Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ...

 

 

116.0049.090101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 դեկտեմբերի 2000 թվականի N 49

 

i

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 14-ի թիվ 401 որոշմամբ`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մետրոպոլիտենի արհեստական կառույցների պահպանման և նորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնները»:

2. Հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կանոններն ընդունվել են «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետին և 5-րդ հոդվածին, ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 14-ի «ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման և տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի իրավասությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահելու մասին» թիվ 401 որոշմանը և ՀՀ վարչապետի 2000 թվականի մարտի 23-ի թիվ 121 որոշմամբ հաստատված «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարութան կանոնադրության» 3-րդ կետին համապատասխան, սահմանում են մետրոպոլիտենի արհեստական կառույցների, ինչպես նաև հատուկ, տնտեսական և արտադրական շենքերի սպասարկման, պահպանման և նորոգման ժամանակ անվտանգության, աշխատանքի և աշխատանքային տեղերի կազմակերպման, գործիքների և սարքավորանքի պահպանման պահանջները:

1.2. Կանոնները սահմանում են աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման, արտադրական վնասվածության և մասնագիտական հիվանդությունների պատճառների կանխման կարգը և պարտադիր են գծի ու թունելային կառույցների ծառայության վարչակազմի և աշխատանքների ղեկավարների համար:

1.3. Արհեստական կառույցների զննումը, նորոգումն ու պահպանումը պետք է կատարվեն խստորեն պահպանելով սույն կանոնները, ՀՀ տրանսպորտի նախարարի 29.12.98թ. թիվ 116/0023 հրամանով հաստատված «Մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնները» (ՏՇԿ), (գրանցման թիվ 18990012), 07.01.98թ. թիվ 01/116-0011 հրամանով հաստատված «Մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգը» (գրանցման թիվ 189800134)» 02.04.97թ. թիվ 116-004 հրամանով հաստատված «Մետրոպոլիտենում գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգը» (գրանցման թիվ 18970025), «Մետրոպոլիտենում հրդեհային անվտանգության կանոնները» և 02.04.97թ. թիվ 116-0002 հրամանով հաստատված «Մետրոպոլիտենի թունելներ և վերգետնյա տեղամասեր մտնելու կանոնները» (գրանցման թիվ 18980135):

Սույն կանոններով չնախատեսված աշխատանքների կատարման դեպքում հարկավոր է ղեկավարվել կանոններով և հրահանգներով, որոնք նախատեսված են սահմանված կարգով և գործում են երկաթուղային տրանսպորտի կազմակերպություններում, ինչպես նաև աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի պետական և ճյուղային ստանդարտների պահանջներով: Սույն կանոնների հիման վրա աշխատողների համար պետք է մշակվեն տիպային հրահանգներ ըստ մասնագիտությունների:

1.4. Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգավորման, ուսուցման կազմակերպումը և գիտելիքների ստուգումը պետք է կատարվի «Երկաթուղային տրանսպորտի աշխատողների աշխատանքի պաշտպանության ուսուցման և գիտելիքների ստուգման կազմակերպումը: Հիմնական դրույթներ» OUS 32. 36-83-ի պահանջներին համապատասխան:

1.5. Անկախ գիտելիքների ստուգման արդյունքների, աշխատանքների ղեկավարը պարտավոր է կանոնավոր կերպով անցկացնել աշխատանքների անվտանգ մեթոդների հրահանգավորում և ուսուցում:

1.6. Սույն կանոնների պահանջների կատարման պատասխանատվությունը կրում են գծի և թունելային կառույցների ծառայության, նրա ստորաբաժանումների ղեկավարները և աշխատանքների ղեկավարները:

1.7. Կազմակերպությունում աշխատանքի պաշտպանության գծով ուսուցման և գիտելիքների ստուգման կազմակերպումն ամբողջությամբ դրվում է նրա ղեկավարի վրա, իսկ ուղեմասերում (արհեստանոցներում) ուղեմասերի (արհեստանոցների) ղեկավարների վրա:

1.8. Ստորաբաժանումներում աշխատանքի պաշտպանության ուսուցման որակի և ժամանակին կատարման հսկողությունը պետք է իրականացվի անվտանգության տեխնիկայի ինժեները (ավագ ինժեները) կամ այլ ինժեներա-տեխնիկական աշխատող, որի վրա դրված են աշխատանքի պաշտպանության ուսուցման կազմակերպման հարցերը:

1.9. Ծառայության և նրա ստորաբաժանումների ղեկավարները, որոնք պատասխանատու են աշխատանքի պաշտպանության վիճակի համար, պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման նպատակով, այդ թվում.

- ապահովել մշտական հսկողություն անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի չափաքանակների, կանոնների, հրահանգների և աշխատանքային ժամանակի ու հանգստի ժամանակի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ.

- մշակել և իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ աշխատանքի պայմանների բարելավման, վնասվածության կանխման ուղղությամբ, մանրակրկիտ քննել անվտանգության տեխնիկայի հրահանգների և կանոնների խախտման դեպքերը ու միջոցներ ձեռնարկել հայտնաբերված թերությունների վերացման համար.

- ապահովել արտադրամասերն ու տեղամասերը սարքին գործիքներով, սարքավորանքով, մեխանիզմներով և հարմարանքներով, ժամանակին մատակարարել աշխատողներին (գոյություն ունեցող չափաքանակներով) արտահագուստով, հատուկ կոշիկով, օճառով և պաշտպանիչ հարմարանքներով, հետևել դրանց ճիշտ օգտագործմանը.

- միջոցներ ձեռնարկել տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործման, ձեռքի աշխատանքի մեքենայացման համար, ժամանակին կատարել ամբարձիչ մեքենաների ու մեխանիզմների և ճնշման տակ աշխատող անոթների հերթական զննումները.

- աշխատողների համար կազմակերպել աշխատանքի պաշտպանության հրահանգների և կանոնների ուսուցում, հրահանգավորում և գիտելիքների ստուգում, աշխատանքային տեղերն ապահովել ցուցադրական ձեռնարկներով, պլակատներով, նախազգուշացնող մակագրություններով, հուշաթերթերով.

- ապահովել սանիտարա-կենցաղային շինությունների համապատասխանությունը ՇՆուԿ-92-76-ին և պահել դրանք սարքին վիճակում` պահպանելով հրդեհային անվտանգությունը:

1.10. Արտադրական տեղամասերի շինություններում, որտեղ հավաքվում են աշխատողները, պետք է լինեն անվտանգության տեխնիկայով կահավորված անկյուններ:

1.11. Աշխատողներին արտադրական սանիտարիայի և առաջին բուժօգնություն ցույց տալու կանոններն ուսուցանելու նպատակով բուժկետերի անձնակազմը պետք է ոչ պակաս, քան տարին 1 անգամ անցկացնի պարապմունքներ իրենց ծառայության բոլոր աշխատողների հետ:

 

2. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2.1. Մետրոպոլիտենի բոլոր թունելային կառույցները պետք է բավարարեն ՇՆուԿ-ով և ԳՕՍՏ-ով սահմանված պահանջները:

2.2. Կայարաններից և մերձթունելային կառույցներից թունել մտնելու տեղերում մետրոպոլիտենի գծերի մոտ պետք է տեղադրված լինեն ապահովիչ պաշտպանակներ:

2.3. Տարածքը, որտեղ տեղաբաշխված են գծի և թունելային կառույցների ծառայության ստորաբաժանումները, պետք է լինի հարթ: Փոսերը և այլ փորվածքները, որոնք պատրաստվում են տեխնիկական նպատակների համար, պետք է փակված կամ պաշտպանված լինեն:

2.4. Թունելային կառույցների տնտեսության արտադրա-ծառայողական շենքերի տարածքում գտնվող ճանապարհները և անցումները պետք է համապատասխանեն տեխնոլոգիական պահանջներին և հակահրդեհային չափաքանակներին:

2.5. Վերգետնյա տեղամասերում և էլեկտրադեպոյի տարածքում գծերի վրայով անցնել թույլատրվում է միայն հպակային ռելսի խզման տեղերում` սահմանված ծառայողական անցումներով:

2.6. Թունելային կառույցների տնտեսության տարածքը պետք է պահպանվի մաքուր վիճակում և չծանրաբեռնվի: Աղբը և արտադրական թափոնները պետք է հավաքվեն հատուկ արկղերում, որոնք պետք է տեղադրված լինեն դրանց համար հատկացված տեղերում: Արկղերը պետք է ժամանակին մաքրվեն աղբից:

2.7. Թունելներում, հպակային ռելսի վրայով անցումների տեղերում, պետք է պատրաստվեն բետոնե անցումային բանկետկաներ:

 

3. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3.1. Բոլոր արտադրական շինությունները պետք է բավարարեն արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական չափաքանակների ՍՆ 245-71-ի պահանջները:

3.2. Արտադրական և կենցաղային շինությունների հատակները պետք է պահպանվեն սարքին և մաքուր վիճակում: Հատակում եղած բոլոր խուղակներն ու խորացումները պետք է ամուր և հուսալի փակված կամ պաշտպանված լինեն:

 

4. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4.1. Յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ապահովվի հարմար աշխատատեղ, որը չպետք է սահմանափակի նոր գործողությունները աշխատանքներ կատարելու ժամանակ:

4.2. Թունելներում աշխատանքների ժամանակ օգտագործվող շարժական լաստակները, փայտամածերը և վերնակները պետք է ունենան ամուր երեսակ, պաշտպանակներ համաձայն ԳՕՍՏ 12.4.059-78-ի, ինչպես նաև շարժական հիմք, որը պետք է հանդերձավորված լինի աշխատանքային վիճակում նրան կայունություն հաղորդող հենակներով:

4.3. Աշխատանքային տեղերը և դրանց անցումները, որոնք գտնվում են 1,3մ և ավելի բարձրության վրա, պետք է պաշտպանակված լինեն ՇՆուԿ III-4-80-ի պահանջների համաձայն:

 

5. ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5.1. Մետրոպոլիտենի օբյեկտներում պետք է կիրառվեն ազդանշանային գույներ և անվտանգության նշաններ, որոնք սահմանված են ԳՕՍՏ 12.4.026-76-ով և ՕՍՏ 32.4-76-ով:

5.2. «Վտանգավոր է» նախազգուշական ազդանշանը տեղադրվում է կլոր և ուղղանկյունաձև հատվածքներով թունելների կցման տեղերում, ինչպես նաև գնացքների երթևեկության ժամանակ մարդկանց գտնվելու համար վտանգավոր վայրերում գնացքի ընթացքի աջ կողմից:

5.3. Անվտանգության նշանները տեղադրվում են այն տեղերում, որտեղ արտադրական իրադրությունը պահանջում է, որ աշխատողներին անընդհատ հիշեցվի հնարավոր վտանգի, որոշակի գործողությունների արգելման և անհատական պաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտության մասին:

 

6. ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵՂԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Հողային աշխատանքները պետք է կատարվեն համաձայն ՇՆուԿ III-4-80-ի:

6.2. Փորված խրամուղիների վրայով անցումների տեղերը պետք է սարքավորված լինեն կողքերից բազրիքներով պաշտպանակված հետիոտնային կամրջակներով` համաձայն ԳՕՍՏ 12.2.012-75-ի:

6.3. Բոլոր տեսակի հորերը պետք է պաշտպանակվեն ամբողջ պարագծով, պաշտպանիչ պաշտպանակներով հաշվի առնելով ԳՕՍՏ 23407-78-ի պահանջները:

 

7. ԼԱՍՏԱԿՆԵՐԻ, ՓԱՅՏԱՄԱԾԵՐԻ, ՎԵՐՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՄԲԱՐՁԻՉ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Մետրոպոլիտենի կայարաններում և նախասրահներում օգտագործվող լաստակները և փայտամածերը պետք է լինեն տիպային կամ պատրաստվեն ծառայության ղեկավարության կողմից հաստատված առանձին նախագծերով: Բոլոր լաստակները, փայտամածերը, կարապիկները և կախալաստակները պետք է ունենան արտադրող գործարանի կողմից տրված անձնագրեր և համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.012 և ՇՆուԿ III-4-80-ի պահանջներին:

7.2. Մինչև 4 մ բարձրություն ունեցող լաստակները և փայտամածերը թույլատրվում են շահագործման աշխատանքներ կատարողների կողմից դրանց տեխնիկական զննումից և աշխատանքների մատյանում գրանցումից հետո, իսկ 4 մ-ից բարձրի դեպքում` ծառայության գլխավոր ինժեների նշանակած հանձնաժողովի կողմից դրանց տեխնիկական զննումից և համապատասխան ակտի ձևակերպումից հետո:

7.3. Կայարանի ճակատային մասերում աշխատանքների կատարման համար նախատեսված կարկառված լաստակները տեղադրվում են բարձակների վրա, որոնց կառուցվածքը և ամրակման եղանակը պետք է բացառեն դրանց տեղաշարժվելու կամ շրջվելու հնարավորությունը: Կարկառված լաստակների դիմկալները բարձակների հետ ամրացվում են թործերով հեղյուսների կամ երկաթակապերի տեղադրմամբ:

7.4. Փայտամածերը, որոնք նախատեսված են եռաժապավեն կամ քառաժապավեն շարժասանդուղքների թեք անցումներում նորոգման աշխատանքների կատարման համար, պետք է պատրաստվեն միայն էլեկտրամեխանիկական ծառայության հետ համաձայնեցված և հաստատված նախագծերով:

7.5. Արգելվում է շարժասանդուղքների աստիճաններին և ժապավեններին հենվող ինքնաշեն փայտամածերի և կարճասյուների օգտագործումը:

7.6. Փոխագուցավոր վերնակները, որոնք նախատեսված են թունելներում, կայարաններում, նախասրահներում և մետրոպոլիտենի այլ շենքերում ու կառույցներում նորոգման աշխատանքների կատարման համար, պետք է պատրաստվեն հաստատված նախագծերով: Յուրաքանչյուր վերնակ և փայտամածերի լրակազմ պետք է ունենա անձնագիր և շահագործման մասին հրահանգ:

7.7. Փոխագուցավոր վերնակների վրա տեղադրված ձեռքի շարժաբերով կարապիկները պետք է սարքավորված լինեն անվտանգ բռնակներով, որոնց կառուցվածքը թույլ է տալիս բարձրացումն ու իջեցումը կատարել միայն բռնակի անընդհատ պտտման դեպքում:

7.8. Փոխադրովի փայտե աստիճանները և բացովի զուգասանդուղքները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.012-75-ի պահանջներին:

 

8. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8.1. Մետրոպոլիտենի ստորգետնյա գծերում արտադրական և օժանդակ տարածքները պետք է ունենան բանվորական և վթարային լուսավորություն:

8.2. Լյումինիսցենտային լամպերի դեպքում բանվորական լուսավորությունը պետք է համապատասխանի ՇՆուԿ II-4-79-ի պահանջներին:

8.3. Բնական և արհեստական լուսավորությունը պետք է համապատասխանի երկաթուղային տրանսպորտի օբյեկտների արհեստական լուսավորության ճյուղային չափաքանակներին:

8.4. Արհեստական լուսավորությունը պետք է ստեղծվի շիկացման և լյումինիսցենտային լամպերով ընդհանուր լուսավորության տեսքով, լուսաատուների և համակցված (ընդհանուր գումարած տեղային) լուսավորության հավասարաչափ կամ տեղայնացված տեղաբաշխումով: Չի թույլատրվում միայն մեկ տեղային լուսավորության կիրառումը:

8.5. Թունելներում կատարվող աշխատանքների ժամանակ պետք է միացվեն բանվորական և լրացուցիչ լուսավորությունները:

8.6. Կայարաններում, անցումներում, նախասրահներում աշխատանքների ժամանակ պետք է միացվի ընդհանուր լուսավորությունը, անբավարար լուսավորված տեղերում պետք է միացվեն լրացուցիչ փոխադրովի լուսատուներ:

8.7. Ուղղաձիգ հարթության մեջ լուսավորության ժամանակ, թունելներում աշխատանքները թույլատրվում են տարբեր կողմնորոշված աշխատանքային մակերևույթի մակարդակի վրա, համաձայն «Բնական և արհեստական լուսավորություն» ՇՆուԿ II-4-79-ի:

 

9. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ԵՎ ՎԻԲՐԱՑԻԱՅԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9.1. Հետահար մուրճերով և այլ գործիքներով աշխատելու դեպքում, որոնք առաջացնում են աղմուկ և վիբրացիա, աշխատանքների ղեկավարները աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծման համար պարտավոր են ապահովել ԳՕՍՏ 12.1.012-90-ի և ԳՕՍՏ 12.1.003-83-ի պահանջների կատարումը.

- կիրառել վիբրապաշտպանիչ միջոցներ.

- պահպանել գործիքների տեխնիկական վիճակը նրանց տեխնիկական փաստաթղթերին համապատասխան.

- մտցնել աշխատանքի ռեժիմ, որը կարգավորում է աշխատողների վրա վիբրացիայի ազդեցության տևողությունը:

9.2. Կայարանի արտադրական և տեխնիկական շինություններում աղմուկի մակարդակը իջեցնելու համար պահանջվում է.

- երեսապատել շինությունների ներքին մակերևույթները ձայնակլանիչ նյութերով.

- մեկուսացնել հատվածամասերում և պատյաններում աղմուկ առաջացնող ագրեգատները կամ նրանց առանձին հանգույցները:

 

10. ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԶՆՆՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10.1. Կամուրջների սյունամեջային շինությունները զննելու համար ներքևի մասից պետք է նախատեսված լինեն շարժական սայլակների, կախովի փայտամածերի, հետգցովի հենահարթակների տեսքով հատուկ հարմարանքներ:

10.2. Հենարանային մասերի և ենթաֆերմային հարթակների զննման ու պահպանման համար կամուրջները պետք է ունենան պաշտպանակող բազրիքներ ենթաֆերմային հարթակների ամբողջ պարագծով` համաձայն ԳՕՍՏ 12.4.059-78-ի և իջեցման աստիճաններ կամուրջի երթևեկելի մասի մակարդակից:

10.3. Գետերի վրայով անցնող կամուրջների վրա մշտական պետք է լինեն փրկարար հարմարանքներ` փրկարար շրջանակներ, պարան և այլն:

 

11. ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11.1. Շահագործման են թույլատրվում այն մեքենաները, մեխանիզմները և սարքավորանքը, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ 12.2.003-91-ի պահանջներին, զննված և փորձարկված են սահմանված կարգով:

11.2. Մեքենաների և ագրեգատների վրա տեղադրված էլեկտրակայանները, էլեկտրաշարժիչներին ու էլեկտրական ապարատները պետք է հողակցված լինեն մեքենայի, ագրեգատի շրջանակին և համապատասխանեն «Էլեկտրակայանքների կառուցվածքի կանոններին» (ԷԿԿ):

11.3. Կայարանի գծային պատերը լվանալու համար մեքենային ներկայացվում են հետևյալ պահանջները.

- ներքին այրման շարժիչներից արտանետված գազերը պետք է դուրս բերվեն արտաքին միջավայր.

