14.03.1996 - 27.10.1996
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 1995 թ. թիվ 261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 15-ի «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի վերակազմավորման մասին» թիվ 140 որոշման`
Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրությունը /կցվում է/:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
27-Ի ԹԻՎ 261 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը /այսուհետև` համալսարան/ պետական բարձրագույն ուսումնական, գիտական, բուժական հաստատություն է, որը վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 15-ի «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի վերակազմավորման մասին» թիվ 140 որոշմամբ և ենթարկվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Համալսարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք ու դրոշմակնիք:
3. Համալսարանի լրիվ անվանումն է`
հայերեն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
/ՊԲՀ/
ռուսերեն`
անգլերեն` Yerevan State Medical University after Mkhitar Heratsi of
ministry of health of the Republic of Armenia
4. Համալսարանի գտնվելու վայրն է` Երևան, 375025, Կորյունի փողոց, թիվ 2:
II. Համալսարանի խնդիրներն ու
գործառույթները
5. Համալսարանի հիմնական խնդիրներն են`
ա/ առողջապահության համակարգի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը.
բ/ հետդիպլոմային մասնագիտացումը և մասնագետների որակավորման բարձրացումը.
գ/ առողջապահության բնագավառի գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.
դ/ բժշկագիտության, դեղագիտության և առողջապահության բնագավառի հիմնարար և կիրառական գիտությունների զարգացումը.
ե/ բժշկագիտության և դեղագիտության, ինչպես նաև գործնական առողջապահության նվաճումների քարոզչությունը, լուսավորչական և բարեգործական գործունեությունը.
զ/ բնակչությանը մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալը:
6. Համալսարանն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`
ա/ որոշում է համալսարանի կառուցվածքը, կառավարման մարմինների համակարգը և կառավարման սկզբունքները, կազմում է ուսումնական, ֆինանսատնտեսական պլաններ ու ծրագրեր, մշակում իր գործունեությանն առնչվող այլ հիմնադրույթներ.
բ/ համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, պայմանագրեր կնքում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական և ոչ պետական ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների հետ.
գ/ իրականացնում է հրատարակչական գործունեություն, հրատարակում գիտական աշխատություններ, ժողովածուներ, դասագրքեր, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, մենագրություններ, գիտահանրամատչելի գրականություն, առողջապահության համակարգի աշխատողների համար մեթոդական ցուցումներ ու մշակումներ, տեղեկատու նյութեր, թերթեր և այլն:
III. Համալսարանի կառավարումը
7. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությանը համապատասխան:
8. Համալսարանի գործունեության հիմնական հարցերի քննարկման և որոշման համար ստեղծվում է համալսարանի խորհուրդ:
9. Համալսարանի խորհրդի կազմի մեջ մտնում են` ռեկտորը /նախագահ/, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կլինիկաների ղեկավարները, համալսարանի համակարգի հիվանդանոցների և կենտրոնների տնօրենները` ի պաշտոնե, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների, կլինիկական օրդինատորների և ուսանողների ներկայացուցիչները, որոնք սահմանված կարգով ընտրվում են ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից` հինգ տարի ժամանակով /սովորողների թվաքանակը պետք է կազմի խորհրդի ընդհանուր թվի 15 տոկոսը/:
10. Համալսարանի խորհրդի նիստերն ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են առնվազն երկու անգամ: Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
Որոշումներն ընդունվում են մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Համալսարանի խորհուրդը`
ա/ որոշում է համալսարանի գործունեության գլխավոր ուղղությունները. լուծում համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման հիմնահարցերը.
բ/ հաստատում է համալսարանի կառուցվածքը և կանոնակարգը, ըստ մասնագիտությունների ուսումնական պլանները, քննարկում համալսարանի գիտական գործունեության գլխավոր ուղղությունները, շնորհում համալսարանի պատվավոր կոչումներ և մրցանակներ, սահմանում անվանական կրթաթոշակներ.
գ/ որոշում է կայացնում ֆակուլտետների, ամբիոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակառուցման և լուծարման, համալսարանի մասնագիտությունների անվանացանկում սահմանված կարգով փոփոխություններ մտցնելու վերաբերյալ.
դ/ հաստատում է ուսումնական գործընթացի տարեկան արդյունքները, քննարկում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում համալսարանի տարեկան ծախսերը և որոշում արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը.
ե/ հաստատում է համալսարանի միջազգային գործունեության ուղղությունները.
զ/ հաստատում է իր աշխատակարգը.
է/ սահմանված կարգով շնորհում է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում.
ը/ լուծում է սույն կանոնադրությունից բխող համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:
Խորհրդի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամանով:
11. Համալսարանի անմիջական ղեկավարումն իրականացնում է ռեկտորը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
12. Համալսարանի ռեկտորը`
ա/ իր իրավասության սահմաններում գործում է համալսարանի անունից, ներկայացնում համալսարանը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և միջազգային ասպարեզում.
