(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 3 որոշում)
i
602.0012.100901
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 09 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60201145
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2001 թվականի թիվ 12
i
«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
Հաստատել «Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման լիցենզավորման կարգը» (կցվում է):
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) արտադրության և հեռարձակման լիցենզավորման պայմանները:
2. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի:
Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման (եթերային, եթերակաբելային) լիցենզիան տրվում է մրցույթով և (կամ) աճուրդով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով): Աճուրդն անցկացվում է օրենքով սահմանված կարգով:
Հանձնաժողովը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները` ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից:
3. Լիցենզավորումն իրականացնում է Հանձնաժողովը` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
4. Հանձնաժողովը վարում է լիցենզիաների գրանցամատյան: Գրանցամատյանի էջերը համարակալվում և կնքվում են:
5. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որն իրավունք է տալիս իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակելու համար իրականացնել հեռուստառադիոհաղորդումների արտադրություն, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով օգտագործել հաճախություն (ներ), ստեղծել հեռարձակման ցանց (եթերային և (կամ) կաբելային):
6. Լիցենզիայի ձևը հաստատում է Հանձնաժողովը:
7. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և կաբելային հեռարձակման լիցենզիան տրվում է տասը տարի ժամկետով:
Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման (եթերային և եթերակաբելային) լիցենզիան տրվում է հինգ տարի ժամկետով:
Լիցենզիայի գործողության ժամկետը չի երկարացվում:
8. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և եթերային, եթերակաբելային հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախության մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
9. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
10. Լիցենզավորման համար գանձվում է լիցենզային վճար, որի չափը սահմանում է Հանձնաժողովը: Լիցենզային վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման տարածքից և չի կարող գերազանցել սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հազարապատիկը:
11. Չի թույլատրվում լիցենզիան այլ անձանց օգտագործման տալ, օտարել կամ գրավադնել:
12. Լիցենզիան կորցնելու դեպքում հեռուստառադիոընկերությունն այդ մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով և դիմում Հանձնաժողով: Հանձնաժողովը լիցենզիայի կրկնօրինակ է տալիս հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` եռօրյա ընթացքում: Լիցենզիայի կրկնօրինակ տրվում է նաև լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում` դիմում տալուն հաջորդող երրորդ օրը:
Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
13. Վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում դիմել Հանձնաժողով` լիցենզիայի վերաձևակերպման համար: Դիմումին կցվում են նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթեր:
Լիցենզիան վերաձևակերպվում է Հանձնաժողովի որոշմամբ, որի հիման վրա լիցենզիաների գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:
14. Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, այն վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը:
16. Հանձնաժողովը կազմում և վարում է յուրաքանչյուր լիցենզավորված անձի անհատական գործ, որը պահպանվում է սահմանված կարգով և ժամկետում: Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիան վերադարձվում է Հանձնաժողով և կարվում լիցենզավորված անձի անհատական գործին:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
17. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը պատշաճ ձևով Հանձնաժողովի քարտուղարություն է ներկայացնում դիմում և կից փաստաթղթեր` սույն կարգի հավելվածում սահմանված դիմումի ձևին և փաստաթղթերի ցանկին համապատասխան: Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման (եթերային կամ եթերակաբելային) լիցենզիա ստանալու համար դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողովի կողմից հայտարարված մրցույթի (աճուրդի) պայմաններով սահմանված ժամկետներում:
18. Դիմողը պատասխանատու է ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:
19. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ արվում են, եթե`
ա) փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին.
բ) փաստաթղթերն ամբողջական չեն և լրացումների կարիք ունեն:
20. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը նախազգուշացում է ուղարկում դիմողին: Նախազգուշացումն ստանալու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում դիմողը պարտավոր է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր:
21. Դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա կազմվում է դիմողի անվանական գործ:
22. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և կաբելային հեռարձակման լիցենզիա տալու համար Հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:
Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման (եթերային կամ եթերակաբելային) լիցենզիա տալու համար մրցույթի արդյունքների հիման վրա Հանձնաժողովն իր նիստում մրցույթի կարգով սահմանված ժամկետներում ընդունում է որոշում:
Հանձնաժողովն իր նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տեղեկատվություն է հրապարակում մամուլում:
23. Դիմողը հրավիրվում է Հանձնաժողովի նիստին, որի մասին նրան պատշաճ հայտնվում է նիստից առնվազն 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված դիմողի չներկայանալն արգելք չէ դիմումը քննարկելու և որոշում ընդունելու համար:
24. Դիմումի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) լիցենզիա տալու մասին.
