Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 1995 թ. թիվ 255

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի հաստատությունների օրինադրությունների մասին» որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կանոնադրությունը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թ.

մայիսի 13-ի թիվ 255 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայկական գյուղատնտեսական ակադեմիան (այսուհետև` ակադեմիա) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 7-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մասին» թիվ 295 որոշմամբ և ենթարկվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

2. Ակադեմիան իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք ու դրոշմակնիք:

3. Ակադեմիային լրիվ անվանումն է`

հայերեն` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայկական գյուղատնտեսական ակադեմիա (ՀԳԱ).

ռուսերեն` նույնը.

անգլերեն` Aqricultural Academy of Armenia of aqricultural ministry of

the Republic of Armenia:

4. Ակադեմիայի գտնվելու վայրն է` Երևան, 375009, Տերյան 75:

 

2. Ակադեմիայի խնդիրներն ու գործառույթները

 

5. Ակադեմիայի հիմնական խնդիրներն են`

ա) ագրոպարենային համալիրի ճյուղերի համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը.

բ) ագրոպարենային համալիրի ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացումն ու վերաորակավորումը.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.

դ) ագրարային հիմնարար և կիրառական գիտությունների զարգացումը:

6. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան ակադեմիան`

ա) որոշում է ակադեմիայի կառուցվածքը, կառավարման մարմինների համակարգը և կառավարման սկզբունքները, կազմում ուսումնական պլաններ ու ծրագրեր, մշակում ֆինանսատնտեսական և այլ գործունեության հիմնադրույթներ ու կանոնակարգեր.

բ) համագործակցում է տարբեր երկրների և միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, պայմանագրեր կնքում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական և ոչ պետական ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ.

գ) այլ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ համատեղ ստեղծում է ուսումնաարտադրական համալիրներ ու ընկերակցություններ.

դ) իրականացնում է հրատարակչական գործունեություն, հրատարակում գիտական աշխատություններ, ժողովածուներ, դասագրքեր, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, մենագրություններ, գիտահանրամատչելի գրականություն, մեթոդական ցուցումներ ու մշակումներ արտադրության աշխատողների համար, տեղեկատու նյութեր, թերթեր և այլն:

 

3. Ակադեմիայի կառավարումը

 

7. Ակադեմիայի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

8. Ակադեմիայի անմիջական ղեկավարումն իրականացնում է ռեկտորը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ:

9. Ակադեմիայի ռեկտորը`

ա) իր իրավասության սահմաններում գործում է ակադեմիայի անունից, ներկայացնում ակադեմիան պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և միջազգային ասպարեզում.

բ) կազմակերպում է ակադեմիայի կառավարման մարմինների աշխատանքը` ապահովելով ներքին օղակների ներդաշնակ գործունեությունը.

գ) պայմանագրային կարգով աշխատանքի է նշանակում և ազատում աշխատանքից ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու մյուս աշխատակիցներին.

դ) հաստատում է ուսանողների ընդունելությունը, հրամաններ արձակում ուսանողներին կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

ե) հրապարակում է հրամաններ և կարգադրություններ, որոնց կատարումը պարտադիր է ակադեմիայի ուսանողների և աշխատողների համար.

զ) հաստատում է ակադեմիայի հաստիքացուցակը և ծախսերի նախահաշիվը.

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

10. Ակադեմիայի ռեկտորի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանվում են պրոռեկտորների պաշտոնները:

Պրոռեկտորի պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` ռեկտորի ներկայացմամբ:

Պրոռեկտորների միջև պարտականությունների բաշխումը կատարում է ռեկտորը:

11. Ակադեմիայի ռեկտորը և պրոռեկտորներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու գիտամանկավարժական գործունեություն:

12. Ակադեմիայի գործունեության հիմնական հարցերի քննարկման համար ստեղծվում է ակադեմիայի խորհուրդ:

13. Ակադեմիայի խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը ( նախագահ) , պրոռեկտորները, գիտական քարտուղարը, արհմիութենական կոմիտեի նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` ի պաշտոնե, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի առանձին ներկայացուցիչներ, որոնք սահմանված կարգով ընտրվում են ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից` երեք տարի ժամկետով: Ակադեմիայի խորհրդի նիստերն ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են առնվազն երկու անգամ:

14. Ակադեմիայի խորհուրդը`

ա) հաստատում է ակադեմիայի կառուցվածքը և կանոնակարգը.

