ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-1829 (ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2006 թ.
Քաղաքացիական գործ թիվ 06-2386/2006 թ.
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ն. Հովսեփյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
2006 թվականի սեպտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոզա Աթենյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.07.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Ռոզա Աթենյանի, երրորդ անձ Արսեն Զորյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 21.04.2005 թվականի թիվ 843-Ա որոշման հիման վրա Ռոզա Աթենյանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, հողամասի վարձակալության և շինության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ռոզա Աթենյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Քաղաքապետի` 04.11.2005 թվականի թիվ 2354-Ա որոշումը և 10.04.2006 թվականի թիվ 502-Ա որոշման 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Արսեն Զորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կադաստրի, երրորդ անձ Ռոզա Աթենյանի և Քաղաքապետարանի` ավտոտնակի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարել պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Բաղրամյան փողոց թիվ 37 հասցեում գտնվող 49,4 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ Ռ. Աթենյանի սեփականության և վարձակալության իրավունքի գրանցման վկայականը և վաղաժամկետ լուծել Քաղաքապետարանի և Ռ. Աթենյանի միջև կնքված նշված ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը:
Դիմելով դատարան` Ռ. Աթենյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Բաղրամյան փողոց թիվ 37 հասցեում գտնվող ավտոտնակի վերաբերյալ Քաղաքապետի 04.11.2005 թվականի թիվ 2354-Ա որոշումը և 10.04.2006 թվականի թիվ 502-Ա որոշման 1-ին կետը:
Դիմելով դատարան` Ա. Զորյանը պահանջել է Կադաստրի գործողությունները համարել անօրինական և պարտավորեցնել գրանցելու Ա. Զորյանի` Երևանի Բաղրամյան փողոց թիվ 37 հասցեում գտնվող ավտոտնակի նկատմամբ սեփականության, իսկ շինությամբ զբաղեցված հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքները:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.2006 թվականի վճռով Քաղաքապետարանի հայցը բավարարվել է, Ռ. Աթենյանի հակընդդեմ հայցը` մերժվել, Ա. Զորյանի հակընդդեմ հայցը` բավարարվել, քաղաքացիական գործի վարույթը` կապված Կադաստրի գործողություններն անօրինական ճանաչելու հակընդդեմ հայցի մասով` կարճվել:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.07.2006 թվականի վճռով Քաղաքապետարանի հայցը բավարարվել է, Ռ. Աթենյանի հակընդդեմ հայցը` մերժվել, Ա. Զորյանի հակընդդեմ հայցը` բավարարվել մասնակի:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոզա Աթենյանը:
Գործի քննության մյուս մասնակիցները ներկայացված վճռաբեկ բողոքին պատասխան չեն ներկայացրել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`
1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի, 10-րդ և 11-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Ա. Զորյանը չի հանդիսացել կառուցապատող և տիրապետող, հետևաբար նրա նկատմամբ կայացված որոշումը ի սկզբանե եղել է անօրինական: «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 31.01.2003 թվականին, որից անցել է ավելի քան 3 տարի: Նշված օրենքում կատարված փոփոխության համաձայն` բավարարված դիմումներով որոշումները կարող էին գրանցվել մինչև 2006 թվականի մարտի 1-ը, իսկ Ա. Զորյանն այսօրվա դրությամբ բավարարված որոշում չունի, և վերջացել է օրենքով սահմանված վերջին ժամկետը:
2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 96-րդ, 119-րդ և 218-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված փաստարկները պատճառաբանում է նրանով, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը գործով ներկայացված ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա և գործը քննել է Կադաստրի ներկայացուցչի բացակայությամբ: Ոչ Քաղաքապետի հայցից և ոչ էլ դատարանի վճռից չի երևում Ա. Զորյանի դատավարական կարգավիճակը, ըստ վճռի` հայցը ներկայացված է նաև ընդդեմ նրա, սակայն Ա. Զորյանի դեմ որևէ պահանջ չկա, իրականում 3 նա երրորդ անձ է հայցվորի կողմում: Եթե նա վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ է, ապա անհեթեթություն է հակընդդեմ հայց ներկայացնելը: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել այն ապացույցներին, որոնք հաստատում են ավտոտնակը բողոք բերած անձի կողմից կառուցված լինելու, մինչ օրս նրա օգտագործման, տիրապետման տակ գտնվելու փաստը:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Քաղաքապետի 04.08.2004 թվականի թիվ 1465-Ա որոշման 1-ին հավելվածի 175-րդ տողով ճանաչվել է Արսեն Զորյանի սեփականության իրավունքը Երևանի Բաղրամյան թիվ 37 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 49,4 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ, իսկ ավտոտնակով զբաղեցված 49,4 քմ մակերեսով հողամասը տրամադրվել է վարձակալությամբ: Նշված որոշման հիման վրա Քաղաքապետարանի և Արսեն Զորյանի միջև 27.10.04 թ. կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր:
2) Քաղաքապետի 21.04.2005 թվականի թիվ 843-Ա որոշման 1-ին հավելվածի 104-րդ տողով ճանաչվել է Ռոզա Աթենյանի սեփականության իրավունքը նույն ավտոտնակի նկատմամբ, իսկ ավտոտնակով զբաղեցված 49,4 քմ մակերեսով հողամասը տրամադրվել է վարձակալությամբ:
