329.0238.180500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
21 ապրիլի 2000 թվականի թիվ 238
i
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 13-րդ կետը (ՀՀ կառավարության 25.05.99թ. թիվ 345 որոշման խմբագրությամբ)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորում շնորհելու կարգը» (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
«21» ապրիլի 2000թ.
Թիվ 238 հրամանով
ԿԱՐԳ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակված է ՀՀ կառավարության 07.01.98թ. թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» համաձայն և սահմանում է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց վերը նշված կարգի 13-րդ կետով սահմանված աշխատողներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անկախ ինվեստիցիոն բրոքերներին և դիլերներին արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորում շնորհելու կարգը:
2. Սույն կարգի համաձայն արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն է համարվում գործունեության այն տեսակը, որի իրականացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով անհրաժեշտ է ստանալ լիցենզիա:
Մասնագիտական որակավորում ստանալու նպատակը արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց կողմից ներդրողների և արժեթղթերի շուկայի այլ մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունների պատշաճ կատարման ապահովումն է:
3. Արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորումը շնորհվում է սույն կարգով սահմանված կանոններով անցկացվող որակավորման քննության հիման վրա:
4. Արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ունի ցանկացած գործունակ ֆիզիկական անձ, որը.
- քննության հայտ ներկայացնելու պահի դրությամբ չունի չմարված դատվածություն,
- կատարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարումը:
5. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
ա) լիազորված մարմին` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն.
բ) որակավորման հավաստագիր` արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձին, սույն կարգի համաձայն, տրված որակավորման փաստաթուղթ.
գ) հանձնաժողով` սույն կարգի համաձայն ստեղծված արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորման քննություն անցկացնող հանձնաժողով:
II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6. Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման քննությանը մասնակցելու համար դիմորդը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` հավելված 1-ում բերված ձևի համաձայն, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:
7. Լիազորված մարմինն իրավունք ունի հարցման միջոցով ստուգել դիմորդի ներկայացրած փաստաթղթերում նշված տեղեկությունների արժանահավատությունը:
8. Դիմորդի հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ դրանց մեջ տեղ է գտել ակնհայտ ապատեղեկատվություն:
9. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չլինելու դեպքում դիմորդին թույլատրվում է մասնակցել որակավորման առաջիկա քննությանը:
10. Լիազորված մարմինը կազմում է քննության մասնակիցների ցուցակը և որակավորման քննության օրը` քննությունից առաջ ներկայացնում հանձնաժողովին:
Քննության մասնակիցների ցուցակում ընդգրկվում են քննության անցկացման օրվանից առնվազն երկու օր առաջ հայտ ներկայացրած դիմորդները:
11. Քննություններն անց են կացվում յուրաքանչյուր ամսվա առաջին չորեքշաբթի օրը: ՔՆնության սկիզբը ժամը 11.00 է:
12. Քննություններն անց են կացվում տեստային եղանակով` համակարգչի միջոցով:
13. Քննական տեստերում առաջադրվող հարցերի ցանկը (հարցաշարը) կազմվում է լիազորված մարմնի կողմից և հաստատվում լիազորված մարմնի ղեկավարի կողմից:
14. Հարցաշարում ընդգրկված հարցերը կազմվում են ելնելով ինչպես արժեթղթերի շուկայի տեսչությունից, այնպես էլ արժեթղթերի շուկան կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներից և այլ իրավական ակտերից:
15. Որակավորման քննությանը նախապատրաստվելու համար դիմորդին տրամադրվում է անհրաժեշտ գրականության ցանկը:
16. Դիմորդը քննության է ներկայանում անձնագրով: Առանց անձնագրի ներկայացած կամ քննությանը ուշացած դիմորդը համարվում է քննությանը չներկայացած:
17. Տվյալ քննությանը չներկայացած դիմորդն ընդգրկվում է հաջորդ քննության մասնակիցների ցուցակում: Կրկնակի անգամ քննությանը չներկայացած դիմորդը հանվում է քննության մասնակիցների ցուցակից և հետագայում կարող է մասնակցել քննությանը ընդհանուր հիմունքներով:
18. Քննական տեստը բաղկացած է 16 հարցերից, որոնք ընտրվում են համակարգչային ծրագրի միջոցով: Դրանց պատասխանելու համար դիմորդին տրվում է 30 րոպե ժամանակ:
19. Մինչև քննության սկիզբը դիմորդը ծանոթացվում է համակարգչի միջոցով որակավորման քննության անցկացման կանոններին:
20. Քննության ավարտից հետո օպերատորը դիմորդի ներկայությամբ տպող սարքի միջոցով տպում է քննության արդյունքները երկու օրինակից, որոնց հիման վրա կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրությունը: Արդյունքների մեկ օրինակը դիմորդի ստորագրությամբ հանձնվում է հանձնաժողովին, իսկ մյուսը տրվում է դիմորդին: Քննական արդյունքները հաստատվում են և հայտարարվում հանձնաժողովի կողմից:
21. Դիմորդն իրավունք ունի քննության արդյունքը հայտարարելուց անմիջապես հետո բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո կրկնակի բողոքարկումը չի քննարկվում:
22. Քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է ընդհանուր հիմունքներով մասնակցել հաջորդ քննությանը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
23. Հանձնաժողովի կազմը հաստատվում է լիազորված մարմնի կողմից և ընդգրկում է` ի պաշտոնե ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետին (նախագահ), ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալներին, ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության արժեթղթերի շուկայի կարգավորման վարչության պետին և վերահսկման վարչության պետին, արժեթղթերի շուկայի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորման բաժնի պետին (քարտուղար), ֆոնդային բորսաների և ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաների, արժեթղթերի շուկայի մասնակիցների միության և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ի ղեկավարներին:
24. Հանձնաժողովը հետևում է որակավորման քննության ընթացքին և հաստատում քննության արդյունքները` համապատասխան որոշմամբ:
25. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են որակավորման քննության օրերին հրավիրված նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է որոշիչ:
26. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պարտադիր ստորագրվում են հանձնաժողովի նիստերին ներկա բոլոր անդամների կողմից:
IY. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
27. Քննության արդյունքներով բավարար գնահատված դիմորդների համար սահմանվում են մասնագետների որակավորման հետևյալ կարգերը.
ա) 1-ին կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել հարցերի ընդհանուր քանակի 90 օ/օ-ից ավելիին (15, 16 հարց),
բ) 2-րդ կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել ընդհանուր հարցերի առնվազն 75 օ/օ-ին (12-14 հարց):
28. Դիմորդը քննության արդյունքներով համարվում է անբավարար գնահատված, եթե ճիշտ չի պատասխանել ընդհանուր հարցերի ավելի քան 25 օ/օ-ին:
29. Առաջին կարգի մասնագետի որակավորում է շնորհվում նաև հանձնաժողովի անդամներին և լիազորված մարմնի այն աշխատակիցներին, որոնք լիազորված մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ մասնագիտական աշխատանքային ստաժ:
30. Արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի գործադիր տնօրենը (ղեկավարը) և նրա տեղակալները, ինչպես նաև անկախ ինվեստիցիոն բրոքերները և դիլերները պարտադիր պետք է որակավորված լինեն որպես առաջին կարգի մասնագետ:
31. Սույն կարգի 27-րդ կետում նշված անձանց տրվում են որակավորման հավաստագրեր երեք տարի ժամկետով, իսկ 29-րդ կետում նշված անձանց` անժամկետ:
32. Որակավորման հավաստագիրը պետք է ներառի.
մասնագետի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, որակավորման կարգը, հավաստագրի հերթական համարը, տրման ամսաթիվը և այլ անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև հատուկ նշում այն մասին, որ հավաստագիրը ենթակա չէ փոխանցման կամ այլ ձևով այլ անձանց օտարման:
33. Որակավորման հավաստագիրը վավերացվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և կնքվում է լիազորված մարմնի կնիքով:
34. Որակավորման հավաստագրի ձևակերպումը և դրան հանձնումը մասնագետին իրականացվում է քննությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
35. Լիազորված մարմինը վարում է հավաստագրերի գրանցամատյան, որի մեջ գրի են առնվում մասնագետի անունը, ազգանունը, որակավորման կարգը, հավաստագրի տրման ամսաթիվը և հերթական համարը:
36. Լիազորված մարմինը իրավունք ունի նախնական ծանուցմամբ մասնագետին տրված որակավորման հավաստագիրը ուժը կորցրած ճանաչել, եթե.
ա) մասնագետը տվյալ որակավորումը ստանալուց հետո դատապարտվել է ծանր հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար,
բ) մասնագետի կողմից խախտվել է արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները:
Լիազորված մարմինը ուժը կորցրած է ճանաչում նաև այն իրավաբանական անձանց գործադիր տնօրենների և նրանց տեղակալների որակավորման հավաստագրերը, որոնց արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզիան սահմանված կարգով ուժը կորցրած է ճանաչվել:
ՀԱՅՏ
Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման
քննությանը մասնակցելու
I. Ընդհանուր տեղեկություններ
Անուն, ազգանուն
Հասցե, հեռախոսահամարներ
Ծննդյան թիվը (ամիս, ամսաթիվ)
Քաղաքացիությունը
Անձնագրի սերիան և համարը
II. Կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը,
մասնագիտությունը և ավարտելու տարին)
III. Վերջին հինգ տարիներին աշխատանքային փորձը (կազմակերպության
անվանումը, պաշտոնը)
IY. Հայտ ներկայացնելու պահի դրությամբ դատապարտվել եք ծանր
հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական
հանցագործության համար և ունեք չմարված դատվածություն
Y. Նշեք առնվազն երեք անձանց անունը, ազգանունը, հասցեն և
հեռախոսահամարները, որոնք անձամբ ճանաչում են Ձեզ և որևէ ձևով
կապված չեն այս առաջարկի հետ.
1.
2.
3.
YU. Ես հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող
տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում
որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է
հանգեցնել հայտի մերժմանը կամ որակավորման հավաստագրի ուժը
կորցրած ճանաչելուն:
Դիմորդի ստորագրությունը
«_____»__________ 2000թ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
18. 05. 2000թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32900044