բ) որոշում է կայացնում ֆակուլտետների, ամբիոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակառուցման և լուծարման, մասնագիտությունների անվանացանկում սահմանված կարգով փոփոխություններ մտցնելու վերաբերյալ.

գ) հաստատում է ուսումնական գործընթացի տարեկան արդյունքները.

դ) որոշում է ակադեմիայի գիտական գործունեության գլխավոր ուղղությունները.

ե) հաստատում է ակադեմիայի միջազգային համագործակցության հիմնադրույթները և որոշում այդ համագործակցության ուղղությունները.

զ) հաստատում է իր աշխատակարգը.

է) սահմանված կարգով շնորհում է պատվավոր դոկտորի կոչում.

ը) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

15. Ակադեմիայի գիտական խորհուրդն ակադեմիայի ռեկտորի նախագահությամբ գործող մարմին է, որը լուծում է ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման հիմնահարցերը:

16. Գիտական խորհրդի անդամների թվաքանակը, կազմը և գործունեության ժամկետը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` ռեկտորի ներկայացմամբ:

17. Ակադեմիայի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր աշխատակարգը.

բ) հաստատում է ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

գ) պարբերաբար քննարկում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային պլանները և հաշվետվությունները.

դ) Հայաստանի հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն, ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի պաշտոնների համար թեկնածուների մասին առաջարկություններ է ներկայացնում ռեկտորին.

ե) հաստատում է իր գործունեության ծրագրերը և պլանները.

զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

18. Ակադեմիան ունի ռեկտորատ, որն իր կազմում ներառում է ռեկտորին, պրոռեկտորին, ֆակուլտետի դեկաններին և ռեկտորի որոշմամբ` այլ պաշտոնատար անձանց:

Ռեկտորատն ակադեմիայի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իր կանոնակարգով, իրեն ընձեռնված լիազորությունների շրջանակներում քննարկում և լուծում է ակադեմիայի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, մասնավորապես վերահսկում է ակադեմիայի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը:

Ռեկտորատի որոշումները հաստատվում են ռեկտորի կողմից:

19. Ակադեմիայի ուսանողության ինքնակառավարման և նրանց ընկերային շահերը ներկայացնող մարմինը ուսանողական խորհուրդն է, որը`

ա) ապահովում է ուսանողների մասնակցությունը ակադեմիայի կառավարմանը.

բ) ակադեմիայի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողներին առնչվող հարցեր:

20. Ակադեմիայի ուսանողական խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է նրա կանոնակարգով, որը հաստատում է ակադեմիայի ռեկտորատը:

 

4. Ակադեմիայի կառուցվածքը

 

21. Ակադեմիայում ուսուցումը կազմակերպող և իրականացնող ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումը ֆակուլտետն է, որը ձևավորվում է կամ ըստ ընդհանուր մասնագիտական կողմնորոշման, կամ ըստ գործունեության բնույթի:

22. Ֆակուլտետն ստեղծում է վերակառուցվում և լուծարվում է ակադեմիայի խորհրդի որոշմամբ:

23. Ֆակուլտետի կազմում գործում են ամբիոններ և այլ ուսումնագիտական ստորաբաժանումներ:

24. Ֆակուլտետն ուսումնական գործընթացը պլանավորում ու կազմակերպում է համապատասխան մասնագիտությունների գծով:

25. Ֆակուլտետի կառավարման մարմինը գիտական խորհուրդն է, որի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ուսանողների և աշխատողների համար:

26. Ֆակուլտետի գիտական խորհուրդը կազմվում է ոչ ավելի քան 21 անդամից, 4 տարի ժամկետով, ակադեմիայի գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով:

27. Ֆակուլտետի գիտական խորհուրդը`

ա) ֆակուլտետի դեկանի թեկնածության կամ նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում ռեկտորին.

բ) ակադեմիայի գիտական խորհրդի քննարկմանն է ներկայացնում ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, իսկ ռեկտորին` ավագ դասախոսի, ասիստենտի պաշտոնների համար թեկնածությունները.

գ) ակադեմիայի խորհրդին առաջարկություններ է ներկայացնում ֆակուլտետի կառուցվածքում նոր ամբիոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակառուցման և լուծարման վերաբերյալ.

դ) ակադեմիայի ռեկտորատի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլաններն ու ծրագրերը, քննարկում պրոֆեսորադասախոսական նոր պաշտոնների ստեղծման վերաբերյալ հարցեր.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

28. Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը, որին 4 տարի ժամկետով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ակադեմիայի ռեկտորը:

Ֆակուլտետի դեկանը`

ա) ներկայացնում է ֆակուլտետը ակադեմիայում և այլ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.

բ) սահմանված կարգով ակադեմիայի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում դեկանի տեղակալին աշխատանքի նշանակելու և աշխատանքից ազատելու, ուսանողներին կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

29. Ակադեմիայի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման գլխավոր ստորաբաժանումը ամբիոնն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին ու հետազոտողներին: Ամբիոնը կարող է լինել նաև համաակադեմիական և անմիջականորեն ենթարկվել համապատասխան պրոռեկտորին: Ամբիոնների գործունեությունն իրականացվում է ակադեմիայի կանոնակարգով:

30. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հաստատած կարգով, մինչև 5 տարի ժամկետով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ակադեմիայի ռեկտորը:

31. Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումներն են քոլեջները, որտեղ պատրաստում են կրտսեր մասնագետներ:

32. Քոլեջի կառուցվածքը, կառավարումը, ակադեմիայի հետ փոխհարաբերությունները սահմանվում են քոլեջի կանոնադրությամբ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

33. Ակադեմիան իր կառուցվածքում կարող է ունենալ ինստիտուտներ, մասնաճյուղեր, բաժանմունքներ, ակադեմիական դպրոցներ կամ վարժարաններ, գիտական կենտրոններ, ուսումնա-փորձնական տնտեսություններ, ձեռնարկություններ և ագրարային այլ ստորաբաժանումներ: Դրանց կարգավիճակը, փոխհարաբերությունները միմյանց և ակադեմիայի հետ կարգավորվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:

 

5. Ուսումնական գործընթացի կազմակերպումը

 

34. Ուսանողների ընդունելությունն ակադեմիա կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

35. Ակադեմիայում կիրառվում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը:

36. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է ցերեկային, հեռակա և դրսեկության (էքստեռն) ձևերով:

37. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակային ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննական նստաշրջանով:

38. Ակադեմիայում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

 

6. Որակավորման և գիտական աստիճաններ

 

39. Ակադեմիայի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ակադեմիայի կազմում կամ դրան կից գործող քոլեջների շրջանավարտներին տրվում է կրտսեր մասնագետի որակավորում և համապատասխան ավարտական վկայական (դիպլոմ):

40. Գիտական աստիճաններ շնորհում են ակադեմիայում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. Ակադեմիայի աշխատակիցները և սովորողները

 

41. Ակադեմիայի աշխատակիցներն են դասախոսները, գիտական, ուսումնաօժանդակ, վարչատնտեսական աշխատողները:

Ակադեմիայի աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ակադեմիայի կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

42. Ակադեմիայի սովորողներն են ուսանողները, ասպիրանտները, ստաժյորները և ունկնդիրները:

Ակադեմիայի սովորողներն են սահմանված կարգով ակադեմիա ընդունվածները, որոնք հավակնում են ակադեմիայի կողմից շնորհվող որևէ որակավորման աստիճանի:

Սովորողների պարտականություններն ու իրավունքները սահմանվում են ակադեմիայի կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

43. Ակադեմիայի ուսանողներն իրավունք ունեն`

ա) օգտվելու մասնագիտական լսարաններից, լաբորատորիաներից, գրադարանից և ակադեմիայի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրից, ինչպես նաև սոցիալական ապահովության բոլոր ծառայություններից.

բ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

գ) ներկայացուցիչներ առաջադրելու ակադեմիայի ընտրովի մարմիններում.

դ) ստեղծելու ակադեմիայի կանոնակարգին չհակասող ուսանողական ինքնակառավարման մարմիններ.

ե) համատեղելու ուսուցումն ու աշխատանքը ակադեմիայի ստորաբաժանումներում, համաձայն ակադեմիայի կանոնակարգի:

44. Ուսանողները պարտավոր են`

ա) ենթարկվել ներակադեմիական կարգապահական կանոններին, խնամքով վերաբերվել և օգտագործել ակադեմիայի շինությունները, գույքը, գրադարանային ֆոնդը, լաբորատոր սարքերն ու տեղակայանքները.

բ) պարտադիր հաճախել ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներին.

