ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
16 հունվարի 2019 թվականի N 16-Լ
i
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀԱԲԱԺԻՆ ՎՃԱՐՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետը և նպատակ ունենալով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1371-Ն որոշմամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման ընթացակարգային հարցերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից Փոխհատուցելու» ընթացակարգը, համաձայն` հավելվածի:
2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Փաշայանին`
Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո սույն հրամանում նշված ստորաբաժանումների կողմից հայտ ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում ապահովել հայտում նշված համապատասխան մասնագետների հասանելիությունը էլեկտրոնային կառավարման համակարգի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազային:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2019 թվականի հունվարի 16-ի
N 16-Լ հրամանի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀԱԲԱԺԻՆ ՎՃԱՐՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1371-Ն որոշմանը (այսուհետ` Որոշում) համապատասխան` հարկային մարմնի կողմից շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան` եկամտային հարկի փոխհատուցման մասին դիմումը (այսուհետ` դիմում) և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման ցանկացած բաժին (այսուհետ` սպասարկման բաժին):
3. Ստացված փաստաթղթերն ամբողջական չլինելու դեպքում սպասարկման բաժինը դիմում ներկայացրած անձին փաստաթղթերը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է (ծանուցման մեջ նշելով թերի ներկայացված փաստաթղթերի մասին) և առաջարկում ծանուցումը ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները (լրացնել պակաս փաստաթղթերը): Նշված ժամկետում թերությունները չշտկելու (պակաս փաստաթղթերը չներկայացնելու) դեպքում, սպասարկման բաժինը կազմում է դիմումի մերժման մասին որոշում, որը փաստաթղթերը շտկելու համար սահմանված ժամկետի ավարտին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դիմում ներկայացրած անձին:
4. Դիմումի մերժման հիմքերի բացակայության դեպքում սպասարկման բաժինը Երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է եկամտային հարկի գծով փոխհատուցման ենթակա գումարի հիմնավորվածության ուսումնասիրություն (կամերալ եղանակով) և կազմում արձանագրություն: Մասնավորապես, ուսումնասիրությամբ ճշտվում է վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարի իսկությունը, համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ներկայացված լինելը, հաշվարկներում ցույց տրված վճարման ենթակա եկամտային հարկի գումարների մարված լինելը:
5. Ուսումնասիրության արդյունքներով փոխհատուցման ենթակա գումարը չհիմնավորվելու դեպքում սպասարկման բաժինը, երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում է փոխհատուցվող գումարի վերադարձման դիմումի մերժման մասին որոշում (նշելով մերժման պատճառը) և այն ներկայացնում է դիմում ներկայացրած անձին:
6. Ուսումնասիրության արդյունքներով փոխհատուցման ենթակա գումարը հիմնավորվելու դեպքում սպասարկման բաժինը ուսումնասիրության արձանագրության, դիմումի և ներկայացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրությամբ հիմնավորված գումարի փոխհատուցման համար կազմում է`
1) Որոշմամբ սահմանված կարգի N 4 ձևին համապատասխան եզրակացություն (այսուհետ` եզրակացություն),
2) սույն ընթացակարգի ձևին համապատասխան վճարման հանձնարարական «Microsoft Office Excel» ձևաչափով:
7. Սպասարկման բաժինը եզրակացությունները տպագրում է թղթային կրիչի վրա, որոնք ստորագրվում են սպասարկման բաժնի պետի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից և հաշվառվում հարկային գործում: Ոչ ուշ քան եզրակացությունը կազմելու օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը, համապատասխան սպասարկման բաժնի կողմից, կից գրությամբ (համապատասխան գործառույթը համակարգող պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի անունից), «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, սույն ընթացակարգի ձևին համապատասխան կազմված վճարման հանձնարարականը («Microsoft Office Excel» ձևաչափով) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Գրությունը տեղեկացվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությանը` փոխհատուցման ենթակա գումարների հաշվառումը իրականացնելու նպատակով:
Ձև
ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ N
Դիմում ներկայացնող անձի վճարած եկամտային հարկի գումարների
վերադարձների վերաբերյալ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Դիմում |ներկա-|Դիմում |Հաշ- |Հաշվե- |Դիմում |Դիմում |Վերա- |Եզրա- |
| |ներկա- |յացնող|ներկա- |վետու |համարը,|ներկա- |ներկա- |դարձ- |կացու-|
| |յացնող |անձի |յացնող |ժամա- |որից |յացնող |յացնող |վող |թյան |
| |անձի |ՀԾՀ-ն |անձի |նակա |պետք է |անձի |անձի |գու- |հա |
| |անունը,|կամ |ՀՎՀՀ-ն |շրջանը,|վերա- |բանկի |հաշվի |մարի |մարը |
| |ազգա- |ՀԾՀ |(առկա- |որին |դարձվի |անվա- |համարը,|չափը | |
| |նունը |չունե-|յության|վերաբե-|գումարը|նումը, |որին |(դրամ)| |
| | |նալու |դեպ- |րում է | |որին |պետք է | | |
| | |մասին |քում) |վերա- | |պետք է |փոխան- | | |
| | |տեղե- | |դարձվող| |փոխանցել|ցել | | |
| | |կանքի | |գումարը| |գումարը |գումարը| | |
| | |համարը| | | | | | | |
|___|_______|______|_______|_______|_______|________|_______|______|______|
|1. | | | | | | | | | |
|___|_______|______|_______|_______|_______|________|_______|______|______|
|2. | | | | | | | | | |
|___|_______|______|_______|_______|_______|________|_______|______|______|
|3. | | | | | | | | | |
|___|_______|______|_______|_______|_______|________|_______|______|______|
|4. | | | | | | | | | |
|___|_______|______|_______|_______|_______|________|_______|______|______|
|5. | | | | | | | | | |
|___|_______|______|_______|_______|_______|________|_______|______|______|
|...| | | | | | | | | |
|___|_______|______|_______|_______|_______|________|_______|______|______|
|10 | | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| Ընդամենը |
._________________________________________________________________________.