3) 07.09.2005 թվականին ավտոտնակի նկատմամբ Ռ. Աթենյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4) Քաղաքապետի 04.11.2005 թվականի թիվ 2354-Ա որոշմամբ չեղյալ է համարվել Քաղաքապետի 21.04.2005 թվականի թիվ 843-Ա որոշման 1-ին հավելվածի 104-րդ տողը` նկատի ունենալով, որ Քաղաքապետի 04.08.2004 թվականի թիվ 1465-Ա որոշմամբ արդեն իսկ ճանաչվել է Արսեն Զորյանի սեփականության իրավունքը:
5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.05.2005 թվականի վճռով` Ռոզա Աթենյանի հայցի հիման վրա ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Արսեն Զորյանի, վճռվել է անվավեր ճանաչել Արսեն Զորյանի մասով Երևանի քաղաքապետի 04.08.2004 թվականի թիվ 1465-Ա որոշումը, իսկ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
6) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 07.07.2005 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.05.2005 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
7) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.08.2005 թվականի որոշմամբ նշված հայցը թողնվել է առանց քննության:
8) Քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշմամբ ուժը կորցրած է համարվել Քաղաքապետի 04.08.2004 թվականի թիվ 1465-Ա որոշման 1-ին հավելվածի 175-րդ տողը` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.05.2005 թվականի վճիռը:
9) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.08.2005 թվականի որոշման հիման վրա Քաղաքապետի 10.04.2006 թվականի թիվ 502-Ա որոշման 1-ին կետով ուժը կորցրած է համարվել Քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշման 172-րդ կետը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն` պետական կամ համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ կառուցված անհատական օգտագործման տնտեսական-կենցաղային նշանակության շենքերի, շինությունների (ավտոտնակների, անասնաշենքերի, հացատների և այլն) նկատմամբ ճանաչվում է կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին, ընդ որում` այդ շենքերի, շինությունների տակ գտնվող հողամասերը` քաղաքային համայնքներում կարող են տրամադրվել միայն վարձակալության հիմունքներով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ճանաչվել, իսկ հողամասերը` օտարվել կամ վարձակալությամբ տրամադրվել համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) որոշման հիման վրա:
Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող 49,4 քմ մակերեսով ավտոտնակը կառուցել է Ռ. Աթենյանը: Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 07.07.2005 թվականի որոշմամբ բեկանվել էր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը քաղաքացիական գործով ըստ հայցի Ռ. Աթենյանի ընդդեմ Քաղաքապետարանի, երրորդ անձ Արսեն Զորյանի` Քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու և ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, որով հաստատվել է այն հանգամանքը, որ Ա. Զորյանին Բաղրամյան փողոցի թիվ 37 տան 1/2 մասը և ընդհանուր համատեղ սեփականության հողամասը գնելուց հետո, նրան վաճառողները փոխանցել են Երևանի 26 Կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 22.04.1965 թվականի թիվ Ա-17 որոշմամբ կառուցված ավտոտնակը` հետագայում նրա կողմից օգտագործելու, վճարումները կատարելու, սեփականացնելու նպատակով: Նշված հիմքերով Ա. Զորյանին են անցել կառուցապատողի բոլոր իրավունքները, ինչը և հիմք է հանդիսացել Քաղաքապետի կողմից վեճի առարկա հանդիսացող ավտոտնակի նկատմամբ Ա. Զորյանի սեփականության և զբաղեցրած հողամասի վարձակալության իրավունքները ճանաչելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է, ի թիվս այլ եղանակների, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով: «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետներում Ա. Զորյանի իրավունքները քաղաքապետի կողմից ճանաչված լինելու պայմաններում այդ իրավունքը ենթակա է պաշտպանության` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով` հնարավորություն տալով Ա. Զորյանին օգտվել իրավունքների այն ողջ ծավալից, որը նա ուներ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով:
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածները վերաբերում են օրենքի եզրափակիչ դրույթներին, օրենքի ուժի մեջ մտնելուն ու գործողության ժամկետին և որևէ կերպ չեն առնչվում սույն վեճին:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները, վճռում նշված են դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները և այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այն օրենքները, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի պահանջները խախտելու մասով բողոքն անհիմն է, քանի որ հոդվածը վերաբերում է գործի քննությունը հետաձգելու դատարանի իրավունքին, ինչը որևէ կերպ չի կարող առնչվել բողոք բերած անձի իրավունքներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի խախտման մասով բողոքը հիմնավոր է, քանի որ դատարանը Ա. Զորյանի հակընդդեմ հայցն ընդունելով քննության` չի պահպանել նշված հոդվածով սահմանված պահանջները: Սակայն այս հիմքը բավարար չէ դատական ակտը բեկանելու համար, քանի որ հակընդդեմ հայցով պահանջները դատարանում քննության առարկա են դարձել կողմերի մասնակցությամբ, դատարանը հետազոտել և գնահատել է ներկայացված բոլոր ապացույցները և դատական ակտ է կայացրել ղեկավարվելով այդ ապացույցների հիման վրա հաստատված փաստերի նկատմամբ կիրառելի օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.07.2006 թվականի վճիռը թողնել անփոփոխ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