկոս: Մասնավորապես, տրակտորների` 86.5, հացահատիկահավաք կոմբայնների` 78.3, կերահավաք կոմբայնների` 86.7, խոտհնձիչների` 91.1, շարքացանների` 86.4, գութանների` 91.7 և կուլտիվատորների` 92.2 տոկոսն են գտնվում տեխնիկապես սարքին վիճակում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 11-31 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 2017 թվականի ապրիլ ամսից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում 1186 լիզինգառուի տրամադրվել է 1859 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 815 միավոր տրակտոր, 14 միավոր կոմբայն և 1030 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա:

5. Գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ներկա հրամայական պահանջի և գյուղատնտեսությունում տնտեսավարողների ցածր վճարունակության պայմաններում գյուղատնտեսական տեխնիկայի նորացումը իրատեսական է համարվում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման մատչելի մեխանիզմների կիրառման դեպքում:

6. Գյուղատնտեսության մեքենայացման ներկա վիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ոլորտում առաջնահերթ խնդիր է գյուղատնտեսության տեխնիկական վերազինման նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացումը, խնդրի վերաբերյալ նոր մոտեցումների և գործիքների կիրառմամբ պետական աջակցության քաղաքականության իրականացումը:

7. Գյուղատնտեսության մեքենայացման մակարդակի բարձրացման, մեքենատրակտորային հավաքակազմի վերազինման, ագրոտեխնիկական պահանջներով նախատեսված մշակության և բերքահավաքի աշխատանքների արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված` մշակվել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր):

8. Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես` լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է:

9. Ծրագիրը կիրագործվի հետևյալ հիմնական մոտեցումների կիրառմամբ.

1) ծրագրով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվելիք գյուղատնտեսական տեխնիկան կմատակարարվի Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում ձևավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ.

2) ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն պետք է իրականացվի մասնագիտացված կառույցների կողմից, որոնք կիրականացնեն նաև գյուղատնտեսական տեխնիկայի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում.

3) ծրագրով մասնակի կսուբսիդավորվի գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերող, լիզինգի պայմանագիր կնքած տնտեսավարողների լիզինգի տոկոսադրույքը` ծրագրի շրջանակում կնքված լիզինգային պայմանագրերի գործողության ընթացքում.

4) գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների ցածր վճարունակության և նոր գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու ցածր վճարունակ պահանջարկի հետևանքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի նորացումը սահմանված տարեկան 10.0-12.5 տոկոսի չափով իրատեսական չի համարվում, այդ պատճառով ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեխնիկայի նորացումն իրականացնել ավելի փոքր ծավալներով` 1.0-3.0 տոկոսի չափով, որը նախադրյալներ կստեղծի հետագա տարիներին գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի առավել արագ տեմպերով վերազինման համար:

10. Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան.

1) տրակտորներ` տարբեր մակնիշների.

2) կոմբայններ.

3) հավաքիչ-մամլիչներ.

4) շարքացաններ.

5) գութաններ.

6) խոտհնձիչներ.

7) կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ.

8) կուլտիվատորներ, ֆրեզներ.

9) սրսկիչներ.

10) տրակտորային կցասայլակներ.

11) այլ գյուղատնտեսական տեխնիկա:

11. Ծրագրի մասնակիցներն են`

1) գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար բանկի կամ վարկային կազմակերպության (այսուհետ` ֆինանսական կառույց) ֆինանսական (վարկունակության) պահանջները բավարարող, ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի պայմանագիր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերելու սուբվենցիոն ծրագրերով), անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` լիզինգառու).

2) ցանկացած ֆինանսական կառույց, որը ծրագրի պայմաններին համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրում տնտեսավարողներին:

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն).

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` ԳՖԿ):

12. Ծրագրի պայմաններն են. գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմանները սահմանված են N 1 աղյուսակում.

1) լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 12 տոկոսային կետը սուբսիդավորում է այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս.

2) լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար.