բ) լիցենզիա տալը մերժելու մասին:
25. Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և կաբելային հեռարձակման լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, կամ չեն համապատասխանում օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.
բ) դիմողն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոհաղորդումների արտադրությամբ և հեռարձակմամբ.
գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման տեխնիկական հնարավորությունները կամ դրանք բավարար չեն:
26. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
27. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում դիմումը կարող է բավարարվել վերապահումով` այն պայմանով, որ լիցենզիան կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:
28. Լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում լիցենզավորված անձը պարտավոր է մուծել լիցենզային վճարը:
29. Լիցենզիա տալու կամ այն տալը մերժելու մասին որոշման պատճենը դիմողին պատշաճ ձևով ուղարկվում է որոշումն ընդունելուց հետո` տասնօրյա ժամկետում:
30. Լիցենզիան տրվում է համապատասխան մուծումները հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում:
31. Լիցենզիան ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
32. Լիցենզիա տալը մերժելը չի սահմանափակում դիմողի իրավունքը` լիցենզիա ստանալու նոր դիմում ներկայացնել ընդհանուր կարգով:
Հավելված
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ
պրն ______________________
ԴԻՄՈՒՄ
Հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների արտադրության և
հեռարձակման լիցենզիա ստանալու
Դիմող _______________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________________________________
Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ _____________________________________________
Սփռման տարածքը և բնակչության թիվը __________________________________
Հաղորդումների տարածման տեսակը _______________________________________
(եթերային, կաբելային, եթերակաբելային)
Ծրագրային քաղաքականությունը ________________________________________
(հաղորդումների թեմատիկան, ուղղվածությունը,
մասնագիտացումը, տեսակները, ժանրային կառուցվածքը,
_____________________________________________________________________
հաղորդումների պատրաստման և հեռարձակման առանձնահատկությունները)
Հաղորդումները եթեր հեռարձակելու նախատեսվող ժամանակը ________________
____________________________________________________________________
(ամիսը, տարին)
Տվյալներ տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին _____________
_____________________________________________________________________
(ցանկ, տեխնիկական բնութագրեր, հավաստագրեր, կապի կազմակերպման սխեման,
տեղակայման վայրը)
Տեղեկանք հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին _____________________
Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին
_____________________________________________________________________
Տեղեկություններ աշխատակազմի մասին ___________________________________
(աշխատողների թիվը, կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունը)
Ծրագրերի պարբերականությունը ________________________________________
Հեռուստառադիոհաղորդումների առավելագույն ծավալը _____________________
Հաղորդումների լեզուն _______________________________________________
Տնօրեն ______________________ Ստորագրությունը_______________________
ԿՏ «» _________________ 2001թ.
ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
._____________________________________________________________________.
| N | Փաստաթղթի անվանումը |կաբելային |եթերա- |եթերային |
| | | |կաբելային| |
|___|__________________________________|__________|_________|_________|
| 1.| Հեռուստառադիոընկերության պետական | | | |
| | գրանցման վկայականի պատճենը | + | + | + |
| 2.| Կանոնադրության պատճենը | + | + | + |
| 3.| Տեղական ինքնակառավարման մարմնի | + | + | - |
| | համաձայնությունը` կաբելային ցանց | | | |
| | ստեղծելու վերաբերյալ | | | |
| 4.| Պետական տուրքի վճարումը հաստատող | + | + | + |
| | փաստաթղթի պատճենը | | | |
._____________________________________________________________________.
+ պահանջվում է
- չի պահանջվում
@/