գ) ժամանակին կատարել բոլոր առաջադրանքները, հանձնել ստուգարքներն ու քննությունները:

45. Պետական պատվերով ակադեմիա ընդունված ուսանողների ուսուցումն անվճար է: Պետական պատվերից դուրս ընդունված ուսանողների և այլ բուհերից տեղափոխվածների ուսուցումը, ինչպես նաև երկրորդ մասնագիտության գծով ուսուցումը վճարովի է:

Ուսման վարձի չափն օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ակադեմիայի ռեկտորատը:

Անվճար ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուսուցումն իրականացվում է վճարովի հիմունքներով, համաձայն կնքված պայմանագրի:

46. Ուսանողների երկրորդ մասնագիտության գծով ուսուցման, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, ինչպես նաև վճարովի ուսուցման համակարգից անվճար ուսման համակարգ տեղափոխելու կարգը սահմանվում է ակադեմիայի կանոնակարգով:

47. Ակադեմիայի շրջանավարտները կարող են աշխատանքի ընդունվել ակադեմիայի և այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա կամ ինքնուրույնաբար:

 

8. Ակադեմիայի գիտական գործունեությունը

 

48. Ակադեմիան խրախուսում է հիմնարար և կիրառական գիտությունների բոլոր այն ճյուղերի զարգացումը, որոնք կազմում են մասնագետների պատրաստման գործընթացի բաղկացուցիչ մասը:

49. Ակադեմիայի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

ա) պետական բյուջեից.

բ) հանրապետության ու օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց միջոցներից.

գ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

դ) նախաձեռնողական հետազոտությունների համար ստեղծվող ակադեմիայի հատուկ ֆոնդից.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

50. Գիտահետազոտական աշխատանքներին մասնակցում են ակադեմիայի աշխատողները` դասախոսները, ասպիրանտները, գիտական աշխատողները, ինչպես նաև ուսանողները և այլ անձինք:

51. Ակադեմիան կազմակերպում է գիտական կոնֆերանսներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

 

9. Ակադեմիայի գույքը և ֆինանսատնտեսական գործունեությունը

 

52. Ակադեմիայի գույքն են կազմում նրա հիմնական և շրջանառու միջոցները, դրամական միջոցները, արժույթը օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:

53. Ակադեմիան Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքն ու ֆինանսական միջոցները:

54. Ակադեմիայի գույքի ձեռքբերման աղբյուրներն են`

ա) պետական բյուջեից տրվող հատկացումները.

բ) Հայաստանի հանրապետության գյուղատնտեսության նախարարության ֆինանսական և նյութական ներդրումները.

գ) ծառայությունների մատուցումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության այլ ձևերից ստացված եկամուտները.

դ) բարեգործական ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

55. Ակադեմիայի ֆինանսական միջոցները կազմավորվում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Բյուջետային միջոցներն ակադեմիան ստանում և օգտագործում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

56. Ակադեմիայի արտաբյուջետային միջոցներն են`

ա) պայմանագրային հիմունքներով ստացված միջոցները.

բ) վճարովի ուսուցման համար ստացված միջոցները.

գ) տնտեսական, պայմանագրային գիտահետազոտական աշխատանքներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությունից ստացված միջոցները:

57. Ակադեմիան իրավունք ունի փոփոխություններ կատարելու հաստատված նախահաշվում, բացառությամբ աշխատավարձի և կրթաթոշակի հոդվածներից:

58. Ակադեմիայի պահպանման ծախսերն օգտագործվում են նպատակային նշանակմամբ` բյուջեից կատարվող ֆինանսավորման սահմաններում:

59. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական, գիտահետազոտական, ուսումնաօժանդակ անձնակազմի և մյուս աշխատողների թվաքանակը սահմանվում է նախահաշվով հատկացված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում:

60. Ակադեմիան սահմանված կարգով իրավունք ունի`

կնքելու տնտեսական և այլ պայմանագրեր, այդ թվում` օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ.

օրենսդրությամբ սահմանված կարգով այլ կազմակերպություններին վարձակալական հիմունքներով տրամադրելու իրեն պատկանող գույքը և տարածքները.

ձեռք բերելու ակադեմիայի գործունեության համար անհրաժեշտ գույք:

61. Ակադեմիայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել ձեռնարկություններ, որոնց վրա տարածվում է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողությունը:

 

10. Ակադեմիայի գործունեության դադարեցումը

 

62. Ակադեմիայի վերակառուցումն ու լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.1995
N 255
Որոշում