3) լիզինգի պայմանագիրը կնքվում է` կոմբայնների համար` 10 տարի, տրակտորների համար` 6 տարի, շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար` 3-6 տարի և այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետով, ընդ որում` տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի.

4) լիզինգառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով.

5) ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250,0 մլն դրամը.

6) լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո)` ֆինանսական կառույցի հաշվին:

13. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը.

1) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգային գործարքներ.

2) լիզինգի գործընթացն իրականացվում է ըստ ամիսների` մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով.

3) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է լիզինգի մայր գումարի և լիզինգի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա.

4) լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար ֆինանսական կառույցի կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում.

5) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին` տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով.

6) ֆինանսական կառույցը լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ամիսը մեկ անգամ` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն պարտավոր է հայտը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում բավարարել հայտը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել համապատասխան ֆինանսական կառույցի հաշվին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջներին: Հայտը` ծրագրի պահանջները չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին` նշելով չբավարարման հիմքերը:

14. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե`

1) առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ֆինանսական կառույցի հանդեպ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով ֆինանսական ակտիվների դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ.

2) լիզինգի առարկան չի օգտագործվում իր նպատակային նշանակությանը համապատասխան կամ չեն պահպանվում լիզինգի առարկայի շահագործման կանոնները: Լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի ոչ նպատակային օգտագործման դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման: Սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը` եռամսյա ժամկետում.

3) մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է ծրագրի պայմանների խախտում:

15. Ֆինանսական կառույցը մոնիթորինգ է իրականացնում գյուղատնտեսական տեխնիկայի նպատակային օգտագործման և շահագործման կանոնների պահպանման մասով: Եթե ֆինանսական կառույցը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է համապատասխան եզրակացություն և տեղեկացվում նախարարությանն ու ԳՖԿ-ին:

16. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման մասին տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

17. ԳՖԿ-ն պարտավոր է ամսական պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել նախարարություն` մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող 10-րդ օրը:

18. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`

1) ֆինանսական կառույցների կողմից յուրաքանչյուր լիզինգառուի հետ կնքված լիզինգի պայմանագրերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի և համայնքների (նշելով տեխնիկայի անվանումը, մակնիշը, քանակը, լիզինգի առարկայի արժեքը, լիզինգի գումարը, լիզինգի գումարի մնացորդը, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը).

2) տեղեկատվություն արձանագրված խախտումների մասին.

3) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:

19. Ծրագրի իրականացման ռիսկերն են`

1) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ ցածր վճարունակ պահանջարկը.

2) ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկայի ոչ նախընտրելի տարբերակների առաջարկը.

3) ծրագրի մասնակիցների համար ոչ շահավետ պայմանների առաջադրումը.

4) բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված` լիզինգառուների ակնկալվող եկամուտների ոչ ամբողջական ստացումը.

5) լիզինգային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ոչ մատչելի պայմանների առաջադրումը.

6) Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման դժվարությունները և փոխադրման համար չնախատեսված մեծ ծախսերը:

20. Ռիսկերի մեղմման ուղղություններն են`

1) Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող, Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկա ներկրող և լիզինգի պայմանագրով գյուղատնտեսական տեխնիկա տրամադրող փորձ և հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ համագործակցությունը և ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալը.

2) գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պայմանագրով մատակարարման մատչելի մեխանիզմների առաջադրումը.

3) լիզինգառուներին մատչելի մեխանիզմների և աջակցության ցուցաբերումը.

4) գյուղատնտեսական տեխնիկայի ներկրումը և դրա հետ կապված ռիսկերը մատակարարներին վերապահելը.

5) գյուղատնտեսական տեխնիկայի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ապահովումը:

21. Ծրագրի ֆինանսական գնահատականը.

1) ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է.

2) 2022 թվականին ծրագրի իրականացման համար գնահատված արժեքը կկազմի 719.5 մլն դրամ: Ծրագրի հետագա տարիների ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում իրականացված քննարկումների արդյունքում` առաջիկա տարվա պետական բյուջեով ծրագրի համար նախատեսված գումարի շրջանակներում.

3) ծրագրի շրջանակում նախատեսվում է տարեկան իրականացնել շուրջ 1.43 մլրդ դրամ լիզինգի առարկայի արժեքով գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում.

4) ծրագրի արդյունքների հիման վրա իրականացված հաշվարկ-հիմնավորումը ներկայացված է N 2 աղյուսակում:

22. Ծրագրի իրականացման արդյունքում`

1) հնարավորություն կստեղծվի մատչելի մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ վճարունակ պահանջարկի բավարարման և տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար.

2) Հայաստանի Հանրապետությունում կնորացվի գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 1.0-3.0 տոկոսը, միաժամանակ հնարավորություններ կստեղծվեն մեքենատրակտորային կայանների ստեղծման համար.

3) յուրաքանչյուր տարի հանրապետությունում կթարմացվեն առկա տեխնիկայի հավաքակազմը` շուրջ 500 միավոր նոր գյուղատնտեսական տեխնիկայի տարբեր տեսակներով.

4) կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

 

Աղյուսակ N 1

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|1. |Լիզինգի առարկան      |կոմբայն                                    |

|   |                     |___________________________________________|

|   |                     |տրակտոր                                    |

|   |                     |___________________________________________|

|   |                     |այլ գյուղատնտեսական տեխնիկա                |

|___|_____________________|___________________________________________|

|2. |Տրամադրման շրջանակը  |ֆիզիկական և  իրավաբանական անձինք, անհատ    |

|   |                     |ձեռնարկատերերը, համայնքները                |

|___|_____________________|___________________________________________|

|3. |Արժույթը             |ՀՀ դրամ                                    |

|___|_____________________|___________________________________________|

|4. |Լիզինգի տոկոսադրույքը|տարեկան փաստացի տոկոսադրույք` մինչև  14    |

|   |                     |տոկոս                                      |

|___|_____________________|___________________________________________|

|5. |Լիզինգի տոկոսադրույքի|լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորվում է    |

|   |սուբսիդավորման չափը  |այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից |

|   |                     |վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի|

|   |                     |2 տոկոս                                    |

|___|_____________________|___________________________________________|

|6. |Կանխավճարը           |լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի  |

|   |                     |չափով                                      |

|___|_____________________|___________________________________________|

|7. |Լիզինգի մարման       |կոմբայնների համար` 10 տարի                 |

|   |ժամկետը              |___________________________________________|

|   |                     |տրակտորների համար` 6 տարի                  |

|   |                     |___________________________________________|

|   |                     |շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար` 3-6|

|   |                     |տարի                                       |

|   |                     |___________________________________________|

|   |                     |այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի|

|   |                     |___________________________________________|

|   |                     |տրակտորներ և  այլ գյուղատնտեսական տեխնիկա  |

|   |                     |միևնույն  լիզինգառուին միաժամանակ լիզինգով |

|   |                     |տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է |

|   |                     |սահմանվել 6 տարի                           |

|___|_____________________|___________________________________________|

|8. |Դադարի շրջանը        |Տարեկան մինչև  6 ամիս                      |

|___|_____________________|___________________________________________|

|9. |Լիզինգի առարկայի     |Լիզինգի առարկան լիզինգի պայմանագրի         |

|   |ապահովագրությունը    |գործողության ընթացքում ֆինանսական կառույցի |

|   |                     |հաշվին ապահովագրվում է վնասվածքի և         |

|   |                     |կորստյան ռիսկերից (կասկո)                  |

|___|_____________________|___________________________________________|

|10.|Սեփականության        |տրակտորների և  կոմբայնների համար` 5000     |

|   |իրավունքի պետական    |դրամ, որը կարող է ներառվել լիզինգի գումարի |

|   |գրանցման վճարը       |մեջ                                        |

|   |(պետական տուրք)      |___________________________________________|

|   |                     |այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար վճար   |