- խցիկները պետք է ապահովված լինեն հակահրդեհային միջոցներով կրակմարիչներով, բահով և ավազ ունեցող արկղով:

11.4. Թունելներում և վերգետնյա տեղամասերում օգտագործվող ամբարձիչ մեխանիզմները պետք է համապատասխանեն «Վերամբարձ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնների» և ԳՕՍՏ 12.2.012-75-ի պահանջներին:

 

12. ԷԼԵԿՏՐԱԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12.1. Էլեկտրագործիքները պետք է բավարարեն ԳՕՍՏ 12.2.013-75-ի պահանջները, համապատասխանեն «Սպառիչների էլեկտրակայանքների տեխնիկական շահագործման կանոններին» և «Սպառիչների էլեկտրակայանքների շահագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններին»:

12.2. Էլեկտրագործիքների և շարժական էլեկտրական լուսատուների սարքին վիճակի ու պահպանվածության հսկողությունն իրականացնում են վարպետները և անվտանգության տեխնիկայի գծով III-ից ոչ ցածր որակավորման խումբ ունեցող աշխատողները:

12.3. Արգելվում է օգտագործել անսարքություններ ունեցող էլեկտրագործիքները աշխատանքի համար:

12.4. Բոլոր էլեկտրագործիքները պետք է ունենան հերթական համարի նշումով դրոշմվածքներ:

12.5. Էլեկտրագործիքների յուրաքանչյուր հանձնում աշխատողին պետք է գրանցվի էլեկտրագործիքների հանձնման մատյանում:

 

13. ՊՆԵՎՄԱԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13.1. Պնևմագործիքների (հորատիչների, հետահար մուրճերի) կառուցվածքը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 17.770-72-ի, ԳՕՍՏ 12.2.010-75-ի պահանջներին և ապահովի աշխատողի ձեռքերի վիբրապաշտպանությունը: Հարվածային գործողության գործիքները պետք է ունենան սարքավորումներ, որոնք բացառեն բանող մասերի ինքնաբերաբար դուրս թռչելը պարապ հարվածների դեպքում:

13.2. Բոլոր պնևմագործիքները պետք է ունենան վիբրացիայի պարամետրերի նշումով անձնագրեր:

13.3. Արհեստական կառույցների շահագործման և նորոգման ժամանակ օգտագործվող փոխադրովի օդային կոմպրեսորները պետք է համապատասխանեն «Ճնշման տակ աշխատող անոթների կառուցվածքի անվտանգ շահագործման կանոններ» և ԳՕՍՏ 12.2.016-81-ի պահանջներին:

13.4. Ցեմենտային շաղախների լցամղման համար օգտագործվող շաղախապոմպերն ու շաղախատաքացուցիչները աշխատանքից առաջ պետք է փորձարկվեն բանվորական ճնշումը 1,5 անգամ գերազանցող ճնշումով կազմելով փորձարկման ակտ:

 

14. ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14.1. Արտադրական սարքավորանքի շարժվող մասերը պետք է ունենան պաշտպանիչ պաշտպանակներ: Պաշտպանակներն արտադրական սարքավորանքի հետ պետք է կազմեն օրգանական ամբողջություն և համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.003-91-ին և ԳՕՍՏ 12.2.062-81-ին:

14.2. Պաշտպանակող սարքավորումների կառուցվածքը և ամրակցումը պետք է բացառեն աշխատողի և պաշտպանակի հանկարծակի հպման հնարավորությունը սարքավորանքը պաշտպանակվող մասերի հետ:

14.3. Պարբերաբար ձեռքով բացվող պաշտպանակները ԳՕՍՏ 12.4.026-76-ի համաձայն ներսից պետք է ներկված լինեն ազդանշանային գույնով: Դրսի կողմի վրա պատկերում են նախազգուշացնող նշան:

14.4 Սարքավորանքի պտտվող լիսեռների և պտուտակների դուրս ընկած ծայրերը պետք է փակված լինեն փակ անշարժ պատյաններով:

14.5. Բռնակները, թափանիվները, լծակները և սարքավորանքի կառավարման այլ մասերը պետք է ունենան հուսալի սևեռիչներ, որոնք բացառեն ինքնաբեր կամ հանկարծակի տեղաշարժը և գտնվեն աշխատանքային տեղի սահմաններում: Կառավարման օրգանների նշանակությունը ԳՕՍՏ 12.4.040-78-ի համաձայն պետք է նշվի մակագրություններով կամ սիմվոլներով:

14.6. Հաստոցները ԳՕՍՏ 12.2.009-80-ի համաձայն պետք է սարքավորված լինեն էկրաններով:

 

15. ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐԻ ՆԵՐԿՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15.1. «Ազդանշանային գույներ և անվտանգության նշաններ» ԳՕՍՏ-ի 12.4.026-76-ի համաձայն ազդանշանային գույները հարկավոր է կիրառել կառուցվածքների, հարմարանքների և արտադրական սարքավորանքի տարրերի մակերևույթների համար, որոնք կարող են վտանգի աղբյուրներ հանդիսանալ աշխատողների, ինչպես նաև հրշեջ տեխնիկայի համար:

 

16. ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16.1. Սարքավորանքը, մեխանիզմները և մեքենայացված գործիքները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.003-91-ի պահանջներին և կցված լինեն դրանց տեխնիկական վիճակի համար պատասխանատու աշխատողներին: Բացառիկ դեպքերում թույլատրվում է իրենց չկցված սարքավորանքով, մեխանիզմով կամ գործիքներով նույն որակավորում ունեցող այլ աշխատողներին ներգրավել աշխատանքի, աշխատանքների ղեկավարի կարգադրությամբ` այդ գործիքներով, սարքավորանքով կամ մեխանիզմով աշխատելու ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններից տվյալ աշխատողների գիտելիքների ստուգումից հետո:

Անշարժ տեղակայված հաստոցների և մեխանիզմների մոտ պետք է փակցված լինեն ցուցանակներ, որոնցում լինեն տեխնիկական վիճակի համար պատասխանատուների և այդ մեխանիզմների վրա աշխատանքի թույլատրված անձանց ցուցակը:

16.2. Արհեստական կառույցների շահագործման և նորոգման ժամանակ օգտագործվող էլեկտրասարքավորանքի և մեխանիզմների անսարքությունների վերացման աշխատանքները պետք է կատարվեն դրանց լրիվ կանգառից և լարման անջատումից հետո:

16.3. Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն մեխանիզմների, սարքավորանքի, աշխատանքային տեղերի մաքրման համար նախատեսված հարմարանքներով և գույքով:

Հաստոցները և բանվորական տեղերը թեփից և փոշուց մաքրելու համար սեղմած օդի օգտագործումն արգելվում է:

 

17. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

17.1. Ոչ ստանդարտ սարքավորանքով և մեխանիզմներով թունելային կառույցների նորոգման և պահպանման աշխատանքների կատարման ժամանակ պատասխանատու անձ է հանդիսանում աշխատանքների ղեկավարը, որը նշանակվում է թունելային կառույցների ուղեմասի պետի կողմից:

Սպասարկող անձնակազմը պարբերաբար ստուգվում է սարքավորանքի և մեխանիզմների շահագործման, հակահրդեհային անվտանգության համապատասխան հրահանգների և կանոնների պահանջների գիտելիքներից երկաթուղային տրանսպորտի աշխատողներին աշխատանքի պաշտպանության գիտելիքների ուսուցման, ստուգման և հրահանգավորման կարգի մասին հրահանգչական ցուցումներին համապատասխան:

17.2. Ոչ ստանդարտ սարքավորանքի և մեխանիզմների օգնությամբ կատարվող աշխատանքները ղեկավարում են.

- թունելների լվացման լվացող ագրեգատինը` լվացող ագրեգատի մեքենավարը.

- կայարանների գծային պատերը լվացող մեքենայինը` լվացող մեքենայի մեքենավարը.

- թունելներից աղբ, արտադրական թափոններ և այլ տեսակի բեռներ հանող շարժական կռունկինը` թունելային վարպետի օգնականը, որը հանձնաժողովում ատեստավորված է որպես կռունկներով բեռների տեղափոխման աշխատանքների անվտանգ կատարման պատասխանատու:

17.3. Ոչ աշխատանքային վիճակում ոչ ստանդարտ սարքավորանքն ու մեխանիզմները գնացքի կազմով ընթանալիս, նրանց բոլոր մասերը պետք է բերվեն տրանսպորտային վիճակի և ամրակցվեն տվյալ սարքավորանքի և մեխանիզմների շահագործման հրահանգներին համապատասխան:

 

18. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԼՎԱՑՈՂ ԱԳՐԵԳԱՏՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

18.1. Լվացող ագրեգատով թունելների լվացումը պետք է կատարվի միայն լարումը հպակային ռելսից հանելուց և հպակային ռելսը կարճ միացնելուց հետո:

18.2. Աշխատանքների ղեկավարը պետք է գտնվի ագրեգատի խցիկում և հետևի թունելի լվացման աշխատանքին:

 

19. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԼՎԱՑՈՂ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

19.1. Լվացող մեքենայով գծային պատերի լվացումը պետք է կատարվի միայն լարումը հանելուց և հպակային ռելսը հողակցելուց հետո:

19.2. Աշխատանքները ավարտելուց հետո մեքենան պետք է բերվի տրանսպորտային վիճակի:

 

20. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՑՔԻ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԿՌՈՒՆԿԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

20.1. Կռունկը աշխատանքային վայր և հետ պետք է փոխադրվի ամրացված և գծի երկայնքով ուղղված սլաքով:

20.2. Մինչև տնտեսական գնացքի լրիվ կանգնելն արգելվում է կռունկը դուրս բերել տրանսպորտային վիճակից:

20.3. Թույլատրվում է աշխատանքները սկսել միայն աշխատանքների ղեկավարի ցուցումով:

Բոլոր բեռնման-բեռնաթափման աշխատանքները պետք է կատարվեն ԳՕՍՏ 12.3.009-76-ի պահանջներին համապատասխան:

20.4. Թույլատրվում է կռունկի վրա աշխատել այն անձանց, ովքեր ունեն կռունկի կառավարման իրավունք:

20.5. Արգելվում է աշխատանքների կատարման գոտում կողմնակի անձանց գտնվելը:

20.6. Կռունկի բեռնաբռնիչ հարմարանքները պետք է տեղադրվեն ուղղահայաց դիրքով` բարձրացման ենթակա բեռից վերև:

20.7. Արգելվում է բարձրացնել կռունկի ամբարձունակությունը գերազանցող բեռով կոնտեյներներ:

 

21. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՄԱՐՄԱՐԻ ՈՂՈՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

21.1. Արգելվում է մարդկանց գտնվելը մեխանիզմների և հաստոցների աշխատանքի գոտում: Արգելվում է կատարել մեխանիզմի կամ հաստոցի տեղաշարժ բանվորական մասերի պտույտի ժամանակ:

21.2. Էլեկտրաֆիկացված մեխանիզմները և հաստոցները պետք է հողակցված լինեն:

21.3. Մարմարի ողորկման էլեկտրաֆիկացված մեխանիզմների և հաստոցների վրա աշխատելիս աշխատողները պետք է ապահովված լինեն մեկուսիչ պաշտպանական միջոցներով. դիէլեկտրիկ ձեռնոցներով, կրկնակոշիկներով, մեկուսիչ տակդիրներով և համապատասխան արտահագուստով:

 

22. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՆԱԿՆԵՐԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

22.1. Թունելներում և կայարաններում գծերի վրա վերնակի տեղադրումը և դրա վրայից աշխատանքների կատարումը թույլատրվում է միայն հպակային ռելսից լարումը հանելուց և աշխատանքների կատարման տեղերը կանգառի շարժական ազդանշաններով պաշտպանակելուց հետո մետրոպոլիտենի ՏՇԿ-ին, Մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգին և Մետրոպոլիտենում գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգին համապատասխան:

22.2. Արգելվում է տեղաշարժել վերնակները, դրանց վրա մարդկանց գտնվելու ժամանակ:

22.3. Գնացքի կազմում վերնակները տեղափոխելու ժամանակ դրանց բոլոր աշխատող մասերը պետք է բերվեն տրանսպորտային վիճակի և ամրակվեն իրենց շահագործման հրահանգներին համապատասխան:

22.4. Վերնակների հավաքման, քանդման և տեղափոխման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն աշխատանքների ղեկավարի կամ հատուկ ուսուցանված և նշանակված աշխատողի ղեկավարությամբ:

22.5. Վերնակից աշխատանքներ կատարել թույլատրվում է միայն հրահանգավորված աշխատողներին:

 

23. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՎԱՔԻՉՆԵՐԻ ԵՎ ՀՈՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

23.1. Աշխատողները, որոնք աշխատելու են դիտարկման հորերում, կաբելային հավաքիչներում, պետք է հրահանգավորված և ուսուցանված լինեն աշխատանքի անվտանգ մեթոդներին: Հավաքիչների մաքրման հետ կապված աշխատանքները պետք է կատարվեն ըստ կարգագրերի (ՏՆՈՒ-15 տպաձև):

23.2. Աշխատանքների կատարման տեղը պետք է պաշտպանակված լինի ՇՆուԿ-ի և «Մետրոպոլիտենում ազդանշանման հրահանգի» պահանջներին համապատասխան: Արգելվում է աշխատանքի անցնել մինչ պաշտպանակ տեղադրելը:

23.3. Աշխատանքը հորերում և հավաքիչներում պետք է իրականացվի պաշտպանիչ սաղավարտներ կրելով (ԳՕՍՏ 12.4.087-80) բրիգադավարի ղեկավարությամբ:

23.4. Դիտարկման հոր իջնելու հետ կապված աշխատանքներին թույլատրվում է երեք հոգուց կազմված բրիգադը, որոնցից մեկն աշխատում է հորում, իսկ մյուս երկուսը գտնվում են վերևում: Վերևում գտնվող աշխատողներից մեկը պարտավոր է անընդհատ հետևել հորում գտնվող աշխատողին:

23.5. Հորերում և հավաքիչներում աշխատելիս բրիգադը պետք է ունենա.

- ԳՕՍՏ 12.4.089-80-ի համաձայն փորձարկված ապահովիչ գոտիներն իր պարաններով.

- ճկափողերով մեկուսացնող հակագազեր.

- «Դևի» լամպիկ կամ գազաանալիզատոր.

- ազդանշանային պարան:

23.6. Արգելվում է աշխատանքներ սկսել հավաքակայանային գծերում գտնվող հորերում և կոլեկտորներում, առանց այդ տեղամասում գնացքների երթևեկությունը փակելու:

23.7. Թունելներում գործող, գծերի վերևում գտնվող անցքերի կափարիչները թույլատրվում է բացել միայն հպակային ռելսից լարումը հանելուց և գնացքների երթևեկությունը փակելուց հետո:

23.8. Աշխատողին հորի մեջ իջեցնելուց առաջ անհրաժեշտ է կատարել օդափոխում, այնուհետև գազաանալիզատորով ստուգել օդը: Արգելվում է գազի բացակայությունը ստուգել հոտառությամբ կամ բաց կրակով:

Արգելվում է աշխատողներին իջնել հորի մեջ մինչ այնտեղից գազի լրիվ հեռացումը:

23.9. Արգելվում է նյութերի և գործիքների պահեստավորումը հորի բկանցքից 3 մ-ից մոտ հեռավորության վրա:

23.10. Արգելվում է հորերը մակերեսից մաքրել շերեփներով, առանց հորերի և հավաքիչների նախնական օդափոխման:

 

24. ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ԵՎ ԿԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24.1. Թունելների, կայարանների կառամատույցների և գծերի լվացումը ձեռքով կամ մեքենայացված եղանակով, թույլատրվում է միայն հպակային ռելսից լարումը հանելուց հետո:

24.2. Կաբելային հավաքիչների և թեք անցումների լվացումը պետք է իրականացնեն երկու աշխատող: Աշխատողները պետք է կրեն պաշտպանիչ սաղավարտներ:

24.3. Շարժասանդուղքային թունելների (թեք անցումների) լվացումը պետք է իրականացվի շարժասանդուղքների ժապավենների շարժաբերներն անջատված լինելու դեպքում: Փակ դրենաժների լվացումը թեք անցումով պետք է իրականացվի վերին կետից դեպի ներքև:

24.4. Կայարանների դրենաժների և հորերի լվացումը պետք է իրականացվի ուղևորների մուտքը դեպի կայարան փակելուց հետո:

24.5. Ճկափողերի տեղափոխումը կայարանամեջ պետք է իրականացվի հատուկ սայլակով (մոդեռնով), երկու աշխատողների միջոցով:

 

25. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԷԼԵԿՏՐԱԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

25.1. Էլեկտրաենթակայաններում աշխատել թույլատրվում է 18 տարին լրացած այն անձանց, որոնց ուսուցանվել է աշխատանքի անվտանգ մեթոդները, էլեկտրական հոսանքից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու եղանակները, ստուգվել նրանց գիտելիքները և շնորհվել անվտանգության տեխնիկայի որակավորման խումբ:

25.2. Շինություններում էլեկտրասարքավորանքի հետ աշխատանքները կատարվում են սահմանված կարգով սպառիչների էլեկտրակայանքների ՏՇԿ-ի և ԱՏԿ-ի պահանջների համաձայն:

25.3. Էլեկտրաենթակայանների շինություններում և էլեկտրակայանքների բաց մասերում բոլոր շինարարական աշխատանքները պետք է կատարվեն միայն ենթակայանի հատուկ հերթապահ անձնակազմի ուղեկցությամբ և տեխնիկական հսկողությամբ սպառիչների էլեկտրակայանքների ՏՇԿ-ի և ԱՏԿ-ի պահանջներին համապատասխան:

25.4. Շինության ներսում աշխատանքի կատարման տեղը հոսանքատար մասերից պետք է բոլոր կողմերից առանձնացվի պաշտպանակներով և տեսանելի տեղերում կախված պլակատներով` սպառիչների էլեկտրակայանքների ՏՇԿ-ի և ԱՏԿ-ի պահանջներին համապատասխան:

25.5. Լարման տակ գտնվող սարքավորանքից հեռու տեղերում աշխատանքները (դռների, կողպեքների, լուսամուտի ապակեկալների, պատերի նորոգում) կատարվում են էլեկտրաենթակայանների և ցանցերի ուղեմասի աշխատողի հսկողությամբ, առանց լարման անջատման:

 

26. ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26.1. Կամուրջի վրա աշխատատեղի կազմակերպումը պետք է համապատասխանի ՇՆուԿ III-4-80-ի և ԳՕՍՏ 12.3.002-75-ի պահանջներին:

26.2. Կամուրջի երթևեկելի մասում` աշխատանքները սկսելուց առաջ, աշխատանքների ղեկավարը պարտավոր է յուրաքանչյուր աշխատողին ցույց տալ գործիքների ու նյութերի պահեստավորման տեղը և գնացքի մոտենալու ժամանակ նրանց պատսպարվելու տեղը:

26.3. 5մ-ից ավել բարձրություն ունեցող թռիչքային կառույցների մաքրման և ներկման աշխատանքներ կատարել թույլատրվում է այն աշխատողներին, որոնք անցել են բժշկական զննություն և ունեն բարձրադիր տեղերում աշխատանքներ կատարելու իրավունք:

26.4. Բարձրության վրա թռիչքային կառույցները մաքրելու կամ ներկելու ժամանակ աշխատողները պետք է գտնվեն լաստակների վրա հատուկ կախասայլակների կամ դիտասայլակների մեջ:

Բազրիքային պաշտպանակ չունեցող լաստակի վրայից աշխատանքներ կատարելու ժամանակ պետք է կիրառվեն ապահովիչ գոտիներ:

26.5. Կախասայլակները բարձրացնելու և իջեցնելու համար պետք է օգտագործվեն ձեռքի կարապիկներ, որոնք տեղադրվում են հենց կախասայլակների կամ սարքավորանքի մոտեցման եզրաչափքից դուրս գտնվող թռիչքային կառույցի վրա: Կարապիկը թռիչքային կառույցին պետք է ամրացնել անուրներով կամ հեղյուսներով:

26.6. Բարձրանալու և իջնելու համար ճոպանները պետք է անցկացվեն հուսալի ձևով ամրակցված ճախարակների վրայով: Ճոպանների վնասվածքները կանխելու նպատակով պետք է միջոցներ ձեռք առնել, որպեսզի դրանք չշփվեն կառուցվածքի տարրերին:

26.7. Լաստակների և կախասայլակների վիճակը պետք է ամեն օր, մինչ աշխատանքները սկսելը, ստուգվի վարպետի կողմից: Ոչ աշխատանքային ժամերին կարապիկը պետք է գտնվի այնպիսի դիրքում, որպեսզի ոչ մի կողմնակի մարդ չկարողանա այն գործի դնել:

