Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒ ...

 

 

040.1908.190107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2006 թվականի N 1908-Ն

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 10.09.2020 թիվ 1486-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 16-ի

N 1908-Ն որոշման

 

Ձև

 

._________________________________________________________________________.

|ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ        ԱԱ N 000000   |

|  ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ                        |

|                                                                         |

|     ՀԱՐԳԵԼԻ՛ ՎԱՐՈՐԴ, ՏՈՒԳԱՆՔԻ ՏԵՂՈՒՄ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ Է:         |

|                                                                         |

|Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի _____ հոդվածի ____ մաս |

|արձանագրության սերիան, համարը _________________________________________  |

|Գանձվող գումարը _______________________________________________________  |

|                          (թվերով և  տառերով)                            |

|                                                                         |

|Իրավախախտում կատարած անձի (տուգանքը վճարողի)`                            |

|                                                                         |

|   ազգանունը, անունը __________________________________________________  |

|                                                                         |

|   վարորդական վկայականի սերիան, համարը ________________________________  |

|                                                                         |

|   տրանսպորտային միջոցի մակնիշը, համարանիշը ___________________________  |

|                                                                         |

|   Վճարման անդորրագիրն ստացա __________________________________________  |

|                                                   (ստորագրությունը)     |

|                                                                         |

|Ճանապարհային ոստիկանության ծառայողի` պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը,|

|կրծքանշանի համարը _____________________________________________________  |

|                                                                         |

|                         _________________________                       |

|                             (ստորագրությունը)                           |

|                                                                         |

|ՀՀ պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվի  համարը 900013150025     |

|                                                                         |

|Տուգանքը գանձվել է _____ ___________ 20   թ., ժամը ______ -ին:           |

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 10.09.2020 թիվ 1486-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 16-ի

N 1908-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագիրը (այսուհետ` անդորրագիր) խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր եռամսյակից մեկ ամիս առաջ ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված նախնական պատվերի հիման վրա:

(1-ին կետը փոփ. 10.09.2020 թիվ 1486-Ն որոշում)

2. Ճանապարհային ոստիկանությունում անդորրագրերը հաշվառում են վարչական իրավախախտումները հաշվառող և գանձապահի պարտականությունները կատարող համապատասխան պաշտոնատար անձինք (այսուհետ` գանձապահ):

3. Ճանապարհային ոստիկանության ծառայողները հերթափոխի անցնելուց առաջ գանձապահից ստանում են անդորրագրերը, ինչի մասին կատարվում է նշում համապատասխան մատյանում` նշելով անդորրագրերն ստացող ծառայողի և ստացված անդորրագրերի փաթեթի առաջին ու վերջին համարները: Ճանապարհային ոստիկանության ծառայողը հերթափոխի անցնելուց առաջ կարող է գանձապահից չստանալ անդորրագրեր, եթե չի օգտագործել նախորդ հերթափոխի համար ստացած անդորրագրի փաթեթը:

4. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հայտնաբերումից և արձանագրումից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է, իրավախախտում կատարողի համաձայնությամբ, տեղում կանխիկ տուգանք գանձելու համար լրացնել և նրան տալ վճարման անդորրագիր:

5. Անդորրագիրը լրացվում է երկու` նույնաբովանդակ օրինակից, որոնցից մեկը տրվում է տուգանք վճարողին (վարորդին), իսկ մյուսը մնում է ճանապարհային ոստիկանության ծառայողի մոտ և կցվում վարչական իրավախախտման մասին արձանագրությանը:

6. Հերթափոխի ավարտին ճանապարհային ոստիկանության ծառայողը տեղում կանխիկ ձևով գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի, վարչական իրավախախտման մասին արձանագրությունների հետ միասին, հանձնում է գանձապահին:

7. Անդորրագիրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի, եթե վնասված է դրա ամբողջականությունը, կամ դրանում առկա են տպագրական կամ բովանդակային թերություններ:

8. Եթե ճանապարհային ոստիկանության ծառայողի հերթափոխի ավարտը չի համընկնում գանձապահի աշխատանքային ժամերի հետ, ապա ծառայողը գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, գանձապահին է հանձնում ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:

9. Գանձապահը ճանապարհային ոստիկանության ծառայողներից կանխիկ գումարն ստանալուց հետք` ոչ ուշ, քան մինչև հաջորդ բանկային օրվա ավարտը, հավաքված կանխիկ դրամը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(9-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1486-Ն որոշում)

10. Փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը կցվում է տվյալ օրը կազմված վարչական իրավախախտումների մասին այն արձանագրությունների փաթեթին, որոնցով նշանակված տուգանքը գանձվել է տեղում:

11. Ճանապարհային ոստիկանության այն ստորաբաժանումներում, որտեղ վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է հատուկ այդ նպատակով առանձնացված ստորաբաժանումների կողմից, ճանապարհային ոստիկանության պետի հանձնարարությամբ, սույն կարգի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված գործողությունները կարող են իրականացվել շարային ստորաբաժանումների (դասակների) հրամանատարների կողմից, ովքեր անդորրագրերն ստանում են տվյալ ստորաբաժանումն սպասարկող գանձապահից, և սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գործողությունն իրականացնելուց հետո փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, տվյալ ստորաբաժանումն սպասարկող գանձապահին պետք է հանձնեն ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:

12. Գանձապահը ոչ ուշ, քան մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմին է ներկայացնում անդորրագրերի հաշվառման, ըստ անդորրագրերի` տեղում գանձված տուգանքների և դրանք սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին հաշվետվություն: Հաշվետվությունում` առաջին սյունակում պետք է նշվեն այն անդորրագրերի հերթական համարներն ու դրանց լրացման ամսաթվերը, որոնցով տեղում տուգանքը գանձվել է հաշվետու ամսվա վերջին, սակայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվել հաշվետու ամսվան հաջորդող ամսին:

(12-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1486-Ն որոշում)

13. Ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը գանձապահներից ստացված հաշվետվությունների հիման վրա իրականացնում է անդորրագրերի տվյալների կենտրոնացված հաշվառում և անդորրագրերում նշված տուգանքների գումարները յուրաքանչյուր ամիս համեմատում պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվից քաղվածքի հետ: Պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվից քաղվածքը ճանապարհային ոստիկանությանը տրամադրում է կենտրոնական գանձապետարանը: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը միջոցներ է ձեռնարկում այն պարզելու և, պակասորդ հայտնաբերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար:

(13-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1486-Ն որոշում)

14. Օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերը պահպանվում են ճանապարհային ոստիկանությունում` առնվազն մեկ տարի ժամկետով, որից հետո, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, կատարվում է դրանց վերահաշվառումը` համեմատելով համապատասխան մատյանում կատարված գրառումների հետ, և ոչնչացվում` օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի այրման միջոցով, ու դրա մասին կազմվում է համապատասխան երկկողմանի ակտ:

15. Ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերը գանձապահին չհանձնելը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի կամ գանձապահի կողմից` սույն կարգով սահմանված ժամկետների խախտումը համարվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական զանցանք, որի համար առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

16. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(16-րդ կետը փոփ. 10.09.2020 թիվ 1486-Ն որոշում)

(2-րդ հավելվածը փոփ. 18.12.08 թիվ 1514-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.11.2006
N 1908-Ն
Որոշում