Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ, 55- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Սնանկության գործ

    դատարանի որոշում                            թիվ ՍնԴ/0818/04/19

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/0818/04/19         2022 թ.

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի հունվարի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԻՄՊՐՈՌԻԹՄ ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ «ԻՄՊՐՈՌԻԹՄ ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) 27.08.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 07.02.2020 թվականի որոշմամբ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին Ընկերության կողմից ներկայացված դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան) 18.03.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.10.2020 թվականի որոշմամբ Դատարանի 07.02.2020 թվականի «Պարտապանի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և «ԻՄՊՐՈՌԻԹՄ ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍՊԸ-ի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ Աշոտ Պետրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ, 55-րդ հոդվածները, չի կիրառել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս պատճառաբանել է, որ, բողոք բերած անձը բողոքը կրկին ներկայացնելիս բողոքին կցել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված պետական միասնական գրանցամատյանից 01.10.2018 թվականին տրված քաղվածք Աշոտ Պետրոսյանի` Ընկերության տնօրեն հանդիսանալու մասին, որը չի կարող դիտվել վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին Աշոտ Պետրոսյանի` Ընկերության տնօրեն հանդիսանալու փաստը հիմնավորող ապացույց, միաժամանակ, Վերաքննիչ դատարան ներկայացված հավելվածում նույնպես այդպիսի ապացույցներ առկա չեն:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրության համաձայն` գործակալությունը կազմակերպում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացները, իրականացնում է պետական միասնական գրանցամատյանի վարումը, սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, իսկ այդ քաղվածքը հանդիսանում է միակ պատշաճ ապացույցն առ այն, որ Աշոտ Պետրոսյանը հանդիսանում է Ընկերության տնօրեն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները` այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, (...):

i

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

i

Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

i

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: (...) (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանի 07.02.2020 թվականի որոշմամբ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին Ընկերության կողմից ներկայացված դիմումը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 94):

i

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան) 18.03.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի, վերաքննիչ բողոքը չի ուղեկցվում այն ստորագրած անձի` «Տնօրեն Աշոտ Պետրոսյան»-ի, որպես պարտապան Ընկերության ի պաշտոնե ներկայացուցչի, պաշտոնեական կարգավիճակը (հետևաբար` նաև համապատասխան լիազորությունը) հավաստող որևէ ապացույցով (հատոր 1-ին, գ.թ. 120):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 27):

Ընկերության տնօրեն Աշոտ Պետրոսյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված պետական միասնական գրանցամատյանից 01.10.2018 թվականին տրված քաղվածք Աշոտ Պետրոսյանի` Ընկերության տնօրեն հանդիսանալու մասին (հատոր 1-ին, գ.թ. 162-163):

Վերաքննիչ դատարանը 22.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը հետևյալ պատճառաբանությամբ. «ԻՄՊՐՈՌԻԹՄ ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍՊԸ-ի կողմից 18.03.2020 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չի վերացրել, քանի որ բողոքաբերը կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք` կցել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված պետական միասնական գրանցամատյանից 01.10.2018 թվականին տրված քաղվածք «ԻՄՊՐՈՌԻԹՄ ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍՊԸ Աշոտ Պետրոսյանի տնօրեն հանդիսանալու մասին, որը չի կարող դիտվել վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին Աշոտ Պետրոսյանի «ԻՄՊՐՈՌԻԹՄ ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍՊԸ-ի տնօրեն հանդիսանալու փաստը հիմնավորող ապացույց, միաժամանակ, Վերաքննիչ դատարանին տրամադրված հավելվածում նույնպես այդպիսի ապացույցներ առկա չեն»:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով բողոք բերած անձը կրկին ներկայացված բողոքում վերացրել է որոշմամբ նշված թերությունը` կցելով Աշոտ Պետրոսյանի` տնօրեն հանդիսանալու կարգավիճակը հավաստող փաստաթուղթը: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետի համաձայն` Ընկերության գործադիր մարմինն առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ: Նշված նորմի մեկնաբանությունից բխում է, որ ՍՊԸ-ի տնօրենն առանց լիազորագրի իրավասու է ներկայացնելու Ընկերության շահերը, այդ թվում և` դատարաններում, ուստի Ընկերության շահերը դատարանում ներկայացնելու համար տվյալ դեպքում որևէ լիազորագիր անհրաժեշտ չի եղել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, թե տնօրենի կարգավիճակի վերաբերյալ 01.10.2018 թվականի դրությամբ տրված քաղվածքը վերաքննիչ բողոք ներկայացնելու պահի` 18.03.2020 թվականի դրությամբ Աշոտ Պետրոսյանի` տնօրեն հանդիսանալու փաստը հաստատող ապացույց չէ, ապա այն ևս անհիմն է, քանի որ ներկայացված քաղվածքից ակնհայտ է, որ 01.10.2018 թվականից հետո Ընկերությունում գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ հակառակի մասին որևէ ապացույց գործում առկա չէ:

 

i

Նախկինում կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը (տե՛ս, Ավետիք Ստեփանյանի ընդդեմ Համաս, Ալմաստ, Արթուր Հովակիմյանների թիվ ԵԱԴԴ/0998/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը կրկին նշում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Աշոտ Պետրոսյանի կողմից երկրորդ անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելիս ներկայացվել է Ընկերության տնօրեն հանդիսանալը հավաստող պատշաճ ապացույց, այսինքն` տվյալ դեպքում պահպանված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերը նշված հանգամանքները հաշվի չի առել:

i

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Ընկերության տնօրեն Աշոտ Պետրոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 22.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 22.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 11 հունվարի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=46161896180554078

 

Միասնական կայք` 13.06.22-26.06.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.01.2022
N ՍԴԴ/0818/04/19
Որոշում