ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 1994 թ. թիվ 563
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԿՈՒՂՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում նկուղների տնօրինման, օգտագործման և տիրապետման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ վարձակալության չտրված պետական բնակարանային ֆոնդի տների նախագծով նախատեսված ոչ բնակելի տարածքները (նկուղները, կիսանկուղները, բացվածքները) տրվում են վարձակալության կամ վաճառվում են ըստ պատկանելության պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների և գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից, նախապատվությունը տալով տվյալ տան բնակիչներին, հաշվի առնելով տարածքների բաժանման տեխնիկական հնարավորությունները, առանձնահատկություններն ու նպատակահարմարությունը, հիմք ընդունելով «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգով սահմանված և սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված վճարների չափը:
Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման և վաճառքի կարգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
դեկտեմբերի 8-ի թիվ 563 որոշմամբ
Կ Ա Ր Գ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԿՈՒՂՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում պետական և մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ի շահագործման հանձնված հանրային բնակարանային ֆոնդի տների նկուղների տնօրինման, օգտագործման և տիրապետման կարգը:
2. Սահմանված կարգով վարձակալական հիմունքներով ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) և անհատ ձեռներեցներին մինչև սույն կարգի հաստատման օրը հատկացված բնակելի տների նկուղները կարող են սեփականաշնորհվել համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգի:
3. Բնակիչները մինչև սույն կարգի հաստատման օրն իրենց հատկացված բնակելի տների նկուղները կարող են սեփականաշնորհել` մուծելով համապատասխան տեղական, իսկ Երևան և Գյումրի քաղաքներում` քաղաքային բյուջե 1 քառ. մ. տարածքի համար երկու նվազագույն աշխատավարձի չափով վճար:
4. Բնակիչների կողմից նկուղների սեփականաշնորհումը և դրա հետ կապված փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համաձայն:
5. Նկուղների սեփականատերերի (վարձակալների) կողմից դրանց ներքին և արտաքին վերակառուցումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 17-ի «Շահագործվող շենքերի նկուղային հարկերի վերակառուցման և կցակառույցների շինարարության իրականացման մասին» թիվ 480 որոշման համաձայն:
6. Բնակելի տների նախագծերով նախատեսված հատուկ նշանակության նկուղները ենթակա չեն սեփականաշնորհման և կարող են հատկացվել միայն վարձակալական հիմունքներով:
7. Բնակելի տների կիսանկուղային տարածքները կարող են սեփականաշնորհվել սույն կարգի համաձայն: