09.01.1997 - 10.05.2002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.
i
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության /քաղաքացիների, հանրության և պետության կենսական կարևոր շահերի/ ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, սահմանում է պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը, գաղտնիության աստիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների լիազորությունները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարել պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
i
Հոդված 2. |
Պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը |
Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է այլ վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Հոդված 3. |
Սույն օրենքում գործածվող հասկացությունները |
Սույն օրենքում գործածվում են հետևյալ հասկացությունները.
1. Պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կրողները /այսուհետ` տեղեկակիրներ/ այն նյութական օբյեկտներն են, այդ թվում` ֆիզիկական դաշտերը, որոնցում պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացի ձևով:
2. Պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածումը, այդպիսի տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստն է.
ա/ հրապարակումը սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին իրազեկ լինելու համապատասխան իրավունք կամ սահմանված կարգով ծանոթանալու թույլտվություն չունեն.
բ/ հոսակորուստը սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկություններին իրազեկ լինելու համապատասխան իրավունք կամ սահմանված կարգով ծանոթանալու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պահպանության համար պատասխանատու անձանց անփութության հետևանքով այդպիսի տեղեկությունների արտահոսքը կամ կորուստն է:
3. Տեղեկությունների գաղտնագրումը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:
4. Տեղեկությունների գաղտնազերծումը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների վերացումն է:
5. Պետական կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական և այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովմանը:
Հոդված 4. |
Գաղտնիության աստիճանները |
Ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
ա/ «Հատուկ կարևորության»,
բ/ «Հույժ գաղտնի»,
գ/ «Գաղտնի»:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնասի ծանրության աստիճանին:
Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» մակագրությունները:
Հոդված 5. |
Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությունը |
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:
Հոդված 6. |
Միջազգային պայմանագրերը |
Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Սույն օրենքի պահանջները չեն տարածվում այլ տեսակի կամ բնույթի /«Ծառայողական օգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ այլ մակագրություն ունեցող, ինչպես նաև առևտրատնտեսական ու գործունեության այլ բնագավառի/ տեղեկությունների վրա, որոնք, թեև պարունակում են որևէ բնագավառի գաղտնի տեղեկություններ, սակայն սույն օրենքին համապատասխան չեն դասվում պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին:
i
Հոդված 8. |
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները |
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը`
ա/ որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
բ/ իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
ա/ իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում հարաբերությունների օրենսդրական կարգավորումը.
բ/ որոշում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
գ/ իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա/ ապահովում է սույն օրենքի կատարումը.
բ/ մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը և ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը.
գ/ մշակում և հաստատում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը.
դ/ մշակում և հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը.
ե/ ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ և իր կողմից, սահմանված կարգով, որոշումներ է ընդունում պետական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններին փոխանցելու հնարավորության մասին.
զ/ սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հաշվառման, պահպանման և փոխանցման կարգը.
է/ սահմանում է մամուլում և լրատվության մյուս միջոցներում, ինչպես նաև արտասահման առաքվող նյութերում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը.
ը/ սահմանում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու հետևանքով պետությանը, ինչպես նաև տեղեկությունը գաղտնագրելու հետևանքով տեղեկության սեփականատիրոջը հասցված վնասի չափերը որոշելու կարգը.
թ/ սահմանում է պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրների հետ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վարվելու կարգը.
ժ/ հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը.
ժա/ սահմանում է մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար արտոնությունների հատկացման չափերն ու կարգը.
ժբ/ որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
ժգ/ իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
4. Հանրապետական գործադիր, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները`
ա/ ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում համապատասխան ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում.
բ/ իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և գործունեությունն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման մասին.
գ/ իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական կամ ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք ձեռք բերող քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումների անցկացումը.
դ/ իրենց իրավասության սահմաններում իրացնում են պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությամբ նախատեսված միջոցները` համապատասխան անձանց արտոնությունների հատկացման և իրավունքների սահմանափակման ուղղությամբ.
ե/ պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության համակարգի ձևավորման և գործող համակարգի կատարելագործման վերաբերյալ կարող են մշակել առաջարկություններ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.
զ/ իրենց իրավասության սահմաններում իրականացնում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
5. Սահմանադրական դատարանը, դատական և դատախազական մարմինները`
ա/ ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրենց գործունեության ընթացքում.
բ/ սահմանում են սահմանադրական դատարանում, դատական և դատախազական մարմիններում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց արտոնությունները:
ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
Հոդված 9. |
Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկությունները |
Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.
1. Ռազմական բնագավառում`
ա/ զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.
բ/ ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.
գ/ հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.
դ/ Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.
ե/ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:
2. Արտաքին հարաբերությունների բնագավառում`
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական /առևտրային, վարկային և արժութային/ գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերին:
3. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`
ա/ Հայաստանի Հանրապետությունը արտաքին զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության գծով արդյունաբերական կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալների, ինչպես նաև պետական նյութական պահուստների փաստացի չափերի և դրանց տեղաբաշխման մասին.
բ/ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ներքին կառույցների օգտագործման մասին.
գ/ պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի /հանձնարարականների/, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության և մատակարարումների, դրանց առկայության և արտադրական կարողությունների զարգացման, այդ նպատակով ձեռնարկությունների ու հիմնարկների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին.
դ/ պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մասին.
ե/ քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական կառավարման օբյեկտների պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին.
զ/ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, Հայաստանի Հանրապետության պետական պահուստների ու պաշարների, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության /բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից/ մասին:
4. Հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում`
ա/ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները.
բ/ հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնաբար համագործակցող կամ համագործակցած անձանց մասին.
գ/ կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, պետական ծածկագրերի, դրանց վերլուծության մեթոդների ու միջոցների մասին.
դ/ գաղտնի տեղեկատվության պաշտպանության մեթոդների ու միջոցների մասին.
ե/ պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի ու միջոցների մասին:
Հոդված 10. |
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները |
Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել`
ա/ քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային /ներառյալ պաշտոնապես կանխատեսվող/ աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները.
բ/ տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները.
գ/ քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները.
դ/ այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա:
ԳԼՈՒԽ 3
ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 11. |
Գաղտնագրման սկզբունքները |
Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և ժամանակին կատարելու սկզբունքներին համապատասխան:
Գաղտնագրման օրինականությունը գաղտնագրվող տեղեկությունների համապատասխանության ապահովումն է սույն օրենքի պահանջներին:
Գաղտնագրման հիմնավորվածությունը փորձագիտական գնահատման միջոցով յուրաքանչյուր տեղեկության գաղտնագրման նպատակահարմարության պարզումն է` ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման շահերից:
Գաղտնագրման ժամանակին կատարումը տեղեկությունների ստացման /մշակման/ պահից կամ նախապես դրանց տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:
i
Հոդված 12. |
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելը |
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելն իրականացվում է ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելիության:
Գաղտնագրման սկզբունքներին համապատասխան` տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու անհրաժեշտության հիմնավորումը դրվում է պետական այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների վրա, որոնք ստացել /մշակել/ են այդ տեղեկությունները:
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով:
Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական ձեռնարկություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մշակվում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որում նշվում են նաև տեղեկություններից յուրաքանչյուրը տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինները:
Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը վավերացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, վերանայվում է անհրաժեշտության դեպքում և ենթակա է հրապարակման:
Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, որոնցում ներգրավվում են`
ա/ պետական գաղտնիքի շարքին դասվող այն տեղեկությունները, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք.
բ/ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները:
ԻՐՏԵԿ |
06.03.2012 թվականից 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր` 06.03.12 ՍԴՈ-1010 որոշում: |
Գերատեսչական ցանկերում նշվում են նաև ներգրավված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Այդ ցանկերը և դրանցում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատվում են պետական մարմինների համապատասխան ղեկավարների կողմից: Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն:
Հոդված 13. |
Տեղեկությունների գաղտնագրումը |
Տեղեկությունների գաղտնագրումն արտահայտվում է, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, յուրաքանչյուր առանձին տեղեկության գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության մակագրություն տալու ձևով:
Պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից ստացված /մշակված/ տեղեկությունների գաղտնագրման համար հիմք է հանդիսանում այդ տեղեկությունների համապատասխանությունը տվյալ մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին:
Ստացված /մշակված/ տեղեկությունները գործող ցանկում ընդգրկված տեղեկությունների հետ ներկայացնելու անհնարինության դեպքում պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել այդ տեղեկությունների նախնական գաղտնագրումը` ենթադրվող գաղտնիության աստիճանին համապատասխան և տասնհինգօրյա ժամկետում առաջարկություններ ուղարկել նշված ցանկը հաստատող պաշտոնատար անձի հասցեով` ցանկում լրացում /փոփոխություն/ կատարելու վերաբերյալ:
Գործող ցանկը հաստատող պաշտոնատար անձինք պարտավոր են երկամսյա ժամկետում կազմակերպել ստացված առաջարկությունների կամ իրենց կողմից ստացված /մշակված/ և նախապես գաղտնագրված տեղեկությունների փորձագիտական գնահատումը և որոշում ընդունել գործող ցանկում լրացում /փոփոխություն/ կատարելու կամ տեղեկություններին նախապես տրված գաղտնիության մակագրությունները հանելու վերաբերյալ: Գաղտնագրված տեղեկակիրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա կատարվում են անհրաժեշտ և կարող են կատարվել լրացուցիչ նշումներ, որոնց տեսակները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
Հոդված 14. |
Տեղեկատվության նկատմամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների սեփականության իրավունքի սահմանափակումը |
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք իրավասու են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող տեղեկատվության գաղտնագրման մասին որոշումներ ընդունել, եթե այդ տեղեկատվությունը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ: Նշված տեղեկատվության գաղտնագրումն իրականացվում է տեղեկատվության սեփականատիրոջ ներկայացմամբ կամ պետական համապատասխան մարմնի նախաձեռնությամբ` հատուցելով դրա հետևանքով սեփականատիրոջը հասցվող վնասը: Փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի միջոցներից, որի չափը որոշվում է տեղեկատվության սեփականատիրոջ և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի տնօրինության տակ անցնում է այդ տեղեկատվությունը: Պայմանագրում նախատեսվում է նաև տեղեկատվության սեփականատիրոջ պարտավորությունը` տեղեկատվությունը չտարածելու վերաբերյալ:
Պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու դեպքում տեղեկատվության սեփականատերը գրավոր նախազգուշացվում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:
Տեղեկատվության սեփականատերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել պաշտոնատար անձի գործողությունները:
Տեղեկատվության գաղտնագրման պահից դրանում ընդգրկված տեղեկության սեփականատերը համարվում է պետությունը:
ԳԼՈՒԽ 4
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ
i
Հոդված 15. |
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման ժամկետները |
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են`
i
ա/ «Հատուկ կարևորություն» և «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 30 տարի: Ելնելով անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նշված ժամկետից ավելի երկար ժամկետներ.
բ/ «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 10 տարի:
Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա ցանկերը, դրանցում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը և այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Նշված մարմինների ղեկավարները, ելնելով անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների պահպանության` նախկինում սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով:
i
Հոդված 16. |
Տեղեկությունների գաղտնազերծումը |
Տեղեկությունների գաղտնազերծման հիմքերն են`
ա/ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները.
բ/ օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:
Սույն օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում և համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են:
Գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, և տեղեկությունները` ժամկետից շուտ գաղտնազերծվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում և գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը:
Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 5
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 17. |
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը |
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, նշված տեղեկությունները կարող են պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից փոխանցվել այլ շահագրգիռ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` պետական այն մարմնի թույլտվությամբ, որի տնօրինության տակ, սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան, գտնվում են այդ տեղեկությունները:
Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները մինչև պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը պարտավոր են համոզվել, որ դրանք ընդունող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, գաղտնիության համապատասխան աստիճանի տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու, իսկ ֆիզիկական անձինք` դրանց իրազեկ լինելու համապատասխան իրավունք ունեն:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն իրենց գործառնությունները, սեփականության ձևը փոխելու, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքները դադարեցնելու կամ վերացնելու դեպքերում պարտավոր են ձեռնարկել միջոցներ` նշված տեղեկությունների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այդպիսի տեղեկակիրները սահմանված կարգով վերացվում են, հանձնվում արխիվային պահպանության կամ փոխանցվում են`
ա/ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության իրավահաջորդին, եթե վերջինս նշված տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու լիազորություններ ունի.
բ/ պետական այն մարմնին, որի տնօրինության տակ, սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան, գտնվում են դրանց համապատասխանող տեղեկությունները.
գ/ պետական այլ մարմնին, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Պետական գաղտնիք կազմող տեղեկությունները, միջազգային պայմանագրերի առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են փոխանցվել այլ պետությունների: Նշված որոշումը կարող է ընդունվել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման նպատակահարմարության մասին փորձագիտական դրական եզրակացության առկայության դեպքում:
Այլ պետությունների ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները փոխանցվում են պետական մարմինների կողմից ինքնուրույն` գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:
i
Հոդված 18. |
Համատեղ աշխատանքի կատարումը |
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքների պատվիրատուի` պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության և համատեղ աշխատանքներում ներգրավվող պետական կամ ոչ պետական ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության, ինչպես նաև ֆիզիկական անձի միջև կնքվում են համատեղ աշխատանքներ կատարելու մասին պայմանագիր:
Պայմանագրում այլ անհրաժեշտ պայմանների հետ մեկտեղ նախատեսվում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ կողմերի փոխադարձ պարտավորությունները /ինչպես աշխատանքների կատարման ընթացքում, այնպես էլ դրանց ավարտից հետո/, պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը, ինչպես նաև սահմանվում են փոխանցվող տեղեկությունների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ֆինանսավորման պայմանները:
Կողմերի կնքած պայմանագրի դրույթներին համապատասխան` համատեղ աշխատանքներ իրականացնելու ընթացքում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության նկատմամբ վերահսկողության կազմակերպման պատասխանատուն այդ աշխատանքների պատվիրատուն է:
ԳԼՈՒԽ 6
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. |
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կազմակերպումը |
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովումն իրականացնում են այդպիսի գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները` իրենց իրավասության սահմաններում և իրենց առջև դրված խնդիրներին համապատասխան:
Պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դրանց ղեկավարների վրա:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ կատարվող աշխատանքների ծավալից կախված` պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների կողմից ստեղծվում են պետական ու ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց գործառնությունները որոշում են նշված ղեկավարները` Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` հաշվի առնելով իրենց կողմից տարվող աշխատանքների առանձնահատկությունները:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ ցանկացած տեսակի գործունեության իրականացումը թույլատրվում է միայն դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցների ապահովումից հետո:
i
Հոդված 20. |
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելը |
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ կարող են լինել`
ա/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` կամավորության հիման վրա.
բ/ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու համար քաղաքացիները պարտավոր են ունենալ դրա իրավունքը, որը տրվում է քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, լիազորված մարմինների կողմից, իրենց նկատմամբ ստուգողական միջոցառումներ անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից իրենց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:
Քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց անցկացման նպատակը սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համապատասխան քաղաքացու հետ կնքվող աշխատանքային պայմանագրում նախատեսվում են`
ա/ իրեն վստահված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև քաղաքացու պարտավորությունը.
բ/ սույն օրենքի 23 հոդվածին համապատասխան, քաղաքացու իրավունքների ժամանակավոր սահմանափակումների կիրառման, ինչպես նաև որոշակի արտոնությունների հատկացման պայմանները.
գ/ պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական նորմերին քաղաքացու իրազեկ լինելը.
դ/ կողմերի իրավունքները և պարտականությունները.
ե/ պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը.
զ/ պայմանագրի գործողության ժամկետը:
Աշխատանքային պայմանագրում կարող են նախատեսվել նաև այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն: Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան սահմանվում են պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու երեք ձևերը`
ա/ հատուկ կարևորության տեղեկություններին.
բ/ հույժ գաղտնի տեղեկություններին.
գ/ գաղտնի տեղեկություններին:
Գաղտնիության առավել բարձր աստիճանի տեղեկություններին իրազեկ լինելու իրավունքի առկայությունը հիմք է հանդիսանում գաղտնիության ավելի ցածր աստիճանի տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք ունենալու համար:
Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց իրազեկ լինելու իրավունք տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 21. |
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու մերժման հիմքերը |
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք քաղաքացուն չի տրվում, եթե`
ա/ օրենսդրությամբ սահմանված կարգով նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ.
բ/ օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորյալ կատարված ծանր հանցագործությունների համար դատվածություն կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
i
գ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ցանկի համաձայն նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելուն.
դ/ ձևակերպում է փաստաթղթեր` այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար.
ե/ ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է, որ նա կատարել է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող գործողություններ.
զ/ խուսափում է ստուգողական միջոցառումներից կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ:
i
Հոդված 22. |
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունքի դադարեցման հիմքերը |
Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացու իրազեկ լինելու իրավունքը կարող է դադարեցվել, եթե`
ա/ օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը.
բ/ առաջացել է սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունքի դադարեցման վերաբերյալ համապատասխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի որոշմանը համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի գանգատարկել այդ որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 23. |
Իրավունքների ժամանակավոր սահմանափակումները |
Սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքները կարող են ժամանակավորապես սահմանափակվել:
Սահմանափակումները կարող են վերաբերել`
ա/ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու իրավունքին.
i
բ/ պետական և ծառայողական գաղտնիք կազմող հայտնագործությունները և ստեղծագործություններն օգտագործելու իրավունքին:
Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվում են քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու պահից, գործում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչև սույն օրենքին համապատասխան նշված տեղեկությունների գաղտնազերծումը:
Հոդված 24. |
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալը |
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին կարող են ծանոթանալ միայն այդպիսի գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք ունեցող քաղաքացիները` միայն համապատասխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի թույլտվությամբ:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին քաղաքացիների ծանոթանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 25. |
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողությունը |
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նպատակով սահմանվում է միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողություն:
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման միջգերատեսչական վերահսկողությունը հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառը կառավարող պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության գերատեսչական վերահսկողությունը, սույն օրենքին համապատասխան, իրականացնում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին տնօրինելու լիազորություններով օժտված հանրապետական գործադիր մարմինները` կառավարության կողմից սահմանված կարգով: Նշված մարմինները պարտավոր են վերահսկել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության արդյունավետությունը, այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող իրենց ենթակա բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերում, սահմանադրական դատարանում, դատական և դատախազական մարմիններում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, սահմանադրական դատարանի նախագահը և համապատասխան մարմինների ղեկավարները:
Հոդված 26. |
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը |
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումն իրականացնում են պետական մարմինները, բյուջետային ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումները` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ սույն օրենքին համապատասխան պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող ոչ պետական սուբյեկտները` իրենց միջոցների հաշվին:
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման համար հատկացվող ֆինանսական միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը, իրենց իրավասության սահմաններում, իրականացնում են պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ ղեկավարները, ինչպես նաև այդ նպատակով հատուկ լիազորված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառը կառավարող պետական մարմնի ներկայացուցիչները: Եթե վերահսկողության իրականացումը կապված է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու հետ, ապա նշված անձինք պետք է ունենան համապատասխան գաղտնիության աստիճանի տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք:
i
Հոդված 27. |
Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը |
Պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման մեջ մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 28. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 30 դեկտեմբերի 1996 թ. ՀՕ-94
|