ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԱՐԴ1/0093/02/09
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0093/02/09 2010 թ.
Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Միքայելյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննարկելով Վաչագան Թամազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ Վաչագան Թամազյանի դիմումի` Էջմիածնի շրջանի ժողդատարանի օրինական ուժի մեջ մտած 12.01.1996 թվականի վճիռը պարզաբանելու և ըստ Հրաչիկ Թամազյանի դիմումի` վճռի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վաչագան Թամազյանը պահանջել է վարձակալական հիմունքներով հորը հատկացված տնից բնակության իրավունքով հատկացնել համապատասխան բնակելի մակերես և հողամաս, իսկ սեփականության իրավունքով պատկանող տնից ընտանիքի չորս անձին սեփականության իրավունքով հատկացնել բնակելի մակերես:
Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թվականի վճռով Էջմիածնի շրջանի Մուսալեռ գյուղում գտնվող Գաբրիել Թամազյանի սեփական տնից թիվ Ա-5-17.5 քմ մակերեսով սենյակը սեփականության իրավունքով հատկացվել է Վաչագան Թամազյանին:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 09.07.1999 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը մերժվել է և Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշմամբ Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թվականի վճռով պարզաբանվել է, որ սեփականության իրավունքով հատկացված սենյակի տակի հողամասը նույնպես հատկացվել է սեփականության իրավունքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2008 թվականի որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշումը վերացվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշմամբ կատարվել է Էջմիածնի շրջանի ժողովրդական դատարանի 12.01.1996 թվականի վճռի կատարման շրջադարձ` վերականգնվել է 17.5 քմ մակերեսով սենյակի տակի հողամասի մինչև վճռի պարզաբանումը եղած իրավական կարգավիճակը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.02.2009 թվականի որոշմամբ բավարարվել է Վաչագան Թամազյանի վճռաբեկ բողոքը, բեկանվել են Վերաքննիչ դատարանի 03.10.2008 թվականի և 30.10.2008 թվականի որոշումները և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.04.2009 թվականի որոշմամբ Էջմիածնի շրջանի ժողովրդական դատարանի 12.01.1996 թվականի վճռով պարզաբանվել է, որ սեփականության իրավունքով հատկացված սենյակի տակի հողամասը նույնպես հատկացվել է սեփականության իրավունքով: Դատարանի 17.04.2009 թվականի որոշմամբ մերժվել է վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ Հրաչիկ Թամազյանի դիմումը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2009 թվականի որոշմամբ Հրաչիկ Թամազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.04.2009 թվականի որոշումները բեկանվել և փոփոխվել են, վճռի պարզաբանման մասին Վաչագան Թամազյանի դիմումը մերժվել է, իսկ վճռի կատարման շրջադարձի մասին Հրաչիկ Թամազյանի ներկայացուցչի դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաչագան Թամազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ, 163-րդ և 209-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածները, խախտել է նախկին ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 143-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները` չկատարելով գործի ապացույցների օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության:
Էջմիածնի շրջանի ժողովրդական դատարանի 12.01.1996 թվականի վճռով, Էջմիածնի շրջանի Մուսալեռ գյուղում գտնվող Ա-5-17.5 քմ մակերեսով սենյակը կառուցման հիմքով որպես սեփականություն հատկացվել է Վաչագան Թամազյանին, մինչ նշված վճռի կայացումը Ա-5-17.5 քմ մակերեսով սենյակի տակի հողատարածքը նախկին ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի ուժով արդեն իսկ անցել է Վաչագան Թամազյանին: Վերաքննիչ դատարանը` հիմք ընդունելով Արմավիրի մարզի դատական ակտերի կատարման ծառայության (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարողի կողմից կազմված 14.04.2000 թվականի բնակեցման վերաբերյալ ակտը և Ծառայության բաժանմունքի պետի կողմից 30.04.2009 թվականին տրված թիվ Է1491 տեղեկանքը, որի համաձայն կատարողական վարույթը 14.04.2000 թվականին ավարտվել է, անտեսել է այն հանգամանքը, որ Էջմիածնի շրջանի ժողովրդական դատարանի 12.01.1996 թվականի վճռի հիման վրա, 17.5 քմ մակերեսով սենյակի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 16.07.2004 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, այսինքն վճիռը կատարվել է 2004 թվականին: Հետևաբար նշված վճիռը կատարվել է ոչ թե 14.04.2000 թվականին` բնակեցման վերաբերյալ ակտով, այլ 16.07.2004 թվականին, երբ Էջմիածնի շրջանի ժողովրդական դատարանի 12.01.1996 թվականի վճռի հիման վրա ճանաչվել է Վաչագան Թամազյանի սեփականության իրավունքը 17.5 քմ մակերեսով սենյակի նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.04.2009 թվականի որոշումներին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ծառայության բաժանմունքի պետի 30.04.2009 թվականի թիվ Է1491 տեղեկանքի
համաձայն` բնակեցման կատարողական վարույթն ավարտվել է 14.04.2000
թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 14, հատոր 1 գ.թ. 60):
2. Վաչագան Թամազյանի դիմումի հիման վրա ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի
դատարանի 30.04.2004 թվականի որոշմամբ Էջմիածնի շրջանի ժողդատարանի
12.01.1996 թվականի վճռով պարզաբանվել է, որ սեփականության իրավունքով
հատկացված սենյակի տակի հողամասը նույնպես հատկացվել է սեփականության
իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 49):
3. Վաչագան Թամազյանի անունով 16.07.2004 թվականին տրվել է սեփականության
իրավունքի վկայական (հատոր 2-րդ, գ.թ. 71):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ` Վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանի վճիռը հիմնավորվում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:
Դատարանը դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «12.01.1996 թ. թիվ 2-73 վճռով Վաչագան Թամազյանին հատկացվել է վիճելի Ա-5-17.5 քմ մակերեսով սենյակը սեփականության իրավունքով, այլ ոչ թե բնակեցման համար և Վ. Թամազյանին վիճելի սենյակում բնակեցնելով չի կատարվել Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թ. թիվ 2-73 վճռի պահանջը: 2004 թ. գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն` սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելիս շենքը (շինությունը) ձեռք բերողին են անցնում հողամասի նկատմամբ կողմերի համաձայնությամբ սահմանված իրավունքները: Ձեռք բերողին է անցնում հողամասի այն մասի սեփականության իրավունքը, որն զբաղեցված է շենքով (շինությամբ) և անհրաժեշտ է դրա օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ շենքի կամ շինության օտարման մասին պայմանագրով: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թ. թիվ 2-73 վճռով վիճելի Ա-5-17.5 քմ մակերեսով սենյակը Վաչագան Գաբրիելի Թամազյանին է հատկացվել որպես սեփականություն` Գաբրիել Ղուկասի Թամազյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասի վրա գտնվող տնից, ուստի նրան է հատկացվել նաև սենյակի տակ գտնվող հողամասը որպես սեփականություն»:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձանց դիմումով դատարանն իրավունք ունի պարզաբանել վճիռը մինչև վճռի կատարումը արձանագրել է, որ «ՀՀ Արմավիրի մարզի ԴԱՀԿ ծառայության բնակեցման վերաբերյալ 2000 թվականի ապրիլի 14-ի ակտի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի պետի թիվ Է1491 տեղեկանքի /համաձայն որի Վաչագան Թամազյանի կողմից Էջմիածնի ժողդատարանի 12.01.1996 թվականի թիվ 2-73 կատարողական թերթը ԴԱՀԿ Արմավիրի բաժին կատարման է ներկայացվել 14.09.1999 թվականին, հարուցվել է թիվ 614/99 կատարողական վարույթ, որն էլ 14.04.2000 թվականին ավարտվել է/», և գտել է, որ «Էջմիածնի շրջանի ժողդատարանի 1996 թվականի հունվարի 12-ի թիվ 2-73 վճռի պահանջները ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով կատարվել և ավարտվել են 2000 թվականի ապրիլի 14-ին», ուստի Դատարանը «պարտավոր էր համակողմանի քննության առարկա դարձնել և պարզել Էջմիածնի շրջանի ժողդատարանի 1996 թվականի հունվարի 12-ի թիվ 2-73 վճռի կատարված կամ չկատարված լինելու հանգամանքը»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.
1. Արդյո՞ք Ծառայության հարկադիր կատարողի կողմից կազմված բնակեցման վերաբերյալ ակտով կատարվել է Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թվականի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ վճիռը:
2. Արդյո՞ք Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թվականի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ վճիռը պարզաբանելու մասին պահանջը ներկայացվել է վճռի կատարումից հետո:
1. Սույն գործի փաստերի համաձայն` Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թվականի վճռով Ա-5-17.5 քմ մակերեսով սենյակը կառուցման հիմքով որպես սեփականություն հատկացվել է Վաչագան Թամազյանին: Ծառայության հարկադիր կատարողի կողմից 14.04.2000 թվականին կազմվել է բնակեցման վերաբերյալ ակտ, այն մասին, որ Վաչագան Թամազյանին է հանձնվել մուտքի բանալիները և հնարավորություն է տրվել ազատ մուտք գործել և բնակվել Ա-5-17.5 քմ մակերեսով բնակարանում: Այս հիմքով Ծառայության բաժանմունքի պետի կողմից 30.04.2009 թվականին տրվել է թիվ Է1491 տեղեկանքն այն մասին, որ կատարողական վարույթն ավարտվել է 14.04.2000 թվականին, մինչդեռ Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թվականի վճռով ճանաչվել է Վաչագան Թամազյանի սեփականության իրավունքը Ա-5-17.5 քմ մակերեսով սենյակի նկատմամբ, իսկ Ծառայության կողմից կազմված բնակեցման վերաբերյալ ակտով կատարվել է միայն բնակեցում, ուստի վճռի կատարում պետք է համարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և դրա հիման վրա Վաչագան Թամազյանին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, այլ ոչ թե բնակեցումը կամ մուտքի բանալիների հանձնումը: Այսինքն, բնակեցման վերաբերյալ ակտով չի կատարվել Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թվականի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ վճիռը, ինչը նշանակում է, որ կատարողական վարույթը չէր կարող ավարտված համարվել 14.04.2000 թվականին:
2. Սույն գործի փաստերի համաձայն` Վաչագան Թամազյանի պահանջով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշմամբ պարզաբանվել է Էջմիածնի շրջանի ժողդատարանի 12.01.1996 թվականի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ վճիռը, ինչից հետո Վաչագան Թամազյանին 16.07.2004 թվականին տրվել է սեփականության իրավունքի վկայական` Ա-5-17.5 քմ մակերեսով սենյակի նկատմամբ: Այսինքն սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է վճիռը պարզաբանելուց հետո, ինչը նշանակում է, որ վճիռը պարզաբանելու մասին պահանջը ներկայացվել է մինչև վճռի կատարումը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ վճիռը պարզաբանելու պահանջ չի կարող ներկայացվել, քանի որ 14.04.2000 թվականի բնակեցման վերաբերյալ ակտով կատարվել է Էջմիածնի ժողդատարանի 12.01.1996 թվականի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ վճիռը, անհիմն է, քանի որ Վաչագան Թամազյանին մուտքի բանալիների հանձնումը և վիճելի սենյակ ազատ մուտք գործելու հնարավորությունը չի կարող համարվել վճռի կատարում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև` գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.04.2009 թվականի որոշումներին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան