ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-1(ՎԴ)
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ Ո-152/2008 թ.
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վաչագան Թամազյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Հրաչիկ Թամազյանի դիմումի` վճռի կատարման շրջադարձի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Վաչագան Թամազյանի դիմումի հիման վրա Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշմամբ պարզաբանվել է Էջմիածնի ժողդատարանի 12.01.1996 թվականի վճիռը:
Վերաքննիչ դատարանի 03.10.2008 թվականի որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշումը վերացվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2008 թվականի որոշմամբ կատարվել է Էջմիածնի ժողդատարանի 12.01.1996 թվականի վճռի շրջադարձ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաչագան Թամազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրաչիկ Թամազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործը քննել է Վաչագան Թամազյանի բացակայությամբ, առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:
29.10.2008 թվականին ժամը 14:00-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանը ստացել է 29.10.2008 թվականին ժամը 15:00-ին: Այսինքն` Վերաքննիչ դատարանը գործը քննել և որոշում է կայացրել Վաչագան Թամազյանի բացակայությամբ` զրկելով վերջինիս «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Անհիմն են բողոք բերած անձի պնդումներն այն մասին, որ 29.10.2008 թվականի ժամը 14:00-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանն ստացել է նույն օրը ժամը 15:00-ին, քանի որ նշված հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Սույն գործի քննությունն ավարտվել է 29.10.2008 թվականին, իսկ բողոքարկվող որոշումը հրապարակվել է 30.10.2008 թվականին:
2. 29.10.2008 թվականի ժամը 14:00-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանին ուղարկվել է 28.10.2008 թվականին: Հանձնման մասին ծանուցման թերթիկի համաձայն` վերը նշված ծանուցագիրը Վաչագան Թամազյանն ստացել է 29.10.2008 թվականին` ժամը 15:00: Այսինքն, 29.10.2008 թվականի ժամը 14:00-ին նշանակված դատական նիստի մասին Վաչագան Թամազյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Վաչագան Թամազյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու կայացրել որոշում:
Վերաքննիչ դատարանում (քաղաք Երևան) 29.10.2008 թվականի ժամը 14:00-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանին ուղարկվել է 28.10.2008 թվականին (հիմք` փոստային անդորրագիրը), որը Վաչագան Թամազյանն Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում ստացել է 29.10.2008 թվականին` ժամը 15:00 (հիմք` հանձնման մասին ծանուցման թերթիկը): Փաստորեն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանն ստացել է գործի քննության ավարտից հետո:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական նիստի մասին Վաչագան Թամազյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել:
i
Վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Ե. Սողոմոնյան