(ուժը կորցրել է 30.11.94 թիվ 554 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 1994 թ. թիվ 238
i
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հանրապետության էներգետիկ համակարգի անխափան գործունեության և օգտագործված էլեկտրական ու ջերմային էներգիայի համար ժամանակին վճարումների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ էլեկտրական ու ջերմային էներգիայի տարեկան միջին սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով (անհրաժեշտության դեպքում վերահաշվարկելով ոչ շուտ, քան եռամսյակը մեկ անգամ):
2. Սահմանել, որ բնակչության կողմից օգտագործված և ոռոգման նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որոնք ենթակա են փոփոխման ոչ շուտ, քան եռամսյակը մեկ անգամ, իսկ դրանց համար վճարումը կատարվում է տվյալ պահին գործող սակագներով:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը էլեկտրական ու ջերմային էներգիայի ամսական սակագները հայտարարում է նախորդ ամսվա 25-ին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` նշված օրվա դրությամբ տարադրամի ու դրամի հաշվարկային կուրսը:
4. Սահմանել, որ էլեկտրական և ջերմային էներգիայի համար կանխավճար է համարվում սակագնի հաստատման պահից մինչև հաշվետու ամսվա ավարտն իրականացված վճարումը: Վճարումը կատարվում է առանց կանխավճարի չափի սահմանափակման` հաշվետու ամսվա համար հայտարարված սակագնով:
5. Սահմանել, որ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը սպառողներին ներկայացվում է փաստացի օգտագործված էլեկտրական ու ջերմային էներգիայի ծավալների դիմաց ինկասո` հաշվի առնելով կանխավճարը, իսկ փաստացի օգտագործված էլեկտրական ու ջերմային էներգիայի արժեքի և մուծված կանխավճարի տարբերությունը սպառողը մատակարարին վճարում է տվյալ պահին գործող սակագներով:
6. Սահմանել, որ էներգամատակարար կազմակերպության մեղքով էլեկտրական ու ջերմային էներգիայի մատակարարման խափանման դեպքում նրա նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ:
7. 1994 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների պարտքերի վճարման մասին» թիվ 666 որոշման հանձնարարականը` էլեկտրական և ջերմային էներգիային վերաբերող մասով:
8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` սույն որոշման կատարման ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: