Սեղմել Esc փակելու համար:
ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2000 թվականի թիվ 25

 

i

ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Դրամական պարտավորությունը չկատարելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված պատասխանատվության նպատակը իրենց պարտավորությունները բարեխիղճ կատարող գույքային շրջանառության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է: Գույքային շրջանառության անբարեխիղճ մասնակիցն օգտագործելով ուրիշի դրամական միջոցները ստանում է շահույթ, իսկ նրա պարտատերը կրում է վնասներ, եթե նույնիսկ սկզբնական գումարը վերադարձվի որոշ ժամանակ անց, քանի որ սղաճը առաջացնում է դրա արժեքի նվազեցում: Գույքային շրջանառությունն արդարության սկզբունքով կանոնակարգելուն են ուղղված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի կանոնները, որոնք նորամուծություն են:

Ուսումնասիրելով դրամական պարտավորությունը չկատարելու համար պատասխանատվության վերաբերյալ օրենսդրության կիրառման դատական պրակտիկան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի տարակարծիք մեկնաբանումը բացառելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի պահանջներով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը պարզաբանում է.

1. Տոկոսներ վճարելու պարտապանի պարտականությունը նախատեսված է ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու բոլոր դեպքերի համար: «Ուրիշի դրամական միջոցներ» հասկացությունը ներառում է ոչ միայն այլ անձի պատկանող միջոցները, այլ նաև կատարված աշխատանքի, մատուցված ծառայությունների, մատակարարված (վաճառված) ապրանքների համար պարտավորությամբ պարտատիրոջը նախատեսված միջոցները, թեկուզև պարտապանի համար այդ միջոցները ձևականորեն «ուրիշի» չեն:

i

2. Ուրիշի դրամական միջոցները օգտագործելու համար տոկոսների չափը որոշվում է բանկային տոկոսի միասնական հաշվարկային դրույքով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը:

(2-րդ կետը փոփ. 22.12.00 թիվ 38 որոշում)

3. Պարտքը դատական կարգով բռնագանձելիս դատարանը կարող է կիրառել վճիռ կայացնելու օրվա բանկային տոկոսի հաշվարկային դրույքը:

i

4. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ուրիշի դրամական միջոցները օգտագործելու համար տոկոսները ենթակա են հաշվեգրման միայն դրամական պարտավորությամբ պարտքի գումարին, իսկ տոկոսների վրա դրանք չեն հաշվեգրվում:

Պարտքի գումարն իր մեջ ներառում է ապառքը և պայմանագրով նախատեսված տոկոսների գումարը:

(4-րդ կետը փոփ. 22.12.00 թիվ 38 որոշում)

5. Ժամանակահատվածը, որի ընթացքում հաշվեգրվում են ուրիշի դրամական միջոցներն օգտագործելու համար տոկոսները, ավարտվում է պարտատիրոջը պարտքի գումարը վճարելու օրը, այսինքն, այն օրը, երբ նշված գումարը վճարված է փաստացի: Այս կանոնը դիսպոզիտիվ է, քանի որ այն կարող է փոփոխվել պայմանագրով: Սակայն, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պայմանագրով կարող են նախատեսվել տոկոսների հաշվեգրման միայն ավելի կարճ ժամկետներ:

6. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դատարանի վճռի եզրափակիչ մասում և կատարողական թերթում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134 հոդվածին համապատասխան պետք է նշված լինի նաև այն գումարը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը:

7. Ուրիշի դրամական միջոցներն օգտագործելու համար տոկոսները կրում են հաշվանցման բնույթ, այսինքն, պարտատիրոջը վճարվում են միայն ուրիշի դրամական միջոցների օգտագործման համար տոկոսների գումարը գերազանցող վնասները:

8. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420 և 422 հոդվածների կանոնները, որոնց համաձայն դատարանը կարող է նվազեցնել բռնագանձման ենթակա տոկոսների չափը կամ ազատել պարտապանին դրանց վճարումից պարտատիրոջ մեղքի առկայության, այդ թվում նրա կետանցի դեպքում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
02.06.2000
N 25
Որոշում