ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2022 թվականի թիվ 113-Ա
«ԼՈՌՎԱ ԿԱԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ նաև` Հանձնաժողով) 2022 թվականի մարտի 22-ի նիստում, քննարկելով «Լոռվա Կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ
1. Վարույթի ընթացքի հակիրճ նկարագրությունը.
Հանձնաժողովը 2022 թվականի հունվարի 3-ին ««Լոռվա Կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 3-Ա որոշմամբ հարուցել է թիվ ՀԳ-00004/22 վարույթը (այսուհետ նաև` Վարույթ):
2022 թվականի մարտի 1-ին Հանձնաժողովի գտնվելու վայրում տեղի է ունեցել Հանձնաժողովի նիստ (այսուհետ նաև` Նիստ), որի ընթացքում քննարկվել է Վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը:
2. Ընկերության դիրքորոշումը.
Նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ընդունում է իր կողմից իրավախախտում կատարված լինելու փաստը: Իրավախախտումը տեղի է ունեցել անփութության հետևանքով` թթվասերի տեխնոլոգիայով պատրաստված կաթ պարունակող կաթնայուղի փոխարինիչով մթերքի հումքը աշխատակիցը սխալմամբ լցրել է թթվասերի համար նախատեսված տարաների մեջ: Ընկերության կողմից վերջին տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են տարվել խնդրի լուծման ուղղությամբ, ինչպես նաև Ընկերությունը պատրաստակամ է համագործակցել Հանձնաժողովի հետ` ոլորտի կարգավորմանն ուղղված գործընթացների շրջանակներում:
3. Հանձնաժողովի կողմից պահանջված և ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը.
1) Հանձնաժողովի նախագահի` 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «Հսկիչ գնում իրականացնելու մասին» թիվ 202-Ա հրամանի հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 21-ին «Պար-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտ իրականացվել է հսկիչ գնում (այսուհետ նաև` Հսկիչ գնում), որի արդյունքում կազմվել է «Հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ» թիվ 202 արձանագրությունը:
Հսկիչ գնման արդյունքում, ի թիվս այլնի, ձեռք է բերվել Ընկերության կողմից արտադրված «Լոռվա Կաթ» ապրանքային նշանով, «Թթվասեր» անվանումով, 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ ապրանքը, որի տուփի վրա առկա է հետևյալ մակնշումը. ««Կալինինոյի կաթնամթերք», «Լոռվա Կաթ», Գաղտնիքը երկարակեցության, ԹԹՎԱՍԵՐ, Sour cream, ՊԱՏՐԱՍՏՎԱԾ Է ԱՌԱՆՑ ԿՈՆՍԵՐՎԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ, Զտաքաշը 400 գ/գ +/- 5%, «Լոռվա Կաթ» ՍՊԸ, ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Պուշկինի 131, ՕՕՕ «Լօռվա կատ», РА, Лорийская область, г. Տաշիռ, Пушкина 131. Tel: +7(958) 401 40 27, +374 (77;55) 477 552, E-mail: [email protected], ԳՕՍՏ/ГОСТ 31452-2002: Պահպանել`/Хранить: at 0 + + 3 oC, Պիտանելիության ժամկետը նշված է տուփի վրա: Срок годности указанно на упаковке., 20% յուղայնությունը.массовая доля жира, Սննդային արժեքը 100 գ. մթերքում` սպիտակուցներ 2.9 գ, յուղ 20 գ, ածխաջրեր 3.0 գ: Բաղադրությունը` նորմալիզացված կաթ, սերուցքային կարագ, թթվասերի մակարդ: էներգետիկ արժեքը` 202.4 կկալ (847.41 ԿՋ): Կաթնաթթվային մանրէների քանակը պիտանիության ժամկետի ավարտին ոչ պակաս 1x10(7) ԳԱՄ/գ» (այսուհետ նաև` Ապրանք): Բացի այդ, Ապրանքի մակնշման համաձայն` պիտանելիության ժամկետն է` 17.12.2021-29.12.2021:
2) Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի` 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Փորձաքննություն իրականացնելու մասին» թիվ 368-Ա հրամանի հիման վրա, ի թիվս այլնի, Ապրանքն ուղարկվել է «ԷՖ-Դի-Էյ Լաբորատորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ նաև` «ԷՖ-Դի-Էյ Լաբորատորիա» ընկերություն) լաբորատոր փորձաքննության` Ապրանքում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով:
«ԷՖ-Դի-Էյ Լաբորատորիա» ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Հանձնաժողով է ներկայացրել փորձարկման թիվ 21/12/1970 հաշվետվությունը, որի համաձայն` Ապրանքը պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգին (այսուհետ նաև` Կանոնակարգ):
3) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 7-ի թիվ ԳԳ-29 գրությամբ (այսուհետ նաև` թիվ ԳԳ-29 գրություն) Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն.
1. Ընկերության կողմից Ապրանքի իրացման սկզբնաժամկետի վերաբերյալ` նշելով ամսաթիվը,
2. 2020 և 2021 թվականներին Ընկերության կողմից արտադրված` Ապրանքի և որպես թթվասեր արտադրված այլ ապրանքների իրացման ծավալները (բնեղեն արտահայտությամբ) և դրանցից յուրաքանչյուրի իրացումից ստացված հասույթի չափը` առանձնացված` ըստ տարիների (ոչ ամբողջական տարի արտադրված լինելու դեպքում` ըստ ամիսների) և ըստ ապրանքների:
Ընկերությունը, ի պատասխան թիվ ԳԳ-29 գրության, 2022 թվականի հունվարի 25-ի գրությամբ հայտնել է, որ
4) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 10-ի թիվ ԳԳ-69 գրությամբ Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ` խնդրելով տրամադրել տեղեկատվություն`
1. Ընկերության 2020 և 2021 թվականների տարեկան հասույթի չափերի վերաբերյալ` ըստ տարիների,
2. 2020 և 2021 թվականների ընթացքում Ընկերության կողմից Ապրանքի իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ (ըստ տարիների),
3. 2020 և 2021 թվականների ընթացքում Ընկերության կողմից արտադրված «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ` ըստ տարիների, իսկ անհնարինության դեպքում դուրս գրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ:
ՊԵԿ-ը 2022 թվականի հունվարի 17-ին Հանձնաժողով է ներկայացրել պահանջված տեղեկատվությունը, որի համաձայն` Ընկերության 2020 թվականի տարեկան իրացման
շրջանառությունը կազմել է ՀՀ դրամ, իսկ 2021 թվականի իրացման
շրջանառությունը` ՀՀ դրամ: Ընկերության կողմից դուրս հաշվարկային
փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեղեկության վերլուծության համաձայն` Ընկերության կողմից 2021 թվականին «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված
հասույթի չափը կազմել է ՀՀ դրամ:
4. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովի պատասխանատու ստորաբաժանումը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները.
1. Ընկերության կողմից իրացվող Ապրանքը պարունակում է բուսական յուղ և այն չի համապատասխանում Կանոնակարգի պահանջներին:
2. Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը:
3. Հսկիչ գնմամբ Ապրանքի ձեռքբերման ամսաթիվը` 2021 թվականի դեկտեմբերի 21-ն է:
4. ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` Ընկերության կողմից 2021 թվականին «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված հասույթի
չափը կազմել է ՀՀ դրամ:
5. Վարույթի փաստական հանգամանքների և վերաբերելի իրավական նորմերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգում է հետևյալին.
1) Ընկերության կողմից իրավախախտում կատարված լինելու հարցի կապակցությամբ.
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:
Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում հասարակության մոլորեցումը, այդ թվում`
1) ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ Օրենքի 20-րդ հոդվածում թվարկված բնութագրերի կամ պայմանների վերաբերյալ.
2) ապրանքների որակն անհիմն չափազանցելը կամ որակի, քանակի կամ այլ բնութագրերի կամ ապրանքների ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը կամ տեղեկատվությունն այն ձևով ներկայացնելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման).
3) գովազդի մեջ (գովազդելու ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի կամ կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը կամ տվյալների (տեղեկությունների) այն ձևով նշումը, որն սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու իրացվող կամ գովազդվող ապրանքի կամ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ.
4) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդները, որոնք կարող են կանխել, սահմանափակել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը:
Կանոնակարգի 2-րդ բաժնի 5-րդ կետի 100-րդ պարբերության համաձայն` «թթվասեր» է համարվում թթվակաթնային մթերքը, որն արտադրվել է սերուցքը թթվեցնելու միջոցով` ավելացնելով կամ չավելացնելով կաթնային արտադրանք, օգտագործելով մերանային միկրոօրգանիզմներ (լակտոկոկներ կամ լակտոկոկների և ջերմասեր կաթնաթթվային ստրեպտոկոկների խառնուրդներ), որում կաթնային ճարպի զանգվածային բաժինը կազմում է 10 տոկոսից ոչ պակաս:
Կանոնակարգի 2-րդ բաժնի 5-րդ կետի 14-րդ պարբերության համաձայն` «թթվակաթնային մթերք» է համարվում կաթնային մթերքը կամ կաթնային բաղադրյալ մթերքը, որն արտադրվել է ակտիվ թթվայնության (pH) ցուցանիշի նվազեցմանը, կաթնային սպիտակուցի թթվայնության և կոագուլյացիայի ցուցանիշի բարձրացմանը հանգեցնող, կաթի և (կամ) կաթնային մթերքների և (կամ) դրանց` այն ոչ կաթնային բաղադրիչներով խառնուրդների թթվեցման եղանակով, որոնց ներմուծման նպատակը կաթի բաղկացուցիչ մասերը փոխարինելը չէ (թթվեցումից առաջ և հետո), կամ առանց նշված բաղադրիչների ավելացման` օգտագործելով մերանային միկրոօրգանիզմներ, և պարունակում է սույն Տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածով սահմանված քանակությամբ կենդանի մերանային միկրոօրգանիզմներ:
Կանոնակարգի 2-րդ բաժնի 5-րդ կետի 38-րդ պարբերության համաձայն` «կաթնային մթերք» է համարվում այն սննդամթերքը, որն արտադրվել է կաթից և (կամ) դրա բաղկացուցիչ մասերից և (կամ) կաթնային մթերքներից` ավելացնելով կամ չավելացնելով կաթի վերամշակումից ստացված մթերքներ (բացառությամբ կաթ պարունակող մթերքի արտադրության ընթացքում կաթի վերամշակումից ստացված կողմնակի մթերքների), չօգտագործելով ոչ կաթնային ճարպեր ու ոչ կաթնային սպիտակուցներ, և որի բաղադրության մեջ կարող են առկա լինել կաթի վերամշակման համար ֆունկցիոնալ առումով անհրաժեշտ բաղադրիչներ:
Կանոնակարգի 2-րդ բաժնի 5-րդ կետի 40-րդ պարբերության համաձայն` «կաթնային բաղադրյալ մթերք» է համարվում այն սննդամթերքը, որն արտադրվել է կաթից և (կամ) դրա բաղկացուցիչ մասերից և (կամ) կաթնային մթերքներից` ավելացնելով կամ չավելացնելով կաթի վերամշակումից ստացված կողմնակի մթերք (բացառությամբ կաթ պարունակող մթերքների արտադրության ընթացքում կաթի վերամշակումից ստացված կողմնակի մթերքների) և ոչ կաթնային բաղադրիչներ (բացառությամբ ոչ կաթնային ծագման ճարպերի, որոնք ներմուծվում են բաղադրության մեջ որպես ինքնուրույն բաղադրամասեր (չի տարածվում վաղ տարիքի երեխաների սննդի համար նախատեսված կաթնամթերքի վրա, որն արտադրելիս օգտագործվում են ոչ կաթնային ծագման ճարպեր)), որոնք ավելացվում են` չունենալով կաթի բաղկացուցիչ մասերը փոխարինելու նպատակ: Ընդ որում, պատրաստի մթերքում կաթի բաղկացուցիչ մասերը պետք է լինեն 50 տոկոսից ավելի, պաղպաղակում և կաթի վերամշակումից ստացվող քաղցր մթերքներում` 40 տոկոսից ավելի:
Կանոնակարգի 12-րդ բաժնի 69-րդ կետի համաձայն` կաթի և կաթնամթերքի անվանումները պետք է համապատասխանեն Կանոնակարգի II բաժնով սահմանված հասկացություններին:
Կանոնակարգի 12-րդ բաժնի 73-րդ կետի համաձայն` կաթնային բաղադրյալ մթերքների անվանումները պետք է բաղկացած լինեն կաթնային մթերքի համար սահմանված հասկացություններից և լրացվեն դրանց ավելացված ոչ կաթնային բաղադրիչների առկայության մասին տեղեկատվությամբ, օրինակ` «կաթնաշոռ` մրգերի փոքր կտորներով», «կեֆիր մրգային», «պանիր` հալած, խոզապուխտով»:
Կանոնակարգի 12-րդ բաժնի 82-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` կաթ պարունակող մթերքների և կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների համար չի թույլատրվում օգտագործել կաթի և կաթնային մթերքների, դրանց տարբեր համադրությունների համար, այդ թվում` դրանց անվանումներում, ապրանքային նշաններում (առևտրային նշաններում) (առկայության դեպքում) կամ նման մթերքների մակնշման ժամանակ ստեղծված անվանման մեջ, պիտակների վրա, ցանկացած նպատակներով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված հասկացությունները, որոնք կարող են սպառողին շփոթության մեջ գցել, ինչպես նաև բառեր, որոնք ձևավորվել են կաթնային մթերքների հասկացություններից (օրինակ` «պանրանման», «պանրային», «պանրագործական», «շրդանային», «թթվասերիկ», «կաթնաշոռիկ», «սերուցքիկ», «կարագիկ», «կաթնաշոռիկ» և այլն):
Կանոնակարգի վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ թթվասերը հանդիսանում է թթվակաթնային մթերք, որն իր հերթին կարող է լինել կաթնային մթերք կամ կաթնային բաղադրյալ մթերք, սակայն կաթնային բաղադրյալ մթերք լինելու դեպքում ապրանքի անվանումը պետք է բաղկացած լինի կաթնային մթերքի համար սահմանված հասկացությունից և լրացվի դրան ավելացված ոչ կաթնային բաղադրիչների առկայության մասին տեղեկատվությամբ: Այսպիսով, «Թթվասեր» անվանումով ապրանքի բաղադրության մեջ արգելվում է օգտագործել ոչ կաթնային ճարպեր:
Տվյալ դեպքում Հանձնաժողովի կողմից 2022 թվականի հունվարի 3-ին թիվ 3-Ա որոշմամբ հարուցվել է Վարույթ այն հիմքով, որ Ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ Ապրանքը որպես թթվասեր մակնշելը և իրացնելն առերևույթ պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության կողմից իրացվող Ապրանքը մակնշվել է որպես թթվասեր, սակայն «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ընկերության կողմից ներկայացված փորձարկման թիվ 21/12/1970 հաշվետվության համաձայն` այն պարունակում է բուսական յուղ, ուստի այն չի համապատասխանում Կանոնակարգի պահանջներին:
Հանձնաժողովն արձանագրում է նաև, որ Ապրանքի բաղադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ, որը չի արտացոլվել Ապրանքի վրա կատարված բաղադրության մասին մակնշման մեջ, հետևաբար Ապրանքի վրա իրականացված մակնշումը չի համապատասխանում Ապրանքի իրական բաղադրությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Հանձնաժողովը գտնում է, որ Ընկերության կողմից բուսական յուղ պարունակող Ապրանքը որպես թթվասեր մակնշելը և իրացնելը, ինչպես նաև բուսական յուղի առկայության մասին չմակնշելը սպառողին իրացվող ապրանքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չի տալիս, ուստի համարվում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված է իրավական հետևանք` պատասխանատվության միջոցի կիրառում:
Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի կապակցությամբ.
i
Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:
i
Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:
i
Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը:
Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 395-Ն որոշում) սահմանված պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը (այսուհետ նաև` Մեթոդաբանություն) կարգավորում է Հանձնաժողովի կողմից Օրենքով սահմանված տնտեսական մրցակցության բնագավառում պատասխանատվության միջոցների ընտրության և տուգանքի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
Մեթոդաբանության 6-րդ կետի համաձայն` պատասխանատվության միջոցի ընտրությունը և տուգանքի հաշվարկումը յուրաքանչյուր դեպքում իրականացվում է վարույթի ընթացքում հաստատված փաստական հանգամանքների քննարկման արդյունքում Հանձնաժողովի հայեցողությամբ` հաշվի առնելով Մեթոդաբանությամբ ամրագրված դրույթները և վարույթի առանձնահատկությունները:
Մեթոդաբանության 12-րդ կետի համաձայն` տուգանքը հաշվարկվում է հետևյալ փուլերով.
1) որոշվում է տուգանքի բազային գումարը.
2) գնահատվում են վարույթի ընթացքում հաստատված ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, և հիմքերի առկայության դեպքում բազային գումարը ենթարկվում է համապատասխան փոփոխությունների.
3) Մեթոդաբանությամբ նախատեսված դեպքերում համապատասխանեցվում է պատասխանատվության միջոցը:
Մեթոդաբանության 13-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը տուգանքը հաշվարկում է Տ = Բ + Բ x (Ծ - Մ) բանաձևով, որտեղ` Տ-ն տուգանքի չափն է, Բ-ն տուգանքի բազային գումարն է, Ծ-ն բոլոր ծանրացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է, Մ-ն բոլոր մեղմացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է:
Բազային գումարի հաշվարկը.
Մեթոդաբանության 7-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն` անբարեխիղճ մրցակցությունը ըստ բնույթի մրցակցային իրավախախտում է:
Մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` մրցակցային իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը որոշվում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի, իրավախախտման համապատասխան ծանրության խմբի համար սահմանված տոկոսի և իրավախախտման տևողության արտադրյալի հաշվարկման միջոցով` Բ = Հ x Խ x Ժ բանաձևով, որտեղ` Բ-ն տուգանքի բազային գումարն է մրցակցային իրավախախտումների դեպքում, Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է, Խ-ն իրավախախտման համապատասխան ծանրության խումբն է, Ժ-ն իրավախախտման տևողությունն է:
Ապրանքի իրացումից ստացված հասույթ.
Մեթոդաբանության 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապրանքների իրացումից ստացված հասույթ է համարվում իրավախախտման առարկա հանդիսացող կամ իրավախախտման մեջ ներգրավված ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացումից ստացված հասույթը:
Մեթոդաբանության 16-րդ կետի համաձայն` ապրանքի իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի գումարի հաշվարկումն իրականացնելիս հիմք է ընդունվում իրավախախտման դադարեցման պահին նախորդող տարվա վաճառքի հասույթը կամ ընդհանուր հասույթը:
Մեթոդաբանության 17-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում իրացման հասույթի կամ ընդհանուր հասույթի չափի հաշվարկումն իրականացվում է վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա վաճառքի հասույթի կամ ընդհանուր հասույթի չափից:
Տվյալ պարագայում Վարույթի շրջանակում Ընկերության կողմից իրավախախտումը դադարեցված լինելու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ, իսկ Ընկերության` Վարույթը հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա` 2021 թվականի «Թթվասեր» անվանումով ապրանքների իրացումից ստացված հասույթի չափը կազմել է
ՀՀ դրամ:
Իրավախախտման ծանրության խումբը.
Հիմք ընդունելով Մեթոդաբանության 20-րդ կետի 3-րդ ենթակետը` սույն գործով ծանրության խումբը պետք է հաշվարկել 2.5 տոկոս դրույքաչափով:
Իրավախախտման տևողությունը.
Իրավախախտման տևողությունը հաշվարկելիս հիմք են ընդունվում Մեթոդաբանության 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերը: Սույն գործով Ընկերությունը հայտնել է, որ իրավախախտումը կատարվել է աշխատակցի անփութության հետևանքով, իսկ Վարույթի շրջանակում իրավախախտման սկզբնաժամկետի վերաբերյալ այլ տեղեկություն Հանձնաժողովը չի հայտնաբերել և չի հաստատել:
Նման պայմաններում Հանձնաժողովը Վարույթով որպես իրավախախտման սկզբնաժամկետ դիտարկում է
Վերոնշյալից բխում է, որ տուգանքի բազային գումարը կազմում է 803 099 ՀՀ դրամ` ըստ հետևյալ հաշվարկի.
Բ= Հ x Խ x Ժ= = 803 099 ՀՀ դրամ:
Պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքներ.
Մեթոդաբանության 27-32-րդ կետերով սահմանված են պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև սահմանված են բազային գումարից ծանրացնող և մեղմացնող հանգամանքների հաշվարկման դրույքաչափերը:
Սույն գործով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են.
իրավախախտման կրկնակիությունը. Ընկերությունն անբարեխիղճ մրցակցության համար Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 190-Ա, 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 346-Ա, ինչպես նաև 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ 68-Ա և սեպտեմբերի 14-ի թիվ 242-Ա որոշումներով ենթարկվել է պատասխանատվության:
Մեղմացնող հանգամանք է.
տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելը. Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը:
Այսպիսով, ծանրացնող հանգամանքների դրույքաչափերի հանրագումարը կազմում է 20%, իսկ մեղմացնող հանգամանքների դրույքաչափը` 5%:
Տուգանքի հաշվարկը.
Վերոշարադրյալից հետևում է, որ տուգանքի չափը կազմում է 923 563 ՀՀ դրամ` համաձայն հետևյալ հաշվարկի.
Տ= Բ + Բ x (Ծ - Մ) = 803 099 + 803 099 x (20%-5%) = 923 563 ՀՀ դրամ:
Պատասխանատվության միջոցի համապատասխանեցումը.
Մեթոդաբանության 33-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ Մեթոդաբանությամբ սահմանված կարգով հաշվարկված տուգանքի գումարը փոքր է պատասխանատվության միջոցի կիրառման նպատակներին հասնելու համար, Հանձնաժողովը կարող է մեծացնել տուգանքի գումարը: Տուգանքի գումարը մեծացնելիս Հանձնաժողովը հաշվի է առնում, ի թիվս այլնի, տուգանքի համաչափությունը իրավախախտմանը, Մեթոդաբանությամբ սահմանված սկզբունքների ապահովման հնարավորությունը և տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր հասույթի չափը:
Տվյալ դեպքում բուսական յուղի առկայությամբ «Թթվասեր» անվանումով, 180 գրամ քաշով, 20% յուղայնությամբ ապրանքը որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար Հանձնաժողովը 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 242-Ա որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց` նշանակելով 1 633 500 ՀՀ դրամի չափով տուգանք:
Ընկերությունը շարունակել է իր իրավախախտ վարքագիծը` բուսական յուղի առկայությամբ Ապրանքը մակնշելով որպես թթվասեր և իրացնելով այն:
Հաշվի առնելով վերոգրյալը Հանձնաժողովը գտնում է, որ Մեթոդաբանությամբ սահմանված կարգով հաշվարկված տուգանքի գումարը փոքր է պատասխանատվության միջոցի կիրառման նպատակներին հասնելու համար, քանի որ Ընկերության նկատմամբ նախորդ իրավախախտման համար նշանակվել է ավելի մեծ չափով տուգանք, սակայն դրա արդյունքում Ընկերությունը չի դադարեցրել իր իրավախախտ վարքագիծը, ուստի Հանձնաժողովը գտնում է, որ Ընկերության նկատմամբ անհրաժեշտ է նշանակել տուգանք` նախորդ իրավախախտման համար նշանակված տուգանքի չափին ավելացնելով իրավախախտման կրկնակիության համար Մեթոդաբանությամբ նախատեսված 5%-ը, ինչից հետևում է, որ Ընկերության նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է 1 715 175 դրամ` համաձայն հետևյալ հաշվարկի.
Տ = 1 633 500 + 1 633 500 x 5% = 1 715 175 ՀՀ դրամ:
Այսպիսով, վերոնշյալ հանգամանքների համադրության արդյունքում և հիմք ընդունելով թիվ 395-Ն որոշումը, Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության նկատմամբ անհրաժեշտ է նշանակել 1 715 175 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնհինգ հազար հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամի չափով տուգանք:
6. Եզրափակիչ մաս.
i
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Հանձնաժողովը
ՈՐՈՇԵՑ
1. «Լոռվա Կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ «Լոռվա Կաթ» ապրանքային նշանով, «Թթվասեր» անվանումով, 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ ապրանքը որպես թթվասեր մակնշելը և իրացնելը, ինչպես նաև դրանում բուսական յուղի առկայության մասին չմակնշելը որակել որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն (այսուհետ` Օրենքի խախտում):
2. Օրենքի խախտման համար «Լոռվա Կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել 1 715 175 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնհինգ հազար հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամի չափով տուգանք:
3. Հանձնարարել «Լոռվա Կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել Օրենքի խախտումը` դադարեցնել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն արտադրված բուսական յուղի առկայությամբ «Լոռվա Կաթ» ապրանքային նշանով, «Թթվասեր» անվանումով, 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ ապրանքի իրացումը, այդ թվում` այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել կամ ապրանքի մակնշումը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնարարությունը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Հանձնաժողովին` ներկայացնելով հիմնավորող ապացույցներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը «Լոռվա Կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից:
5. Սույն որոշման 2-րդ կետով նշանակված տուգանքը մինչև սույն որոշման անբողոքարկելի դառնալը չվճարելու, իսկ 3-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարությունը դրանում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:
ՆԱԽԱԳԱՀ Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
2022 թ. մարտի 22
Երևան
__________________
ԻՐՏԵԿ - Առևտրային գաղտնիք պարունակող որոշ տվյալներ բաց են թողնված