26.8. Արգելվում է կախովի լաստակներից և կախասայլակներից թռիչքային կառույցների մաքրման կամ ներկման աշխատանքներ կատարել, եթե տվյալ պահին քամու արագությունը 10 մ/վրկ-ից ավելի է:

26.9. Կամուրջները ներկելու նպատակով ներկաբաղադրանյութեր պատրաստելու համար, արգելվում է որպես լուծիչներ կիրառել այնպիսի նյութեր, որոնք նախատեսված չեն տեխնոլոգիական կանոններով:

26.10. Վնասակար և դյուրավառ նյութերով ներկաբաղադրանյութեր պատրաստել թույլատրվում է այն աշխատողներին, որոնք անցել են հատուկ ուսուցում:

26.11. Թռիչքային կառույցներ ներկելու համար նախատեսված օդաճնշիչ սարքավորանքը (ատրճանակ-փոշիացուցիչ, մղիչ տակառներ, կոմպրեսորներ և այլն) պետք է փորձարկվի բանվորական ճնշումը 1,5 անգամ գերազանցող ճնշումով, կազմելով համապատասխան ակտ, և աշխատանքները սկսելուց առաջ նորից փորձարկվի:

26.12. Բոլոր տեսակի ներկման աշխատանքները պետք է կատարվեն Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների ներկման արտադրամասերի և տեղամասերի համար անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի կանոնների լրիվ համապատասխանությամբ:

 

27. ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԽՑԱԿԱԼԻՉ ՇԱՂԱԽՆԵՐԻ ՄՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27.1. Խցակալիչ շաղախները պետք է մղվեն օդաճնշիչ գործողության շաղախամղիչներով և մեխանիկական գործողության շաղախապոմպերով: Արգելվում է աշխատել պաշտպանակման պատյանները հանված շաղախամղիչներով և շաղախապոմպերով:

27.2. Օդաճնշիչ գործողության շաղախամղիչները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.003-91-ին և ունենան անձնագիր: Շաղախամղիչները և շաղախապոմպերը պետք է սարքավորված լինեն բանվորական ճնշումը չափելու ճնշաչափով:

27.3. Երեսարկի մեջ, նրա հետին մասում և ապարի մեջ լրացուցիչ ագրեգատներից շաղախ մատուցող շաղախատարները` պետք է հաշվարկված և փորձարկված լինեն այնպիսի ճնշմամբ, որը առավելագույն բանվորական ճնշումը գերազանցի 1,5 անգամ:

27.4. Խցակալիչ շաղախների մղման աշխատանքներն իրականացնող աշխատողները պետք է ապահովված լինեն չփշրվող ապակիներ ունեցող ապահովիչ ակնոցներով և ռետինե ձեռնոցներով:

27.5. Աշխատանքների կատարման վայրի լուսավորությունը պետք է համապատասխանի ՇՆուԿ III-4-80-ի պահանջներին:

27.6. Բարձրության վրա դեպի երեսարկի հետին մաս շաղախի մղումը պետք է կատարվի ստուգված (փորձարկված) վերնակներից և լաստակներից: Արգելվում է հենովի սանդուղքներ օգտագործել խցակալիչ շաղախ մղելու ժամանակ:

27.7. Խցակալիչ շաղախներում, որպես հավելույթ, տարբեր քիմիական նյութերի օգտագործման ժամանակ պետք է խստիվ պահպանել դրանց հետ վարվելու կանոններն ու պահանջները և արտադրող գործարանի հանձնարարականները, ինչպես նաև մետրոպոլիտենի սանիտարա-համաճարակաբանական կայանի պահանջները:

27.8. Շաղախամղիչներում և շաղախապոմպերում ճնշումը չպետք է գերազանցի դրանց անձնագրերով սահմանված բանվորական ճնշումը:

27.9. Աշխատանքային վիճակում շաղախատարի ճկափողերը չպետք է ունենան ուղիղ կամ սուր անկյան տակ ծալատեղեր:

27.10. Շաղախամղիչների և շաղախապոմպերի մաքրումն ու դրանց անջատումը շաղախատարներից անհրաժեշտ է կատարել ցանցում ճնշումը հանելուց և էլեկտրաշարժիչը անջատելուց հետո:

27.11. Մղման աշխատանքներն ավարտելուց հետո տյուբինգների մեջ տեղադրվում են մետաղյա խցաններ պտուտակելով դրանք մինչև պարուրակի վերջը:

 

28. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀՈՐԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

28.1. Ձեռքի հորատման գործիքներով (հորատիչներով, պնևմա և էլեկտրագայլիկոններով) 1,5 մ-ից ավել բարձրության վրա պայթանցքերի և հորատանցքերի հորատումը թույլատրվում է միայն գույքային լաստակներից կամ վերնակներից:

28.2. Աչքերը աղտոտվելուց պաշտպանելու համար աշխատողները պարտավոր են կրել պաշտպանիչ ակնոցներ:

28.3. Լռված հորատների դուրս հանումը պայթանցքերից թույլատրվում է միայն հորատային բանալու միջոցով:

28.4. Էլեկտրագործիքով պայթանցքեր կամ հորատանցքեր հորատելու ժամանակ աշխատողները պարտավոր են օգտագործել փորձարկված էլեկտրամեկուսիչ ձեռնոցներ և կրկնակոշիկներ:

28.5. Օդաճնշիչ գործիքն օդատարի հետ միացնող ճկափողի երկարությունը պետք է բավականացնի աշխատանքներն ազատ, անկաշկանդ կատարելու համար:

28.6. Ճկափողերը պետք է լինեն ամուր, սարքին, ազատ փռված առանց ծալատեղերի, աշխատանքի ընթացքում պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից: Արգելվում է անցումներով ճկափողեր անցկացումը: Չի թույլատրվում օդաճնշիչ գործիքների, ճկափողերի հատումը ճոպաններով, էլեկտրակաբելներով և էլեկտրաեռակցման հաղորդալարերով:

28.7. Ճկափողերի միացումն ու անջատումը թույլատրվում է միայն օդի մատուցումը դադարեցնելուց և ցանցում ճնշումը հանելուց հետո: Ճկափողը գործիքին միացնելուց առաջ պետք է փչամաքրվի սեղմված օդով:

28.8. Օդաճնշիչ գործիքների հետ օդի ճկափողերի միացման և ճկափողերի միմյանց հետ միացման տեղերը չպետք է օդ բաց թողնեն: Ճկափողերը խողովակապտուկներին և նիպելներին պետք է ամրացվեն ստանդարտ անուրներով:

28.9. Սեղմված օդի խողովակաշարերին ճկափողերի միացումը թույլատրվում է միայն օդաբաշխիչ տուփերի կամ մայրուղիների ճյուղերի վրա տեղադրված փականների միջոցով:

28.10. Ոչ աշխատանքային ժամերին ճկափողերն անհրաժեշտ է պահել փակ շինությունում:

 

29. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՏՅՈՒԲԻՆԳԱՅԻՆ ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ՀԵՂՅՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԽՑԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

29.1. Թունելի հորիզոնական տրամագծից բարձր մասերում հեղյուսների և խցանների փոխարինման աշխատանքները պետք է կատարվեն շարժական վերնակներից:

29.2. Արգելվում է հեղյուսների և խցանների փոխարինման աշխատանքներ կատարել մեկը մյուսի վրա գտնվող լաստակներով աշխատողների առկայության դեպքում:

29.3. Այն տեղամասում, որտեղ առկա են լարման տակ գտնվող հաղորդալարեր կամ կաբելներ, առանց ծառայության տեխնիկական հսկողությունն իրականացնող աշխատողի, որի տնօրինության տակ են գտնվում տվյալ հաղորդակցուղիները, խստիվ արգելվում է աշխատանքների կատարումը:

29.4. Աշխատողները, որոնք զբաղվում են հեղյուսների և խցանների փոխարինման, տեղափոխման աշխատանքներով, պետք է ապահովված լինեն բրեզենտե թաթմաններով:

29.5. Հեղյուսները և խցանները ներկելու համար օգտագործվող լաքը պետք է պահվի հերմետիկ փակ մետաղյա անոթներում, յուրաքանչյուր հերթափոխի համար 1-2 կգ-ից ավել քանակությամբ:

29.6. Արգելվում է օգտվել բաց կրակից լաքը օգտագործելու տեղերում, ինչպես նաև լաքի դատարկ տարաների մոտակայքում:

 

30. ՏՅՈՒԲԻՆԳՆԵՐԻ ԱՌՎԱԿՆԵՐԻ ՑԵՄԵՆՏԱ-ՄԱԾԻԿԱՅԻՆ ԽՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30.1. Կամարի վերևի մասում խցվածքի նորոգման աշխատանքը պետք է կատարվի շարժական վերնակներից կամ լաստակներից:

30.2. Խցվածքի վրա աշխատողը պետք է ապահովված լինի պաշտպանիչ ակնոցներով և ձեռնոցներով ցեմենտե մածիկ պատրաստելու և լցնելու համար:

30.3. Քարտաշիչները, մուրճերը, խցման ու այլ գործիքները պետք է սարքին լինեն և համապատասխանեն անվտանգության տեխնիկայի պահանջներին:

30.4. Հին մածիկը առվակներից հեռացվում է վերևից ներքև, մեքենայացված եղանակով կամ ձեռքով:

 

31. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

31.1. Բիտումային մաստիկայի պատրաստումը և դրա կիրառությամբ աշխատանքների կատարումը պետք է բավարարեն «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» ՇՆուԿ III-4-80-ի պահանջներին:

31.2. Փակ շինություններում էլեկտրաբիտումաեփ տեղադրելու դեպքում պետք է ապահովված լինի օդափոխումը:

31.3. Տաք մաստիկայով աշխատանքներ կատարել թույլատրվում է բժշկական զննություն անցած աշխատողներին:

31.4. Էլեկտրաբիտումաեփը էլեկտրական շղթային պետք է միացնել անջատված անջատոցի դեպքում` աշխատողների կողմից, որոնք պետք է կրեն էլեկտրամեկուսիչ ձեռնոցներ և կրկնակոշիկներ: Էլեկտրասարքավորանքի հետ աշխատելու թույլատրված անձինք որակավորման հանձնաժողովի կողմից պետք է ստուգվեն «Սպառիչների էլեկտրակայանքների շահագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների» իմացությունից:

Հորաններում կամ թունելներում աշխատանքների իրականացման ժամանակ միացումը կատարվում է ճանապարհային արկղին խրոցակային երկժանիով (կցուրդով): Աշխատողները պետք է ապահովված լինեն դիէլեկտրիկ ձեռնոցներով, կրկնակոշիկներով և պաշտպանիչ ակնոցներով:

31.5. Տաք բիտումով աշխատողները պետք է ապահովված լինեն բրեզենտե հագուստով, պաշտպանիչ ակնոցներով և բրեզենտե թաթմաններով:

31.6. Թույլատրվում է տաք բիտումը տեղափոխել հերմետիկ կափարիչներ ունեցող ամուր, ջերմամեկուսացված մետաղյա ամաններով:

31.7. Կրակային և եռակցման աշխատանքների իրականացումը թույլատրվում է միայն մետրոպոլիտենի ռազմականացված հրշեջ պահպանության բաժնի հետ համաձայնեցնելուց հետո:

31.8. Մեկուսիչի շերտերի նորոգման ժամանակ տաքացման նպատակով զոդալամպերի կամ գազայրոցների կիրառման դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ պահանջները. աշխատանքները կատարել վարպետի օգնականի ներկայությամբ և աշխատանքի վայրում հրդեհաշրջման միջոցների առկայության դեպքում, աշխատանքների կատարմանը թույլատրել միայն ուսուցանված և փորձառու աշխատողներին:

31.9. Բացօդյա պայմաններում մեկուսացվող մակերևույթի վրա բիտում քսելու ժամանակ աշխատողները պետք է գտնվեն քամու հակառակ կողմում:

31.10. Էպոքսիդային խեժով, էթինոլով, հերմետիկներով և այլ պոլիմերային նյութերով ջրամեկուսիչ ծածկույթի ստեղծման աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել տվյալ նյութերի կիրառության վերաբերյալ անվտանգության տեխնիկայի հրահանգներով:

 

32. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

32.1. Տանիքածածկի աշխատանքները պետք է կատարվեն «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» ՇՆուԿ III-4-80-ի պահանջներին համապատասխան: Տանիքածածկի աշխատանքներ կատարելուն աշխատողները թույլատրվում են աշխատանքների ղեկավարի կողմից տանիքի և պաշտպանակներ կրող կառուցվածքների սարքինությունը զննելուց հետո:

32.2. Այն շենքերը, որոնց վրա կատարվում են տանիքածածկի և այլ աշխատանքներ, պետք է գետնի վրա պաշտպանակված լինեն պարագծի երկայնքով, պատերից 3 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

32.3. 20 օ-ից պակաս թեքություն ունեցող տանիքի նորոգման ժամանակ և մշտական պաշտպանակի բացակայության դեպքում պատրաստում են 1,1 մ բարձրությամբ և 0,15 մ լայնությամբ կողային տախտակներով ժամանակավոր բազրիքներ: Մշտական ճաղաշարային վանդակապատի առկայության դեպքում ստուգվում են վերջիններիս ամրությունը:

32.4. 20 օ-ից ավելի թեքություն ունեցող տանիքածածկը մեկուսացնելու ժամանակ, պատնեշների բացակայության դեպքում աշխատողներն ապահովվում են ապահովիչ գոտիներով և կապվում հուսալի կառուցվածքներից: Ամրացման տեղը ցույց է տալիս վարպետը: Բիտումային մաստիկայի կիրառմամբ աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է պահպանել սույն կանոնների 31 բաժնի պահանջները:

32.5. Ջրհորդանների, ցվիքների և տանիքածածկի եզրերի այլ տարրերի նորոգման ժամանակ, ցանկացած թեքության դեպքում, կիրառվում են ապահովիչ գոտիներ:

32.6. 20 օ-ից ավելի թեքությամբ տանիքածածկի կամ (անկախ թեքությունից) թաց, ցողով (ձյունով) ծածկված տանիքածածկի վրա աշխատողները, ինչպես նաև շիֆերապատ տանիքածածկի վրա աշխատողները, բացի ապահովիչ գոտիներից պետք է ապահովված լինեն 30 սմ-ից ոչ պակաս լայնությամբ փոխադրովի ելարաններով: Աշխատանքի ընթացքում ելարանները անհրաժեշտ է հուսալիորեն ամրակցել:

32.7. Արգելվում է տանիքածածկի աշխատանքներ կատարել մերկասառույցի, մառախուղի, որի պատճառով աշխատանքների ճակատի սահմաններում վերանում է տեսանելիությունը, ամպրոպի և 15 մ/վրկ արագությամբ քամու ժամանակ:

32.8. Չի թույլատրվում տանիքածածկի վրա պահել և պահեստավորել ավելի մեծ քանակությամբ նյութեր, քան պահանջվում է տվյալ տեղը նորոգելու համար:

32.9. Արգելվում է տանիքից ցած գցել նյութեր, գործիքներ և թափոններ:

 

33. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԾԵՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

33.1. Ծեփման աշխատանքները պետք է իրականացվեն «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» ՇՆուԿ III-4-80-ի պահանջներին համապատասխան: Ծեփման աշխատանքների համար կիրառվող թացացման միջոցները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.012-75-ին:

33.2. Ներքին ծեփման աշխատանքները, ինչպես նաև հավաքովի կառնիզների և ծեփածո զարդարանքների տեղադրումը պետք է կատարվեն լաստակներից կամ շարժական սեղանիկներից, որոնք տեղադրված են ծածկի գերաններով հոծ տախտակամածերի կամ հատակի վրա:

33.3. Ճակատային մասերի արտաքին ծեփման աշխատանքները պետք է իրականացվեն անշարժ փայտամածերից կամ շարժական լաստակներից:

33.4. Զգալի բարձրություն ունեցող շենքերի համար թույլատրվում է կիրառել կախովի փայտամածեր:

33.5. Թույլատրվում է զուգասանդուղք կիրառել միայն ծեփման մանր աշխատանքների կատարման ժամանակ:

33.6. Սանդղաբազուկներում աշխատանքներ կատարելու ժամանակ թույլատրվում է կիրառել ավելի կարճ առջևի հենակներով հատուկ լաստակներ:

33.7. Փայտամածերի բացակայության դեպքում պատուհանի արտաքին շեպերը հարկավոր է ծեփել կախասայլակներից կամ պաշտպանակված տախտակամածներից, որոնք տեղակայված են որմնանցքներից դուրս ցցված մատերի վրա: Տվյալ դեպքում աշխատողները պետք է օգտագործեն ապահովիչ գոտիներ, որոնք աշխատանքների ղեկավարի ցուցումով պետք է ամրակցված լինեն հուսալի կառուցվածքներին:

33.8. Ծեփելու համար օգտագործվող շաղախի ուղղաձիգ տեղափոխման աշխատանքները պետք է մեքենայացված լինեն:

33.9. Յուրաքանյուր հերթափոխ սկսելուց առաջ անհրաժեշտ է ստուգել ծեփման աշխատանքներում կիրառվող շաղախապոմպերի, ճկափողերի, դոզատորների, ցեմենտանետիչների և այլ սարքավորումների սարքինությունը: Ապահովիչ փականները և ճնշաչափերը պետք է կապարակնքված լինեն: Արգելվում է անսարք սարքավորանքով ծեփման աշխատանքներ կատարելը:

33.10. Արգելվում է շաղախապոմպերով և ցեմենտանետիչներով աշխատել այնպիսի ճնշման դեպքում, որը գերազանցում է տեխնիկական անձնագրում նշված ճնշումը:

33.11. Մեքենայացված ծեփման աշխատանքներում կիրառվող ծեփի մեքենաների, բոցամուղերի և այլ սարքավորումների քանդումը, նորոգումը և մաքրումը թույլատրվում է միայն ճնշումը հանելուց և մեքենաները էլեկտրական ցանցից անջատելուց հետո: Սեղմված օդով ճկախողովակների փչամաքրումը թույլատրվում է միայն վտանգավոր գոտուց մարդկանց հեռացնելուց հետո:

33.12. Շաղախատարի ամրակումը ծեփի մեքենային պետք է կատարվի միակցիչ կցորդիչների միջոցով:

33.13. Չի թույլատրվում ծալել ճկախողովակներն ուղիղ կամ սուր անկյան տակ, ինչպես նաև ձգել խցակները ծեփի մեքենայի աշխատանքի ժամանակ:

33.14. Ներքին ծեփման աշխատանքների համար նախատեսված ժամանակավոր շարժական էլեկտրահաղորդագծերը պետք է ունենան 42 Վ-ից ոչ ավելի լարում:

33.15. Ծայրափողակի միջոցով մակերևույթը ծեփաշաղախով պատող օպերատորը պետք է ապահովված լինի պաշտպանիչ ակնոցներով: Շաղախապոմպից շաղախը մատուցելու համար նախատեսված ռետինե ճկախողովակները պետք է կախված լինեն:

33.16. Արգելվում է ջեռուցել, չորացնել շինությունները և չորացնել ծեփը բաց կրակով:

33.17. Կիր հանգցնող աշխատողները պետք է կրեն ակնոց, շնչադիմակ, ռետինե երկարաճիտ կոշիկներ և ձեռնոցներ:

 

34. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՆԵՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

34.1. Ներկարարական աշխատանքները հարկավոր է իրականացնել «Անվտանգության տեխնիկական շինարարությունում» ՇՆուԿ III-4-80-ի պահանջներին համապատասխան:

Արտաքին ներկարարական աշխատանքներն անհրաժեշտ է կատարել փայտամածներից և կախասայլակներից: Կախովի աստիճանների կիրառումն արգելվում է:

34.2. Ներքին ներկարարական աշխատանքներն անհրաժեշտ է կատարել օգտվելով լաստակներից, վերնակներից և զուգասանդուղքներից: Թույլատրվում է հենովի սանդուղքներ օգտագործել միայն գետնից, հատակից կամ աշխատանքային տախտակամածից 5 մ-ից ոչ ավելի բարձրության վրա գտնվող փոքր մակերեսի դեպքում:

34.3. Մարդկանց առողջության համար վնասակար գոլորշիներ արձակող բաղադրությունների կիրառմամբ ներքին ներկարարական աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել այնպիսի օդափոխության առկայության դեպքում, որն ապահովում է աշխատանքային գոտուց վնասակար նյութերի հեռացումը մինչև «Աշխատանքային գոտու օդը» ԳՈՍՏ 12.1.005-76-ով նախատեսված պարունակությունները: Պահանջված օդափոխություն ապահովելու անհնարինության դեպքում և ոչ մշտական ներկարարական աշխատանքների դեպքում անհրաժեշտ է աշխատողներին ապահովել շնչադիմակներով:

34.4. Վտանգավոր գոլորշիներ առաջացնող նիտրոներկերի, պերքլորվինիլային ներկերի և այլ բաղադրությունների կիրառման գոտում արգելվում է ծխել և կատարել կրակի օգտագործման հետ կապված, կայծ առաջացնող և այլ աշխատանքներ:

34.5. Շինարարական կառուցվածքների, ապարատուրայի և պերքլորվինիլային ներկերով լցված փակ տարողությունների ներկման ժամանակ ներկարարները պարտավոր են օգտագործել օդի հարկադրական մատուցմամբ հակագազեր:

34.6. Սիլիկատային ներկերով աշխատանքները պետք է կատարվեն պաշտպանիչ ակնոցներով:

34.7. Լաքաներկային նյութերի պահպանման համար օգտագործվող մետաղյա տարաները պետք է փակել այդ նպատակի համար նախատեսված խցաններով և դրանք բացել կայծ չառաջացնող գործիքներով:

34.8. Ջրային բաղադրություններով ներկման աշխատանքներ կատարվող շինություններում էլեկտրահաղորդագծերը պետք է ներկարարական աշխատանքների ընթացքում հոսանքազրկվեն:

34.9. Խստիվ արգելվում է շինությունների ներսում հին յուղաներկի այրումը բաց կրակ արձակող սարքերով (զոդալամպերով):

34.10. Վնասակար կամ թունավոր նյութերի կիրառմամբ աշխատող բոլոր աշխատողներն ըստ գործող կարգի պետք է ենթարկվեն բժշկական զննության:

 

35. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՊԱԿՈՒ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

35.1. Ապակու տեղափոխումն ու փոխադրումը պետք է կատարվի հատուկ արկղերով: Ցուցափեղկի և մեծ չափեր ունեցող այլ ապակիներն անհրաժեշտ է տեղափոխել տակդիր ունեցող ձգափոկերով` բացառելով ձգափոկերի կտրման հնարավորությունը:

35.2. Ապակիների ակոսահատումը կատարվում է առանձին շինություններում` մահուդով ծածկված հատուկ սեղանների վրա:

35.3. Ապակու կտորտանքները պետք է հավաքել արկղերի մեջ:

35.4. Վերևի լուսավորության պատուհանների և լուսային լապտերների ապակեպատման ժամանակ այն տեղերը, որոնց վերևում կատարվում են ապակու հետ աշխատանքներ, պետք է պաշտպանվեն: Մինչ աշխատանքների սկսելն անհրաժեշտ է ստուգել ապակեպատվող ապակեկալների ամրությունն ու սարքինությունը:

35.5. Ապակին տանիք անհրաժեշտ է բարձրացնել հատուկ տարայով, իսկ բարձրացման գոտին պաշտպանակել կամ պահպանել:

35.6. 20 օ-ից ավել թեքությամբ լուսային լապտերները սրբող կամ ապակեպատող աշխատողները բացի ապահովիչ գոտիներից պետք է ապահովված լինեն 0,3 մ-ից ոչ պակաս լայնությամբ շարժական զուգասանդուղքով:

 

36. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՐԵՍԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

36.1. Քարերի մշակումն անհրաժեշտ է կատարել պաշտպանակված առանձին տեղերում, ուր այդ աշխատանքներին չմասնակցող անձանց մուտքն արգելվում է:

36.2. Քարի և երեսապատման սալիկների մշակմամբ զբաղվող աշխատողները պետք է ապահովված լինեն չկոտրվող ապակիներ ունեցող ապահովիչ ակնոցներով, թաթմաններով և շնչադիմակներով:

36.3. Քարերի մշակման ժամանան միմյանցից 3 մ-ից պակաս հեռավորությամբ աշխատատեղերը պետք է պաշտպանակված լինեն էկրաններով:

36.4. Շինությունների ներսում երեսապատման նյութերի չոր մշակման ժամանակ աշխատատեղերի մոտ տեղադրվում են փոշեծծիչ սարքեր:

36.5. Մակերևույթները խեցե սալերով երեսապատելու ժամանակ աշխատողները պետք է ապահովված լինեն ռետինե ձեռնոցներով:

36.6. Մարմարե երեսպատվածքների նորոգման համար մածիկի պատրաստումը պետք է կատարվի հատուկ, լավ օդափոխվող շինություններում:

36.7. Երեսապատման սալերի ժամանակավոր ամրակապերը թույլատրվում է հանել շաղախը լրիվ պնդանալուց հետո:

 

37. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

37.1. Հողային աշխատանքները պետք է իրականացվեն «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» ՇՆուԿ III-4-80-ի պահանջներին համապատասխան:

37.2. Հողի մակերևկույթի բացման աշխատանքներն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան թույլտվության առկայության դեպքում:

37.3. Գրունտի մշակման ժամանակ պատահականորեն կաբել, խողովակաշար և այլն հայտնաբերելու դեպքում աշխատանքները պետք է դադարեցնել և կանչել համապատասխան տեխնիկական հսկողության ներկայացուցչին:

37.4. Ստորգետնյա հաղորդակցուղիների գործող գծերից անմիջական հեռավորության վրա գրունտի մշակումը թույլատրվում է միայն բահերի միջոցով, առանց կտրուկ հարվածների:

37.5. Այն տեղերում, որտեղ ամրակապերի քանդումը հարակից կառույցներում և սորուն ու ջրով հագեցած գրունտներում կարող է վնասվածքներ առաջացնել, ամրակապերը մասամբ կամ ամբողջությամբ հարկավոր է թողնել գրունտի մեջ:

 

38. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԵՌՆՄԱՆ-ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

38.1. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները պետք է կատարվեն ԳՈՍՏ 12.3.009-75-ին համապատասխան և ՇՆուԿ III-4-80-ի պահանջների համաձայն:

38.2. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերը ԳՈՍՏ 12.4.026-76-ի և ՕՍՏ 32.4-76-ի համաձայն պետք է սարքավորված լինեն անվտանգության նշաններով:

38.3. Բեռնման-բեռնաթափման աշխատանքներն անհրաժեշտ է կատարել վերամբարձ կռունկներով բեռների անվտանգ տեղափոխման համար պատասխանատու անձի ղեկավարությամբ:

38.4. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրի լուսավորությունը պետք է համապատասխանի ՇՆուԿ II-4-79-ին:

38.5. 50 կգ-ից ավելի զանգված ունեցող և 3 մ-ից ավելի բարձրության վրա բեռները բարձրացնելու դեպքում պարտադիր է բեռնման-բեռնաթափման մեքենայացված եղանակի կիրառումը:

38.6. Բեռների ճոպանումը պետք է կատարել վերամբարձ կռունկների կառուցվածքի և դրանց անվտանգ շահագործման կանոնների համաձայն:

38.7. Ուղևորատար գնացքներում ծառայողական բեռների տեղափոխման ժամանակ անհրաժեշտ է կատարել հետևյալ պահանջները.

- թույլատրվում է 30 կգ-ից ավելի զանգվածով բեռն ուղևորատար գնացքներով տեղափոխել ժամը 23.ՕՕ-ից մինչև 6.ՕՕ-ի սահմաններում.

- 3,5 մ-ից ոչ ավել երկարության դեպքում տեղափոխվող բեռի զանգվածը չպետք է գերազանցի 100 կգ-ը.

- թույլատրվում է մինչև 30 կգ զանգված ունեցող բեռը (ապարատուրա, նյութեր, ցուցիչներ, գործիքներ) տեղափոխել ուղևորատար գնացքների երթևեկության ոչ պիկ ժամերին.

- բեռ տեղափոխելու համար պետք է դիմել կայարանի հերթապահին և ստանալ նրա թույլտվությունը.

- բեռների բեռնումն ու բեռնաթափումը կատարվում է միայն գլխամասային վագոնում` կայարանի հերթապահի անմիջական հսկողությամբ, այդ մասին նախազգուշացնելով գնացքային բրիգադին:

38.8. Ձեռքով ծանրություն տեղափոխելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

- 50 կգ-ից ավելի զանգված ունեցող բեռների տեղափոխման ժամանակ պետք է ապահովված լինի բեռնակիրների փոխադարձ օգնության հնարավորությունը բեռները բարձրացնելու և հանելու դեպքում.

- թույլատրվում է հորիզոնական ճանապարհով պատգարակի օգնությամբ բեռ տեղափոխել միայն բացառիկ դեպքերում, 50 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա.

- արգելվում է պատգարակի վրա նյութեր տեղափոխել սանդուղքներով և ելարաններով.

- գլանանոթների տեղափոխումը անհրաժեշտ է կատարել հատուկ պատգարակներով կամ սայլակներով, իսկ շշերինը` հյուսված զամբյուղներով.

- հեծանները, ռելսերը, մեծ տրամաչափի խողովակները և այլ երկար չափեր ունեցող նյութերն ու դետալներն անհրաժեշտ է տեղափոխել հատուկ սարքավորումների օգնությամբ (աքցաններ և այլն), արգելվում է այդ նյութերը տեղափոխել լինգերով, կոթերով և բառերով.

- ծանրությունների տեղափոխման սահմանային չափաքանակն անչափահասների և կանանց համար (մեկ հոգու հաշվարկով) չպետք է գերազանցի. 16-ից մինչև 18 տարեկան իգական սեռի անչափահասների համար` 10 կգ-ը, 16-ից մինչև 18 տարեկան արական սեռի անչափահասների համար` 16 կգ-ը, 18-ից բարձր տարիք ունեցող կանանց համար` 15 կգ-ը.

- թույլատրել անչափահասներին ծանրություն տեղափոխել միայն այն դեպքում, երբ այդ գործողություններն ըստ մասնագիտության կապված են իրենց հիմնական աշխատանքի հետ և զբաղեցնում են ողջ աշխատանքային ժամանակի 1/3-ից ոչ ավելին.

- ձեռքով ծանր կամ երկար չափեր ունեցող առարկաների տեղափոխումը կատարվում է միայն աշխատանքների ղեկավարի հրահանգով:

38.9. Արգելվում է ձեռքով տեղաշարժել բաց-վագոններ և վագոններ 0,02-ից ավելի թեքություն ունեցող գծերում, ինչպես նաև հատել գլխավոր գծերը:

38.10. Ձեռքով տեղաշարժվող վագոններն ու բաց վագոնները պետք է սարքավորված լինեն արգելակներով: Արգելվում է արգելակում կատարել տախտակներով, քարերով և այլ պատահական առարկաներով: Արգելակել թույլատրվում է միայն ձեռքի արգելակներով կամ ձեռքի արգելակային կալուններով:

38.11. Արգելվում է բեռնված կամ դատարկ բաց վագոններով մարդկանց երթևեկությունը, բացառությամբ ուղեկցողների:

Արգելվում է մարդկանց երթևեկումը դրեզենի կամ շարժաքարշի ոտնատեղի և կցորդիչների (բաց վագոնների) կողեզրերի վրա:

38.12. Կիսավագոնների դիտանցքերը բացելու ժամանակ արգելվում է գտնվել բեռի ընկնելու հավանական գոտում, ինչպես նաև կողեզրերի և դիտանցքերի մոտակայքում:

38.13. Բեռնամբարձ մեխանիզմներով բեռների անվտանգ տեղափոխման աշխատանքների կատարման պատասխանատու անձը նշանակվում է ըստ ուղեմասի պետի հրամանի ուղեմասի ստորաբաժանման (տեղամասի) ավագ վարպետներից, վարպետներից և վարպետների օգնականներից:

Բեռների անվտանգ տեղափոխման աշխատանքների կատարման պատասխանատու անձը պարտավոր է բեռնամբարձ մեքենաներ կիրառվող տեղամասում աշխատանքները կազմակերպել անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումով:

Դրա համար նա պարտավոր է.

- թույլ չտալ չդրոշմանշված, անսարք, բեռնատարողությամբ և բեռի բնույթին չհամապատասխանող հանովի բեռնաբռնիչ հարմարանքների և տարաների օգտագործումը.

- հետևել, որպեսզի կռունկավարներն ու ճոպանողները կատարեն արտադրական հրահանգները և անհրաժեշտության դեպքում նրանց հրահանգավորել աշխատանքի վայրում կատարվելիք աշխատանքների անվտանգ իրականացման վերաբերյալ.

- սահմանել բեռների պահեստավորման տեղը, կարգը և եզրաչափքերը.

- թույլ չտալ կռունկների սպասարկմանն ուսուցում չստացած և չատեստավորված անձնակազմերին.

- թույլ տալ վերամբարձ կռունկների միջոցով բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարմանը հատուկ ուսուցում անցած և ատեստավորված անձանց ճոպանողների, որոնք այդ աշխատանքին նշանակվում են կազմակերպության (ուղեմասի) պետի հրամանով կամ կարգադրությամբ:

Թույլատրվում է որպես ճոպանողներ աշխատել անձանց, որոնք անցել են բժշկական հետազոտություն և ուսումնասիրել են բեռնման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ անվտանգության տեխնիկայի հրահանգը, ինչպես նաև մեկ ամսից ոչ պակաս ժամանակահատվածում գործնական աշխատանքի հմտություն ստացած և կազմակերպության (ուղեմասի, ծառայության) որակավորման հանձնաժողովում քննություն հանձնած անձանց:

Քննություն հանձնած ճոպանողներին տրվում է վկայական:

 

39. ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

39.1. 1-3 մ-ից ավելի բարձրության վրա աշխատելու ժամանակ, համաձայն ՇՆուԿ III-4-80-ի պահանջների, անհրաժեշտ է օգտագործել ապահովիչ գոտիներ:

39.2. Ապահովիչ գոտիները պետք է փորձարկվեն ԳՕՍՏ 12.4.089-80-ի պահանջների համաձայն:

39.3. Փոշենման (ցեմենտ, կավճափոշի) նյութերի բեռնման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ ԳՕՍՏ 12.4.011-89 պահանջների համաձայն աշխատողները պետք է ապահովված լինեն ապահովիչ միջոցներով:

39.4. Կաբելային հավաքիչներում, կայարանների կառամատույցների տակ կատարվող աշխատանքների և բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման ժամանակ աշխատողները պետք է կրեն պաշտպանիչ սաղավարտներ:

39.5. Էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման ժամանակ եռակցողը պետք է ԳՕՍՏ 12.4.003-80-ի համաձայն ապահովված լինի աչքերն ու դեմքը պաշտպանող վահանակով կամ դիմակով: Վահանի և դիմակի ապակիներն ընտրվում են ԳՕՍՏ 12.4.034-78-ին համապատասխան կախված եռակցման ռեժիմից:

39.6. Մետաղական կոնստրուկցիաների ներսում, ինչպես նաև մակերևույթի վրա (անձրևից և ձյունից հետո) եռակցում կատարելու դեպքում եռակցողը պարտավոր է օգտագործել դիէլեկտրական ձեռնոցներ և ռետինե ներքնակ:

39.7. Էլեկտրակայանքներում աշխատելու ժամանակ ՏՇԿ-ի պահանջների համաձայն պետք է կիրառվեն պաշտպանական միջոցներ:

39.8. Պահպանման և տեղափոխման ժամանակ պաշտպանական միջոցները պետք է պաշտպանված լինեն խոնավությունից, աղտոտվելուց և մեխանիկական վնասվածքներից: Ռետինից պատրաստված պաշտպանական միջոցները պետք է պաշտպանված լինեն յուղի, բենզինի և ռետինը քայքայող այլ նյութերի ներգործությունից:

39.9. Էլեկտրակայանքներում կիրառվող պաշտպանական միջոցների զննման և փորձարկման պարբերականությունը պետք է համապատասխանի Սպառիչների էլեկտրակայանքների շահագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններով սահմանված ժամկետներին:

39.10. Արգելվում է փորձարկման ժամկետն անցած պաշտպանական միջոցների օգտագործումը:

39.11. Յուրաքանչյուր ուղեմասի ստորաբաժանում (տեղամաս), արտադրամաս պետք է ունենա համապատասխան դեղորայքով դեղատուփ առաջին բուժօգնություն ցույց տալու համար:

39.12. Թունելային կառույցների տնտեսության բոլոր աշխատողները պետք է ուսուցանված լինեն դժբախտ պատահարների դեպքում տուժածներին առաջին բուժօգնություն ցույց տալու կանոններին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՑՈՒՑԱԿ

Թունելային կառույցների տնտեսության աշխատողների, որոնց

գիտելիքները «Սպառիչների էլեկտրակայանքների տեխնիկական

շահագործման կանոններ»-ից և «Սպառիչների էլեկտրակայանքների

շահագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններ»-ից

ենթակա են պարբերաբար ստուգման և նրանց որակավորման խմբերը

անվտանգության տեխնիկայի գծով

 

._________________________________________________________________________.

|  |    Մասնագիտության և  պաշտոնի անվանումը              | Որակավորման    |

|  |                                                     | խումբը         |

|__|_____________________________________________________|________________|

|1.| Ծառայության (ուղեմասի) էլ. տնտեսության համար        |                |

|  | պատասխանատու անձինք, ծառայությունների գլխավոր       |                |

|  | ինժեներներ, արհեստանոցների պետեր, ուղեմասերի        |                |

|  | պետեր և  նրանց տեղակալներ                           |      IY        |

|  |                                                     |                |

|2.| Մեքենաների և  մեխանիզմների էլեկտրական և  եռակցման   |                |

|  | սարքավորումների շահագործման ու նորոգման գծով        |                |

|  | վարպետներ, թունելային (կամրջային) ավագ վարպետներ    |                |

|  | և  վարպետների օգնականներ, էլեկտրամոնտյորներ         |      III       |

|  |                                                     |                |

|3.| Գծային մեքենաների կարգաբերողներ, շարժական           |                |

|  | մեքենաների մեքենավարներ, ակումուլյատորային          |                |

|  | մարտկոցներ լիցքավորող վարպետներ,                    |                |

|  | էլեկտրաեռակցողենր, էլեկտրափականագործներ             |      II        |

|  |                                                     |                |

|4.| Բրիգադավարներ, ներկարարներ, հյուսներ, թունելային    |                |

|  | աշխատողներ և  այլ անձինք, որոնք աշխատում են         |                |

|  | էլ. գործիքներով                                     |      I         |

._________________________________________________________________________.

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

 

1. Այն դեպքերում, երբ աշխատողը կատարում է որակավորման տարբեր խմբերին վերաբերող աշխատանքներ, նրանց շնորհվում է աշխատանքի կարգին համապատասխան ամենաբարձր որակավորման խումբ:

2. Այլ մասնագիտության և պաշտոնի աշխատողների գիտելիքների ստուգման անհրաժեշտությունը որոշում են այն անձինք, որոնք Սպառիչների էլեկտրակայանքների ՏՇԿ-ի և ԱՏԿ-ի համաձայն պատասխանատու են ձեռնարկության էլեկտրատնտեսության համար:

3. Ստուգումների պարբերականությունը և հանձնաժողովի կազմը սահմանվում է համաձայն Սպառիչների էլ. կայանքների ՏՇԿ-ի և ԱՏԿ-ի:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        09.   01        2001թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601005

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
08.12.2000
N 49
Հրաման