|   |                     |չկա                                        |

|___|_____________________|___________________________________________|

|11.|Ֆինանսական կառույցի  |մինչև  2 մլն դրամ (ներառյալ) ձեռքբերման    |

|   |կողմից մատուցվող     |գնով լիզինգի առարկայի համար` առավելագույնը |

|   |ծառայության վճարը    |15000 դրամ                                 |

|   |                     |___________________________________________|

|   |                     |2 մլն ՀՀ դրամը գերազանցող ձեռքբերման գնով  |

|   |                     |լիզինգի առարկայի համար` առավելագույնը 20000|

|   |                     |դրամ                                       |

|___|_____________________|___________________________________________|

|12.|Սեփականության        |տրակտորների և  կոմբայնների համար`          |

|   |իրավունքի փոխանցման  |առավելագույնը 5000 դրամ                    |

|   |վճարը                |___________________________________________|

|   |                     |այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար`       |

|   |                     |առավելագույնը 3000 դրամ                    |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

.____________________________________________________________________.

|Մարզեր                    |Լիզինգառուների թիվ` ըստ տարիների         |

|                          |_________________________________________|

|                          |2021 թ. |2020 թ.|2019 թ.|2018 թ.|2017 թ. |

|                          |(9 ամիս)|       |       |       |(9 ամիս)|

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Արագածոտն                 |     5  |   30  |  11   |  10   |    4   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Արարատ                    |    35  |   43  |  38   |  11   |    6   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Արմավիր                   |    59  |  107  |  46   |  29   |   16   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Գեղարքունիք               |    19  |   66  |  41   |  33   |   15   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Երևան                     |    49  |   29  |   7   |   0   |    0   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Լոռի                      |    17  |   22  |   9   |  10   |    9   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Կոտայք                    |    18  |   25  |  18   |  14   |    8   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Շիրակ                     |    24  |   42  |  32   |  14   |    2   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Սյունիք                   |     8  |   13  |   6   |   5   |    3   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Վայոց ձոր                 |     5  |    5  |   3   |   2   |    2   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Տավուշ                    |    23  |    8  |   6   |   5   |    3   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Ընդամենը`                 |   262  |  390  | 217   | 133   |   68   |

|__________________________|________|_______|_______|_______|________|

|Միջին ամսական             |    29  |   33  |  18   |  11   |    8   |

|լիզինգառուների թիվը       |        |       |       |       |        |

|__________________________|_________________________________________|

|Միջին ամսական             |                 13                      |

|լիզինգառուների թիվը       |                                         |

|2017-2019 թթ.*            |                                         |

|__________________________|_________________________________________|

|Միավոր լիզինգի միջին      |              7.0-7.5                    |

|արժեքը (մլն դրամ)         |                                         |

|__________________________|_________________________________________|

|Մեկ միավոր տեխնիկայի միջին|              3.0-5.0                    |

|արժեքը (մլն դրամ)         |                                         |

|__________________________|_________________________________________|

|Մեկ լիզինգառուի կողմից    |                 1-3                     |

|ձեռք բերվող տեխնիկայի     |                                         |

|միջին քանակը (միավոր)     |                                         |

|__________________________|_________________________________________|

|Լիզինգով ձեռք բերվող      |                 1,4                     |

|տեխնիկայի արժեքը          |                                         |

|(մլրդ դրամ)               |                                         |

|__________________________|_________________________________________|

|Ձեռք բերվող տեխնիկայի     |                 1,1                     |

|լիզինգի գումարը           |                                         |

|(մլրդ դրամ)               |                                         |

|____________________________________________________________________|

|*Արտակարգ և  ռազմական դրությամբ պայմանավորված` 2020 թվականին        |

|լիզինգը մինչև  2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվել է 0 տոկոս    |

|տոկոսադրույքով, որի արդյունքում աճել են լիզինգառուների թիվը և  ձեռք |

|բերվող տեխնիկայի քանակը, հետևաբար  հաշվարկի համար հիմք են ծառայել   |

|2017-2019 թթ. ծրագրով սահմանված տոկոսադրույքով գրանցված             |

|արդյունքները:                                                       |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.2022
N 105-Լ
Որոշում