Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/3141/05/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3141/05/10

Նախագահող դատավոր` Լ. Սոսյան

    Դատավորներ`        Ա. Սարգսյան

                       Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հենրիկ Առուստամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) հայցի ընդդեմ Հենրիկ Առուստամյանի` 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ Հենրիկ Առուստամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ոստիկանության` 15.11.2009 թվականի թիվ ԱԲ 270727 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է Հենրիկ Առուստամյանի կողմից Ոստիկանության համապատասխան հաշվին 50.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակել:

ՀՀ վարչական դատարանի 26.03.2010 թվականի որոշմամբ արձակվել է Հենրիկ Առուստամյանի կողմից Ոստիկանության համապատասխան հաշվին 50.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հենրիկ Առուստամյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 15.11.2009 թվականի թիվ ԱԲ 270727 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 08.09.2010 թվականի որոշմամբ վերացվել է 26.03.2010 թվականի վճարման կարգադրությունը և անցում է կատարվել հայցային վարույթի:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.11.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 01.04.2011 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 30.11.2010 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիկ Առուստամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հակընդդեմ հայցը մերժել է հետևյալ հիմնավորմամբ. «գործում առկա լուսանկարներից ակնհայտ է, որ համարանիշի վրա կատարված են փոփոխություններ, այսինքն` համարանիշը չի համապատասխանում նշված ստանդարտին: Հետևաբար հիմնավոր է բողոք բերած անձի պնդումը, որ համարանիշի վրա կատարված փոփոխություններով խախտվել է 12.12.2006 թվականի ՀՀ ստանդարտը»: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի նշել ստանդարտին չհամապատասխանելու գեթ մեկ տվյալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում համարանիշի որևէ պարամետրի շեղումը ստանդարտից կարող է պարզվել միայն մասնագիտական փորձաքննության եզրակացությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.11.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ոստիկանության տեսուչի կողմից 2009 թվականի նոյեմբերի 15-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն այն մասին, որ վարորդն ավտոմեքենան «վարում էր ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով: Ճանապարհը չզիջեց երթևեկության առավելություն ունեցող տրանսպորտային միջոցին» (գ.թ. 2):

2) Ոստիկանության 2009 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 270727 որոշմամբ Հենրիկ Առուստամյանը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի 10.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 2):

3) Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տուգանքի գումարը չի վճարվել, տուգանքի գումարը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով հնգապատկվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (տես` Դոնարա Սարգսյանն ընդդեմ Երևանի Կենտրոն թաղապետարանի, Հակոբ Կարապետյանի, երրորդ անձինք Իզաբել Փարսադանյանի, Բրաբիոն Շահինյանի` Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու և բնակարանի ամբողջ տարածքի նկատմամբ նոր որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի թիվ ՎԴ/4166/05/08 որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի նկարագրական մասը պետք է պարունակի հայցադիմումի, դրա պատասխանի, գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների համառոտ շարադրանքը: Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Վարդենիսի հարկային տեսչությունն ընդդեմ «Պապ Գերասիմ» ՍՊԸ-ի` 1.254.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0083/05/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

i

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն` տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

i

ՀՀ կառավարության 27.07.2006 թվականի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 1400-Ն որոշմամբ և կից թիվ 1, 2, 3, 4 հավելվածներով սահմանված են տրանսպորտային միջոցների խմբերն ըստ դրանց հատկացվող հաշվառման համարանիշերի տեսակների, ինչպես նաև հաշվառման համարանիշերում կիրառվող տառերի, թվանշանների և մակագրությունների տեսակները, հաշվառման համարանիշերի առանձնացված հաշվառման համարանիշերում կիրառվող Հայաստանի Հանրապետության դրոշի և կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերների ու ժամանակավոր համարանիշերում գործողության ժամկետի նշման դաշտի եզրաչափերը և հաշվառման համարանիշերում հիմնագույները, տառերի թվանշանների ու մակագրությունների տեսակները:

Նույն որոշման 3-րդ կետի 3-րդ պարբերության համաձայն` հաշվառման համարանիշերի պատրաստման եղանակը և տեխնիկական չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ստանդարտով: Նշված չափանիշները սահմանվում են «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ. Տիպեր և հիմնական չափեր. Տեխնիկական պահանջներ և շահագործման վերաբերյալ ցուցումներ» ստանդարտով:

Սույն գործում առկա Ոստիկանության 2009 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 270727 որոշմամբ Հենրիկ Առուստամյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով ավտոմեքենա վարելու համար ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի 10.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը հակընդդեմ հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ Հենրիկ Առուստամյանի կողմից ներկայացված պետական համարանիշի լուսապատճենից երևում է, որ այն համապատասխանում է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջներին:

Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը և մերժել է հակընդդեմ հայցը` պատճառաբանելով, որ գործում առկա լուսանկարներից ակնհայտ է, որ համարանիշի վրա կատարված են փոփոխություններ, այսինքն` համարանիշը չի համապատասխանում ՀՀ ստանդարտին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, գործում առկա լուսանկարներին նայելով, եզրակացրել են, որ պետական համարանիշը մի դեպքում համապատասխանում է ՀՀ ստանդարտին, մեկ այլ դեպքում` ոչ, այսինքն` չի հստակեցվել, թե որ թերության հետևանքով պետական համարանիշը չի համապատասխանում ՀՀ ստանդարտին: Մասնավորապես ՀՀ ստանդարտը կարող է վերաբերել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի տիպերին, հիմնական չափերին, լուսաանդրադարձիչ նյութի տեսակին, թվանշանների և տառերի գծերի, ինչպես նաև համարանիշի եզրերի չափերին և այլ հատկանիշներին: ՈՒստի այս հարցի պարզումը պահանջում է հատուկ գիտելիքներ այս ոլորտում, համապատասխան մասնագետ ներգրավելու անհրաժեշտություն: Հետևաբար սույն գործի ելքի համար էական նշանակություն ունեցող այս հարցի պարզումն առաջացնում է գործի նոր քննության անհրաժեշտություն:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ համարանիշը չի համապատասխանում ՀՀ ստանդարտին, որոշմամբ չի նշել, թե ստանդարտի որ պահանջներին չի համապատասխանում համարանիշը, այսինքն` որոշումն այս առումով զուրկ է իրավական հիմնավորումից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ և` Դատարանը և` Վերաքննիչ դատարանը չեն ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները գործի լուծման համար կարևոր հիշյալ փաստը պարզելու ուղղությամբ` առանց նշելու այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև իրավական ակտի այն հոդվածը կամ հոդվածները, որոնք ենթակա են կիրառման սույն գործով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ՎԴ/3141/05/10
Որոշում