ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3032/02/09
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3032/02/09
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի հոկտեմբերի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2011 թվականի որոշման դեմ` ըստ Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) հայցի ընդդեմ Գոհար Արամյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու և որպես դրա հետևանք գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցամատյանում կատարված սեփականության և վարձակալության իրավունքների գրառումները չեղյալ համարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետը պահանջել է լուծել 29.06.2004 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 23/35/-436 պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) և որպես դրա հետևանք չեղյալ համարել 14.09.2004 թվականին Գոհար Արամյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցամատյանում կատարված սեփականության և վարձակալության իրավունքների գրառումները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 14.10.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2011 թվականի որոշմամբ Քաղաքապետի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գոհար Արամյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ կետը, 624-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Պայմանագրի ժամկետի ավարտից` 29.06.2009 թվականից հետո վարձակալված գույքից օգտվելու հիմքով Պայմանագիրը վեր է սկսվել նույն պայմաններով անորոշ ժամկետով, և նման պայմանագրի դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից` անշարժ գույքի վարձակալության դեպքում այդ մասին մյուս կողմին երեք ամիս առաջ տեղեկացնելով, որը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը կատարել է` 24.07.2009 թվականին այդ մասին տեղեկացրել է Գոհար Արամյանին: Մինչդեռ Գոհար Արամյանը ձեռնպահ է մնացել պայմանագիրը լուծելու գործընթացից:
2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր և կիրառել է նույն հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Գոհար Արամյանը ոչ թե ոչնչացրել է իր սեփականությունը, այլ ձեռնարկել է Պայմանագրից բխող շինարարական աշխատանքներ, անհիմն է, քանի որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 30.06.2009 թվականի գրության համաձայն` Գոհար Արամյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող 75,4 քմ մակերեսով հարթակը քանդել է և փոս է փորել առանց համապատասխան թույլտվության` դրանով իսկ խախտելով նշված պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործման նպատակը և պայմանները: Բացի այդ, նշված շինարարական աշխատանքների կատարումը հնարավոր էր բացառապես համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի առկայության պայմաններում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գոհար Արամյանին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` նրա սեփականությունն է հանդիսանում բացառապես հարթակը, որը ոչնչացվելու հիմքով այլևս գոյություն չունի: Նման պայմաններում ենթակա էր կիրառման ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ կետը, այլ նույն հոդվածի 1-ին կետը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.02.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը նյութական և դատավարական իրավունքի նորմերը սխալ չի կիրառել:
Տվյալ դեպքում Գոհար Արամյանն օգտվել է վարձակալության պայմանագրի 4.1 և 4.2 կետերում նախատեսված իրավունքներից, պայմանագրի պայմանները չեն խախտվել, պայմանագրով կողմերը հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չեն սահմանել: Գոհար Արամյանը ոչ թե ոչնչացրել է իր սեփականությունը, այլ ձեռնարկել է կապիտալ շինարարական աշխատանքներ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը որոշմամբ ճիշտ է արտահայտել իր պատճառաբանությունները` մերժելով հայցվորի վերաքննիչ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Քաղաքապետի 18.05.2004 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 871-Ա որոշման և այդ որոշման թիվ 1 հավելվածի (հ/հ 176) համաձայն` Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքին կից 75,4 քմ մակերեսով ինքնակամ կառուցված հարթակի նկատմամբ ճանաչվել է Քրիստինե Խաչիկօղլյանի սեփականության իրավունքը, իսկ զբաղեցրած հողատարածքը տրամադրվել է վարձակալության 5 տարի ժամկետով (հ.1-ին, գ.թ. 11-13).
2) Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանի (մի կողմից) և Քրիստինե Խաչիկօղլյանի (մյուս կողմից) միջև 29.06.2004 թվականին կնքվել է Պայմանագիր, որի համաձայն` համապատասխան վճարի դիմաց Քրիստինե Խաչիկօղլյանի ժամանակավոր` մինչև 18.05.2009 թվականը, տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքին կից վայրում գտնվող 75,4 քմ մակերեսով հողամասը` որպես հարթակի զբաղեցրած հողատարածք: Նշված պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման (հ. 1-ին, գ.թ.7-10).
3) Քրիստինե Խաչիկօղլյանի սեփականության իրավունքը 75,4 քմ հարթակի և վարձակալության իրավունքը 75,4 քմ հողամասի նկատմամբ գրանցվել է Կադաստրում, որի վերաբերյալ նրան 20.07.2004 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական (հ. 2-րդ, գ.թ.11-13).
4) Քրիստինե Խաչիկօղլյանի (մի կողմից) և Գոհար Արամյանի (մյուս կողմից) միջև 17.08.2004 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Քրիստինե Խաչիկօղլյանը որոշակի գնի դիմաց Գոհար Արամյանի սեփականությանն է հանձնել վերը նշված հարթակը: Նշված պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման: Գոհար Արամյանի սեփականության իրավունքը 75,4 քմ հարթակի և վարձակալության իրավունքը 75,4 քմ հողամասի նկատմամբ գրանցվել է Կադաստրում, որի վերաբերյալ նրան 14.09.2004 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական (հ. 1-ին, գ.թ.34-36).
5) Պայմանագրի ժամկետի ավարտից` 18.05.2009 թվականից հետո վարձատուն` Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Երևանի քաղաքապետի, չի առարկել Գոհար Արամյանի կողմից վարձակալված գույքի օգտագործման շարունակմանը.
6) Պայմանագրի ժամկետն ավարտվել է 18.05.2009 թվականին, և կողմերը չեն երկարացրել պայմանագրի գործողության ժամկետը.
7) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը 24.07.2009 թվականի գրությամբ Գոհար Արամյանին տեղեկացրել է Պայմանագիրը լուծված համարելու մասին (հ. 1-ին, գ.թ.17): Նշված փաստը Գոհար Արամյանը չի վիճարկել.
8) Պայմանագրի 22.3 կետով նախատեսված է, որ Պայմանագիրը կարող է վարձատուի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ Պայմանագրի խախտումների դեպքում.
9) Գոհար Արամյանը չի առարկել իր կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հարթակը քանդելու փաստի դեմ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու համար անհրաժեշտ է երկու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է` վարձակալած գույքից վարձակալի կողմից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո և այդ ընթացքում այդ գույքից օգտվելու վերաբերյալ վարձատուի առարկությունների բացակայությունը:
Նույն օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից` այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում` երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ անորոշ ժամկետով կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի դեպքում պայմանագրի կողմերն իրավունք ունեն ցանկացած ժամանակ հրաժարվելու այդ պայմանագրից` այդ մասին մյուս կողմին երեք ամիս առաջ տեղեկացնելով:
Սույն գործի փաստերի համաձայն` Պայմանագրի ժամկետի ավարտից` 18.05.2009 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը չի առարկել Գոհար Արամյանի կողմից վարձակալված գույքից օգտվել շարունակելուն, և միայն 24.07.2009 թվականի գրությամբ է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը Գոհար Արամյանին տեղեկացրել Պայմանագիրը լուծված համարելու մասին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո այն վերսկսվել է` նույն պայմաններով անորոշ ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետությունը, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ կետով իրեն վերապահված իրավունքից, հրաժարվել է Պայմանագրից` այդ մասին նույն կետում նշված ժամկետում տեղեկացնելով Գոհար Արամյանին:
Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետի վճռաբեկ բողոքի առաջին հիմքը Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ կետը և 624-րդ հոդվածի 2-րդ կետը չկիրառելու մասին հիմնավոր է:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տես ըստ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի դիմումի` Երևանի քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 31.10.2008 թվականի վճիռը պարզաբանելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0134/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է նաև այն դեպքում, երբ այդ գույքի սեփականատերը ոչնչացնում է այն:
Սույն գործի փաստերի համաձայն` Գոհար Արամյանը քանդելու միջոցով ամբողջությամբ ոչնչացրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` 14.09.2004 թվականին իրեն տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված 75,4 քմ հարթակը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գույքը ոչնչացվելու հետևանքով դրա նկատմամբ դադարել է Գոհար Արամյանի սեփականության իրավունքը:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, Գոհար Արամյանի կողմից իր գույքի ոչնչացումը դիտել է որպես կապիտալ շինարարության հետ կապված աշխատանքների իրականացում` նշելով, որ «վարձակալն օգտվել է հողամասի վարձակալության պայմանագրով նախատեսված իր իրավունքներից` իրականացնելով կապիտալ շինարարություն և չի խախտել պայմանագրի պայմանները, քանի որ պայմանագրով կողմերը չեն սահմանել հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումներ: Նշված հանգամանքը հաստատվում է նաև սույն գործում առկա առևտրի սրահի էսքիզային առաջարկով, որը փաստում է, որ Գոհար Արամյանը ոչ թե ոչնչացրել է իր սեփականությունը, այլ ձեռնարկել է կապիտալ շինարարական աշխատանքներ»:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը 14.09.2004 թվականին Գոհար Արամյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցամատյանում կատարված սեփականության իրավունքի գրառումը չեղյալ համարելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Սույն գործով Քաղաքապետը պահանջել է չեղյալ համարել 14.09.2004 թվականին Գոհար Արամյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցամատյանում կատարված սեփականության իրավունքի գրառումը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, դադարեցման, չեղյալ ճանաչելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, իսկ նշված օրենքը սեփականության իրավունքի գրառումը չեղյալ հայտարարելու իրավական հնարավորություն չի նախատեսում: Նույն օրենքի 33-րդ հոդվածը նախատեսում է միայն անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու իրավական հնարավորություն:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանն իրավասու չէ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրառումը չեղյալ համարել, հետևաբար նման պահանջը ենթակա չէ դատարանում քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2011 թվականի որոշումը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետի հայցը բավարարել մասնակիորեն` լուծել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանի (մի կողմից) և Քրիստինե Խաչիկօղլյանի (մյուս կողմից) միջև 29.06.2004 թվականին կնքված հողամասի վարձակալության մասին թիվ 23/35/-436 պայմանագիրը և որպես դրա հետևանք չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանի (մի կողմից) ու Քրիստինե Խաչիկօղլյանի (մյուս կողմից) միջև 29.06.2004 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 23/35/-436 պայմանագրից բխող` 75,4 քմ հողամասի նկատմամբ Գոհար Արամյանի անվամբ կատարված վարձակալության իրավունքի վերաբերյալ գրառումը:
2. Գործի վարույթը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման գրանցամատյանում Քրիստինե Խաչիկօղլյանի (մի կողմից) և Գոհար Արամյանի (մյուս կողմից) միջև 17.08.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից բխող` 75,4 քմ հարթակի նկատմամբ Գոհար Արամյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրառումը չեղյալ համարելու մասով, կարճել:
3. Գոհար Արամյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 34.000 ՀՀ դրամ, որից 4.000 ՀՀ դրամը` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամը` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան