Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 1077...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 1077-ՐԴ, 1078-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԿԴ/5007/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5007/02/16       2022 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 11-ին

գրավոր ընթացակարգով, քննելով «ԵԱԶ Երևանի ամրանների գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալբերտ Ղազարյանի, Արտավազդ Ստեփանյանի ընդդեմ Ընկերության` պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արտավազդ Ստեփանյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 274.000 ՀՀ դրամ` որպես 2015-2016 թվականների աշխատանքի վայրում ստացած խեղման համար չվճարված փոխհատուցման գումար:

13.03.2017 թվականին Ալբերտ Ղազարյանը հայցադիմում ներկայացնելով դատարան խնդրել է իրեն ներգրավել որպես համահայցվոր և Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 348.000 ՀՀ դրամ` որպես 2015-2016 թվականների աշխատանքի վայրում ստացած խեղման համար չվճարված փոխհատուցման գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) 04.12.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է` Ընկերությունից հօգուտ Արտավազդ Ստեփանյանի բռնագանձվել է 274.000 ՀՀ դրամ, իսկ հօգուտ Ալբերտ Ղազարյանի` 348.000 ՀՀ դրամ` որպես 2015-2016 թվականների ժամանակահատվածի համար խեղման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան) 31.05.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.12.2017 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2020 թվականի որոշմամբ Ալբերտ Ղազարյանի և Արտավազդ Ստեփանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 06.11.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, այն է` Արտավազդ Ստեփանյանի և Ալբերտ Ղազարյանի հայցերը բավարարվել են և Ընկերությունից` հօգուտ Արտավազդ Ստեփանյանի բռնագանձվել է 673.200 ՀՀ դրամ, իսկ հօգուտ Ալբերտ Ղազարյանի բռնագանձվել է 841.500 ՀՀ դրամ` որպես 01.01.2015 թվականից մինչև 29.03.2019 թվականը ներառյալ վերջինների առողջությանը պատճառված վնասի հատուցում: Ընկերությունից հօգուտ պետական բյուջե բռնագանձվել է 145.440 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` որպես հանրային պաշտպանի վարձատրության գումար, իսկ 45.440 ՀՀ դրամը` որպես պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածները, 61-րդ հոդվածի 5-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1077-րդ, 1078-րդ հոդվածները, «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, /անկախ սեփականության ձևից/ աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին» 15.11.1992 թվականի թիվ 579 որոշման պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել, որ հայցվորների մոտ ծագել է Ընկերությունից իրենց առողջությանը պատճառված վնասի հատուցում պահանջելու իրավունք: Մինչդեռ` Վերաքննիչ դատարանի կողմից նշված փաստերի հաստատումը (Արտավազդ Ստեփանյանի մասով) հիմնված չէ սույն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, իսկ դրանց արդյունքում կատարված եզրահանգումն անհիմն է:

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել փաստն այն մասին, որ Արտավազդ Ստեփանյանը խեղում է ստացել 1972 թվականին Երևանի ամրանների գործարանում խառատի աշխատանքային պարտականությունները կատարելիս: Մինչդեռ գործում առկա ապացույցներում բացակայում է որևէ նշում այն մասին, որ Արտավազդ Ստեփանյանը խեղում է ստացել պատասխանողի մոտ խառատի աշխատանքային պարտականությունները կատարելիս: Ավելին, սույն գործում բացակայում է նշված փաստը հիմնավորող որևէ այլ ապացույց:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով հիմնավորված չէ այն հանգամանքը, որ ենթադրյալ խեղումը պատճառվել է գործատուի մեղքով, ինչն օրենսդրական պարտադիր պահանջ է: Այսինքն` զուտ այն փաստը, որ աշխատողն իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստանում է խեղում, բավարար չէ վերջինիս մոտ վնասի հատուցման պահանջի իրավունքի ծագման համար, այլ անհրաժեշտ է նաև հիմնավորել խեղման առաջացման հարցում գործատուի մեղքը:

Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ և բազմակողմանի գնահատման առարկա չի դարձվել նաև գործում առկա և Վերաքննիչ դատարանի կողմից որոշման հիմքում դրված` Արտադրությունում դժբախտ պատահարի մասին 20.09.1982 թվականին կազմված ակտը, ըստ որի` «Պատահարի մանրամասն նկարագիրը» բաժնում նշված է, որ «Ալբերտ Ղազարյանը աշխատանքի ընթացքում հերթական անգամ դետալների կտրատման ընթացքում բոլվանկա գործիքը լավ չամրացնելու արդյունքում սարքը միացնելու ժամանակ, վերջինս չունենալով կողմերի հենարան, դուրս է թռնում և հարվածում Ալբերտի Ղազարյանի ճակատային մասին: Ալբերտի ճակատի ոսկորը ջարդվում է, ստանում է միջին բարդության արյան զեղում»:

Այսինքն` վերոնշյալ ապացույցով ոչ միայն հիմնավորվում է Ալբերտ Ղազարյանին հասցված վնասի հարցում պատասխանողի մեղքի բացակայությունը, այլև ուղղակիորեն հաստատվում է, որ վնասը հասցվել է հենց Ալբերտ Ղազարյանի մեղքով:

Վերաքննիչ դատարանի կողմից կատարված այն եզրահանգումը, որ պատասխանողը մինչև 2014 թվականը հայցվորներին վնասի հատուցում է վճարել, իսկ դրանից հետո` առանց բացատրությունների հատուցման վճարը դադարեցրել է, անհիմն է, քանի որ գործում առկա չէ որևէ ապացույց, որ նշված գումարները վճարվել են որպես աշխատավայրում հասցված վնասի հատուցում: Գործատուի նախաձեռնությամբ և հայեցողությամբ աշխատողին որևէ գումարի վճարումը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ աշխատողի մոտ ծագել է աշխատավայրում հասցված վնասի հատուցման պահանջի իրավունք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.03.2020 թվականին որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.11.2019 թվականի վճռին, կամ բեկանել որոշումը և փոփոխել այն` Ալբերտ Ղազարյանի և Արտավազդ Ստեփանյանի հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 16.07.2019 թվականի գրության համաձայն` «ԵԱԶ» Երևանի ամրանների գործարան ԲԲԸ-ն ստեղծվել է 23.02.1995 թվականին Երևանի ամրանների գործարան պետական ձեռնարկության վերակազմավորման եղանակով և հանդիսանում է վերջինի իրավահաջորդը (հատոր 3-րդ, գ.թ. 52):

2. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից տրված հաշմանդամի թիվ 558646 տեղեկանքի համաձայն` Արտավազդ Ստեփանյանն ընդգրկվել է հաշմանդամության «երկրորդ» կարգում (հատոր 1-ին, գ.թ. 15):

3. Արտավազդ Ստեփանյանի անվամբ 07.01.1975 թվականին լրացված աշխատանքային գրքույկի համաձայն` նա 1955 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Երևանի Արմատուրայի գործարան»-ում, որը 08.01.1973 թվականին վերակազմակերպման հետևանքով վերանվանվել է «Արմքիմմաշ» ընկերության, 10.08.1995 թվականին` «ԵՐԱՄ»-ի (հատոր 1-ին, գ.թ. 102-103):

4. Բժշկաաշխատանքային փորձագիտական հանձնաժողովի կողմից տրված թիվ 929 տեղեկանքի համաձայն` Արտավազդ Ստեփանյանի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը 22.09.1988 թվականին կազմել է` 20% (հատոր 3-րդ, գ.թ. 72):

5. Ալբերտ Ղազարյանի անվամբ 08.04.1985 թվականին լրացված աշխատանքային գրքույկի համաձայն` Ալբերտ Ղազարյանը 1962-1971 թվականներին աշխատել է Երևանի մեխանիկական գործարանում, այնուհետև 29.11.1971 թվականից մինչև 03.04.1984 թվականը Երևանի էլեկտրոտեխնիկական գործարանում (հատոր 3-րդ, գ.թ. 99-100):

6. Արտադրությունում դժբախտ պատահարի մասին 20.09.1982 թվականին կազմված ակտի համաձայն` 20.09.1982 թվականին ժամը 14-30-ին «Հայքիմմեքենա» ամրանային արտադրության մեխանիկական արտադրամասում Ալբերտ Ղազարյանի հետ տեղի է ունեցել դժբախտ պատահար: «Դժբախտ պատահարի հանգամանքի մանրամասն նկարագրությունը» բաժնում նշված է, որ «խառատ Ալբերտ Ղազարյանը իրականացնում էր «վտուլկա» դետալի նախապատրաստվածքի կտրման օպերացիա ԿՄ 150 խառատապտուտակահան 1Կ62 հաստոցի վրա: Նա բրոնզակոճղը տեղադրել և ամրացրել է 3-բռնցքային կապիչում, բայց կոճղը կենտրոնադրված չի եղել հետևի կոճղակով: Հաստոցը միացնելիս և իլի պտտվելիս կոճղը, չունենալով հենակետ հետին կոճղակի կողմից դուրս է թռել և հարվածել գլխի ճակատային մասին, որի արդյունքում խառատ Ա. Ղազարյանը ստացել է ճակատային հատվածի վնասվածք» (հատոր 3-րդ, գ.թ. 74):

7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 30.01.2019 թվականի գրության համաձայն` Ալբերտ Ղազարյանն առաջին անգամ փորձաքննվել է 18.01.1983 թվականին և սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ, մասնագիտական աշխատունակության 70% կորուստ, աշխատանքային խեղում պատճառական կապով, մեկ տարի ժամկետով, 22.01.1987 թվականին սահմանվել է հաշմանդամության 3-րդ կարգ, մասնագիտական աշխատունակության 50% կորուստ, աշխատանքային խեղում պատճառական կապով, անժամկետ (հատոր 3-րդ, գ.թ. 53):

8. 31.05.2018 թվականի որոշմամբ բեկանելով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.12.2017 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չի կատարել սույն գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն պարզելու համար, թե երբ, որտեղ, ինչ պայմաններում, ում մեղքով, ինչ տոկոսաչափով են տեղի ունեցել Ալբերտ Ղազարյանի և Արտավազդ Ստեփանյանի առողջության խեղումները և որքան են կազմում չհատուցված գումարները: Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործն ուղարկել է նոր քննության (հատոր 2-րդ, գ.թ. 39-43):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում.

1) պատճառված է վնաս.

2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.

3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.

4) առկա է խախտողի մեղքը.

5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.

6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածի համաձայն` գործատուի նյութական պատասխանատվությունն առաջանում է, եթե` աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից չապահովագրված աշխատողը հիվանդացել է մասնագիտական հիվանդությամբ, ստացել է խեղում կամ մահացել է գործատուն կրում է նյութական պատասխանատվություն: Գործատուն հատուցում է իր պատճառած վնասը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարները կապիտալացնելու այլ դեպքեր:

i

«Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին» ՀՀ կառավարության 15.11.1992 թվականի թիվ 579 որոշման 1-ին կետի համաձայն` ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները (այսուհետև` կազմակերպություններ), անկախ սեփականության ձևից, նյութական պատասխանատվություն են կրում իրենց մեղքով աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման համար, եթե այն առաջացել է կազմակերպության տարածքում կամ դրանից դուրս աշխատանքային պարտականություններ կատարելիս, ինչպես նաև կազմակերպության օգտին որևէ անհրաժեշտ գործողություն կատարելիս:

Նույն որոշման 14-րդ կետի համաձայն` վնասի փոխհատուցումը կատարում է այն կազմակերպությունը, որը պատասխանատու է աշխատողին պատճառած խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկություններին` եզրահանգել է, որ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկությունները հանգում են հետևյալին` պատճառված վնասի համար պատասխանատվության վերը շարադրված պայմաններին ավելանում են ևս երկու պայման, այն է` վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ (տե՛ս, «Բի Լայն» ՍՊԸ-ի ընդդեմ Արտակ Զաքարյանի թիվ ԵԿԴ/2128/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Դելիկտային պարտավորությունների առաջացման համար պետք է վնասի և հակաիրավական արարքի միջև պատճառական կապը լինի ուղղակի և հաստատված, հակառակ դեպքում անուղղակի պատճառական կապը չի կարող պատասխանատվության պայման դառնալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները անկախ սեփականության ձևից, նյութական պատասխանատվություն են կրում իրենց մեղքով աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման համար, եթե այն առաջացել է կազմակերպության տարածքում կամ դրանից դուրս աշխատանքային պարտականություններ կատարելիս:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

Օրենսդիրն, ըստ էության, կանխորոշել է ապացույցներ ներկայացնելու, դրանք հետազոտելու և գնահատելու նպատակը, այն է` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը պարզելը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

Ապացույցների վերաբերելիության ընդհանուր կանոնը սահմանված է նույն հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն` դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` փաստի ապացուցման պարտականությունը կրող անձն է կրում է այդ փաստերը վիճելի մնալու բացասական հետևանքները:

Նման իրավակարգավորումից բխում է, որ դատական կարգով պահանջներ կամ առարկություններ ներկայացնող անձը կրում է ոչ միայն դրանց հիմքում պահանջը հիմնավորող փաստեր դնելու (վկայակոչելու), այլ նաև այդ փաստերը հաստատող ապացույցներ ներկայացնելու պարտականություն, որը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը նրա համար առաջացնում է որոշակի անբարենպաստ հետևանքներ, որոնց ռիսկը կրում է այդ պարտականությունը ստանձնած կողմը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների թիվ 3-1843/ՎԴ քաղաքացիական գործով, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան Արտավազդ Ստեփանյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 274.000 ՀՀ դրամ` որպես 2015-2016 թվականների աշխատանքի վայրում ստացած խեղման համար չվճարված փոխհատուցման գումար: 13.03.2017 թվականին Ալբերտ Ղազարյանը հայցադիմում ներկայացնելով դատարան խնդրել է իրեն ներգրավել որպես համահայցվոր և Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 348.000 ՀՀ դրամ` որպես 2015-2016 թվականների աշխատանքի վայրում ստացած խեղման համար չվճարված փոխհատուցման գումար:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ «(...)Վիճարկվող դեպքում հայցվորների կողմից ներկայացված աշխատանքային գրքույկի թարգմանությունների համաձայն Արտավազդ Ստեփանյանը 1955 թվ. մինչև 1998 թվ. աշխատել է Երևանի Արմատուրայի գործարանում, որը 08.01.1973 թվ. վերակազմակերպման հետևանքով վերանվանվել է Արմքիմմաշ ընկերության, 10.08.1995 թվ.` ԵՐԱՄ-ի, Ալբերտ Ղազարյանն էլ 1962-1971 թթ. աշխատել է Երևանի մեխանիկական գործարանում, այնուհետև 29.11.1971 թվ. մինչև 03.04.1984 թվ. Երևանի էլեկտրոտեխնիկական գործարանում: Արտադրությունում դժբախտ պատահարի մասին 20.09.1982 թվ. կազմված ակտի համաձայն 20.09.1982 թվ. ժամը 14-30-ին Հայքիմմեքենա ամրանային արտադրության մեխանիկական արտադրամասում Ալբերտ Ղազարյանի հետ տեղի է ունեցել դժբախտ պատահար: Արտավազդ Ստեփանյանի կողմից ներկայացված փորձաքննության հետազոտման արդյունքներ անվամբ փաստաթուղթն անընթեռնելի է, վերջին փաստն ընդունվել է նաև վերջինի ներկայացուցչի կողմից և նշված պատճառաբանությամբ էլ այն չի կարող լինել ապացույց: Հայցվորներն որևէ ապացույց չեն ներկայացրել, որ իրենց հայցապահանջում մատնանշված ժամանակահատվածում աշխատել են պատասխանող ընկերությունում, առողջության խեղումը եղել է աշխատանքի վայրում և պատճառվել հիմնարկի մեղքով: Հայցվորների ներկայացրած ապացույցով միայն հաստատվում է այն փաստը, որ նրանք հաշմանդամ են, ստացել են խեղում, սակայն բացակայում է պատճառահետևանքային կապը պատասխանողի գործողությունների և առաջացած վնասի միջև, նշված պայմանի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման:(..)»:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելով և փոփոխելով` հայցապահանջները բավարարել է, արձանագրելով որ «(...) աշխատանքային գրքույկների պատճենների, բժշկական ակտի և տեղեկանքների տվյալները, ինչպես նաև մինչև 2014թ. հայցվորներին առողջությանը պատճառված վնասի հատուցման վճարումներ կատարված լինելու փաստը բավարար են հաստատված համարելու այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Արտավազդ Ստեփանյանը 1972թ. Երևանի ամրանների գործարանում, խառատի աշխատանքային պարտականությունները կատարելիս խեղում է ստացել և դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ, որի հետևանքով այս պահի դրությամբ ունի աշխատունակության 20 տոկոսի նվազում, որն էլ հիմք ընդունելով իրեն մինչև 2014թ. Պատասխանողը վնասի հատուցում է վճարել, իսկ դրանից հետո հատուցման վճարը դադարեցրել է, ինչպես նաև Ալբերտ Ղազարյանը նույն գործարանում` որպես խառատ աշխատելու ժամանակ 1982թ. աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ ստացել է խեղում և 2-րդ կարգի հաշմանդամ է, որի հետևանքով ներկայումս ունի աշխատունակության 50 տոկոսի նվազում, որն էլ հիմք ընդունելով Պատասխանողը մինչև 2014թ. վնասի հատուցում է վճարել, իսկ դրանից հետո` առանց բացատրությունների հատուցման վճարը դադարեցվել է, որն էլ հիմք ընդունելով պետք է փաստել, որ հայցվորների մոտ ծագել է` Պատասխանողից հօգուտ իրենց առողջությանը պատճառված վնասի հատուցում վճարել պահանջելու իրավունք:(...)»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` հայցվորներից Արտավազդ Ստեփանյանը 1952 թվականից աշխատելով «ԵԱԶ» ԲԲԸ-ում 1972 թվականին մասնագիտական աշխատանքներ կատարելիս վնասվածք է ստացել, տարել է ոտքի վիրահատություն, այնուհետև ստացել է հաշմանդամության 2-րդ կարգ, որի մասին են վկայում ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից տրված տեղեկանքները: Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 16.07.2019 թվականի գրության համաձայն` «ԵԱԶ» Երևանի ամրանների գործարան ԲԲԸ-ն ստեղծվել է 23.02.1995 թվականին Երևանի ամրանների գործարան պետական ձեռնարկության վերակազմավորման եղանակով և հանդիսանում է վերջինի իրավահաջորդը: ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից տրված հաշմանդամի թիվ 558646 տեղեկանքի համաձայն` Արտավազդ Ստեփանյանն ընդգրկվել է հաշմանդամության «երկրորդ» կարգում: Արտավազդ Ստեփանյանի անվամբ 07.01.1975 թվականին լրացված աշխատանքային գրքույկի համաձայն` նա 1955 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Երևանի Արմատուրայի գործարան»-ում, որը 08.01.1973 թվականին վերակազմակերպման հետևանքով վերանվանվել է «Արմքիմմաշ» ընկերության, 10.08.1995 թվ.` «ԵՐԱՄ»-ի: Բժշկաաշխատանքային փորձագիտական հանձնաժողովի կողմից տրված թիվ 929 տեղեկանքի համաձայն` Արտավազդ Ստեփանյանի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը 22.09.1988 թվականին կազմել է` 20%:

Հայցվորներից Ալբերտ Ղազարյանի անվամբ 08.04.1985 թվականին լրացված աշխատանքային գրքույկի համաձայն` Ալբերտ Ղազարյանը 1962-1971 թվականներին աշխատել է Երևանի մեխանիկական գործարանում, այնուհետև 29.11.1971 թվականից մինչև 03.04.1984 թվականը Երևանի էլեկտրոտեխնիկական գործարանում: Արտադրությունում դժբախտ պատահարի մասին 20.09.1982 թվականին կազմված ակտի համաձայն` 20.09.1982 թվականին ժամը 14-30-ին «Հայքիմմեքենա» ամրանային արտադրության մեխանիկական արտադրամասում Ալբերտ Ղազարյանի հետ տեղի է ունեցել դժբախտ պատահար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 30.01.2019 թվականի գրության համաձայն` Ալբերտ Ղազարյանն առաջին անգամ փորձաքննվել է 18.01.1983 թվականին և սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ, մասնագիտական աշխատունակության 70% կորուստ, աշխատանքային խեղում պատճառական կապով, մեկ տարի ժամկետով, 22.01.1987 թվականին սահմանվել է հաշմանդամության 3-րդ կարգ, մասնագիտական աշխատունակության 50% կորուստ, աշխատանքային խեղում պատճառական կապով, անժամկետ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ապացույցներով չի հաստատվում, որ դժբախտ պատահարները տեղի են ունեցել Ընկերությունում կամ Ընկերության իրավանախորդ կազմակերպություններում, որ դրանք կապված են հայցվորների կոնկրետ ընկերությունում իրականացված աշխատանքային գործունեության հետ: Գործում առկա չեն պատշաճ, թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, որոնք հիմք կտային եզրահանգելու, որ հայցվորների հիվանդությունները հետևանք են պատասխանողին պատկանող ընկերությունում իրականացված աշխատանքային գործունեությանը, նշված ապացույցները տեղեկություններ չեն բովանդակում որևէ տվյալ պատասխանողի մեղքի առկայության վերաբերյալ:

Ըստ ներկայացված փաստաթղթերի` Արտավազդ Ստեփանյանը ոտքի արտադրական վնասվածք է ստացել 1972 թվականին, իսկ հաշմանդամության 2-րդ կարգ է ստացել 2015-2016 թվականներին կատարված փորձաքննության ընթացքում «ընդհանուր հիվանդություն» պատճառական կապով: Հատկանշական է, որ նշված անձը պատասխանողին պատկանող ընկերությունում աշխատել է մինչև 1998 թվականը, այսինքն` հայցվոր Արտավազդ Ստեփանյանը պատասխանողին պատկանող ընկերությունում աշխատել է 1955 թվականից-1998 թվականը (ըստ նրա աշխատանքային գրքույկի), որտեղ նրա արտադրական վնասվածք ստանալու և աշխատունակության կորստի մասին որևէ պատշաճ փաստաթուղթ չկա:

Ինչ վերաբերում է Ալբերտ Ղազարյանին, ապա ըստ գործում առկա փաստաթղթերի նա 2017 թվականին ներկայացել է Երևանի թիվ 4 ԲՍՓ հանձնաժողով, նրա նկատմամբ սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ «աշխատանքային խեղում» պատճառական կապով: Ըստ ԲՍՓ գործակալությունից ստացված տեղեկատվության Ալբերտ Ղազարյանը առաջին անգամ փորձաքննության է ենթարկվել 1983 թվականին և պարզ չէ, թե որտեղ է նա վնասվածք ստացել, ինչ հանգամանքներում, ում մեղավորությամբ և նույն թվականին հիվանդության պատճառով ազատվել է աշխատանքից Երևանի մեխանիկական գործարանից (ըստ աշխատանքային գրքույկի տվյալների):

Գործի նոր քննության ընթացքում հայցվորների կողմից որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ հայցվորներն աշխատանքային խեղում են ստացել պատասխանողին պատկանող ընկերությունում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները նյութական պատասխանատվություն են կրում իրենց մեղքով աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման համար, եթե այն առաջացել է կազմակերպության տարածքում կամ դրանից դուրս աշխատանքային պարտականություններ կատարելիս, ինչպես նաև կազմակերպության օգտին որևէ անհրաժեշտ գործողության կատարելիս, վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ հայցը հիմնավոր է` նախկինում պատասխանողի կողմից վճարում կատարած լինելու հիմքով, չի կարող դիտվել հիմնավոր, հակասում է ապացուցման ընդհանուր կանոններին, քանի որ պատասխանողի կողմից վճարումներ չեն կատարվել պարտավորության հիմքերի բացակայության պատճառով:

Այսպիսով, հայցվորները չեն ներկայացրել ապացույցներ այն մասին, որ առողջության խեղումը եղել է պատասխանող Ընկերությունում:

Վերոգրյալ դիրքորոշմանն է հանգել նաև Դատարանը 06.11.2019 թվականի վճռով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2018 թվականի որոշմամբ սահմանած ծավալով գործի նոր քննության ընթացքում:

Տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2018 թվականի որոշմամբ արձանագրել է, որ հայցվորները չեն ներկայացրել ապացույցներ այն մասին, որ առողջության խեղումը եղել է աշխատանքի վայրում և խեղումը պատճառվել է հիմնարկի մեղքով, չեն ներկայացվել ապացույցներ նաև այն մասին, թե մասնագիտական աշխատունակության կորուստը ինչ չափով է եղել, որի հիման վրա էլ պետք է որոշվեն փոխհատուցման չափը և կարգը: Հայցվորների ներկայացրած ապացույցով միայն հաստատվում է այն փաստը, որ Ալբերտ Ղազարյանը երրորդ կարգի հաշմանդամ է, ստացել է աշխատանքային խեղում, ախտորոշումը տրվել է անժամկետ:

Ինչ վերաբերում է Արտավազդ Ստեփանյանին, ապա վերջինիս առողջության խեղման, խեղման ժամանակի և վայրի վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: Գործում առկա ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից տրված թիվ 558646 տեղեկանքով հաստատվում է միայն, որ Արտավազդ Ստեփանյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ որպես հաշմանդամություն առաջացնող պատճառ նշված է ընդհանուր հիվանդությունը, հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը չի կատարել սույն գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն պարզելու համար, թե երբ, որտեղ, ինչ պայմաններում, ում մեղքով, ինչ տոկոսաչափով են տեղի ունեցել Ալբերտ Ղազարյանի և Արտավազդ Ստեփանյանի առողջության խեղումները և որքան են կազմում չհատուցված գումարները: Մինչդեռ` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն իրողությունը, որ գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը հաստատվում կամ հերքվում են դատավարության ընթացքում ներկայացված ապացույցներով, և դատարանը, բացի ապացուցման բեռի բաշխման դատավարական փուլում համապատասխան որոշման կայացման պարտականությունից, ապացույցներ հավաքելու պարտականություն չունի, ուստիև տրված է գործի նոր քննության առարկայազուրկ ծավալ: Ակնհայտ է, որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում հայցվող իրավահարաբերության առկայությունը, որպիսի հանգամանքն էլ ընդհանուր իրավասության դատարանը հիմք է ընդունել հայցը մերժելիս:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վճարումների դադարեցման իրավաչափությունը գնահատել է, ոչ թե դրանց իրավական և փաստական հիմքի ընդհանրական համակցության, այլ նախկինում վճարումներ լինելու փաստի տեսանկյունից: Մինչդեռ վիճարկվող գործողության օրինականությունը չի կարող հիմնավորվել կամ հերքվել զուտ այդ գործողությունը նախկինում շարունակաբար կատարված լինելու փաստով:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, պահպանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2018 որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալը, իրականացրել է ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն և փաստել է, որ Արտավազդ Ստեփանյանի կողմից ներկայացված «փորձաքննության հետազոտման արդյունքներ» անվամբ փաստաթուղթն անընթեռնելի է, վերջին փաստն ընդունվել է նաև վերջինի ներկայացուցչի կողմից և նշված պատճառաբանությամբ էլ այն չի դիտվել որպես ապացույց: Դատարանն արձանագրել է նաև, որ հայցվորները որևէ ապացույց չեն ներկայացրել, որ իրենց հայցապահանջում մատնանշված ժամանակահատվածում աշխատել են պատասխանող ընկերությունում, առողջության խեղումը եղել է աշխատանքի վայրում և պատճառվել հիմնարկի մեղքով: Հայցվորների ներկայացրած ապացույցով միայն հաստատվում է այն փաստը, որ նրանք հաշմանդամ են, ստացել են խեղում, սակայն բացակայում է պատճառահետևանքային կապը պատասխանողի գործողությունների և առաջացած վնասի միջև, նշված պայմանի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ոչ միայն սույն գործի նոր քննությունն իրականացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2018 թվականի որոշմամբ սահմանված ծավալի շրջանակներում, այլ նաև սույն գործի նոր քննության արդյունքում իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ Ալբերտ Ղազարյանի և Արտավազդ Ստեփանյանի հայցն ընդդեմ Ընկերության` պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, ենթակա է մերժման, քանի որ սույն գործի նոր քննությամբ չի հիմնավորվել, որ պատասխանողի գործողությունների և առաջացած վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցապահանջը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ապացույցների սխալ գնահատման արդյուքնում սխալ եզրահանգման է եկել գործի ելքի վերաբերյալ:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.11. 2019 թվականի վճռին:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 6 նոյեմբերի 2019 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.03.2022
N ԵԿԴ/5007/02/16
Որոշում