(ուժը կորցրել է 08.12.06 թիվ 420-Ն հրաման)
i
110.0420.110101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
22 դեկտեմբերի 2000 թվականի N 420-Մ
i
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 12-ի թիվ 634 «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» որոշման`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման» կարգը:
i
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 1999թ. մարտի 22-ի «Համայնքի կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման կարգը հաստատելու մասին» թիվ 93-Մ հրամանը:
3. Նախարարության իրավաբանական բաժնի պետ` (Վ. Սարգսյան)` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
Հաստատում եմ
ՀՀ կրթության և գիտության
նախարար Է. Ղազարյան
«22» 12 2000թ.
Կոդ
ԿԱՐԳ
i
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ
Սույն կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996թ. մայիսի 15-ի թիվ 150 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 263, 1998թ. հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին» թիվ 661, 1999թ. հունիսի 1 «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 377 և 2000թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքի մասին» թիվ 634 որոշումներով սահմանված պետական հանրակրթական հաստատության (այսուհետև հաստատություն) գործադիր տնօրենի (այսուհետև տնօրեն) ընտրության կատարումն ապահովելու նպատակով:
1. Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է հաստատության կառավարման բարձրագույն մարմինը` հաստատության խորհուրդը (այսուհետև խորհուրդ):
2. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին խորհրդի նախագահը տեղյակ է պահում վերադասին (ըստ ենթակայության` համայնքի ղեկավարին, մարզպետին, Երևանի քաղաքապետին, ԿԳ նախարարին):
3. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին խորհրդի որոշումը և մրցույթի պայմանները խորհուրդը տասնօրյա ժամկետում առնվազն մեկ անգամ հայտարարում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):
4. Տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին խորհրդի հայտարարության տեքստում պարտադիր է նշել.
. մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման ժամկետը, որը չի
կարող պակաս լինել մրցույթ անցկացնելու մասին առաջին հայտարարության
հրապարակման պահից` հաշված մեկ ամիս,
. մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը,
. մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը.
. հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):
5. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
. քաղվածք աշխատանքային գրքույկից,
. ինքնակենսագրություն (ձեռագիր),
. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
. տեղեկանք մշտական բնակության վայրից,
. հրատարակված հոդվածների ցանկ (դրանց առկայության դեպքում),
. հաստատության գործունեության մասին հայեցակարգ (ծրագիր),
. բնութագիր վերջին աշխատավայրից:
6. Հավակնորդին ներկայացվող պահանջներն (չափանիշներն) են`
պարտադիր չափանիշներ
--------------------
. բարձրագույն մանկավարժական կրթություն*,
. առնվազն երեք տարվա մանկավարժական աշխատանքի փորձ,
. գրական հայերենի տիրապետում,
. կրթության համակարգի օրենսդրության և այլ իրավական ակտերի,
աշխատանքային օրենսգրքի և նորմացույց փաստաթղթերի (այդ թվում
ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ) պահանջների
իմացություն,
. հաստատության բարեփոխման և զարգացման ծրագիր (հայեցակարգ,
հիմնադրույթներ) մշակելու կարողություն,
ցանկալի չափանիշներ
--------------------
. կրթության հաստատության կառավարման և ղեկավարման հիմունքների
իմացություն,
. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
. ներդպրոցական կառավարման և վերահսկողության վերաբերյալ փաստաթղթեր
կազմելու ունակություն,
. աշխատանքային կոլեկտիվի ղեկավարման հմտություններ,
. ուսուցչի որակավորման բարձր տարակարգ,
. վարչական աշխատանքի փորձ,
. օտար լեզվի իմացություն,
. համակարգչով աշխատելու հմտություն:
7. Մրցույթը անցկացնում է խորհուրդը ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի (փորձագետի) մասնակցությամբ (խորհրդակցական ձայնի իրավունքով): Մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ փորձագետը ներկայացնում է գրավոր եզրակացություն, որը կցվում է արձանագրությանը: Մրցույթի անցկացման խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամներից առնվազն 4-ը խորհրդի 5 անդամների դեպքում, առնվազն 5-ը` 7-ի դեպքում, առնվազն 6-ը` 9-ի դեպքում: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որին փակ քվեարկությամբ կողմ են քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի (մրցութային) նիստերն արձանագրվում են (հավակնորդներին տրված հարցերը, պատասխանները, խորհրդի անդամների կարծիքները):
8. Քվեարկության արդյունքները հրապարակում է խորհրդի նախագահը, որի հիման վրա խորհուրդը կայացնում է համապատասխան որոշում:
9. Խորհրդի որոշման հիման վրա ընտրված տնօրենի հետ վերադասը երեք տարի ժամկետով կնքում է աշխատանքային պայմանագիր: Պայմանագրի կնքումը կատարվում է մրցույթի անցկացման պահից տասնօրյա ժամկետում` յոթ օրից ոչ շուտ:
10. Մրցույթի արդյունքները ենթակա են վերանայման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Մրցույթը չեղյալ է համարվում այն դեպքում, երբ մրցույթի մասնակիցները, կազմակերպիչները թույլ են տվել սույն կարգի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ խախտումներ:
12. Մրցույթը չեղյալ կարող է համարել ՀՀ ԿԳՆ նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովի որոշման հիման վրա խորհուրդը չեղյալ է համարում մրցույթի արդյունքները:
13. Եթե մրցույթում ոչ մի հավակնորդ չի անցնում, նույն օրվա ընթացքում կազմակերպվում է կրկնակի քվեարկություն: Կրկնական քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հայտարարվում է լրացուցիչ մրցույթ` նույն կարգով: Այդ դեպքում վերադասի կողմից նշանակվում է տնօրենի պաշտոնակատար (տնօրենի հավակնորդներից պաշտոնակատար չի նշանակվում): Տնօրենի պաշտոնակատարը շարունակում է աշխատանքը մինչև տնօրենի ընտրվելը:
14. Խորհրդի արձակումը կամ լիազորությունների ավարտումը չի կարող հիմք հանդիսանալ տնօրենի հետ վաղօրոք կնքված աշխատանքային պայմանագրի լուծման կամ փոփոխման համար:
--------------------------------
* մինչև փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը սույն պահանջին բավարարող
հավակնորդ չլինելու դեպքում հայտարարվում է լրացուցիչ մրցույթ, որի
պահանջներում «բարձրագույն մանկավարժական կրթությունը» փոխարինվում է
«բարձրագույն կրթությամբ»:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
11.01.2001թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11001016