Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1415-Լ

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-277-12.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-277-12.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-277-12.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով 11-րդ հոդվածում նախատեսվում են նոր կարգավորումներ, որոնց համաձայն` արգելվում է ամուսնություն կնքել նույն սեռի անձանց միջև, ինչպես նաև այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը փոխել է սեռը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՀՀ օրենսդրությունը, այդ թվում` առաջին հերթին` ՀՀ Սահմանադրությունը, չեն տալիս «ամուսնության» հասկացությունը, սակայն թե հիմնական օրենքը, և թե ՀՀ ընտանեկան օրենսգիրքն «ընտանիք» հասկացությունն օգտագործում են կնոջ և տղամարդու կայուն միության համատեքստում:

.... Ոչ ՀՀ Սահմանադրությունը, ոչ էլ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները չեն սահմանում նույն սեռի անձանց միության համար իրավական նախադրյալներ ապահովելու` պետությանը պարտավորեցնող պահանջներ»:

Անդրադառնալով նախագծով նախատեսվող` նույն սեռի անձանց միջև ամուսնության կնքման արգելք սահմանող կարգավորմանը` հայտնում ենք հետևյալը:

ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն` ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց` ամուսնական տարիքի` տասնութ տարեկանի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` արգելվում է ամուսնություն կնքել`

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրորեն ամրագրել է կամքի ինքնավարության հիման վրա տղամարդու և կնոջ միմյանց հետ ամուսնության իրավունքը, իսկ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը որպես ամուսնության կնքման հիմնական պայման, բացի կամքի ազատությունից և սահմանված տարիքից, նշել է նաև սուբյեկտներին, դրանք են` կինն ու տղամարդը: Այսինքն` գործող կարգավորմամբ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը, ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ, ամուսնության կնքման էական պայման է դիտարկել ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը, ինչից բխում է, որ տվյալ պայմանի բացակայության դեպքում ամուսնություն չի կարող կնքվել: Հետևաբար` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված պայմանի բացակայության հիմքով ամուսնության կնքման արգելքն իրավաչափ է` անկախ առաջարկվող արգելքը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածում ամրագրելուց:

Ինչ վերաբերում է այն կարգավորմանը, որի համաձայն` արգելվում է ամուսնություն կնքել այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը փոխել է սեռը, ամուսնացող անձանցից թեկուզև մեկի սեռը փոխած լինելու հանգամանքով պայմանավորված արգելք նախատեսող կարգավորմանը, հայտնում ենք հետևյալը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` ամուսնությունը նույն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:

Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական կացության ակտի գրառում կատարելու համար պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնք հիմք են քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման համար, և դիմողի անձը հաստատող փաստաթուղթ: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերը, որոնք տվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինները և ներկայացվել են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար, պետք է հյուպատոսական օրինականացման ենթարկվեն, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, և թարգմանվեն հայերեն:

Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը, եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:

Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը մերժվում է, եթե այդ գրանցումը հակասում է օրենքի պահանջներին, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Այսպիսով` պետական գրանցում իրականացնող մարմինները կարող են մերժել քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը միայն օրենքով հստակ սահմանված դեպքերում: Կարծում ենք, որ նախագծով նախատեսված կարգավորումը` սեռը փոխած անձանց ամուսնության գրանցման արգելքի մասով, խնդրահարույց է` հետևյալ հիմնավորմամբ:

Նախագծի ընդունման դեպքում խնդիր է առաջանալու հետևյալ հարցերի պարզաբանման մասով` ու՞մ վրա է դրվելու ամուսնության գրանցման դիմում ներկայացրած անձանց սեռափոխված լինելը կամ չլինելը գնահատելու պարտականությունը, արդյո՞ք պետական գրանցում իրականացնող անձը բոլոր դիմում ներկայացրած անձանց պետք է դիտարկի որպես սեռը փոխած, կամ ո՞ր դեպքերում կամ ի՞նչ հանգամանքներից ելնելով կարող է ենթադրել, որ դիմողի սեռը փոխված է, արդյո՞ք պետական գրանցում իրականացնող անձն է որոշելու` ում վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պահանջել, իսկ ում վերաբերյալ` ոչ` հաշվի առնելով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքները, և արդյո՞ք գրանցում իրականացնող անձի կասկածները կամ ենթադրությունները բավարար են պետական գրանցումը մերժելու համար: Այսինքն` վարչարարության իրականացման ընթացքում խնդիրներ են ծագելու վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանման առումով (այդ թվում` կամայականության արգելք, վարչարարության համաչափություն, ձևական պահանջները չարաշահելու արգելք): Ընդ որում` առավել ևս օտարերկրյա քաղաքացիների պարագայում խնդրահարույց է լինելու անձի սեռափոխված լինելու հանգամանքի բացահայտումը: Այսինքն` նախագծի ընդունման դեպքում նախագծի գործնական կիրառումը խնդիրներ է առաջացնելու:

Ամփոփելով վերոգրյալը` կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագիծը ներկայացված տարբերակով ընդունելու նախաձեռնությունից` ելնելով վերոշարադրյալ հիմնավորումներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2019
N 1415-Լ
Որոշում