Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2019 թվականի N 510-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Պ-080-01.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 8

Երևան

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-080-01.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի իրավակարգավորումների ու դրանց հիմնավորման վերաբերյալ ներկայացնում է ստորև բերված դիտարկումները`

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

Այս առումով, հարկ ենք համարում անդրադառնալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ` օրենք) որոշ դրույթների, որոնցով կանոնակարգվում են հարցերի քվեարկությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության մանրամասները: Մասնավորապես, օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարցերի քվեարկություններն անցկացվում են բաց` անվանական:

Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բաց քվեարկությունն անվանական է: Էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կանոնակարգով նախատեսված անվանական քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգի 61-րդ հոդվածով սահմանված կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Բացի դրանից, օրենքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների հրապարակային նիստերը, ինչպես նաև խորհրդարանական լսումներն առցանց հեռարձակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Վերոգրյալ հոդվածների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցչական և օրենսդիր մարմին հանդես գալու սահմանադրաիրավական կարգավիճակն անխուսափելիորեն ենթադրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի հրապարակայնության պահանջի ապահովման անհրաժեշտություն: Տվյալ պարագայում խնդրահարույց է, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության մարզերում ապահովվելու հերթական նստաշրջանի ընթացքում առնվազն մեկ արտագնա նիստ գումարելու պահանջը` հաշվի առնելով մարզերում քվեարկության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայությունը: Դեռ հարց է, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ապահովված են տեխնիկական միջոցներով հագեցած և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների սահմանված քանակի տեղակայման պահանջները բավարարող համապատասխան չափսերի դահլիճներով, ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի բնականոն գործընթացը:

2. Օրենքի 160-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձևակերպմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Աշխատակազմը, ուստի նախագծով նախատեսված կարգավորման պարագայում պարզ չէ նաև, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության մարզերում գործնականում ապահովվելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի թե մասնագիտական սպասարկումը և աջակցությունը, թե նյութատեխնիկական ապահովումը: Հնարավոր է նաև խնդիրներ առաջանան նիստերի օրակարգում ընդգրկված օրակարգային հարցերի քննարկման հաջորդականության ապահովման գործում զեկուցողների մասնակցության հետ կապված:

3. Հայաստանի Հանրապետության մարզերում արտագնա նիստ գումարելու պարագայում անհրաժեշտություն է առաջանալու կարգավորել պատգամավորների` Հայաստանի Հանրապետության մարզեր տեղափոխման նպատակով վերջիններիս տրանսպորտային միջոցներով ապահովման, առավել հեռու տեղակայված մարզերի դեպքում նաև` գիշերակացի և համանման այլ խնդիրներ, որոնք կապված են ֆինանսական ծախսերի հետ:

4. Նախագծով նախատեսված կարգավորման պարագայում առաջնահերթ կարևորություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզերում հիշյալ գործընթացի վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները և այս առումով հարց է առաջանում, արդյո՞ք գործնականում հնարավոր է լինելու երաշխավորել պատգամավորների անվտանգությունը և վերջիններիս գործունեության անխոչընդոտ իրականացման ապահովումը:

5. Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ արտահայտված` տարածքների համաչափ զարգացման նպատակի իրագործմանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մասնակցությունը չպետք է սահմանափակվի միայն այդ ուղղությամբ օրենքների ընդունմամբ, դիրքորոշման կապակցությամբ գտնում ենք, որ հիշյալ գործառույթն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այդ թվում նաև` արտագնա նիստերի միջոցով, ելնելով իր` տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև մարզերի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակման ոլորտներում քաղաքականության իրականացման իրավասությունից:

6. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «մշտական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:»: Կարծում ենք այս դրույթը նույնպես պետք է գործարկվի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ի դեմս իր մարմինների, կարող է բովանդակալից մասնակցություն ունենալ տարածքներում բնակչությանը հուզող կարևորագույն խնդիրների լուծման գործում:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգի 2-րդ կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրում` Մարշալ Բաղրամյան պողոտա 19 հասցեում: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի (այսուհետ` խորհուրդ), իսկ դրա անհնարինության դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:»:

Կարծում ենք, որ միայն գործող կարգավորումների իրավակիրառ պրակտիկան` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովների արտագնա նիստերի կազմակերպումն ու ձեռք բերված փորձի ամփոփումը թույլ կտա գնահատել ներկայացված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող փոփոխության արդիականությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2019
N 510-Լ
Որոշում