բ/ կազմակերպում է համալսարանի կառավարման մարմինների աշխատանքը` ապահովելով ներքին օղակների ներդաշնակ գործունեությունը.
գ/ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու մյուս աշխատողներին.
դ/ հաստատում է սահմանված կարգով ուսանողների ընդունելությունը, հրամաններ արձակում ուսանողներին կուրսից կուրս փոխադրվելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու վերաբերյալ.
ե/ արձակում է հրամաններ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համալսարանի ուսանողների և աշխատողների համար.
զ/ հաստատում է համալսարանի հաստիքացուցակը և ծախսերի նախահաշիվը.
է/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
13. Համալսարանի ռեկտորն ունի տեղակալներ /պրոռեկտորներ/, որոնց թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Պրոռեկտորին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` ռեկտորի ներկայացմամբ: Պրոռեկտորների միջև պարտականությունների բաշխումը կատարում է ռեկտորը:
14. Համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու գիտամանկավարժական գործունեություն.
15. Համալսարանի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իր կանոնակարգով իրեն ընձեռած լիազորությունների շրջանակներում գործում է համալսարանի ռեկտորատը, որի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, համալսարանի կազմի մեջ մտնող հիվանդանոցների և կենտրոնների տնօրենները, ուսանողական խորհրդի նախագահը և ռեկտորի որոշմամբ` այլ պաշտոնատար անձինք:
Ռեկտորատը վերահսկում է համալսարանի խորհրդի որոշումների կատարման ընթացքը:
Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:
16. Համալսարանի կազմի մեջ մտնող հիվանդանոցների և կենտրոնների ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է համալսարանի կլինիկական խորհուրդը, որը գործում է համալսարանի խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ:
Համալսարանի կլինիական խորհրդի կազմի մեջ են մտնում ռեկտորը /նախագահ/, համապատասխան պրոռեկտորները և ֆակուլտետների դեկանները, կլինիկական հիվանդանոցների և կենտրոնների տնօրեններն ու խորհրդի կողմից ընտրված այլ անձինք: Կլինիկական խորհրդի որոշումները հաստատվում են ռեկտորի հրամանով:
17. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրանց ընկերային շահերը ներկայացնող մարմինը ուսանողական խորհուրդն է, որը`
ա/ ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը.
բ/ համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողներին առնչվող հարցեր:
18. Համալսարանի ուսանողական խորհրդի կազմավորման կարգը սահմանվում է համալսարանի խորհրդի հաստատած կանոնակարգով:
IV. Համալսարանի կառուցվածքը
19. Համալսարանում ուսուցումը կազմակերպող և իրականացնող ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումը ֆակուլտետն է:
20. Ֆակուլտետն ստեղծվում, վերակառուցվում և լուծարվում է համալսարանի խորհրդի որոշմամբ:
21. Ֆակուլտետի կազմում գործում են ամբիոններ և այլ ուսումնագիտական ու բժշկական ստորաբաժանումներ:
22. Ֆակուլտետն ուսումնական գործընթացը պլանավորում ու կազմակերպում է համապատասխան մասնագիտությունների գծով:
23. Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը, որին 5 տարի ժամկետով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համալսարանի ռեկտորը:
24. Ֆակուլտետի դեկանը`
ա/ ներկայացնում է ֆակուլտետը համալսարանում և այլ ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում.
բ/ սահմանված կարգով համալսարանի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում դեկանի տեղակալին աշխատանքի նշանակելու և աշխատանքից ազատելու, ուսանողներին կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:
25. Համալսարանի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման գլխավոր ստորաբաժանումը ամբիոնն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին ու հետազոտողներին: Ամբիոնների գործունեությունն իրականացվում է համալսարանի կանոնակարգին համապատասխան:
26. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հաստատած կարգով մինչև 5 տարի ժամկետով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համալսարանի ռեկտորը:
27. Համալսարանի կազմում գործում են հիվանդանոցներ և կենտրոններ, որոնց կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
28. Համալսարանն իր կառուցվածքում կարող է ունենալ մասնաճյուղեր, բաժանմունքներ, գիտական կենտրոններ, ուսումնափորձնական տնտեսություններ, հիվանդանոցներ, կլինիկաներ, ձեռնարկություններ և առողջապահական այլ ստորաբաժանումներ: Դրանց կարգավիճակը, փոխհարաբերությունները միմյանց և համալսարանի հետ կազմավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:
V. Ուսումնական գործընթացի կազմակերպումը
29. Ուսանողների ընդունելությունը համալսարան կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
30. Համալսարանում իրականացվում է միայն ցերեկային ուսուցում:
31. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակով և յուրաքանչյուրն ավարտվում է քննաշրջանով:
32. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ տեսակները` դասախոսություն, գործնական /սեմինար/ և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:
33. Համալսարանում հետդիպլոմային ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. Որակավորման և գիտական աստիճանները
34. Համալսարանում ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական /դիպլոմ/: Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Գիտական աստիճաններ շնորհվում են համալսարանում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VII. Համալսարանի աշխատակիցները և սովորողները
36. Համալսարանի աշխատակիցներն են` դասախոսները, գիտական, ուսումնաօժանդակ, վարչատնտեսական աշխատողները: Համալսարանի աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համալսարանի կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
37. Համալսարանի կլինիկական ամբիոնների և կլինիկաների աշխատակիցները սահմանված կարգով իրականացնում են նաև բժշկական գործունեություն:
38. Համալսարանի սովորողներն են` ուսանողները, ասպիրանտները, օրդինատորները, ինտերները և ունկնդիրները:
Համալսարանի սովորողներին սահմանված կարգով շնորհվում է համապատասխան որակավորման աստիճան:
Սովորողների պարտականություններն ու իրավունքները սահմանվում են համալսարանի կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
39. Համալսարանի սովորողներն իրավունք ունեն`
ա/ օգտվելու մասնագիտացված լսարաններից, լաբորատորիաներից, գրադարանից և և համալսարանի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրներից, ինչպես նաև սոցիալական ապահովության բոլոր ծառայություններից.
բ/ առաջադրելու ներկայացուցիչներ համալսարանի ընտրովի մարմիններում.
գ/ ստեղծելու համալսարանի կանոնակարգին չհակասող ուսանողական ինքնակառավարման մարմինները.
դ/ համատեղելու ուսումը և աշխատանքը համալսարանի համակարգում:
40. Սովորողները պարտավոր են`
ա/ ենթարկվել ներհամալսարանական կարգապահական կանոններին, խնամքով վերաբերվել և օգտագործել համալսարանի և նրա ստորաբաժանումների գույքը, գրադարանային ֆոնդն ու լաբորատոր սարքերը.
բ/ հաճախել ուսումնական պլանով նախատեսված պարապմուքներին.
գ/ ժամանակին կատարել բոլոր առաջադրանքները, հանձնել ստուգարքներն ու քննությունները:
41. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողների ուսուցումն անվճար է: Պետական պատվերից դուրս ընդունված ուսանողների, այլ բուհերից տեղափոխվածների, ինչպես նաև երկրորդ մասնագիտությամբ ուսուցումը վճարովի է:
Ուսման վարձի չափն օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանի ռեկտորատը:
Անվճար ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուսուցումն իրականացվում է վճարովի հիմունքներով` համաձայն կնքված պայմանագրերի, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան չի սահմանված:
VIII. Համալսարանի գիտական գործունեությունը
42. Համալսարանն օժանդակում է հիմնարար և կիրառական գիտությունների բոլոր այն ճյուղերի զարգացմանը, որոնք կազմում են մասնագետների պատրաստման գործընթացի բաղկացուցիչ մասը:
43. Համալսարանի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`
ա/ պետական բյուջեից.
բ/ հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց միջոցներից.
գ/ բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.
դ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:
44. Գիտահետազոտական աշխատանքներին մասնակցում են համալսարանի աշխատողները` դասախոսները, ասպիրանտները և կլինիկական օրդինատորները, գիտական աշխատողները, ինչպես նաև ուսանողներ և հրավիրված այլ անձինք:
45. Համալսարանը կազմակերպում է գիտական համաժողովներ և սեմինարներ:
IX. Համալսարանի գույքը և ֆինանսատնտեսական
գործունեությունը
46. Համալսարանի գույքն են կազմում դրա հիմնական, շրջանառու և դրամական միջոցները, արժույթը, օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:
47. Համալսարանը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքն ու ֆինանսական միջոցները:
48. Համալսարանի գույքի ձեռքբերման աղբյուրներն են`
ա/ պետական բյուջեից տրվող հատկացումները.
բ/ ծառայությունների մատուցումից, ինչպես նաև հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության այլ ձևերից ստացված եկամուտները.
գ/ բարեգործական ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները:
49. Համալսարանի ֆինանսական միջոցները կազմավորվում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից և օգտագործվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
50. Համալսարանի համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել իրենց գործունեությամբ համալսարանի խնդիրներին և նպատակներին համապատասխանող ձեռնարկություններ:
X. Համալսարանի գործունեության դադարեցումը
51. Համալսարանի վերակառուցումն ու լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
50. Համալսարանի համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել իրենց գործունեությամբ համալսարանի խնդիրներին և նպատակներին համապատասխանող ձեռնարկություններ: