Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 49- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1059/02/09

    դատարանի որոշում                                               2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1059/02/09

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ա. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ռուս-Հայկական հումանիտար ինստիտուտ» կրթական հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.02.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հիմնադրամի ընդդեմ Յուրի Բարոյանի`գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հիմնադրամը պահանջել է բռնագանձել Յուրի Բարոյանից 2.744.350 ՀՀ դրամ` պարտքի, 55.490 ՀՀ դրամ` պետական տուրքի, 1.045.101 ՀՀ դրամ` հաշվեգրված տոկոսների գումարը, ինչպես նաև տոկոսների հաշվեգրումը շարունակել մինչև պարտավորության կատարման օրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 18.11.2009 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 53-րդ, 219-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները:

Վերաքննիչ դատարանը վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Յուրի Բարոյանի` ապացույցներ պահանջելու մասին միջնորդությունը դատաքննության ընթացքում չի բավարարվել:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Յուրի Բարոյանը երբևիցե չի դիմել Հիմնադրամին հաշվապահական փաստաթղթերի պատճեններ ստանալու պահանջով և Հիմնադրամի կողմից մերժում չի ստացել, որի առկայության դեպքում միայն չբավարարված միջնորդությունը կարող էր էական նշանակություն ունենալ գործի ելքի համար:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հիմնավոր չէ Յուրի Բարոյանի այն պնդումը, որ նա հնարավորություն չի ունեցել ներկայացնել ապացույցներ: Այսինքն` Դատարանի ըստ էության ճիշտ վճիռը բեկանվել է ձևական նկատառումներով:

Բացի այդ, Յուրի Բարոյանը չի վիճարկել դրամարկղից առհաշիվ գումար ստանալու փաստը և չի ներկայացրել իր ծախսած գումարների վերաբերյալ հիմնավորումներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.11.2009 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17.03.2005 թվականի նիստի արձանագրության համաձայն` Յուրի Բարոյանն ընտրվել է Հիմնադրամի տնօրեն (հատոր 1-ին, գ.թ. 12):

2. 26.05.2006 թվականի թիվ 130 դրամարկղի ելքի օրդերով Յուրի Բարոյանը Հիմնադրամից առհաշիվ ստացել է 2.744.350 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 93):

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 06.08.2007 թվականի նիստի թիվ 6 արձանագրության քաղվածքի համաձայն` Յուրի Բարոյանի լիազորությունները որպես Հիմնադրամի տնօրեն դադարեցվել են (հատոր 1-ին, գ.թ. 13):

4. Հիմնադրամի գլխավոր հաշվապահի 08.07.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Հիմնադրամի նախկին տնօրեն Յուրի Բարոյանի կողմից 26.05.2006 թվականին ստացված 2.744.350 ՀՀ դրամի վերաբերյալ ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել և գումարը դրամարկղ չի վերադարձվել (հատոր 1-ին, գ.թ. 39):

5. Դատարանի կողմից 08.07.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին Յուրի Բարոյանը պատշաճ ծանուցվել է, սակայն նախնական դատական նիստին չի ներկայացել: Նախնական դատական նիստը հետաձգվել է 24.09.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 42):

6. Դատարանի կողմից 24.09.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստը Յուրի Բարոյանի ներկայացուցչի գործի նյութերին ծանոթանալու միջնորդության հիման վրա հետաձգվել է և նշանակվել 30.09.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 60):

7. Դատարանի կողմից 30.09.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստին պատասխանող Յուրի Բարոյանը չի ներկայացել և միջնորդություն է ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին: Միջնորդության հիմքում դրվել է այն պատճառաբանությունը, որ Յուրի Բարոյանը, գտնելով, որ հայցադիմումի հիմքում դրվել են կեղծ փաստաթղթեր, դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է, և որոշվել է 19.10.2009 թվականին նշանակել դատաքննություն (հատոր 1-ին, գ.թ. 64):

8. Դատարանի կողմից 19.10.2009 թվականին նշանակված դատաքննության ժամանակ Դատարանը որոշել է պատասխանողին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցելու համար գործի քննությունը հետաձգել և նշանակել 30.10.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 73):

9. Դատարանի կողմից 30.10.2009 թվականին նշանակված դատաքննությանը Յուրի Բարոյանի ներկայացուցիչը միջնորդություններ է ներկայացրել «Դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին» և «Ապացույց պահանջելու մասին»: Դատարանի կողմից միջնորդությունները մերժվել են: Նույն օրը Յուրի Բարոյանի ներկայացուցիչը, պատճառաբանելով, որ պատասխանողը տեղյակ չէ տվյալ օրվա դատական նիստի մասին, միջնորդել է մեկ օրով հետաձգել գործի դատաքննությունը` հնարավորություն ընձեռելով Յուրի Բարոյանին ներկա գտնվելու դատական նիստին: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և գործի դատաքննությունը հետաձգվել է` նշանակվելով 02.11.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 80, 83, 88):

10. Դատարանի կողմից 02.11.2009 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանող Յուրի Բարոյանը և նրա ներկայացուցիչը չեն ներկայացել: Դատարանին ներկայացվել է Յուրի Բարոյանի 02.11.2009 թվականի միջնորդությունը «Դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին»: Դատարանը տվյալ միջնորդությանը չի անդրադարձել` այդ միջնորդության վերաբերյալ նախորդ դատական նիստին որոշում կայացրած լինելու պատճառաբանությամբ: Դատական նիստը հայտարարվել է ավարտված և նշանակվել է վճռի հրապարակման օր (հատոր 1-ին, գ.թ. 90, 91-92, 98):

11. Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Յուրի Բարոյանը Հիմնադրամին դիմել է փաստաթղթեր ստանալու խնդրանքով, իսկ Հիմնադրամը մերժել է փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ Յուրի Բարոյանի խնդրանքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ պատասխանողը ձեռք չի բերել որևէ ապացույց, որով կհիմնավորեր իր այն փաստարկը, որ Հիմնադրամից ստացված գումարը ծախսել է Տաշիրում ստեղծված հեռահար ուսուցման կենտրոնի շինարարության և կահավորման համար: Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ նախնական դատական նիստում միջնորդություններ չեն արվել ապացույցները ձեռք բերելու համար, իսկ դատաքննությամբ հետազոտվել են այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել նախնական նիստում: Դատարանը մի քանի անգամ պատասխանողի և նրա ներկայացուցչի միջնորդությամբ հետաձգել է նախնական դատական նիստերը, սակայն ոչ մի գրավոր պատասխան և ոչ էլ ապացույց չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով, հաստատված է համարել, որ պատասխանողը հայցվորից հնարավորություն չի ունեցել ձեռք բերել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ պատասխանող կողմի դատաքննության ընթացքում միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածով և հանգել է այն հետևության, որ Դատարանը, ելնելով քաղաքացիական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման անհրաժեշտությունից, պարտավոր էր բավարարել պատասխանող կողմի միջնորդությունը, հայցվորից պահանջել անհրաժեշտ ապացույցները, դրանք դարձնել դատական հետազոտման առարկա և մյուս ապացույցների հետ համադրմամբ հանգեր համապատասխան եզրակացության:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում ... կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորելու համար պարտավոր է ներկայացնել այդ փաստերը հիմնավորող ապացույցներ, իսկ այդ ապացույցները ձեռք բերելու անհնարինության դեպքում համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան: Ընդ որում նման միջնորդություն ներկայացրած անձը պետք է ապացուցի անհրաժեշտ ապացույցը ձեռք բերելու անհնարինությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Յուրի Բարոյանը 26.05.2006 թվականի թիվ 130 դրամարկղի ելքի օրդերով Հիմնադրամից առհաշիվ ստացել է 2.744.350 ՀՀ դրամ, որի վերաբերյալ Հիմնադրամի գլխավոր հաշվապահի 08.07.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Հիմնադրամի նախկին տնօրեն Յուրի Բարոյանի կողմից 26.05.2006 թվականին ստացված 2.744.350 ՀՀ դրամի վերաբերյալ ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել, և գումարը դրամարկղ չի վերադարձվել: Դատարանի կողմից 30.10.2009 թվականին նշանակված դատաքննությանը Յուրի Բարոյանի ներկայացուցիչը ներկայացրել է «Դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին» և «Ապացույց պահանջելու մասին» միջնորդություններ: Դատարանի կողմից միջնորդությունները մերժվել են: Միջնորդությունների հիմքում դրվել է այն փաստարկը, որ Հիմնադրամից ստացված գումարը Տաշիրում ստեղծված հեռահար ուսուցման կենտրոնի շինարարության և կահավորման համար ծախսված լինելու հանգամանքը ապացուցելու համար անհրաժեշտ է ներկայացնել այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, իսկ դրանք պատասխանող կողմի մոտ գտնվելու պատճառով Յուրի Բարոյանը հնարավորություն չունի ինքնուրույն ստանալու:

Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Յուրի Բարոյանը դիմել է Հիմնադրամին փաստաթղթեր ստանալու խնդրանքով, իսկ Հիմնադրամը մերժել է համապատասխան փաստաթղթերի տրամադրումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Յուրի Բարոյանը չի հիմնավորել դատաքննության փուլում «Ապացույց պահանջելու մասին» միջնորդությունը: Այսինքն` չի ապացուցել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով պահանջվող փաստաթղթերը Հիմնադրամից ստանալու անհնարինությունը, որի պայմաններում ներկայացված միջնորդությունը հիմնավորված չէ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին պարբերությունը հնարավորություն է ընձեռում կողմերին գործի դատաքննության փուլում ներկայացնել միջնորդություններ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ելնելով դատավարությունում կողմերի մրցակցության սկզբունքից, ամրագրել է, որ լրացուցիչ ապացույցները կողմերը պետք է ներկայացնեն գործի նախնական դատական քննության փուլում, իսկ դրանք դատաքննության փուլում ներկայացվելու դեպքում պետք է հիմնավորեն թե իրենցից անկախ ինչ պատճառներով չեն ներկայացրել մինչև դատաքննությունը սկսվելը: Այսինքն` օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի ուժով իրավունք է վերապահել դատարանին հնարավորություն ընձեռել կողմերին մինչև գործի քննության ավարտը լրացուցիչ նյութեր ներկայացնելու` պայմանով, որ նրանք կհիմնավորեն իրենցից անկախ պատճառներով դրանց չներկայացնելը գործի նախնական քննության փուլում:

Սույն գործով Դատարանի կողմից գործի քննությունն իրականացվել է 08.07.2009 թվականին, 24.09.2009 թվականին և 30.09.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստերի միջոցով, որոնցից 08.07.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստին Յուրի Բարոյանը պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել: Նախնական դատական նիստը հետաձգվել է 24.09.2009 թվականին: 24.09.2009 թվականի նախնական դատական նիստը, Յուրի Բարոյանի ներկայացուցչի գործի նյութերին ծանոթանալու միջնորդության հիման վրա նույնպես հետաձգվել է և նշանակվել 30.09.2009 թվականին: Դատարանի կողմից 30.09.2009 թվականին նշանակված նախնական դատական նիստին պատասխանող Յուրի Բարոյանը չի ներկայացել և միջնորդություն է ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին, որը Դատարանի կողմից մերժվել է, և որոշվել է նշանակել դատաքննություն: Դատարանի կողմից 30.10.2009 թվականին նշանակված դատաքննությանը, այսինքն` դատաքննության փուլում, Յուրի Բարոյանի ներկայացուցիչը ներկայացրել է «Դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին» միջնորդություն, որը Դատարանի կողմից մերժվել է: Գործում առկա չէ որևէ ապացույց` նշանակված երեք նախնական դատական նիստերին «Դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին» միջնորդությունը Յուրի Բարոյանի կամքից անկախ չներկայացնելու վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից նշանակված երեք նախնական դատական նիստերին Յուրի Բարոյանը չի ներկայացրել «Դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին» միջնորդություն, ինչպես նաև չի հիմնավորել այդ միջնորդության չներկայացնելը մինչև դատաքննության սկսելը իրենից անկախ պատճառներով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով «Դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին» Յուրի Բարոյանի միջնորդությունը ենթակա էր մերժման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2009 թվականի վճռին:

2. Յուրի Բարոյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 134.585 ՀՀ դրամ (մեկ հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր ութսունհինգ ՀՀ դրամ) պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.06.2010
N ԵԿԴ/1059/02/09
Որոշում